Home / Armenia  / Հանուն Հայաստանի կանադահայ ընտանիքը կիսվել է. Բաղդասարյանների մի մասը Հայաստանում է ապրում, մյուսը՝ Կանադայում

Հանուն Հայաստանի կանադահայ ընտանիքը կիսվել է. Բաղդասարյանների մի մասը Հայաստանում է ապրում, մյուսը՝ Կանադայում

mane-miriam
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) — 1995 թվականն էր: Հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրում տեղի ունեցավ օշականցի Վարդուհու և կանադահայ Րաֆֆիի հարսանիքը` հայկական, ավանդական ծիսակարգով մի արարողություն, որը 21 տարի անց էլ Բաղդասարյան ամուսինները երանությամբ են հիշում:

 

«Օշականի եկեղեցում ենք արել մեր պսակադրությունը` իմ ծննդավայրում, որտեղ ծիծեռնակնե՜ր, թռչուննե՜ր էին վերևում ճախրում: Շա՜տ գեղեցիկ հարսանիք ենք արել ամենադժվար ժամանակներում»,– հիշում է տիկին Վարդուհին ու ավելացնում, որ այդ օրվանից սկզբնավորված ամուր սիրո ու ամուսնու հոգատարության շնորհիվ էր, որ կարողացան հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:

 

Սերն առ այսօր էլ չի պակասել: Ամուսինը որդու՝ 21-ամյա Անդրանիկի հետ Կանադայում է գտնվում, ինքն աղջկա՝ 17 տարեկան Մանեի հետ` Հայաստանում: Տարվա 6 ամիսն ընտանիքի կանայք Հայաստանում են, մյուս 6 ամիսը՝ Կանադայում, բայց հեռավորությունը ընտանեկան ջերմության վրա բացասական ազդեցություն չի ունենում, հաստատում է կինը՝ ասելով.

 

«Իմ ամուսինը ոսկերիչ է, ոսկի ձեռքեր ունի: Իմ բոլոր մատանիները, անգամ ամուսնական մատանիս, իր ձեռքերով է սարքել: Հրաշալի ամուսին ունեմ, իմ կյանքի ընկերը, ճիշտ է, հիմա հեռու է, բայց որ հանդիպում ենք շատ-շատ լավ է: Երեխաների համար կարելի է որոշ բաներ զոհել: Ես իրեն շատ սիրում եմ, որովհետև շատ լավ հայր է, շատ լավ ամուսին: Ճիշտ է՝ վիճաբանություններ լինում են, բայց, երբ բանը հասնում է երեխեքին, ամեն ինչ հանդարտվում է, երբ սերն իսկապես կա»:

 

Բաղդասարյանների ընտանիքը, հաշվի չառնելով որևէ դժվարություն, տարիներ առաջ որոշեց չկտրվել հայկական արմատներից: Րաֆֆի Բաղդասարյանը, որ 13 տարեկանում Լիբանանից էր տեղափոխվել Կանադա, նույնքան հայրենասեր է, որքան Հայաստանում մեծացած նրա կինը: Սա էր պատճառը, որ 2005-ին որոշեցին հաստատվել Հայաստանում՝ երեխաներին հայ մեծացնելու նպատակով: Թեև Կանադայից վերջնականապես բաժանվել չհաջողվեց, քանի որ աշխատանքն այնտեղ էր, բայց Հայաստանից էլ չեն կարողանում բաժանվել:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Որքան էլ դժվար է օտար երկրում երեխաներին հայ մեծացնել, այս ամուսիններին դա հաջողվել է. Մանե-Միրիամը 3-րդ դասարանում էր սովորում, երբ տեղափոխվեցին Հայաստան:

 

Այստեղ կան բաներ, որ ես այնտեղ չեմ կարող ունենալ

 

«Առաջ փոքր էի, դեռ բանականությունս էդքան չէր՝ հասկանալու համար՝ ինչն էր ճիշտ, ինչը սխալ, բայց հետագայում, երբ այստեղ անցկացրի իմ վառ մանկությունը, այն տարիքը, որի ընթացքում ձևավորվում է մարդը, ունեցա լավ հիշողություններ, ձեռք բերեցի լավ ընկերներ: Տարբերությունն այստեղի ու Կանադայի այն է, որ այստեղ կա ջերմություն, այնտեղ, իհարկե, հնարավորություններն ու պայմաններն ավելի մեծ են, բայց այստեղ կան բաներ, որ ես այնտեղ չեմ կարող ունենալ»,– համոզվել է Մանեն:

 

Նա նոր է դպրոցն ավարտել: Որոշել էր Կանադայում շարունակել բարձրագույն կրթությունը, այնուհետև վերադառնալ հայրենիք, բայց տեղի ունեցավ նրա համար անսպասելին: Մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «X-Factor» երգի մրցույթին: Այն, ինչ կատարվեց, անսպասելի էր շատերի համար: Թեև Մանեն ուներ բոլոր երաժշտական տվյալները հաջողության հասնելու համար, բայց նման վերաբերմունքը ժյուրիի ու հանդիսատեսի կողմից, անակնկալ էր:

 

ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

«Մեկ բառով կասեմ՝ երազանքի իրականացում: Շատ ուրախ էի, որ ես այդ օրը, այդ ժամին, այդ տեղում, այդ ժյուրիի ու հանդիսատեսի առաջ երգեցի ու ներկայացա այնպիսին, ինչպիսին կամ: Կարելի է ասել, որ երկու-երեք օր դեպրեսիայի մեջ էի, քանի որ նախօրոք շատ էի մտածում: Իսկ երբ եկավ այդ օրը, հասկացա, որ մտածելը քիչ է, պետք է նաև գործել և գործել բնական: Եթե կեղծեմ, չեմ ստանա այն, ինչ ակնկալում եմ: Եվ ինձ մոտ ստացվեց»,– զգացողություններն է կիսում Մանե-Միրիամը, ում նպատակների մեջ այս ամենից հետո փոփոխություններ են եղել:

 

Նա ասում է, որ այս մրցույթն իր առջև նոր հաղթական ճանապարհներ բացեց, որպեսզի կայանա երգարվեստում ու ավելի աշխատասեր գտնվի այլ հարցերում: Սա երազանքի իրականացում էր ոչ միայն Մանեի, այլև նրա մայրիկի համար, ով ևս երիտասարդության տարիներին զբաղվել է և’ երաժշտությամբ, և’ թատրոնով: Տիկին Վարդուհին սովորել է թատերական ինստիտուտում, անգամ խաղացել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, իսկ մինչ այդ էլ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը:

 

«Ես դերասանական կարիերան չեմ շարունակել, մնջախաղի թատրոնի մեջ եմ խաղացել, շատ համեստ էի, երևի մի քիչ էլ գյուղացի էի, որպեսզի դերասանուհի դառնայի (ծիծաղում է): Հիմա ես շատ ուրախ եմ, որովհետև դա ինձ չհաջողվեց, իմ ժամանակները շատ դժվար էին, իրենք հիմա ամեն հնարավորություններն ունեն»,– վստահ է մայրը, ով չի համարում, որ իր աղջիկը մրցակիցների մեջ լավագույնն էր, այլ բոլոր երեխաներին էլ համարում է տաղանդավոր: Ասում է.

 

«Ամեն երեխա տաղանդավոր է, ամեն մեկն իր չափի մեջ: Եթե իմ աղջիկը գտնում է, որ սրա մեջ կզարգանա, թող զարգանա: Ես և ամուսինս երբեք խոչընդոտ չենք եղել: Մեր երեխաներին դաստիարակել ենք հայրենասիրությամբ և այն համոզմամբ, որ օտարն էլ կարող է արժեք ունենալ»:

 

ՑԵԽԵՆ ԸԼԼԱ, ՀԱՅ ԸԼԼԱ

Երկու զավակների մայրը մեջբերում է լիբանանահայ սկեսրայրի խոսքերը՝ համոզված լինելով դրանց ճշմարտացիության մեջ. «Ասում էր՝ ցեխեն ըլլա, հայ ըլլա: Որովհետև ամենափիս հայը ամենալավ օտարն է: Դրա համար է, որ էսպես հրաշք պստիկներ ունեմ ես»:

 

Մանեն, բացի երգարվեստից, զբաղվում է նաև նկարչությամբ, իսկ բարձրագույն կրթությունը որոշել է շարունակել օտար լեզուների ուսումնասիրության բնագավառում: Երգը կշարունակի լինել նրա կյանքում, եթե անգամ, հանգամանքների բերումով, դադարի երգել, ապա գոնե կստեղծագործի: Մայրն իզուր չի հիշում նրա կատարումներից մեկը. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Մարտին Ահարոնյանի և Կարին Տոնոյանի խոսքերով գրված «Դարձիր իմ Անի» երգը Մանեն կատարել է Հանրապետության հրապարակում:

 

«Դարձիր իմ Անին» Մոնրեալի հիմնն է դարձել

 

«Մարտին Ահարոնյանը բազմաթիվ երգիչ-երգչուհիներից ընտրեց ու ասաց՝ գիտեմ, ով պետք է երգի: Մանեն հայերեն չէր երգում: Դա առաջինն էր և շատ գեղեցիկ կատարեց: Եթե հայրենասիրական դաստիարակություն չունենար, չէր կարողանա երգել: Հիմա «Դարձիր իմ Անին» Մոնրեալի հիմնն է դարձել»,– հպարտանում է հայրենասեր կինը, ում երազանքները իրականություն են դարձել:

 

Ունենալով մի շարք մասնագիտություններ՝ նա չի ձգտել մասնագիտական բարձունքների, այլ ցանկացել է լավ մարդ դառնալ ու լավ ընտանիք ունենալ, որտեղ կմեծանան հայրենասեր զավակներ, իսկ դրանում մեծ ներդրում են ունեցել իր օշականցի ծնողները: Անգամ հիշում է իրենց տունը, որ լցված էր սևակյան շնչով, իսկ տատիկի եղբայրը հայ արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանն էր: Նրանց միայն մեծագույն սիրով է հիշում.

 

«Ես 3 տարեկանից ռուսերեն եմ կարդացել, դա իմ հայրիկ-մայրիկի շնորհքն է: Հրաշք հայրիկ ունեի, ամբողջ էնցիկլոպեդիա էր, Մանեին էնքան էր սիրում, խենթանալիք»:

 

Վերջը բոլորս միասին ենք լինելու

 

Այս հիշողություններով ժամանակավորապես էլի կվերադառնան Մոնրեալ, բայց տիկին Վարդուհին վստահ է, որ գալու է այն օրը, երբ ընտանիքը միասին է լինելու. «Թող պստիկները հաջողություն ունենան, վերջը բոլորս միասին ենք լինելու, և վստահ եմ, որ Հայաստանում ենք լինելու»:

Ձեր կարծիքը

Comments