Home / Armenia  / Հայաստան The Best. կանադահայ ուխտավորներն ավարտում են ուխտագնացությունը հայրենիք

Հայաստան The Best. կանադահայ ուխտավորներն ավարտում են ուխտագնացությունը հայրենիք

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

 

Երևան (Նորանոր) — Կանադայից սեպտեմբերի 18-ին՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանած ուխտավորներն ավարտում են իրենց երկշաբաթյա ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբատեղիներ ու պատմամշակութային վայրեր: Տորոնտոյից, Մոնրեալից, Վանկուվերից, Լավալից և այլ քաղաքներից 30 սփյուռքահայ էր միացել Կանադայի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի նախաձեռնությանը:

 

Նորանոր.ca-ն Հայաստանում հանդիպել է ուխտավորներին, զրուցել նրանց հետ ու պարզել, որ նրանցից ոմանք հայրենիքում առաջին անգամ են, և Հայաստան այցելելու նման առիթը բաց թողնել չէին կարող: Հայրենիքից նրանք կհեռանան հարուստ տպավորություններով՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական:

 

Ուխտավորները երկու շաբաթվա ընթացքում եղել են Արցախում, այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ստացել Վեհափառ հոր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, իրենց պարտքը համարել լինել Ծիծեռնակաբերդում, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ ինչպես մշակութային, այնպես էլ եկեղեցական: Նրանք նաև ժամանակ և առիթ են գտել զրուցելու հասարակ ժողովրդի հետ:

 

Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, դատարկաձեռն չեն եկել հայրենիք: Ծանոթ լինելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ որոշել են իրենց նպաստը բերել հայրենակիցներին և Հայստանում ծախսել են մի փոքր ավելին, քան անհրաժեշտ էր սեփական կարիքները հոգալու համար: 

 

ՀԱՅՐԵՆԻՔ`ՀԱՐՈՒՍՏ ՀՈԳՍԵՐՈՎ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ

Սոնա Քուրքոյանը, ով Մոնրեալից է միացել ուխտավորների խմբին, վերջին անգամ խորհրդային տարիներին է եղել Հայաստանում, զգացողություններն ու տպավորությունները հակասական են: Մի կողմից հարուստ պատմամշակութային արժեքներն ու սրտաբաց հայրենիքը, մյուս կողմից՝ անհանգիստ հայրենակիցները, որ, նրա տպավորություններով, դժվար կացության մեջ են:

 

«Լավ տպավորություններ են ինձ համար խորհրդային տարիները, իսկ հիմա բոլորովին տարբեր են, չեմ կրնար բաղդատություն ընել՝ ինչ-որ տեսա և ինչ-որ լսեր էի: Անկեղծ զգացումս, հավատացեք, որ հիմա ավելի շատ դժվարություններ ունեցող անձինք կան, քան թե խորհրդային տարիներուն: Այդ տարիներուն կարծեք թե ժողովուրդը ավելի հանդարտ էր, ամեն մարդ գիտեր՝ ինչպես իր կյանքը պիտի դասավորեր, իսկ հիմա ժողովուրդն ալ, երիտասարդությունն ալ ավելի շվարած վիճակի մեջ տեսանք: Ամենքս ալ կուզենք, որ օգտակար ըլլալ»,- պատմում է տիկին Սոնան, ով իր նախատեսած գումարից ավելին է ծախսել Հայաստանում. այդ մասը բաժին է հանել կարիքավորներին:

 

«Սրտաբուխ նվիրատվություններ եղան, եթե մեկը կուզե էկոնոմի ընե, 700-800 դոլար կըրնար ընել, բայց մենք ադ բանը չըրինք, բայց եթե առավոտուն ծերունի մարդ կտեսնենք, չենք կրնար անտարբեր անցնիլ, կուզենք օգտակար ըլլալ: Եթե Ամերիկյան դոլարով պիտի հաշվես, որոշ անձերու համար թանկ է Հայաստան գալը, ծախսեր ենք մոտավորապես 5,000 ԱՄՆ դոլար»,- ասում է տիկինը, ով այստեղ է եկել քրոջ՝ ԱՄՆ-ում բնակվող Անահիտ Բերթիզելյանի հետ: Վերջինս ավելի լավատես է ու լավ տպավորություններ ունի հայրենիքից:

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հիշարժան օր են անցկացրել, իսկ վերականգնվող Արցախը վստահություն է ներշնչել: Պատմում է. «Եղանք մենք Արցախ և տեսանք ինչպես նոր քաղաք շինված է, և այդ ինքնավստահությունը, որ մեզ ներշնչեցին, շատ լավ տպավորություններ ունեցանք, իրենց կառչումը հողին, պայքարի ձգտումը: Բարելավումներ կան, շատ մեծ բարելավումներ»:

 

Նա Հայաստանում 10 տարի առաջ է եղել, համոզված է, որ հայրենիքը հիմա ավելի ժամանակակից է դարձել, ենթակառուցվածքները զարգացել են: «Միայն երիտասարդությանը երկրին մեջ պահելու միջոցներ պետք է ձեռք առնվին», – համոզված է նա:

 

Պետք է ավելի վստահություն և ներշնչում տրվի այս նոր երիտասարդ սերնդին

 

«Պետք է ավելի վստահություն և ներշնչում տրվի այս նոր երիտասարդ սերունդին, որպեսզի չթողնեն երկիրը և չհեռանան, իրենց համար պետք է գործի միջոցներ ստեղծվին, որպեսզի մնան հայրենիք և չգաղթեն, այդ բաժինն էր, որ ամենաշատը մեր վրա ազդեց և երիտասարդներուն գաղթը, եթե այսպես շարունակվի, շրջան մը ետքը պիտի դառնա ծերերու երկիր», – նշում է կինը:

 

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԵՍՆԵԼԸ ԱՄԵՆՔԻ ՊԱՐՏՔՆ Է

 

«Եկա Հայաստան, որովհետև ծերացած եմ՝80 տարեկան եմ, մեռնելես առաջ ուզեցի հայրենիքս տեսնամ, հիմա կրնամ երթալ ու մեռնիլ», – ամբողջ կյանքում բանվորական աշխատանք կատարած ծերունին՝ Սիմոն Քարաջյանը, հիմա հանգիստ է : Բաց չի թողել այս հնարավորությունը, չի էլ ափսոսում: Այն, ինչ տեսել է այստեղ, թանկ է նրա համար, շեշտում է, որ աղքատություն կա, բայց դա չի ազդում հայրենիքի հմայքի վրա. հատկապես Երևանը սիրեց:

 

Կանադահայերի խմբին են միացել նախկին իրանահայ Ռուբիկ Աբուլյանը: Հայաստան գալուց առաջ առաջին հերթին մտածել է իր լուման ներդնելու մասին, ֆինանսական դժվարություններ չունի, հետևաբար օգնել է բոլորին, ով դրա կարիքն ունեցել է, իսկ երկրում ֆինանսական միջոցներ ներդնելը լուրջ նպաստ է համարում երկրի տնտեսությանը: Շատ լավ կլինի, եթե յուրաքանչյուր հայ այցելի Հայաստան, այսպիսով ներդրումներ կլինեն երկրում, տնտեսությունն ինչ-որ չափով կբարելավվի:

 

Հայաստան The Best, Հայաստանն ամենալավ տեղն է տուրիստի համար

 

Այսքանով հանդերձ, շատ տարբերություններ չի տեսնում Հայաստանի ու Կանադայի միջև, ասում է. «Արժեքի դիմաց, կյանքի թանկության դիմաց կարծեմ նույնն է, ինչպես ժողովրդի հագուստը, վարմունքը շատ մոտիկ է Կանադային, 25 տարվա դիմաց շատ են առաջադիմած, և հուսով եմ, որ մոտ 20 տարուց արդեն ճիշտ նույն մակարդակին կլինեն Կանադայի հետ: Շատ տեղեր եմ տեսած, Հայաստան The best, Հայաստանն ամենալավ տեղն է տուրիստի համար՝ թե՛ շինության, եկեղեցիներով, թե՛ ծախսի կողմով, թե՛ հոթելի կողմից, տաքսիները շատ աժան են»:

 

«Ծախսի կողմեն հարկավ, ծախսատար է, նմանապես ժամանակի կողմեն, դժվար է, մեզմե բավական ժամանակ կխլե, գալեն ետք կուզես ավելի երկար ժամանակ մնալ, գոնե 3 շաբաթ», – ասում է Սոնյա Ջանջիկյանը, ով Հայաստանում եղել է 8 տարի առաջ և միշտ վերադառնալու ձգտում ունի:

 

Խմբի կազմում կային նաև երիտասարդներ: Օրինակ նրանցից Պատրիկ Քամելը առաջին անգամ էր եկել հայրենիք: Հիմա արդեն վստահ է՝ ավելի հաճախ կկարողանա այցելել: Խումբն ավարտում է այցը, բայց նրանցից մի քանիսը, չցանկանալով շուտ բաժանվել հայրենիքից, դեռ մեկ-երկու շաբաթ ևս կմնան Հայաստանում:

 

 

Ձեր կարծիքը

Comments