Home / Armenia  / Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, որպես երեք տղաների հայր, կիսել է Արցախում նահատակված զինվորների ծնողների վիշտը

Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, որպես երեք տղաների հայր, կիսել է Արցախում նահատակված զինվորների ծնողների վիշտը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) – Կանադահայ թեմի Հայ Առաքելական եկեղեցու փոխառաջնորդ, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Զարգարյանը շարունակում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանում: Նա մայիսի մեկին՝ իր ծննդյան 50-ամյակի կապակցությամբ հավաքագրված գումարը նվիրաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:

 

Զինծառայողների հարազատների մի մասին հոգևոր հայրը հանդիպել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում՝ հենց նրանց ընտանիքներում, մյուսներին՝ եկեղեցական առաջնորդարաններում: Այսօր հերթական հանդիպումը տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասնակցությամբ:

 

Կանադայի հայ համայնքը քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո լուրջ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին և Արցախին` օգնելով ֆինանսապես և հումանիտար աջակցություն ուղարկելով:

 

«Այս ամենը նվազագույնն էր, որ կարող էր անել համայնքն ու ընդհանրապես Սփյուռքը` հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորի հիշատակի առջև»,– Noranor.ca-ի հետ ունեցած զրույցում անկեղծանում է Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը:

 

ԳՅՈՒՂԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ

 

Հայ Առաքելական եկեղեցու փոխառաջնորդը եղել է Հայաստանի և Արցախի գյուղերում, տպավորվել է, ուրախացել այն խաղաղությամբ, որ տիրում է ամենուր: Հոգևոր հայրը վստահ է՝ այդ ամենն իր գինն ունեցավ. զինվորի արյամբ ապահովվեց խաղաղություն, որի համար պարտք ունի յուրաքանչյուր հայ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում: 

 

«Գյուղերում, երբ այցելեցինք, տեսա, որ երեխաները դրսում խաղում են, կյանքը շատ խաղաղ է, և այդ խաղաղությունը, այդ ապահովությունը, որ մենք վայելում ենք, մեր հերոսների մարտիրոսության գնով է: Եթե այսօր Երևանը խաղաղ է, մենք պարտական ենք իրենց: Ես երեք տղա ունեմ: Երբ այցելում եմ 18-19 տարեկան զոհված զինվորների ծնողներին, բառերով դժվար է նկարագրել նրանց ցավն ու վիշտը, միևնույն ժամանակ, նաև այն մեծ հպարտությունը, որ ունեն նրանք, իրենց զավակի, իրենց որդու համար, ով իր կյանքը զոհաբերեց հայրենիքի ապահովության, խաղաղության զոհասեղանին»,– զգացողություններն է կիսում Տեր Զարեհը:

 

19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԻ ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

 

Այդ զգացողությունները 6 ամիս է չեն լքում Ռուդոլֆ Ղահրամանյանին՝ 19-ամյա Հենրիկի հորը, ում որդին ապրիլի 4-ին զոհվեց Թալիշում: Հպարտություն ու կորստի ցավ, որոնք անբաժան են միակ որդուն կորցրած հորից: Տղան զոհվել է վիրավոր ու զոհված ընկերներին մարտական գոտուց դուրս բերելու ժամանակ:

 

«Ոչ մի բան չի կարող մեղմել վիշտը: Հենրիկը միակ տղաս էր: Ունեմ նաև երկու աղջիկ: Դպրոցն ավարտել է, քոլեջ ընդունվել, որից հետո գնաց աշխատեց, վարորդական իրավունք ձեռք բերեց: Շատ խելոք տղա էր՝ բարի, ժպտերես, ընկերասեր, դրա համար կռվի ժամանակ ընկերների հետևից էր գնում: Երազում էր սովորել համալսարանում՝ որպես ապրանքագետ»,- հպարտությամբ ու ցավով է պատմում Ղահրամանյանը: 

 

Ընտանիքի սոցիալական վիճակը ծանր չէ, թեև դժվարություններ ունենում են: Պետությունն էլ, առանձին անձինք էլ աջակցություն ցուցաբերել են: Հենրիկը հետմահու պարգևատրվել է մեդալներով: Հենրիկի հայրը զգում է բոլորի բարոյական աջակցությունը, զգացված է նաև Տեր Զարեհի վերաբերմունքից:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄՈՏ 100 ԸՆՏԱՆԻՔԻ 

 

Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Կանադահայ թեմի փոխառաջնորդը հասցրել է այցելել մոտ 100 ընտանիքի: Արցախում, թե Հայաստանում զգացողությունը նույնն է, նույն սրբություններն են: «Հպարտ զգացի, երբ այս անգամ Դադիվանքով՝ նոր ճանապարհով վերադարձանք, որի լեռները նաև պաշտպանում են մեր զինվորները. մեր սարերը հսկում են մեր զինվորները»,- պատմում է Արցախից թարմ տպավորություններով վերադարձած հոգևորականը:

 

Տեր Զարեհը վստահ է, որ խոսքը, աղոթքն ու գործը պետք է միասնական լինեն: Իր կյանքի այս նշանաբանն է նման քայլի գնալու հիմք հանդիսացել: Սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների էլ են հանդիպել, որոնց սիրով են աջակցել: 

 

«Այս փոքրիկ աջակցությունը ամբողջությամբ չի բարելավի շատ ծանր տնտեսական պայմանների մեջ ապրող մեր ժողովրդի զավակների կյանքը: Ոչ միայն պետական մարմինների, այլև հենց մեր բոլորի ուշադրության կենտրոնում պիտի լինի, առավելաբար՝ պետական մարմինների: Երբ զինվորը մարտնչում է, պիտի միտքը հանգիստ լինի, որ Աստված մի արասցե, եթե իրեն որևէ բան պատահի, իր ընտանիքը ապահովված կլինի: Եւ այսօր այս զինվորների ընտանիքներ այցելելու կամ իրենց հետ հանդիպելու մեր նպատակն այն է, որ իրենց մենակ չզգան»,- ասում է հոգևոր հայրը:

 

«Կանադայում ակտիվ համայնք է գործում»,- վստահեցնում է Տեր Զարեհը, ով համոզված է, որ Սփյուռքի մյուս համայնքներն էլ են նույն ոգևորությամբ վերաբերվում հայրենիքին:

 

Հայաստանից հոգևոր հայրը Կանադա կվերադառնա հոկտեմբերի 11-ին:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments