Home / Armenia  / Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչության ատենապետի հետ

Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչության ատենապետի հետ

ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ


Տորոնտո (Նորանոր) — 25 տարի առաջ սեպտեմբերին 2-ին և 21-ին անկախություն հռչակեցին հայկական երկու պետությունները՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը: 25 տարվա ընթացքում երկու պետություններն էլ պետականությունը պահպանելու դժվարին ճանապարհ են անցել: Անկախության հռչակագրի ընդունումից մեկ տարի անց Հայկական պետականության կայացման ու զորացման, համայն հայության ուժերի ու կարողությունների համախմբման նպատակով, Հայաստանի Հանրապետության նախագահի որոշմամբ, հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

 

Հիմնադրամը ստեղծվել է որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի Հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

 

24 տարի շարունակ հիմնադրամի՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող վարչությունների հանգանակած գումարներն ուղղվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում մի շարք ծրագրերի իրականացմանը` դպրոցների, տների, բժշկական կենտրոնների կառուցումից մինչև անհրաժեշտ սարքավորումների, մեքենաների նվիրատվություն:

 

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների Անկախության 25-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթ է նախատեսվում հոկտեմբերի 23-ին, Տորոնտոյում՝ Հայ բարեգործական ընդհանուր միության սրահներում: Դրամահավաք-ճաշկերույթի վերաբերյալ իր ակնկալիքների, նախորդ տարիներին ունեցած փորձի և հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի իրականացրած գործունեության մասին Noranor.ca-ի հետ ունեցած զրույցում պատմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչության առաջին հիմնադիր-ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

 

Մկրտիչյանի խոսքով՝ 24 տարվա ընթացքում իրենք մոտ 55 ծրագիր են իրականացրել Հայաստանի և Արցախի տարածքներում՝ մեծամասամբ Արցախի տարածքում: «Այժմ Արցախում 3-4 ծրագիր ենք իրականացնում»,– նշում է Մկրտիչյանը՝ հավելելով, որ ապրիլյան իրադարձություններից հետո Արցախի նկատմամբ Mig Migirdicyanուշադրությունն ավելի է աճել. «Մատաղիսի դպրոցը, որը կառուցել էինք 2005-2007 թվականներին, վերջին իրադարձությունների պատճառով վնասներ էր կրել և մենք հիմնովին վերանորոգեցինք այն՝ բարելավելով դպրոցի վիճակը: Արցախում կարիքավոր բազմազավակ ընտանիքների համար կառուցել ենք 3 տուն, 4-րդը դեռ ընթացքի մեջ է: Տներից երկուսը կառուցել ենք ճարտար գյուղաքաղաքում, 1-ը՝ Վանք, իսկ մյուսը՝ Քռասնի գյուղերում: Մատաղիսին նաև մի բժշկական մեքենա ենք նվիրել: Իհարկե, շինարարական աշխատանքներ չեն կատարվել, բայց մեր օգնությունն այդ եղանակով ենք տրամադրել»:

 

Համաձայն Մկրտիչյանի՝ Տորոնտոյում շուրջ 5,300 հայի հասցե կա: Դրամահավաք ճաշկերույթին ամեն տարի մասնակցում է շուրջ 400 ընտանիք:

 

«Այս հավատարիմ ընտանիքները մշտապես մեր կողքին են: Նվիրատվությունները տարբեր են լինում՝ 20-ից մինչև 100,000 կանադական դոլար: Օրինակ Տորոնտոյի Նալբանդյան ընտանիքը 600,000 դոլար է նվիրաբերել Հայաստանի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոցը հիմնովին վերանորոգելու համար»,— ասում է նա:

 

«Ամեն տարի դրամահավաքին մոտ 200-250 հզր. կանադական դոլար է հավաքվում: Մենք մասնակիցներին բոլորին լուսանկարների և տեսանյութերի միջոցով, ցույց ենք տալիս,  թե նախորդ 12 ամիսների ընթացքում ինչ աշխատանքներ ենք կատարել, իսկ հետո հայտնում ենք առաջիկա 12 ամիսների ծրագրերի մասին»,— նշում է հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետն ու հավելում, որ ամեն տարի դրամահավաքին իրենք պատվավոր բանախոս են ունենում: Այս տարի պատվավոր հյուրի կարգավիճակում լինելու է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

 

Մկրտիչյանի խոսքով՝ այս անգամ դրամահավաքը նախատեսված է մի քանի ծրագրի համար:

 

«Մենք շատ ենք սիրում դպրոց կառուցել, որովհետև հավատում ենք, որ մեր ապագա սերունդը պետք է ուսանի նորմալ պայմաններում: Արցախի գյուղերից մեկում պետք է դպրոց կառուցենք, սակայն դեռ չենք որոշել, թե որ գյուղում: Արցախում նաև պատրաստվում ենք բժշկական և համայնքային կենտրոն կառուցել»,- խոսելով ապագա ծրագրերի մասին՝ ասում է նա:

Հուսով ենք, որ այս տարի 400-500 հզր դոլարի կհասցնենք՝ մեկ քառորդ դար անկախություն ունենալու առթիվ:

«Քանի որ այս տարի դրամահավաքը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների 25-ամյակին, նպատակ ունենք 400-500 հզր. կանադական դոլար հավաքել: Ընդհանրապես մենք հավաքում էինք 200-250 հզր դոլար: Հուսով ենք, որ այս տարի 400-500 հզր դոլարի կհասցնենք՝ մեկ քառորդ դար անկախություն ունենալու առթիվ: Սա շատ կարևոր բան է բոլորիս համար, քանի որ անկախությունը մեր ապրած ժամանակաշրջանում եղավ»,— խոսելով այս տարվա դրամահավաքից ունեցած ակնկալիքների մասին՝ ասում է Մկրտիչյանը՝ հավելելով, որ իրենք շատ մոտիկից հետևում են, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում:

 

«Ամեն ինչ պետք է անենք, որ պետականությունը ամուր հիմքերի վրա լինի, որպեսզի անկախություն ունենալու նյութ չլինի»,— եզրափակում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչության ատենապետը:

 

Նշենք, որ դրամահավաք-ճաշկերույթը տեղի է ունենալու Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո:

Ձեր կարծիքը

Comments