Home / Canada  / 83-ամյա կանադահայ գործարարը պատրաստ է վերահսկել 2017թ-ի ընտրությունները Հայաստանում

83-ամյա կանադահայ գործարարը պատրաստ է վերահսկել 2017թ-ի ընտրությունները Հայաստանում

12523141_10153329365152405_3166862719240603984_n
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


Օտտավա (Նորանոր) — Հիսուն տարի առաջ Եգիպտոսից Կանադա տեղափոխված Մովսես Քեոշկերյանը, ով 3 տարի առաջ բոլորել է 80-ամյակը, Սփյուռքի այն հայերից է, ով կարողացել է կայանալ աշխատասիրության ու հեռահար ձգտումների շնորհիվ: Ոչինչ սահմանափակ չէ, առավել ևս՝ աշխատանքի հնարավորությունները, պետք է ձգտել ավելիին. նման եզրակացության է եկել նա: «Ինչ որ միտքդ կհղանա ու կհավատա, միտքդ կհասնի անոր»,- երկարամյա կյանքի ընթացքում այս կարգախոսով է առաջնորդվել նա:

 

Քեոշկերյանը Եգիպտոսից Կանադա է գաղթել 1966թ-ին: Սկզբնական շրջանում աշխատել է որպես զոդող, հետագայում, չբավարարվելով ստացված եկամուտով, որոշել է բազմապատկել իր հմտություններն ու գիտելիքները, սկսել է զբաղվել անշարժ գույքի առքուվաճառքով: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ է: Այսօր նա Կանադայում թափ առած ընդդիմադիր շարժման ակտիվ ներկայացուցիչ է համարվում և լրջորեն հետաքրքրվում է հայաստանյան քաղաքական գործընթացներով:

 

Ընդդիմությունը Սփյուռքում սկսեց ակտիվանալ ընթացիկ տարում՝«Սասնա ծռեր» խմբի գործողություններից հետո: Մինչ այդ, ինչպես բազմիցս կարծիքներ են հնչել, սփյուռքահայերին հայրենիքին կապող գլխավոր հարցերը Հայ դատին և Հայոց Ցեղասպանությանն էին վերաբերում: Հիմա արդեն Սփյուռքը որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ ժողովրդավարական գործընթացներին:

 

Սեպտեմբերի 10-ին Տորոնտոյում կայացավ «Սասնա ծռերից հետո. Հայաստան-Սփյուռք» համաժողովը, որի մասնակիցների թիվը գերազանցում էր 100-ը: Համաժողովին ներկա էր նաև Քեոշկերյանը, ով հանդես եկավ առաջարկներով: Միջոցառմանը դահլիճում բազմաթիվ ազատ տեղեր կային: Արդյո՞ք Սփյուռքի ընդդիմությունն է թույլ, թե հրավիրվածների թիվն էր սահմանափակ: Այս և կանադահայերին ու Հայաստանի բնակչությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Noranor.ca կայքին հարցազրույց է տվել Քեոշկերյանը:


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

Մովսես Քեոշկերյանի ծնողները, Եղեռնից մազապուրծ, բնակություն են հաստատել Եգիպտոսում: Այստեղ է վերջինս ուսում առել, տիրապետել զոդողի մասնագիտությանն ու սկսել աշխատանքային գործունեությունը: Բայց գործարանում աշխատանքը նրան չի բավարարել, հատկապես, երբ չեն գնահատել իր ներդրումը:

 

«Առաջ Տորոնտո գացի, 4 տարի մնացի, վերջը Օտտավա եկա, ես Եգիպտոս ալ զոդել սորվեցա: 4 տարի այդ գործը ըրի, բայց շատ սահմանափակ ամսավճառ կու տային, այսինքն՝ ընտանիքդ կրնայիր պահել: 40 տարի աշխատիս, շատ-շատ տարեկան հարյուր-երկու հարյուր դոլլար ավելի պիտի ստանաս և վերջ, չես կրնար հառաջ երթալ գործի մեջ: Ֆաբրիկայի մեջ սկսա  մեքենայի մը վրա աշխատիլ, որ տարեկան 10 հզր.  դոլարի վնաս կու տար, որովհետև լավ չէր աշխատեր: Ես մտածեցի, որ որոշ սարքավորումներ բարեփոխելով՝ կարելի է 10 հզր.  դոլարը փրկել, առաջարկեցի իրենց, հաջողեցավ: Ինձ կանչեցին տնօրինութենեն, շնորհավորեցին, իրենց թերթին մեջ գրեցին և ըսին, որ քեզի հավելում պիտի տանք՝ 30 սենթ ժամավարձ, որը կկազմե օրական երկու դոլար»,- պատմում է Քեոշկերյանը:

 

Հուսալքված նման վարձատրությունից՝ նա մտածում է այլ աշխատանքի մասին: Անշարժ գույքի վաճառքի շուկան բաց է աշխատասեր մարդկանց համար, մուտք է գործում այստեղ ու կայանում:

աշխատանքը, ինչի որ ձգտիս, կհասնիս, կրնաս իրականացնել

«Աս ձև մըն է Հայաստանի երիտասարդությանը ըսելու համար, որ սահմանափակ չէ կյանքը, աշխատանքը, ինչի որ ձգտիս, կհասնիս, կրնաս իրականացնել: Սահմանափակում չկա անշարժ գույքի ոլորտին մեջ. ով որ ցանկանա, կարող է մասնակցիլ դասընթացներուն, և կտեսնա, որ մեջը փող կա»,- խորհուրդ է տալիս Քեոշկերյանը:

 

Ինքն այս շուկայում է 1970-ականներից, երբ քչերն էին զբաղվում անշարժ գույքի վաճառքով: Հետագայում շատերը սկսեցին աշխատել, իսկ եկամուտը պակասեց: Մնացին նրանք, ովքեր հաջողություն ունեցան: Քեոշկերյանը նրանցից մեկն էր:

 

ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

 

Քեոշկերյանը Եգիպտոսում ուսանած տարիներին մեծացել է որպես հայրենասեր, հետագայում էլ իր մասնակցությունն ունեցել հայրենասիրական միջոցառումներին: Որպես օրինակ՝ խոսում է Օտտավայում մշակութային ակումբի հիմնադրման մասին: Տորոնտոյում, որտեղ մի քանի տարի ապրել է Կանադա տեղափոխվելուց հետո, ՀՅԴ ակումբի ակտիվ երիտասարդներից է եղել, Օտտավայում՝ մշակութային ակումբի հիմնադիրներից: Այստեղ հայկական գաղութը փոքր էր, կուսակցական կողմնորոշումները՝ տարբեր: Այս հարցում բոլորը միավորվում են և մեկ ակումբ հիմնում:

 

Քեոշկերյանը ակտիվ է տարեկան մի քանի անգամ կազմակերպվող միջոցառումներում, բայց մի հարցում նրա մասնակցությունն առավել քան գնահատելի է: Օտտավայում Հայաստանի դեսպանատան շենքի ձեռքբերման հարցում իր ներդրումն ունի:

 

Նա նաև պահպանում է կապը Հայաստանի հետ ու հպարտանում արևելահայերենի իմացությամբ: Պատմում է. «Անգամ մը Երևանի մեջ երկու հոգի կանգնած էին, հարցուցի փողոցներու անունները, չէին գիտեր, կողքի խանութը գացի, ըսին, մեկը Աղաջանյան փողոցն է, մյուսը՝ Բաբաջանյան: Վերադարձին հարցուցին, թե որտեղեն եմ, ըսի՝ Ավանէն, չհավատացին, ըսին՝ չէ, դուն ներգաղթած ես, այնքան լավ արևելահայերեն կխոսեի, որ ինձ 1946-ին ներգաղթած հայաստանցու տեղ դրած էին»:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

 

Հայաստան հաճախակի այցերը Քեոշկերյանին հնարավորություն տվեցին ծանոթանալ քաղաքական կյանքին, որի մասին մինչ այդ տեղեկություններ ստանում էր հիմնականում համացանցի միջոցով: Իսկ նրա կարծիքով՝ դրանք իրականությունը չեն արտացոլում: Հիմա արդեն ոչ միայն հետաքրքրվում է, այլ նաև լուրջ նպատակ է դրել մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:

 

Սփյուռքում ձևավորված շարժումը համարում է լուրջ ուժ, ընդդիմություն կոչել չի սիրում, քանի որ, իր խոսքով, այն ժխտական իմաստ ունի: Շարժում, որը կարող է փոփոխություններ կատարել հայաստանյան քաղաքական գործընթացներում, նպաստել հայրենիքի վիճակի բարելավմանը: Դրա համար նա երկու առաջարկ ունի, որը հնչեցրել է նաև սեպտեմբերի 10-ին կայացած համագումարի ժամանակ:

կարելի է իշխանափոխություն, եթե ըլլա մոնիտորինգ

«Ալեք Ենիգոմշյանը կըսե ՝ քաղաքացիական անհնազանդություն, ես չեմ հասկնար՝ ինչ օգուտ կուտա: Ես ըսի, որ կարելի է իշխանափոխություն, եթե ըլլա մոնիտորինգ, 4000 հոգի պետք է երթա Հայաստան և մոնիտորինգ կատարե: Ես երեք հայաստանցի վստահելի անձանց հետ պատրաստ եմ երթալ և ընել: Վստահաբար այդքան մարդ կա»,- սա նրա առաջին առաջարկն է:

 

Երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է համարում, ընդդիմադիր թեկնածուների միասնական մասնակցությունն է ընտրություններին: Միայն այս դեպքում իր առաջարկած 4000 անձանցով մոնիտորինգն արդյունք կտա: Եթե միանա ընդդիմությունը, ինքը պատրաստ է գնալ Հայաստան և հետևել ընտրություններին:

Ընդդիմությունը եթե չմիանա, օլիգարխը պիտի հաղթե

«Եթե ընդդիմադիրներեն յուրաքանչյուրն առանձին թեկնածու հանդես բերե, բնական է` իշխանությունը կհաղթե: Ընդդիմությունը եթե չմիանա, օլիգարխը պիտի հաղթե, պետք է արտասահմանի ուժերը Հայաստանի ընդդիմադիրներուն հետ միանան, և ժողովուրդին զգաստացնեն, սորվեցնեն` ինչ է օլիգարխիան: Հայաստանի մեջ ընտրությունը ոչ հանրահավաքով, ոչ ալ զենքով կըլլա: Ամեն  քաղաքացու մոտենալով, բացատրելով է»,- համոզված է նա:

 

Իսկ արդյո՞ք ընդդիմությունը Սփյուռքում զորեղ է, ի՞նչ հնարավորություններ ունի:

Ընդդիմության թուլության նշան չի համարում այն փաստը, որ սեպտեմբերի 10-ի համագումարի ժամանակ դահլիճում ազատ տեղեր կային: Ամբողջ Սփյուռքը, նրա համոզմամբ, պատրաստ է օգնել հայրենիքին, ժողովրդավարություն հաստատել: Չի կարծում, որ Սփյուռքն ինքը ժողովրդավարության խնդիրներ ունի:

 

«Սփյուռքը տարբեր երկիրներե բաղկացած է, իսկ Կանադան և ԱՄՆ-ն ժողովրդավարական են, համարյա կաշառակերություն չկա, որովհետև ընտրությունը ԱՄՆ-ում փողով է և օրենքով սահմանված չափ կա, միլիոնավոր դոլարներ կծախսվին, բայց այդ միլիոններն ալ օրենքով սահմանված են»,- բացատրում է Քեոշկերյանը և հույս հայտնում, որ հայաստանյան ընդդիմությունը գոնե 2017-ի խորհրդարանական ընտրություններում միասնական կլինի, ինքն էլ իր առաքելությունը կկատարի:

 

Ձեր կարծիքը

Comments