Home / Canada  / Կանադահայ գեղանկարիչն ակտիվ հայապահպան գործունեություն է ծավալում. Հարցազրույց Ժոզեֆ Մանտալյանի հետ

Կանադահայ գեղանկարիչն ակտիվ հայապահպան գործունեություն է ծավալում. Հարցազրույց Ժոզեֆ Մանտալյանի հետ

կանադահայ ժոզեֆ մանտալյան
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) — Գրեթե ամեն տարի Մոնրեալում տեղի է ունենում կանադահայ գեղանկարիչ Ժոզեֆ Մանտալյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես քննադատներն են նրան ներկայացնում` հանդարտ, մեղմ ձայնով, դեմքի վրա անսպասելիորեն գծվող ժպիտով այս արվեստագետը իր ստեղծագործություններում ներկայացնում է Կանադայի տարբեր շրջանների բնաշխարհն իր գույներով ու ամբողջ հմայքով:

 

Առաջիկայում՝ նոյեմբերի 11-13-ը, Մոնրեալի Համազգային մշակութային միությունում կկայանա Մանտալյանի նկարների ցուցահանդեսը: Այս անգամ ներկայացված կլինեն ոչ միայն Մոնրեալի, այլ նաև հեղինակի վենետիկյան ստեղծագործությունները:

 

«Մեծ մասամբ կներկայացվին բնապատկերներ Մոնրեալեն, աշնանային ու ձմեռային գույներ: Կցուցադրվին նաև Վենետիկի մեջ պատրաստված որոշ աշխատանքներ, որոնց մեջ ես ճառագայթներու և գույներու խաղը ներկայացուցեր եմ, և ատոնք բավական կտարբերին Մոնրեալի իմ աշխատանքներեն: Երբ ես կհիշեմ Վենետիկի մեջ ապրած իմ երկու տարիները, ես կդառնամ զգացմունքային և նոստալգիկ»,– իր զգացողություններով Noranor.ca-ի հետ կիսվել է Ժոզեֆ Մանտալյանը:

 

Նա ոչ միայն ստեղծագործում է, այլև ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի հասարակական կյանքին, անհրաժեշտության դեպքում՝ իր մասնակցությունն ունենում որոշ նախագծերի իրականացմանը: Դրա վկայությունն էր այն գնահատականը, որին արժանացավ գեղանկարիչը հայկական արվեստում լուրջ ներդրում ունենալու համար: Վերջինս, Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի կողմից արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրի:

 

ՏԻԳՐԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇ»­­­­­-Ը՝ ՄԱՆՏԱԼՅԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՄԲ

Ժոզեֆ Մանտալյանը ծնվել և միջնակարգ կրթություն է ստացել Սիրիայում՝Հալեպում: 1958 թվականին հեռացել է ծննդավայրից: Գեղարվեստ ուսումնասիրելու նպատակով մեկնել է Վենետիկ, ապա` Հռոմ: Երկու տարի Իտալիայում անցկացնելուց հետո ընտանիքի հետ բնակություն է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքում: Մանտալյանը Կինոյի և թատրոնի կանադական ակադեմիայում 5 անգամ արժանացել է մրցանակների, ստեղծել է 30-40-ականների հավաքածուներ, ձևավորել օպերաներ, որոնցից առանձնացնում է հատկապես «Էքսպո» թատրոնի համար կատարած Տիգրանյանի «Անուշ»-ի ձևավորումը, որը բեմադրել էր Սելմա Կեկլիկյանը:

 

«Էյնշտեյնը անգամ մը ըսեր է՝ հաջողությունը 90 % քրտինք է և 10 % տաղանդ: Տաղանդը անհրաժեշտ է ճանապարհ գտնելու համար, իսկ հաջողություններու համար ես տքնաջան աշխատանքով վճարեր եմ: Շատ աշխատանք կպահանջվի արդյունքի հասնելու համար»,– իր գործունեության մասին խոսելիս՝ նշում է Մանտալյանը, ով բացի գեղանկարչությամբ զբաղվելուց 30 տարի աշխատել է Կանադայում՝ հեռուստատեսությունում, այլապես, ինչպես ինքն է նշում, արվեստի միջոցով ստացած վաստակով հնարավոր չի ապրել Կանադայում, հատկապես այն ժամանակ, քանի դեռ ճանաչման չես հասել:

 

Մանտալյանին ճանաչում են, ավելին, նրա ստեղծագործությունները քննադատների ուշադրությանն են արժանանում: Նրանց գնահատականներից է Մանտալյանը տպավորություններ ստացել աշխատանքների վերաբերյալ:

 

«Երբ կկարդամ հայտնի քննադատներու հոդվածներն իմ աշխատանքներու մասին, այնպիսի քննադատներու, ինչպիսիք են Մովսես Զիրանին, Կլաուդիա Ժասմինը, Բորիս Վոլկոֆը, կհասկնամ, որ իրենք ինձ կբնութագրեն որպես մարդ, որուն ներշնչանքը ծաղիկներն են, լույսերն ու իրեն շրջապատող բնության գույները: Իրավացի են, որ ես շատ քիչ ռացիոնալ ներգործություն կունենամ, ես պարզապես շրջապատը կկլանեմ իմ աչքերով, և հույզերու ու տպավորություններու այն գեղեցկությունը, որ կշրջապատէ ինծի, կարտահայտվին ստեղծագործություններուս միջոցով»,– պատմում է գեղանկարիչը:

 

ՀԱՅ ԴԱՏԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ Է

Այն օրը, երբ Հայաստանն անկախացավ, Մանտալյանը որոշեց այցելել հայրենիք: Թեպետ մինչ օրս դա նրան չի հաջողվել, բայց վստահեցնում է, որ անպայման այցելելու է, իսկ մինչ այդ Սփյուռքում է ակտիվ հայապահպան գործունեություն իրականացնում: Մանտալյանը վստահեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախանձախնդիր վերաբերմունք ունի:

 

«Կանադայի մեջ ես Հայ դատի առաջամարտիկներեն եմ, և այնքան հաճելի է գիտակցիլ, որ Հայաստանն ու Սփյուռքը սերտորեն կապված են իրարու: Եվ ատոր համար մենք պարտական ենք Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Ես նաև իմ երախտիքի խոսքը կհղեմ դեսպան Արմեն Եգանյանին այն բոլոր միջոցառումներուն համար, որ նախաձեռնեց և կազմակերպեց Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով»,– նշեց նախկին հալեպահայը:

 

ՆԱԽԿԻՆ ՀԱԼԵՊԱՀԱՅԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ

Նա չի ափսոսում, որ ժամանակին լքել է Հալեպը՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով այնտեղ այլևս ապագա չկար, իսկ ինքը հարազատների բարեկեցությունն ապահովելու պարտավորություն էր զգում: Նախ Իտալիայից մեկնեց Կանադա, հետո տեղափոխեց ծնողներին, քույրերին ու եղբայրներին: Այսօր նրանք չկան, բայց Կանադայում ապրում են նրանց զավակները՝ Մանտալյանների մեծ ընտանիքը:

 

Ժոզեֆ Մանտալյանը ցավով է հետևում իր ծննդավայրում այսօր տեղի ունեցող իրադարձություններին: Հալեպը մի բնակավայր էր, որի բնակչությունն արյան գնով էր շենացրել ու ծաղկեցրել քաղաքը: Այսօր այդ ամենն ի դերև է ելնում:

 

Ես չեմ կարողանում զսպել զգացողություններս, երբ հետևում եմ իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին

 

«Այդքան ավերածություններ, այդքան կորուստներ, այս ամենը իհարկե շատ ողբերգական է: Ես կարող չեմ զսպել զգացողություններս, երբ կհետևիմ իմ ծննդավայրիս մեջ տեղի ունեցող իրադարձություններուն»,– ասում է արվեստագետը՝ խոսելով Օսմանյան կայսրության ոճրագործության հետևանքով մի կերպ Հալեպ հասած հայրենակիցների մասին, ովքեր ծայրահեղ հուսահատությունից ու թշվառությունից դուրս գալով՝ նոր կյանք էին տվել Հալեպին, բայց այսօր արդեն Մանտալյանը մի եզրահանգման է եկել. «Ասիկա ցավոտ ճշմարտություն է, որ Հալեպի մեր համայնքն այլևս անկարող է դիմակայել այս հեղաշրջմանը»:

 

Ձեր կարծիքը

Comments