Home / Canadahye  / Անկախության 25-ամյակը Կանադայում կտոնվի մեծ շուքով. Դեսպան Արմեն Եգանյան

Անկախության 25-ամյակը Կանադայում կտոնվի մեծ շուքով. Դեսպան Արմեն Եգանյան

untitled-1-01-33
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) – Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ Կանադայում նախատեսվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ: Վանկուվերից մինչև Մոնրեալ տասնյակ տոնական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնց նպատակն է համախմբել Կանադայի հայ համայնքին, ներկայացնել հայկական պետականության կայացման ճանապարհը, խոսել խնդիրներից և, վերջապես, ի ցույց դնել հայկական մշակույթն ու արվեստը:

 

Միջոցառումների կազմակերպման ու անցկացման պատասխանատվության մեծ մասը բաժին է հասնում Կանադայում Հայաստանի դեսպանությանը: Գլխավոր միջոցառումը կկայանա սեպտեմբերի 21-ին` դեսպանատանը, որին հրավիրված կլինի Կանադայի ամբողջ դիվանագիտական կորպուսը՝ 128 դեսպանություններով, իշխանության ներկայացուցիչներ, սենատորներ, խորհրդարանականներ և այլք:

 

Այս առնչությամբ Noranor.ca կայքին հարցազրույց է տվել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը: Նա լավ է հիշում, որ հինգ տարի առաջ, երբ ինքը նոր էր տեղափոխվել Կանադա՝ որպես դեսպան, մեծ շուքով է նշվել տոնը: Այս տարի ևս ամեն ինչ արվել է այն հիշարժան դարձնելու համար:

 

«Վերջապես, կարծես, Կանադայում թափ է հավաքում հայկական գինիների մուտքը, և Մոնրեալում կան գործարարներ, ում հետ մենք համագործակցել ենք: Նրանք պետք է ներկայացնեն մեր լավագույն տեսակները, որպեսզի ծանոթացնեն հայկական մշակույթի մի ճյուղին, որը 5,000 տարվա պատմություն ունի»,– ուրախությամբ նշեց Եգանյանը:

 

Եգանյանը 20 տարուց ավելի է՝աշխատում է դիվանագիտական համակարգում, ներկայացրել է Հայաստանը ՌԴ-ում, ԱՄՆ-ում, 2011-ից էլ՝Կանադայում:

 

Դեսպանը իր մասնակցությունը կբերի նաև սեպտեմբերի 24-ին եւ 25-ին Մոնրեալում և Տորոնտոյում կայանալիք հավաքներին, որոնց ներկա կգտնվեն կանադահայ համայնքի ներկայացուցիչները: Սա ժողովրդի հետ շփվելու, խնդիրներից ու նվաճումներից խոսելու առիթ կլինի: Եգանյանը հատկապես ուրախ է, որ այս տոնակատարությունների շրջանակներում հնարավոր է լինում համախմբել տարատեսակ հայկական կազմակերպություններին:

 

«Գիտեք, թե որոնք են ավանդական երեք կուսակցությունները, որ ներկա են լինելու այստեղ: ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը, մեծ և ազդեցիկ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): Մենք խնդրում ենք, որ միասնական լինեն, գոնե այդ օրվա շրջանակներում հաջողվում է միասնականություն ապահովել: Հիշում եմ, երբ եկա մեծ հավաք էր, 23 կազմակերպություններ էին մասնակցել: Հիմա էլ նույնն է. երեք կուսակցությունները քաղաքական թևն են ներկայացնում, ու, եթե 2 կամ 3 կազմակերպություն չմասնակցի, այդքան էլ լավ չի լինի, բայց կարևորը, որ քաղաքականությունը միասին լինի»,– կարծիք հայտնեց դեսպանը:

 

Անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում տեղի են ունենալու նաև մեծաթիվ մշակութային այլ միջոցառումներ:

 

ԴԵՍՊԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ

 

«Պապիկս դիսիդենտ էր, 10 տարի Սիբիրում էր անցկացրել: Երբ վերադարձավ, ես 6-7 տարեկան էի: Նա ինձ ցույց էր տալիս պատմական Հայաստանը, Արցախը, բացատրում էր, ինչքանով որ հնարավոր էր մանկանը բացատրել, թե ինչ է կատարվել և կատարվում: Ես շատ տպավորվել էի, ու նշույլ անգամ չկար, թե Հայաստանը կարող է անկախանալ»,– 40 տարվա հեռվից հիշում է Եգանյանը: Բայց Հայաստանը անկախացավ, և դրանում իր լուման ունեցավ նաև ապագա դեսպանը:

 

1991 սեպտեմբերի 21. Եգանյանը 23-24 տարեկան էր և նոր էր ոտք դնում քաղաքական ու քաղաքացիական կյանք: Այս օրը հատուկ առաքելություն ուներ, ու հպարտությամբ է պատմում.

 

«Ես վստահված անձերից մեկն էի: Հիշում եմ Էրեբունու շրջանում էի, պետք է, կարծեմ, 1,500 բնակարան անցնեի, որպեսզի բոլորին թերթիկներ բաժանեի, հորդորեի անպայման «այո» ասել, և ոչ մի դեպքում «ոչ», չէ որ պետք է անկախանանք»:

 

Այս ամենի հետ հոգու խորքում վախ կար, որ երկար տարիներ մեծ կայսրության տակ գոյատևող երկիրը չի կարողանա ինքնուրույն, անկախ հաղթահարել դժվարությունները, բայց այդ վախերը փարատվեցին անցած 25 տարիների ընթացքում, համոզված է դեսպանը:

 

«Անշուշտ փարատվեցին, որովհետև այնպես ստացվեց, որ մենք անմիջապես մխրճվեցինք փորձությունների մեջ: 1988թ-ի երկրաշարժի հետևանքները չհաղթահարած՝ եկան պատերազմ, ճգնաժամ, սով, բայց 4-5 տարում հաղթանակած դուրս եկանք, վերականգնեցինք պետականությունը, և Հայաստանը եղավ միակը նախկին Խորհրդային միության կազմի պետություններից, որ ընդլայնեց իր տարածքը: Իհարկե փարատվեցին, որովհետև տեսանք այն ներուժը, որը կար մեր մեջ: Արցախյան հերոսամարտի տարիներին, երբ այնտեղ էինք կամավոր, տեսնում էինք, թե ինչ հնարավորություններ ունենք, չնայած այն ահռելի առավելությանը, որ ուներ Ադրբեջանը: 1994թ-ից ի վեր մեր բանակի, պետականության կառուցումը փարատում են վախերը, և մենք վստահաբար այն ազգերից ենք, որն իրավունք ունի ապրելու այս մոլորակի վրա»,– ասաց Եգանյանը:

 

Նրա համար, թերևս, դժվար է կանխատեսել հաջորդ 25 տարիների ճանապարհը, բայց նա վստահ է, որ մեր բախտը մեր ձեռքերում է.

 

«Պետք է ուժեղ պետականություն` հզոր, զարգացած, ժողովրդավարական:Եթե լինեն այս բոլոր ատրիբյուտները` բանակ, պետություն, եկեղեցի, դիվանագիտություն , վստահ քայլերով առաջ կգնանք»,– վստահություն հայտնեց դեսպանը:

 

«ՆՈՐԱՆՈՐ» ԿԱՅՔԸ

 

Ոչ թե Սփյուռքի հայությունը, այլ Հայաստանից Կանադա ներգաղթած հայերը մեծ մասնակցություն չունեն համայնքային կյանքում, նկատել է դեսպանը: Դրա պատճառներից մեկը թերևս լեզուն է: Նա նկատել է, որ Noranor.ca կայքը արևելահայերեն է հրատարակվում, հետևաբար հնարավորություն է ընձեռում արևելահայ գաղութին ներքաշվել ակտիվ գործընթացներում:

 

«Մի բան հատկապես աչքի է զարնում, այն, որ սա կարծես առաջին արևելահայերեն ԶԼՄ-ներից է, ինչը շատ կարևոր է: Մենք Սփյուռքում խնդիր ունենք և միշտ ունեցել ենք, դա հայաստանցիների կամ արևելահայերենը կրողների պասիվությունն է համայնքային կյանքի մեջ, և որպես արդյունք նաև տվյալ պետության քաղաքական, սոցիալական դաշտում` լինի դա եկեղեցի կամ հայկական ակումբներ, դպրոցներ հաճախելը: Այսինքն սփյուռքահայերը շատ ավելի ակտիվ են, դրա համար, գուցե, արևելահայերենով լուրերի տարածումը մարդկանց կբերի ավելի ակտիվ դաշտ», ասաց դեսպանը։

 

«Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ, քանի որ շատ լավ գործ եք սկսել»,– եզրափակեց դեսպանը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments