Home / Armenia  / Թուրք լրագրողը Երևանում իրեն խաղաղ է զգում. Սերդար Քորուջուն հալեպահայերի մասին գիրք է գրում

Թուրք լրագրողը Երևանում իրեն խաղաղ է զգում. Սերդար Քորուջուն հալեպահայերի մասին գիրք է գրում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ստամբուլ (Նորանոր) — Ազգությամբ թուրք լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հոդվածագիր Սերդար Քորուջուն պատրաստվում է գիրք հրատարակել Սիրիական պատերազմի հետևանքով փախստական դարձած հալեպահայերի մասին: Հաջորդ տարի գարնանը գիրքն արդեն պատրաստ կլինի տպագրության «Արաս» հրատարակչությունում, իսկ մինչ այդ նա պատմություններ է հավաքում հալեպահայերի կյանքից:

 

Հալեպահայերի պատմությունները նա նախ լսել է Թուրքիայում, իսկ հետո այցելել է Հայաստան և Արցախ: Շրջագայություններն ու հանդիպումներն ավարտվել են, իսկ Սերդարը, թարմ տպավորություններով ու խորը զգացողություններով, վերադարձել է Թուրքիա: Դրանց մասին նա մանրամասն պատմել է Noranor. ca-ի հետ զրույցում:

 

Սերդար Քորոջուն 16 տարի է, ինչ զբաղվում է լրագրությամբ: Բնակվում է Շիշլիում՝ ավելի քան 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլի շրջաններից մեկում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում, որոնց թիվն ամբողջ երկրում հասնում է ընդամենը 100,000-ի: Քորուջուի ուսումնասիրության թեման հենց ազգային փոքրամասնություններն են, իսկ հետաքրքրությունը այս հարցի շուրջ աճել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Նա համագործակցում է տարբեր լրատվամիջոցների հետ. ինչպես ինքն է ասում՝ նպաստել է նաև «Ակօս»-ի գործունեությանը:

 

ԹՈՒՐՔ Է, ՈՎ ՉՈՒՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ

2007 թվականի հունվարի 19-ին Դինքի սպանությունը, ինչպես Սերդարն է նշում, տեղի ունեցավ իր շրջանում: Այս դեպքից հետո նա սկսեց աշխատել ազգային փոքրամասնությունների թեմաների շուրջ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության: Սերդարը հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ ինքը թուրք է, ով չունի հայկական արմատներ: Այս հանգամանքը նաև ազդեցիկ տպավորություն է թողնում այն հալեպահայերի վրա, ում հետ հանդիպել է Սերդարը:

 

«Նրանք իմ նկատմամբ այնպիսի վերաբերմունք էին ցուցաբերում, ինչպիսին կցուցաբերեին իրենց տուն այցելած յուրաքանչյուր անձի նկատմամբ, ով պատրաստ է լսել իրենց պատմությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց պատմություններով կիսվելու համար: Նրանց համար դա հեշտ չէր: Երեք տարի առաջ ես աշխատել եմ սիրիացի փախստականների հետ: Գիտեմ, թե նրանց համար որքան դժվար է դառը հիշողությունները պատմելը»,– նշում է Սերդարը՝ միաժամանակ ներկայացնելով, թե ինչու ձեռնամուխ եղավ այս նոր նախագծին:

 

Թուրք լրագրողն անդրադառնում է, իր խոսքերով ասած, կրկնակի ցեղասպանության ենթարկված հայերի հետ կատարված դեպքերին, որն այլևս պատմություն է դառնալու:

 

Ինչպես իմ հարցազրույցներից պարզ դարձավ, հայկական թաղամասը այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր 

 

«Հալեպը տուն էր դարձել հայերի համար, ովքեր 1915 թվականին և դրան հաջորդող տարիներին գաղթել էին Արևմտյան Հայաստանից: Հիմա այս «մայրաքաղաքը» մեծապես տուժել է: Հայկական թաղամասը ևս զգալի վնասներ է կրել: Ինչպես իմ հարցազրույցներից պարզ դարձավ՝ հայկական թաղամասում այլևս չեն լինի հին օրերը»,– համոզվել է նախաձեռնության հեղինակը:

 

Հալեպահայերի մասին ընդհանուր պատկերացում ունենալու համար նա չէր կարող այցելել բոլոր այն երկրները, որտեղ ապաստան են գտել հալեպահայերը: Որոշել է հանդիպել Թուրքիա և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ: Թուրքիա վերադարձած հայերի պատմության մեջ խորհրդանշական իմաստ է տեսնում՝ նշելով. «Խորհրդանշորեն շատ կարևոր էր հանդիպել մարդկանց, ովքեր վերադարձել են այն բնակավայրը, որտեղից իրենց նախնիները ստիպված էին գաղթել»: Իսկ Հայաստանը նրանց հայրենիքն է:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորովին այլ է իրավիճակը, երբ խոսքը վերաբերում է Արցախում բնակություն հաստատած հալեպահայերին: Լեռնային Ղարաբաղը թուրք լրագրողի նախագծի կարևորագույն բաղադրիչն է: Սիրիահայերը դուրս են եկել պատերազմական գոտուց և բնակություն հաստատել մեկ այլ վայրում, որտեղ պատերազմի հավանականությունը փոքր չէ: Սա հետաքրքիր, միևնույն ժամանակ տպավորիչ է եղել: Սերդարն Արցախից վերադարձել է ազդեցիկ պատմությունների փնջով.

 

Երբ ես հարցրեցի, թե ինչու են դա արել, նրանք պատասխանեցին. «Ձիթենիները երկար են ապրում: Մենք ուզում ենք, որ մեր արմատներն այդքան խորը ձգվեն այս հողում»

 

«Առաջին անգամն էր, որ այցելում էի Արցախ, գուցե նաև դա էր պատճառը, որ այդքան տպավորվել էի: Ընտանիքներից մեկը Հալեպից բերել և իրենց դռան շեմին ձիթենիներ էր տնկել: Երբ ես հարցրեցի, թե ինչու են դա արել, նրանք պատասխանեցին. «Ձիթենիները երկար են ապրում: Մենք ուզում ենք, որ մեր արմատներն էլ այդքան խորը ձգվեն այս հողում»,– պատմում է Քորուջուն:

 

Նա իր համար կարողացել է հասկանալ և բացահայտել, թե ինչու է սիրիահայերի մի խումբ իջևանել Արցախում, երբ այնտեղ բազմաթիվ անվտանգ տարածքներ կան: Թուրք հոդվածագրի բնութագրմամբ՝ «Գոյություն ունենալու վճռականությունն ու նույն գիտակցության արտացոլումն ակնհայտ էր, երբ սփյուռքահայերը փորձում էին մեկնել պատերազմական գոտի՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու նպատակով»:

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՆ Է

«Ինչպես ես հասկացա՝ սիրիահայերի համար Արցախը ոչ միայն Արցախն է: Սա Սարդարապատից հետո հաջորդ մեծագույն հաղթանակի նշանն էր. վերջին 100 տարիների երկու հաղթանակները: Բացի դրանից, նրանք ամուր կառչած են հողին: Այս հողը նրանցից յուրաքանչյուրը համարում էր իր հայրենիքը՝ ինչպես Տիգրանակերտը, Խարբերդը, Սասունը, Սեբաստիան կամ Ադանան… »,– համոզվել է «Ակօս» շաբաթաթերթի հոդվածագիրը:

 

Սիրիացիների համեմատ՝ սիրիահայերի վերքերը կրկնակի ծանր են՝ հաշվի առնելով իրենց մեջ ունեցած ցեղասպանության ցավը, վստահ է Քորուջուն, ով երեք անգամ է այցելել Հայաստան, և առաջին անգամ չէ, որ օգտագործում է ցեղասպանություն բառը: Հայաստանում էլ հանդիպել է զարմացական արտահայտությունների, իսկ այնտեղ գտնվելիս թուրք երիտասարդը յուրօրինակ զգացողություններ է ունենում: Նրա խոսքերը առավել քան տպավորիչ են հնչում, երբ ասում է.

 

«Հայաստանում ես ինձ զգում էի այնպես, ինչպես գերմանացին՝ Իսրայելում: Իհարկե, մի փոքր այլ է իրավիճակը: Թուրքիան մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը: Որոշ մարդիկ ինձ նվաղ ձայնով ասում են. «Ինչո՞ւ ես դա ցեղասպանություն անվանում», «Տհաճություններ մի՛ ստեղծիր քեզ համար»: Սա բեռ է երկու կողմերի համար էլ: Մյուս կողմից, ինձ համար ամենախաղաղ վայրը Երևանն է: Բացի նրանից, որ ես հաճելի ընկերներ եմ ձեռք բերում, կարծում եմ, որ ինձ հաջողվել է նաև մի փոքր մաքրել իմ խիղճը»,– ասում է թուրք լրագրողը: 

 

Իսկ թուրքական իշխանությունները դեռևս որևէ արձագանք չեն տվել Սերդար Քորուջուի մասնագիտական ուղղվածությանն ու հրապարակումներին, թեև, ինչպես Քորուջուն է շեշտում, Թուրքիան աչքի չի ընկնում խոսքի ազատության խրախուսմամբ:

 

«Կարող է զարմանալի թվալ, բայց ես երբեք բացասական արձագանքներ չեմ ստացել այն բանի համար, որ գրել եմ Հայոց ցեղասպանության մասին: Չգիտեմ էլ, թե ինչու…Եվ հույս ունեմ՝ երբեք էլ չեն լինի նման արձագանքներ…»,– ներկայացնում է Քորուջուն:

 

Այնուամենայնիվ, երկու դեպքերն էլ՝ թե՛ սիրիական պատերազմը, թե՛ Հայոց ցեղասպանությունը թուրքական քաղաքականության մաս են: Թեև ոչ համարժեք իրադարձություններ են, բայց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ են տեղի ունեցել: Եվ Քորուջուն հույս ունի, որ ինչպես Ցեղասպանության հարցի վերաբերյալ, այնպես էլ հալեպահայերի մասին գրքի հրապարակումից հետո թուրքական իշխանությունների կողմից բացասական հետևանքներ չեն լինի:

 

 

Ձեր կարծիքը

Comments