Home / Canadahye  / Torontohye  / Հայ երգն իր մեջ կրում է պայքարի և հաղթանակի ոգին. Նոյեմբերին Տորոնտոյում կկայանա «Ուրախ Գյումրի» համերգը

Հայ երգն իր մեջ կրում է պայքարի և հաղթանակի ոգին. Նոյեմբերին Տորոնտոյում կկայանա «Ուրախ Գյումրի» համերգը

untitled-1-01-58

 

 

ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) — 2016 թվականի նոյեմբերի 12-ին Տորոնտոյի Արվեստների կենտրոնի Ջորջ Ուեսթոն համերգասրահում տեղի կունենա «Ուրախ Գյումրի» խորագրով համերգ, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Գյումրու ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի մեներգիչ, վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը, փոփ երգիչ Գագիկ Միկոյանը և «Հայաստանի ձայնը» (The Voice of Armenia) մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը, իսկ գործիքային մասը կապահովեն Վահան Ուռությանը, Արթուր Զատիկյանը և Հարություն Եղիազարյանը:

 

Համերգի կազմակերպիչ «Օջախ Ընտանիք» հայկական մշակութային կազմակերպության ներկայացուցիչ Ժասմին Մամիկոնի խոսքով՝ իրենց նպատակն է համերգի բոլոր ունկնդիրներին ճանաչելի դարձնել Գյումրին: Վերջինս էլ համերգի մասնակիցների, հասույթի՝ հատուկ նպատակի ծառայելու, սպասելիքների և այլ հարցերի վերաբերյալ կիսվել է Noranor.ca-ի հետ ունեցած զրույցում:

 

Ժասմինի խոսքով՝ որոշել են համերգն անցկացնել Ջորջ Ուեսթոն համերգասրահում, որպեսզի տեղացիներին էլ հաղորդակից դարձնեն հայկական մշակույթին, որ նրանք էլ ունկնդիրը լինեն հայկական երգի:

 

Համերգից ստացված հասույթը փոխանցվելու է Արցախում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

 

«Որոշեցինք մեկ անգամ ևս մարդկությանը հիացնել Հայաստանի հնամենի մշակույթի փառքով: Մեկ անգամ էլ ի տես, ի լուր մարդկության ասել` հայ երգն անմահ է, այն իր մեջ կրում է ազգային ոգին` պայքարի և հաղթանակի ոգին: Հայկական երգերը պատառիկներ են, որոնք վկայում են հայ ժողովրդի հոգևոր վիթխարի հարստության և ուժի մասին»,- նշում է Ժասմինը՝ հավելելով, որ համերգից ստացված հասույթը հատուկ նպատակի է ծառայելու. «Այն փոխանցվելու է Արցախում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին»:

 

Գյումրվա մեղեդիները աշխարհին ու մարդկությանը ճանաչելի ու լսելի դարձնելու հանգամանքը կարևորելով՝ Ժասմինը նշում է. «Համերգի հյուրերին ուզում եմ տեղեկացնել, որ Գյումրին Հայաստանում ճանաչվում է որպես մշակույթի մայրաքաղաք, և հենց այնպես չէ, որ Գյումրին տվել է Իսահակյան ու Շիրազ, Մկրտիչ Արմեն ու Ֆրունզիկ Մկրտչյան, Աշուղ Ջիվանի ու այլք: Գյումրին տվել է մերօրյա շատ հերոսներ, որոնք իրենց մատաղ կյանքը տվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում»,- եզրափակում է «Օջախ Ընտանիք» կազմակերպության ներկայացուցիչը:

 

«Օջախ Ընտանիք» հայկական մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականի սկզբին։ Նորաստեղծ կազմակերպության նպատակն է Կանադահայ և, ինչու չէ, նաև օտար հանդիսատեսին ունկնդիր դարձնել հայ երգին ու երաժշտությանը։

 

 

 

Ձեր կարծիքը

Comments