Home / Armenia  / Իգդիրը՝ թուրքակա՞ն անվանում. պատմական անունների կիրառությունը հայկական բիզնեսում

Իգդիրը՝ թուրքակա՞ն անվանում. պատմական անունների կիրառությունը հայկական բիզնեսում

untitled-1

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

 

Երևան (Նորանոր) — 3 տարի առաջ Դիլիջան քաղաքի մի անկյունում տեղ գտավ Սիրիայի հայկական գաղութներից մեկը՝ Քեսաբը՝ իր կենցաղով, խոհանոցով, միջավայրով. «Քեսաբը» հայ-սիրիական ռեստորան է, որը հիմնվեց պատմական դեպքերի բերումով:

 

14470815_1085528498192997_15138475_nՌեստորանի հայ տնօրենը նշում է, որ իր անվանումը ռեստորանը ստացել է իրենց քեսաբցի գործընկերոջ պատվին: Միասին բացել են ռեստորանը, աշխատում են, մատուցում հայ-սիրիական կերակրատեսակներ: Այն արդեն նաև ներկայանալի բրենդ է դարձել:

 

Հայաստանի ճակատագիրը Մեծ Եղեռնից հետո այլ ընթացք ստացավ: Հայ ժողովուրդը զրկվեց պատմական հայրենիքից, տարագիր հայերը ցրվեցին աշխարհով մեկ, Արևմտյան Հայաստանն անցավ թուրքական տիրապետության տակ, սակայն պատմական հիշողությունից ժողովուրդը չհրաժարվեց:

 

Այն տարբեր ոլորտներում դրսևորումներ գտավ: Դրանցից մեկը գործարարությունն էր. ճակատագրորեն կամ բիզնես նպատակներով հայ արտադրողների շնորհիվ պատմական Հայաստանի բազմաթիվ քաղաքների անվանումները դարձան բրենդային :

 

«Կիլիկիա» գարեջրի գործարան, «Հին Խարբերդ» գինետուն-ռեստորան, «Իգդիր» կահույքի խանութ-սրահ, ինչպես նաև ռեստորան, «Բայազեթ» մսամթերքի արտադրամաս, «Քեսաբ» ռեստորան…Երկար կարելի է թվարկել ընկերությունները, որոնք կրում են Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերի անունները:

 

Բիզնե՞ս, թե՞ հայրենասիրություն

 

Դժվար է տարբերակել՝ բիզնես-նպատակնե՞րը, թե՞ հայրենասիրությունն է գործարարությամբ զբաղվողների համար պատճառ դառնում նման անվանումներ ընտրելու, բայց որ դրանցից շատերը ինչպես հայերի, այնպես էլ օտարազգիների շրջանում բրենդ են դարձել, կասկածից վեր է:

 

Noranor.ca կայքի հարցումներից պարզ դարձավ, որ Նման անվանումներ ունեցող ձեռնարկություններում բիզնես-նպատակն իր նշանակությունն ունեցել է, բայց հիմնադիրների համար այն նաև հայրենասիրական քայլ է եղել՝ պահպանելու և սերունդներին փոխանցելու պատմական անվանումները:

 

«Կիլիկիա» գինու-կոնյակի գործարանը Հայաստանում հայտնի է արդեն շուրջ 15 տարի: Այս գործարանի արտադրանքն իր տեղն է գտել նաև արտաքին շուկայում: Հարցին, թե ինչպես է եղել, որ հենց այս անվանումն է ստացել, փոխտնօրենը պատասխանում է. «Եթե ծանոթ եք Կիլիկիայի հայկական թագավորությանը, ձեզ համար պարզ կդառնա՝ ինչի համար է անվանումը դրվել: Պատճառներից մեկն էլ եղել է գործարանի`Կիլիկիա թաղամասում տեղակայված լինելը. դա էլ է նշանակություն ունեցել»:

 

14508692_1085528494859664_1416641127_n«Հին Խարբերդ» գինետուն-ռեստորանի ինտերիերը համապատասխանեցված է պատմական Խարբերդի միջավայրին՝ բնակավայրի նկարներով, Խարբերդի ոճով զարդարված : Աշխատակիցը պատմում է. «Մարդիկ հետաքրքրվում են նկարներով, լուսանկարվում, եկողների համար մեր ինտերիերը նույնպես հաճելի է: Գինետան հաճախորդները հիմնականում սփյուռքահայեր են»:

 

Իգդիրը` թուրքակա՞ն անվանում

 

Երևանի «Իգդիր» կահույքի սրահի մենեջեր Նելլի Ղևոնդյանը պատմում է, որ ընկերության տնօրենն արմատներով Իգդիրից է: Պատմական երկրի հանդեպ նվիրվածությունը նրան ստիպել է այսպես անվանակոչել բիզնեսը: Պարզվում է՝ նրանց դեպքում հայրենասիրական այս քայլը ոչ թե օգնում, այլ միայն վնասում է բիզնեսին:

 

Բոլորին թվում է՝ «Իգդիր» նշանակում է թուրք

 

14527587_1085528484859665_1391048315_n«Իգդիր» կահույքի սրահը գործում է 1995-ից: Անվանումը խանգարում է, չի օգնում, քանի որ մեր ազգն այդքան տեղեկացված չէ, և բոլորին թվում է՝ «Իգդիր» նշանակում է թուրք, թուրքական ֆիրմա է: Այդ անվանումը բոլորին վանում է, ոչ թե գայթակղում: Բացարձակ չի օգնում», – ասում է Նելլին:

 

Զավեշտի հասնող այս իրավիճակն էլ անգամ չի ստիպել տնօրենին մտափոխվել անվան հարցում:

 

Պատմական քաղաքներից յուրաքանչյուրը բիզնեսի որևէ ճյուղի հայտնի կենտրոն է եղել

 

Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը պատմական այս անունների փոխանցումը սերնդեսերունդ բիզնեսի լավագույն դրսևորումն է համարում: Սրանք այն պատմական տարածքներն են, որոնք մեծ դեր են խաղացել հայկական մշակույթի, ավանդույթների զարգացման գործում, ուստի դրանց անվանումները պետք է պահպանել: «Փոխադարձաբար շահում են երկուսն էլ՝ թե՛ գործարարը, թե՛ հայրենիքը»,- համոզված է նա:

 

«Դրանք որպես բրենդ օգտագործելը ճիշտ է, որովհետև նախ հիշեցնում է մեր երբեմնի պետականության` պատմական Հայաստանի տարածքները , որոնք եղել են մեր պատմության գրեթե բոլոր ժամանակներում, գոյատևել են դարեդար: Ես կարծում եմ դրանք հիշողություն են մեր պատմական տարածքների վերաբերյալ: Այդ տարածքներից ամեն մեկը իր ուրույն դերն է ունեցել տարբեր բնագավառներում: Օրինակ ասեղնագործության մեջ. մենք ունեցել ենք տարածքներ, որոնք գործվածքների հայտնի կենտրոններ էին», – նշում է ազգագրագետը:

 

Հիշատակում է նաև պատմիչ Քսենոփոնի աշխատությունը՝ «Անաբասիսը», որում հիշատակվում է գարեջրի մասին, ու պատմում է. «Այն Մշո տարածքին է վկայագրվել, և շատ ցանկալի կլիներ, որ գարեջուրն, օրինակ, հիշատակվեր նաև Մուշ անվամբ»:

 

Մենք ունենք Գյումրի գարեջուր, ինչ վատ է որ, որովհետև միայն Շիրակը կարող է տալ հումքը, իսկ հումքը գարին է՝ Շիրակի գարին: Կոտայք, Գյումրի, Կիլիկիա…

 

Նահապետյանը չի մոռանում վերջին պատմական դեպքերը, որոնք իրենց արտահայտությունը գտան բիզնեսում, և Երևանում հիմա հաճախ հանդիպում են անուններ, որոնք, ինչպես Քեսաբը, սիրիական զարգացումներից են ծնվել: Հետագայում դրանք ևս կդառնան բրենդներ:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments