Home / Armenia  / Հայաստան չվերադառնալու պատճառը հայրենասիրությունն է. 40-ամյա Հմայակի առաքելությունը Կանադայի հյուսիսում

Հայաստան չվերադառնալու պատճառը հայրենասիրությունն է. 40-ամյա Հմայակի առաքելությունը Կանադայի հյուսիսում

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Էդմոնտոն (Նորանոր) — Հմայակ Միքայելյանին Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների Ելոնայֆ և Ալբերտայի Ռեդ Դիեռ քաղաքներում բոլոր հայ ընտանիքներն են ճանաչում: 10 տարի ապրելով Ելոնայֆում, ապա տեղափոխվելով Ռեդ Դիեռ՝ նա իր ձեռքն է վերցրել հայերին համախմբելու և հայեցիությունը պահպանելու գործը:

 

Ասել, որ այս քաղաքներում մեծաթիվ հայեր են ապրում, ճիշտ չի լինի: Ելոնայֆում շուրջ 30 հայ ընտանիք կա, որոնք մեծամասամբ տեղափոխվել են 2000-ականներին: Իսկ Ռեդ Դիեռում, ուր Հմայակը երկու տարի առաջ է տեղափոխվել, հանդիպել է ընդամենը 3 պարսկահայ ընտանիքի, որոնց հետագայում միացել են ևս 7-ը Ելոնայֆից:

 

Սրանք Կանադայի հյուսիսային տարածաշրջաններն են, որտեղ ձմեռներն անվերջ են թվում: Հատկապես Ելոնայֆում տարվա 9 ամիսները չափազանց ցրտաշունչ են, բնակիչները կարողանում են վայելել արևի ջերմությունը միայն 3 ամիս: Հայաստանի տաք կլիմայական պայմաններից հետո այս քաղաքում հաստատվելը բավական բարդ էր: Եղանակային պայմանների ու նաև աշխատանքի բերումով էր, որ Հմայակը կնոջ ու երկու որդիների հետ տեղափոխվեց Ռեդ Դիեռ, որտեղ կլիման մոտ է հայաստանյան պայմաններին:

 

Noranor.ca կայքի հետ զրույցում Հմայակը պատմել է Կանադա տեղափոխվելու, հայրենիք չվերադառնալու պատճառների և իր հայապահպան գործունեության մասին: 

 

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎԵՑ

Ադամանդագործ, հացի խանութի, այնուհետև մեքենաների վաճառքի ձեռնարկության աշխատակից. ահա այն ճանապարհը, որն անցել է 40-ամյա Հմայակը` Կանադայում ապրած 12 տարիների ընթացքում: Հայաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած Հմայակը Կոտայքի մարզի Նոր Գեղիում աշխատում էր որպես ադամանդագործ: Այնուհետև պայմանագրային հիմունքներով իր աշխատանքը շարունակեց Ելոնայֆում, որտեղ գործարանի տնօրինությունը նույնատիպ ձեռնարկություն էր հիմնել, իսկ հիմնական աշխատակիցները Հայաստանից տեղափոխված հայերն էին:

 

3 տարի Հմայակը հասցրեց աշխատել այնտեղ, հետո գործարանը փակվեց: Բայց սա պատճառ չեղավ, որպեսզի նա հրաժարվի Կանադայում ապրելու մտադրությունից ու վերադառնա հայրենի Նոր Հաճըն (քաղաք Կոտայքի մարզում):

 

ՀԱՅՐԵՆԻՔ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

«Էստեղ մենք, կոպիտ ասած, Հայաստանից չենք փախել, դուրս ենք եկել աշխատանքի համար, դուրս ենք եկել, որովհետև իշխանությունը վատ է վերաբերում: Ես երկու ամիս առաջ Հայաստանում էի՝ 12 տարվա բացակայությունից հետո, ինձ համար իմ Հայաստանն է, լավն է, վատն է, իմ Հայաստանն է, բայց իմ երեխեքի համար ապագա չեմ տեսնում»,- ասում է կանադաբնակ հայը, ով կարծում է, որ Կանադայի հյուսիսում լուրջ առաքելություն ունի իրականացնելու:

 

Իր ապրած քաղաքներում չկային հայկական դպրոց, եկեղեցի, իսկ հայկական տոներն ու ծիսակարգերը մոռացության էին մատնվում: Փոքրաթիվ հայերը օրըստօրե ավելի էին մոռանում հայկական արմատների մասին: Հմայակն իր նախաձեռնողականությամբ աչքի ընկավ հենց սկզբից՝ քիչ-քիչ վերականգնեց հայկական ավանդույթները:

 

«Որոշեցի, որ պետք է միջոցառումներ կազմակերպենք՝ Ցեղասպանության օրվան նվիրված, Մարտի 8, Ապրիլի 7, Անկախության տոն: Ուսուցչին նվիրված օր էլ եմ կազմակերպել, անակնկալ մատուցել իմ զոքանչին, ինքն էլ է ստեղ, երկար տարիներ Հայաստանում մանկավարժ է եղել »,- պատմում է Հմայակը:

 

Զոքանչն էլ իր հերթին նախաձեռնությամբ հանդես եկավ ու իր վրա վերցրեց հայ երեխաներին հայոց լեզու սովորեցնելու գործը: Հիմա նա մոտ 20 հայ աշակերտ ունի, ովքեր հանգստյան օրերին մայրենի են սերտում:

 

«Իմ նպատակն այն է, որ ամեն կերպ օգնենք, որ իմ երեխեքն էլ հայկականությունը պահեն: 10 տարի Ելոնայֆում այդ ամենը միասին ենք արել` Ամանորը, Սուրբ Զատիկը հայ ընտանիքներով իրար հետ ենք տոնել: Մեր երեխեքն էլ մեծանում են` այդ ամենը տեսնելով: Իհարկե իրենց դպրոցից չեն կարող հեռու մնալ, միայն հայերեն խոսել: Հիմա էդ երեխեքը մեծացել, ամուսնացել են, բայց հայ են մնացել: Թեև անգլերեն շատ են խոսում, բայց հայ են»,- հպարտանում է նա:

 

Հպարտանում է նաև, որ կարողանում է օտարության մեջ համախմբել հայրենակիցներին, անգամ պարսկահայերն են շատ ուրախացել, երբ իրենք տեղափոխվել են Ռեդ Դիեռ: Հայերի մեջ հարաբերությունները նույնքան ջերմ են, որքան Հայաստանում: Օրինակ ուրախությամբ պատմում է նույն քաղաքում բնակվող բժիշկ Էդվարդ Օհանջանյանի մասին.

 

«Ցանկացած տեղ տեղափոխվելիս մտածում ես մի նորմալ բժիկ է պետք, որ հայավարի զանգես, գա, նայի, հիմա մեր Էդոն մեր բժիշկն է, մեր փրկիչն է, գիշերվա որ ժամին լինի զանգում ենք Էդոյին, գալիս է: Կան, լավ է, երջանիկ ենք, բայց էս մարդկանց պակասում է Հայաստանի շունչը: Ու մենք բերեցինք մեր հետ էդ շունչը»:

 

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հմայակը եկեղեցում կարողացել է սրահ ձեռք բերել, համախմբել է բոլոր հայրենակիցներին ու հրավիրել նաև պաշտոնյաներին: Պարզվել է՝ նրանց թվում էլ հայ է եղել:

 

Փոստով գրություն ստացանք, որ Ռեդ Դիեռի քաղաքապետը ընդունում և ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

 

«Մարիան Ջամբոլսկին՝ ամուսնու ազգանունով, հայ կին դեպուտատ է այստեղ, որը պարզվեց՝ արմատներով Արևմտյան Հայաստանից: Ես որ գնացի, ասացի հայ եմ, ապրիլի 24-ի կապակցությամբ միջոցառում եմ կազմակերպել, նայեց դեմքիս, շրջվեց, լիքը բրոշյուրներ բերեց դրեց դիմացս, ասաց՝ հիմա կարդա: Ստացվում է, որ ինքը 1999 թվականից ի վեր ամեն տարի Էդմոնտոնում ապրիլի 24-ին զեկույցներով է հանդես եկել: Շատ հայրենասեր էր,- ներկայացնում է հայապահպանության գործի նախաձեռնողը, ապա նույն ոգևորությամբ պատմում անսպասելի արդյունքների մասին,- երկու ամիս հետո փոստով գրություն ստացանք, որ Ռեդ Դիեռի քաղաքապետը ընդունում և ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»:

 

Այս բոլոր միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական նվազագույն ծախսեր եմ անում, հայկական սովորությամբ յուրաքանչյուրն իր ներդրումն է անում: Կարևորը հոգևոր սնունդն է, որ ստանում են տեղի հայերը, ասում է Հմայակը, ով խոսում է նաև տեղի պայմաններին դժվարությամբ հարմարվելու մասին: Ցուրտ պայմաններն էին պատճառը, որ տեղափոխվեցին: Կինը՝ Սաթենիկը, որ դեմ է տեղափոխություններին, այս մի տեղափոխության ժամանակ ուրախացել է, որ գոնե հարավում կապրեն:

 

«Ռեդ Դիեռում այդքան էլ ցուրտ չէ, Հայաստանի նման է մոտավորապես, բայց Ելոնայֆում շատ ցուրտ էր: Կարող էինք մեծ քաղաքներ գնալ, բայց Ալբերտան ամենահարմարն էր աշխատանք գտնելու առումով, հետո ես ավելի շատ նախընտրում եմ փոքր քաղաքներ»,- նշում է կինը, ով եկել է այն համոզման, որ Կանադայում պետք է բոլորն աշխատեն, որ կարողանան ապրել.

 

«Իսկ Հայաստանում կարելի է և առանց աշխատելու ապրել»,- ծիծաղելով ասում է Սաթենիկ Բաբասյանը և ավելացնում.«Բոլորը պետք է աշխատեն, հիմա տղաս էլ 15 տարեկան է, ինքն էլ է աշխատում՝ քիչ ժամերով: Եթե մեկը չաշխատի, հնարավոր չէ ապրել»:

 

Այնուամենայնիվ Հմայակը հացի խանութը փակվելուց հետո էլ 7 ամիս մնացել է առանց աշխատանքի, հետո կարողացել է գործ գտնել: Հիմա աշխատում է ավտոմեքենաների վաճառքի ձեռնարկությունում, վարորդական աշխատանք է կատարում, դրան զուգահեռ բարձրացնում է Հայաստանի ճանաչողությունը : Պատմում է.«Անընդհատ մեքենա եմ քշում, ու բոլորի հետ, պատկերացրեք, միշտ Հայաստանի ու հայերենի մասին եմ խոսում, գլուխները տարել եմ արդեն»:

 

Հայաստանի տաք պայմաններից հետո 30-40 աստիճան ցրտից անակնկալի եկած ընտանիքը հարմարվեց ամեն ինչի հետ՝ միայն այն հույսով, որ ավելի լավ են ապրելու: Հիմա չեն դժգոհում, գոյատևելու փոխարեն ասում են, ապրում ենք, առավել ևս, որ Հմայակը բոլորովին անսպասելի կարողացել է իրականացնել մանկության երազանքը՝ կառավարությունը դրամաշնորհ է հատկացրել, գնել է երաժշտական գործիք և թողարկել իր հայկական երգերի ձայնասկավառակը:

 

 

Ձեր կարծիքը

Comments