Home / Armenia  / Կանադահայ դպրոցների աշակերտների թիվն ավելանալու միտում ունի. Հարցազրույց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանի հետ

Կանադահայ դպրոցների աշակերտների թիվն ավելանալու միտում ունի. Հարցազրույց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանի հետ

tanashian
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) — Սփյուռքում հայապահպանության հիմքերն են հայկական դպրոցը, եկեղեցին և ընտանիքը: Այս համոզմունքին է Մոնրեալի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը: Լինելով նույն դպրոցի շրջանավարտ և արդեն 6 տարի ղեկավարելով այն՝ նա այս գաղափարն է դրել իր գործունեության հիմքում:

 

Շահե Թանաշյանը, ով փոքր տարիքում Լիբանանից է գաղթել Կանադա և հաստատվել Մոնրեալում, ոչ միայն կրթության կազմակերպման գործում է հայապահպան գործունեություն ծավալում, այլև ընդգրկվում է բազմաթիվ միջոցառումներում, որոնք վերաբերում են հայրենիքին: 2013 թվականին նա ընտրվել է Կանադայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործադիր մարմնի անդամ: Հայաստանի դեսպանատանը հավաքված Կանադայի հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները ընտրել էին հինգին, որոնցից մեկը Շահե Թանաշյանն էր:

 

Սեպտեմբերի 24-ին Մոնրեալի հայ Ավետարանական եկեղեցում, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ներկայությամբ, տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություն, որի ժամանակ մի շարք անձինք պարգևատրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով: Շահե Թանաշյանը նրանցից մեկն էր: Նա արժանացավ շնորհակալագրի՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված թվով 100 միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպելու համար:

 

Շահե Թանաշյանը 6 տարի է, ինչ ղեկավարում է Մոնրեալի 3 վարժարաններից մեկը՝ Ալեք Մանուկյան վարժարանը, նաև արդեն երկուսուկես տարի է, ինչ նա ՀԲԸՄ Մոնրեալի վարչության ատենապետն է:

 

Ստացած պարգևի, կատարած գործունեության ու Սփյուռքի կրթական խնդիրների շուրջ նա հարցազրույց է տվել Noranor.ca-ին:

 

ՊԱՐԳԵՒՍ ԿՈՒԶԵՄ ԲԱԺՆԵԼ …

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված համականադական մարմինն իր վրա պարտավորություն ուներ` լավ կազմակերպել և աշխարհին ճիշտ ներկայացնել հայ ժողովրդի պահանջը: Մեծ պատասխանատվություն է զգում Շահե Թանաշյանը, ով պատմում է, որ ավելի քան 100 միջոցառումների մեծ մասը տեղի ունեցան Մոնրեալում և Տորոնտոյում: Փոքրաթիվ միջոցառումներ եղան նաև Վանկուվերում և Հարավային Օնտարիոյում : Իսկ կարևորն այն է, որ միջոցառումների արդյունքում լուրջ հաջողություններ գրանցվեցին: Օրինակ՝ Կանադայի խորհրդարանը բանաձև ընդունեց ապրիլի 24-ը ճանաչել որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր:

 

Կանադան այն երկրներից է, որը տարբեր մակարդակներում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2006 թվականից ի վեր Կանադայի վարչապետն ապրիլի 24-ին հատուկ հռչակագիր է հրապարակում` որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Կանադայի 3 մեծագույն նահանգները՝ Քվեբեկը, Օնտարիոն և Բրիտանական Կոլումբիան, իրենց Խորհրդարաններում նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև են ընդունել: Այս երեք նահանգների բնակչությունը կազմում է Կանադայի բնակչության մոտ 75-80 %-ը: Այս երկրում կան մի շարք կազմակերպություններ, որոնք նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

«Հիշարժան միջոցառումներից մեկը Մոնրեալում տեղի ունեցած քայլարշավն էր»,- շեշտում է Noranor.ca կայքի զրուցակիցն ու հավելում.«10 հզր մարդ էր մասնակցում քաղաքի կենտրոնում տեղի ունեցած քայլարշավին, որին միացել էին Ցեղասպանություն տեսած այլ ազգերի ներկայացուցիչներ ևս: Լուրջ աշխատանք է կատարվել, որում իրենց ներդրումն են ունեցել տասնյակ կամավորներ և ենթահանձնախմբեր»: Չցանկանալով միայնակ վայելել շնորհակալագրի արժանանալու հանգամանքը՝ Թանաշյանը նշում է.«Ես իմ պարգևս կուզեմ բաժնել այս բոլոր մարմիններու վրա, որոնք նպաստեցին, որպեսզի մեծ պատիվով աշխարհին և Կանադային ներկայացնենք Ցեղասպանությունը վերապրող ժողովուրդի պահանջը»:

 

100-ամյակի միջոցառումներով աշխարհին ցույց տվեցինք, որ Սփյուռքն ու Հայաստանը մնում են պահանջատեր, բայց դրանցով չավարտվեց պայքարը, վստահ է Թանաշյանը: «Ըլլան Հայաստանի իշխանությունները, ըլլան Սփյուռքի կազմակերպությունները թե հայ ժողովուրդը, ընդհանրապես տարբեր ճանապարհներ կփնտրենք, որ հասնինք նպատակին: Մենք պետք է ընդունինք, որ ամեն մեկը իր դերը պետք է խաղա՝ Սփյուռքը իր դերակատարությունը, Հայաստանի կառավարությունը՝ իր, որը նաև ունի տարբեր և զանազան պատասխանատվություններ: Այսօր Սփյուռքը պետություն չէ, սահման չունի պաշտպանելիք, այսօր ՀՀ-ն սահման ունի պաշտպանելիք, ուրեմն այս բոլորը գիտնալով՝ ես տարբերություն չեմ գտներ մեր նպատակներուն մեջ»:

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«Շնորհիվ 3 դպրոցներուն՝ Մոնրեալի գաղութը հայախոս է, հայկական կրթօջախները կգործեն լուրջ ծանրաբեռնվածությամբ, տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ թվով աշակերտներ ունին Սփյուռքի հայակական դպրոցներուն համեմատությամբ»,- վստահ է տնօրենը: Շահե Թանաշյանը կարծում է՝ ավելանալու միտումը կշարունակվի:

 

Մեծ թիվով սիրիահայեր կու գան: Ամեն անգամ, որ այսպես դուրսեն հայություն գա, հոս արդեն դպրոցներու թիվն ալ կշատնա, նոր աշակերտներ ալ կըլլան

 

«Բաղդադմամբ ուրիշ գաղութներու հոս ավելի նոր գաղութ է, այսինքն կանադահայությունը 50-ական թվականներեն ետք է, որ եկած է: Այդպես տարբեր ժամանակներու և տարբեր վայրերե եկած են` պոլսահայեր, լիբանանահայեր, ինչպես ես և ընտանիքս, եգիպտահայեր, և հիմա կապրինք այդ շրջանը, ուր մեծ թիվով սիրիահայեր կու գան: Ամեն անգամ, որ այսպես դուրսեն հայություն գա, հոս արդեն դպրոցներու թիվն ալ կշատնա, նոր աշակերտներ ալ կըլլան»,- համոզմունք է հայտնում Թանաշյանը:

 

Նա, ստանձնելով այս դպրոցի տնօրինությունը, համոզվեց, որ 21-րդ դարում ուսուցման նոր մեթոդներ են պահանջվում, և անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց ներդրմանը: Առաջինը ծրագրերի արդիականացումն էր, այսինքն՝ համակարգչայնացում, անգամ դասագրքերը պետք է ժամանակակից լինեն, վստահ է Ալեք Մանուկյան վարժարանի տնօրենը: Օրինակ է բերում.

 

«Ես կհիշեմ իմ աշակերտությանս օրերուն մենք Սովետական Հայաստանեն կստանայինք դասագիրքերը, և չէր համապատասխաներ այդ ոգին, որովհետև Սովետական Հայաստանեն եկածը Արևմուտքին մեջ ապրող հայ երիտասարդներուն հարմար չէր»:

 

Մեր դպրոցը առաջինն ըլլալով՝ Հայաստանեն ստացանք արևմտահայերենով հայոց պատմության դասագիրքեր

 

Թանաշյանն ուրախությամբ հայտնում է, որ առաջին անգամ իրենց դպրոցը Հայաստանից արևմտահայերեն լեզվով հայոց պատմության դասագրքեր է ստացել: Սա ոգեշնչել է նաև նրանով, որ հայրենիքը հոգում է Սփյուռքի մասին:

 

«Կկարծեմ հարստություն մըն է ունենալ արևմտահայերեն և արևելահայերեն: Արևելահայերենը կրնա պահպանվիլ, արևմտահայերենը ձգված է Սփյուռքին և կարգ մը կազմակերպություններու, և պետք է Հայաստանի պետությունը օժանդակե»,- նշում է վարժարանի տնօրենը:

 

Դպրոցում հայապահպանության գաղափարը փորձում են տարածել ոչ միայն հայոց պատմություն, հայոց լեզու առարկաների ուսուցմամբ, այլև հայկական մշակույթի փոխանցմամբ: Ալեք Մանուկյան վարժարանում անցկացվում են հայկական պարարվեստի, հայ երգի ու երաժշտության դասընթացներ, որոնք ոչ պակաս կարևոր են սերնդի համար:

 

«Հայակական պարարվեստը՝ իբրև արվեստ, մեր աշակերտներուն կներկայացնենք, հայկական պարարվեստի ճյուղերը՝ ինչու քոչարիի 30 տեսակ կա, ինչու տարբեր հայկական գավառներ ունին տարբեր պարեր և այլն, և վիճակացույցի մեջ նիշ կստանան պարարվեստի դասընթացին համար: Ունինք երաժշտություն, երգչախումբ, որ նորեն դպրոցի ժամերուն մեջ ներառված են, ետքը բարձր արվեստ կնկատվի, և մեր ամբողջ դասարանները ունին երգի և երաժշտության դասաժամեր»,- ներկայացնում է ՀԲԸՄ Մոնրեալի վարչության ատենապետը, ով ձգտում է ՀԲԸՄ հայկական վարժարանում նման առարկաների դասաժամերի ավելացման:

 

ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Թանաշյանը ձգտում է գոնե երկու տարին մեկ անգամ լինել Հայաստանում, իսկ իր դպրոցի շրջանավարտների համար գեղեցիկ ավանդույթ է ձևավորել: Ամեն տարի օգոստոսին դպրոցի ավարտական դասարանների աշակերտները, մոտ 20-25 հոգի, այցելում են հայրենիք: Նրանք, ովքեր հայրենիքից հեռու են ծնվել և ապրել, պետք է արմատները զորավոր պահեն և կապված լինեն հայրենիքին: Իսկ Վարժարանի ղեկավարի համար մայր հայրենիքը ոչ միայն Հայաստանն է, այլև Արցախը, Ջավախքն ու Արևմտյան Հայաստանը:

 

«Հիմա, որ անկախության սերունդ ունինք, սերունդ մը, որ կճանչնա Հայաստանը՝ իբրև անկախ, և Արցախը՝ իբրև ազատագրված հող, որն այդպես ալ պետք է մնա, իրենք պետք է կապենք Հայաստանի հետ: Եվ մենք տարբեր ծրագիրներ կընենք, օրինակ սկայպով կմիանանք Հայաստանի կամ Ղարաբաղի հետ, աշակերտները իրարու կծանոթանան: ՀԲԸՄ-ը Ղարաբաղի դպրոցին մը մեջ բացավ ֆրանսերենի դասարան, որպեսզի հայ աշակերտները կարողանան ֆրանսերեն խոսիլ: Մենք իրենց օգտակար կըլլանք դասագիրքերով և այլն, որպեսզի Ղարաբաղի մեջ ըլլան դպրոցներ, որոնք իբրև երկրորդ լեզու սորվեցնեն ֆրանսերեն»,- պատմում է նա:

 

Իսկ այն երեխաները, ովքեր այցելում են հայրենիք, միայն ծանոթություններով չեն սահմանափակվում, նրանք իրենց ներդրումն են ունենում այնտեղ: Ամեն տարի որևէ ծրագիր են կյանքի կոչում, մասնակցում են ՀԲԸՄ իրականացրած մանկապարտեզի, դպրոցի կամ որևէ հայրենակցի տան վերանորոգման աշխատանքներին: Այցելության երկրորդ և երրորդ բաժինները ներառում են ծանոթություններ մշակութային օջախներին և Հայաստանի մարզերին:

 

Ձեր կարծիքը

Comments