Home / Armenia  / Ինչո՞ւ Հայաստանում սիրիական ծրագրով դպրոցը փակվեց. սիրիահայ երեխաների կրթական խնդիրները

Ինչո՞ւ Հայաստանում սիրիական ծրագրով դպրոցը փակվեց. սիրիահայ երեխաների կրթական խնդիրները

nar-dos

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Սիրիայում իրավիճակի շարունակական լարվածության հետևանքով սիրիահայ ընտանիքների հոսքը Հայաստան շարունակվում է: Այսօր ևս 21 ընտանիք ոտք է դրել Հայաստանի Հանրապետություն: Նրանց մի մասը, անկախ սոցիալական խնդիրներից, հաստատվում են Երևանում, սկսում աշխատանքներ տանել կենցաղային պայմանների ապահովման, երեխաների կրթական խնդիրների լուծման ուղղությամբ:

 

2011 թվականին, երբ նոր էր սկսվել պատերազմը և դրա հետևանքով սիրիահայերի հոսքը Հայաստան, տեղի իշխանություններն ու նաև սիրիահայերը, մտածելով, որ իրենց հաստատվելը Հայաստանում ժամանակավոր բնույթ է կրում, եկան այն եզրակացության, որ Հայաստանում պետք է գործի սիրիական ծրագրով դպրոց: Այն բացվեց Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում և կոչվում էր Կիլիկյան վարժարան:

 

«Կիլիկյան վարժարանի աշակերտները մեր դպրոցի աշակերտներ համարվեցին: Մոտ 330-340 աշակերտ էին: Իրենցից նշանակեցինք փոխտնօրեն՝ Փիլիպոսյան Նոռա, ով զբաղվում էր սիրիահայ աշակերտների հարցերով՝ դասացուցակով, ավտոբուսների, երեխաների տեղափոխման և այլ խնդիրներով: Գլոբալ խնդիրներով ես էի զբաղվում, իսկ իրենց ուսմանը վերաբերող հարցերով` Նոռան»,– Noranor.ca-ի հետ զրույցում պատմեց Նար-Դոսի անվան դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանը:

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՏՎԵՑ

 

Նոռա Փիլիպոսյանը, ով Հայաստան տեղափոխված առաջին սիրիահայերից էր և ստանձնել էր դպրոցի ղեկավարման գործը, հրաժարվեց որևէ կարծիք կամ տեղեկություն հաղորդել՝ պատճառաբանելով, թե ինքն այլևս հեռացել է կրթական գործընթացներից:

 

Իսկ հեռացել է դեռևս 2013 թվականից, երբ ոմանց համար հասկանալի, մյուսների համար՝ անհասկանալի պատճառներով փակվեց Կիլիկյան վարժարանը՝ 340 աշակերտի թողնելով այլ հայկական ուսումնական հաստատությունների հույսին:

 

«Լուծարվեց և որպես վարժարան էլ գոյություն չունի: Պատճառն այն էր, որ չթողեցին՝ արաբերեն լեզվով ուսուցում լինի: Նախարարությունը չտվեց լիցենզիա, քանի որ բոլոր առարկաները պետք է ուսուցանվեին արաբերեն լեզվով: Կրթության նախարարն ասաց՝ քանի որ դուք եկել-տեղակայվել եք ՀՀ-ում, ձեր երեխաները պետք է սովորեն մեր ցանկացած դպրոցում»,- պատճառները մեկնաբանեց տիկին Բարսեղյանը՝ նշելով, որ ծնողներն իրենք էլ չընդդիմացան այս որոշմանը: Յուրաքանչյուրը որոշեց իր բնակության վայրին մոտ դպրոց ուղարկել երեխային:

 

Այս հարցի շուրջ Noranor.ca-ն զրուցել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ: Նա մեզ իրավիճակը ներկայացրեց հետևյալ կերպ.

 

Ասում էին՝ պարապեն սիրիական ծրագրով մեկ-երկու տարի, մինչև պատերազմը կավարտվի

 

«Սիրիական ծրագրով դպրոց էր, որը նախատեսում էր, որ երեխաներն այստեղ կմնան մի որոշ ժամանակ, հետո կգնան Սիրիայում շարունակելու: Այն ժամանակ մտածում էին՝ պարապել սիրիական ծրագրով մեկ-երկու տարի, մինչև պատերազմի ավարտվելը:Դա էր պատճառը, որ Սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միասին ֆինանսավորեցին: Երեխաները սովորեցին մեկ տարի, հետո, երբ տեսանք, որ պատերազմը շարունակվում է, որոշեցինք, որ ավելի լավ է երեխաները գնան սովորական հայկական դպրոց»:

 

Ըստ նրա՝ ի սկզբանե նախատեսված էր, որ դա լինելու է ժամանակավոր դպրոց, իսկ այն վերաբացելու հարցով որևէ սիրիահայ չի դիմել նախարարություն:

 

ԱՐԴՅՈ՞Ք ՍԻՐԻԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ

 

Ներկայումս Նար-Դոսի անվան դպրոցում սովորում է 29 սիրիահայ երեխա: Տնօրենը վստահեցնում է, որ երեխաները շատ լավ են սովորում, լեզվական խնդիր չունեն: Դժվարություններն արդեն հաղթահարված են:

 

Հիմա չեք էլ տարբերի՝ մեր երեխան է, թե սիրիահայ է

 

«Սովորական հանրակրթական դպրոցում մեր երեխաներից էլ շատ ավելի լավ սովորում են, էլ խնդիր չունեն, իրենք արևելահայերենով բոլոր առարկաները շատ լավ պատմում են, սովորում են, գերազանց առաջադիմություն ունեն: Հիմա չեք էլ տարբերի՝ մեր երեխան է, թե սիրիահայ է, քանի որ հրաշալի գիտեն ամեն ինչ, այնպիսի թելադրություն, այնպիսի շարադրություն են գրում, այնքան լավ են խոսում: Այդ մտավախությունն էլ չկա, անցավ»,- նշում է տնօրենը: 

 

ՍԻՐԻԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ OK Է

 

Սիրիայից 4 տարի առաջ Հայաստան տեղափոխված Վաչեն, ով չցանկացավ հրապարակել ազգանունը, երկու երեխա ունի՝ մեծը՝ աղջիկը, բուհում է սովորում, իսկ տղան՝ հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում: 4 տարվա մեջ երեխաները կարողացել են հարմարվել տեղի կրթական համակարգին, վստահեցնում է նա: Դժվարություններ լինում են, դրանք հաղթահարելու համար ժամանակ է պետք, հաճախ երեխաները հավելյալ պարապմունքների կարիք են ունենում, շատերը հենց այդպես էլ վարվում են. դասերից հետո լեզվական խնդիրները հաղթահարելու համար լրացուցիչ պարապում են: Ոչ բոլորն ունեն նման հնարավորություն: Երբ նոր էին տեղափոխվել Հայաստան, Վաչեն կարծում էր, որ սիրիական ծրագրով դպրոցն անհրաժեշտ է, հիմա արդեն այլ համոզմունքի է:

 

«Եթե պիտի վերադառնանք հետ Սիրիա, սիրիական դպրոցը Ok է, բայց եթե մնալու ենք, ճիշտ է էստեղի դպրոց գնալը»,- ասաց նա:

 

Այս համոզմունքով շատ ծնողներ Կիլիկյան վարժարանից տեղափոխում էին իրենց երեխաներին, պատմում է Բարսեղյանը: Երբ սիրիական դպրոցը դադարեց գործել, Նար-Դոսի անվան դպրոցի տնօրենը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ:

 

ԱՐԱԲԵՐԵՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

 

«Ոմանք դժգոհեցին, բայց մենք անմիջապես այսպիսի լուծում գտանք. երբ վարժարանը լուծարվեց, հասկացանք, որ կարելի է դիմել նախարարություն, որպեսզի ծրագիրը հաստատեն և դպրոցում արաբերեն անցնենք, որ սիրիահայ երեխաները չդժվարանան: Մեզ թույլատրեցին, որ դասավանդենք արաբերեն, ու հիմա շաբաթական երկու ժամ անցնում ենք արաբերեն»,- նշում է տնօրենը:

 

Ինչ վերաբերում է արևմտահայերենի ուսուցմանը, տնօրենը նշում է, որ դա դեռ նախնական փուլում է, թեև մի քանի ուսուցիչների ուղարկել են վերապատրաստման, բայց դեռևս հստակ որոշում չկա:

 

 

Ձեր կարծիքը

Comments