Home / Armenia  / Պառակտված ՌԱԿ-ը շուտով կմիավորվի. ՀՌԱԿ-ի ատենապետ Հակոբ Ավետիքյանը լավատեսությամբ է լցված

Պառակտված ՌԱԿ-ը շուտով կմիավորվի. ՀՌԱԿ-ի ատենապետ Հակոբ Ավետիքյանը լավատեսությամբ է լցված

Hagop Avedikian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Հայկական ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատական կուսակցությունն (ՌԱԿ) այս տարի նշեց հիմնադրման 95-ամյակը: Հոկտեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցան կուսակցության հիմնադրման առիթով կազմակերպված տոնական հանդիսություն և պատգամավորական ժողովներ: Որոշվեց, որ ՌԱԿ-ն այսուհետև դառնալու է հայաստանակենտրոն կուսակցություն: Սա կառուցվածքային նոր փոփոխություն է, որը ենթադրում է, որ Հայաստանի և Սփյուռքի կառույցների գործողությունները համակարգելու է ՀՌԱԿ գործադիր մարմինը, որի ատենապետն է Հակոբ Ավետիքյանը:

 

Սա ավանդական կուսակցության համար մի նոր շրջափուլ է, ինչպես ատենապետն է նշում, փորձնական կամ թրեյնինգային, որի արդյունքները կամփոփվեն 1 տարի անց, իսկ մինչ այդ, հայաստանակենտրոն ՌԱԿ-ը փորձելու է ի մի բերել իր ներքին խնդիրներն ու լուծում տալ դրանց: Արդյո՞ք պառակտումները վերացել են, ի՞նչ են ենթադրում կուսակցությունում կատարված փոփոխությունները. այս և այլ հարցերի շուրջ հակասական տեղեկություններ են տարածվում մամուլում, որոնք փորձեցինք հստակեցնել իրավասու կողմերի հետ: Հաջողվեց այս մասին մանրամասներ ճշտել Հակոբ Ավետիքյանից:

 

Նա Հայաստանում լույս տեսնող «Ազգ» շաբաթաթերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է: Հայրենադարձվել է Լիբանանից: Մասնագիտությամբ լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս Ավետիքյանը եղել է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը: ՌԱԿ անդամ է 1978 թվականից, նաև կուսակցության հիմնադրած Թեքեյան մշակութային միության վարչության անդամ է:

 

ՌԱԿ-ում, ինչպես հայտնի է, ներքին խմորումները սկսվեցին 1995 թվականից հետո: 20 տարվա ընթացքում կուսակցության հին անդամներից ոմանք որոշեցին առանձին ծավալել իրենց գործունեությունը, թեև գաղափարները հիմնականում նույնն էին: Պառակտումները հատկապես ակնհայտ էին Սփյուռքում: Մասնավորապես Արգենտինայում՝ Բուենոս-Այրեսում, գործում է ՌԱԿ Կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է Սերխիո Նահապետյանը:

 

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավետիքյանը հատկապես շեշտում է, որ նրանք փորձում են իրենց որոշակի ոտնձգություններ թույլ տալ, ինչպիսին, օրինակ, Արցախում նոր ՌԱԿ կառույց հիմնելն էր, ինչին ավանդական կուսակցության անդամները դեմ էին:

 

«Գտնում ենք, որ նոր կառույցը չի կարող աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, դրա կարիքը չկա, փոխարենը մենք մտածում ենք, որ Արցախում պետք է ուժեղացնել Թեքեյան մշակութային միությունը, որն, ինչպես գիտեք, ստեղծել է ՌԱԿ-ը՝ նպատակ ունենալով մշակութային և կրթական գործունեություն ծավալել»,– նշեց Ավետիքյանը:

 

Այն, ինչ իրականացնում են իրենք, այսինքն՝ կուսակցությունը դարձնում հայաստանակենտրոն, արգենտինյան անդամները դրան ևս կողմ չեն: Ավետիքյանը նրանց ոչ թե ՌԱԿ կառույց է համարում, այլ «խումբ, որը համաձայն չէ իրենց գործողությունների հետ», և ներկայացնում է նրանց վերաբերմունքն ու արձագանքը իրենց քայլերին:

 

«Կան մարդիկ, խումբ կա, որը համաձայն չէ այս ամենի հետ, և տարատեսակ ինֆորմացիաներով փորձում են կասկածի ենթարկել այս ամբողջի արդյունավետությունը: Գտնում են, որ Հայաստանն ի վիճակի չէ դա անել: երկրորդ. կա նաև մի այսպիսի բան, և չեն թաքցնում, արտահայտվում են, թե արդյոք կարելի է հայաստանցիներին վստահել: Սա արդեն իրենց ներքին խոսակցությունների նյութ է դարձել, և առնվազն նման կերպ արտահայտվելու համար պետք է անհեռատես լինել, այլ ծանր բառեր չօգտագործեմ»,– ասաց ՀՌԱԿ ատենապետը:

 

ՄԻԱՎՈՐՈՒՄ

Նա սա բնական է համարում և չարացած չէ նախկին կուսակիցների հանդեպ: Սերխիո Նահապետյանին համարում է ազնիվ մարդ, ով թեև կուսակցական փորձ չունի, բայց անցել է քաղաքական լուրջ ճանապարհ: Համոզված է, որ այս վիճակը շարունակվելու է, մինչև բոլորը միասնական գաղափարի շուրջ համաձայնության գան:

 

Վերադարձը ավանդական կուսակցություն ոչ միայն հնարավոր է, այլև` անհրաժեշտ

 

Ավելին, Ավետիքյանը նշում է, որ դա շատ չի ուշանա: «Մենք ամեն պարագայում Սերխիո Նահապետյանի հետ կապի մեջ ենք, նաև կան բանակցություններ, որոնց իր գլխավորած խմբակի որոշ անդամներ դեմ են: Վերադարձը ավանդական կուսակցություն ոչ միայն հնարավոր է, այլև` անհրաժեշտ: Ես մեծ հույսեր ունեմ, որ այս տարվա ընթացքում դա կիրականանա»,– վստահություն հայտնեց «Ազգ»-ի խմբագիրը:

 

ՄՈՆՐԵԱԼԸ ՀՌԱԿ-Ի ՀԵՏ Է

Ինչ վերաբերում է ՌԱԿ Կանադայի կառույցին, ապա վերջինս ոչ միայն կողմնակից է իրենց գործողություններին, այլև դրանք նախանշողներից մեկն է, վստահեցնում է Ավետիքյանը: Դրանում վստահ լինելու համար ավելացնում է. «Երևանի մեր վերջին համագումարում Կանադան ուներ չորս ներկայացուցիչ»: Առավել ակտիվ կուսակցությունը գործում է Մոնրեալում , համեմատաբար նվազ չափով՝ Տորոնտոյում:

 

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ կուսակցականները Կանադայում վերջին շրջանում աչքի չեն ընկնում հասարակական ու քաղաքական ակտիվությամբ, Ավետիքյանը վստահեցրեց, որ նրանց գործունեության մեջ ոչինչ չի փոխվել.

 

«Միթե քաղաքականություն է, ասենք, Սփյուռքի կամ մշակույթի նախարարին այցելելը, ինչ-որ նկարներում երևալը, ես այդպես չեմ կարծում: Դրանք ընդամենը քաղաքավարական այցելություններ են, որոնցով պատրանք է ստեղծվում, որ շատ ակտիվ քաղաքական կյանք են վարում: Քաղաքական կյանքը Հայաստանում ընտրություններն են, իսկական քաղաքականությունը»:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Իսկ իսկական քաղաքականությանը հիմա առավել ակտիվ են մասնակցելու: Ընթացիկ տարում ՌԱԿ-ը մասնակցություն ցուցաբերեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, 11 թեկնածու ուներ, որից 10-ը ընտրվել են: Սա ոգևորող ցուցանիշ է համարում: «Դա թրեյնինգ է, այսպես ասած, նախապատրաստվելու խորհրդարանական ընտրություններին»,– շեշտեց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանից ղեկավարվող կուսակցության մոդելն է գործելու, որը նշանակում է Սփյուռքի ներգրավվածության ավելացում և ոչ թե դերի նվազում: Դրդապատճառները սրանք են.

 

«Վերջին 10 տարիներին Սփյուռքի կառույցը կենտրոնական որևէ գրասենյակ չուներ, այսինքն՝ դրանից առաջ եղել են Ամն-ում՝ Բոստոնի կենտրոնում, երկար ժամանակ`Բեյրութում, Եգիպտոսում, Աթենքում, բայց վերջին տասը տարիներին և՛ ներկայացուցչական, և՛ աշխատանքների ղեկավարման իմաստով կենտրոնական գրասենյակ չի ունեցել: Եվ հիմա, որպես այս որոշման հետևանք կամ արդյունք, գրասենյակը հաստատվում է Հայաստանում: Իսկ նրանք, ովքեր կուսակցության հետ կապված հարցեր կունենան պետք է դիմեն Հայաստանի գրասենյակ»,– նշեց գրասենյակի պատասխանատու-ղեկավարը:

 

Սփյուռքի տարբեր երկրներում կուսակցությունը ունի 17 մասնաճյուղ: Դրանց ղեկավարումն ու աշխատանքների կոորդինացումը Հակոբ Ավետիքյանը հեշտ գործ չի համարում, մեխանիզմը փորձնական է, և արդյունքները մեկ տարի հետո կհստակեցվեն:

 

Ղեկավարը հույս ունի, որ մինչ այդ, կուսակցությունը նաև իր ներքին հարցերը լուծած կլինի և կվերականգնի նախկին միասնականությունը: Պառակտվածությունը լավ հետևանքներ չունեցավ` անդամները կրճատվեցին:

 

ՆԱԽԿԻՆ ՀՌԱԿ-ԱԿԱՆ

Օրինակ 2012 թվականին դարձյալ պառակտվածության և ներքին խժդժությունների հետևանքով էր, որ կուսակցության երկար տարիների անդամ, հետո նաև փոխատենապետ և ատենապետ Էդվարդ Անտինյանը լքեց ՀՌԱԿ-ը:

 

Հիմա նա չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր միավորումը: Իր խոսքերով՝ կուսակցությունը լքելու պատճառը միավորման իմիտացիան էր, որն այդպես էլ իրականում տեղի չունեցավ:

 

«Սփյուռքի որոշ ռամկավար գործիչներ աջակցեցին մյուս կողմին և չպաշտպանեցին այն տեսակետը, որը մենք էինք պնդում, որից հետո լուրջ ձևով իշխանությունը հանձնեցին մյուս թևին: Երկու թև էին՝ մեկն Ավետիքյանենց թևն էր (որի անդամ էր Անտինյանը), մյուսը՝ Խարապյանենց թևը: Միավորումը ըստ էության տեղի չունեցավ, ձևական բնույթ կրեց, տարաձայնությունները չհարթվեցին, հակասությունները չվերացան, կուսակցությունն էլ չհզորացավ»,– ասաց Անտինյանը։

 

Խոսքը Մայք Խարապյանի մասին է, ով Սերխիո Նահապետյանից առաջ էր ղեկավարում ՌԱԿ Կենտրոնական վարչությունը: ՀՌԱԿ-ի հետ այլևս կապ չունեցող և այժմ արդեն այլ կուսակցության հարող Անտինյանը ցավով է հիշում այն, ինչ կատարվեց ավանդական կուսակցությունում: 

 

 

Ձեր կարծիքը

Comments