Home / Armenia  / Դատավորի «պրիմիտիվ կաշառակերության» դեպքի բացահայտումը. մասնագետի բնորոշումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին

Դատավորի «պրիմիտիվ կաշառակերության» դեպքի բացահայտումը. մասնագետի բնորոշումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին

hoktanyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Օրեր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվեց դատավոր Իշխան Բարսեղյանը: Նա հետիոտնային գետնանցումներից մեկում քաղաքացուց անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար՝ հօգուտ նրան դատական որոշում կայացնելու խոստմամբ:

 

Սա Հայաստանում 17 տարվա ընթացքում դատավորի ձերբակալման երկրորդ դեպքն է. առաջինը երկու տարի առաջ էր, երբ ձերբակալվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Արդյո՞ք այս դեպքերը Հայաստանի դատական համակարգում եզակի են, պատժվում են, արդյո՞ք, բոլոր մեղավորները: Ի՞նչ վիճակ է իրականում տիրում Հայաստանի արդարադատության համակարգում:

 

2000 թվականից Հայաստանում հիմնադրված «Տարածաշրջանային զարգացման կենտրոնը», որը 1 տարի անց հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժմանը՝ որպես ազգային մասնաճյուղ, 16 տարի է, ինչ գործունեություն է ծավալում այս ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում լավ կառավարմանը՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով: Վարուժան Հոկտանյանը, ով 2009-2016 թթ-ը եղել է ԹԻ գործադիր տնօրենը, իսկ այժմ ծրագրերի ղեկավարն է, Noranor.ca-ի հետ զրույցում խոսել է վերոնշյալ դեպքի մասին՝ այն դիտարկելով համակարգային փոփոխությունների համատեքստում, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին:

 

Ինչպես նոր վարչապետն է ասում՝ «պրիմիտիվ գողություն», սա էլ պրիմիտիվ կաշառակերության դեպք էր

 

«Ինքնին լավ երևույթ է, երբ կաշառք ստանալու պահին դատավոր են ձերբակալում»,– գնահատում է փորձագետը՝ միաժամանակ անվստահություն հայտնելով երևույթի ցուցադրական կողմի վերաբերյալ: Այն, որ դեպքը տեղի է ունեցել գետնանցումում, արդեն իսկ տարօրինակ է կամ առնվազն, իր խոսքերով ասած, «պրիմիտիվ»: 

 

Հոկտանյանը պատճառաբանում է. «Ինչպես նոր վարչապետն է ասում՝ «պրիմիտիվ գողություն», սա էլ պրիմիտիվ կաշառակերության դեպք էր: Պրիմիտիվից բացի ավելի նուրբ, քողարկված գողության կամ կաշառակերության դեպքեր կան, կարևոր է, որ նման դեպքերն էլ բացահայտվեն: Ինձ ուղղակի ապշեցրեց այն փաստը, որ կաշառք վերցնելու պրոցեսը տեղի է ունեցել գետնանցումում, որովհետև իրեն հարգող դատավորը կարող էր, ասենք, հաշվեհամարը տալ` համապատասխան գումարը փոխանցելու համար: Այ, եթե նման դեպքերը սկսեն բացահայտվել, ոչ թե պրիմիտիվ կաշառակերության դեպքերը, միայն այդ դեպքում կարելի է մտածել, որ ինչ-որ բան տեղից կշարժվի»:

 

Իսկ ընդհանուր առմամբ դրական քայլ կարելի է դիտարկել, որ նման հանցանքի համար ձերբակալում են դատավորին, վստահ է փորձագետը՝ հորդորելով սպասել շարունակությանը: Այնուամենայնիվ, չի կարծում, որ այսուհետ դատավորները կվախենան և կաշառք այլևս չեն վերցնի, քանի որ խնդիրը համակարգային է, և լուրջ փոփոխությունների կարիք կա:

 

Ուղղակի հանցանքի պահին բռնելը քիչ է

 

« Կոռուպցիայի նվազեցումը, առաջին հերթին հնարավոր կլինի դատական համակարգի անկախության միջոցով և շատ այլ ավելի լուրջ քայլեր ձեռնարկելով: Օրինակ՝ անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը, ավելի ուշադիր հետևել կայացված դատավճիռներին ՝ լրիվ թափանցիկ դարձնելով որոշումները: Ուղղակի հանցանքի պահին բռնելը քիչ է»,– նշում է ԹԻ ծրագրերի ղեկավարը: Նա վստահ է, որ խնդրի լուծումը նաև այլ մեխանիզմների կիրառումն է՝ մինչև անգամ դատավորների նյութական ապահովվածության ճանապարհով:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Արդյո՞ք այս քայլը կարելի է համարել կառավարության կողմից կաշառակերության դեմ պայքարի քաղաքականության մաս: Կարելի էր, եթե հասարակության ընկալման ցուցանիշը փոփոխվեր, նշում է մասնագետը, իսկ ինչպես իրենք են արձանագրել, նման փոփոխություն վերջին տարիներին տեղի չի ունենում:

 

«Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոփոխվում: Եթե որակական փոփոխություն չի եղել, կարելի է ասել, որ ազդեցություն չի եղել, քանի որ կոռուպցիան չափվում է ընկալումով, և եթե այդ ընկալումը չի փոխվել, նշանակում է, որ արդյունք չի եղել: Քայլեր անում են, վերապատրաստում են մասնագետների, ինչ-որ բաներ անում են, բայց մեր շարքային քաղաքացին, նաև գործարարներն ու փորձագետները համառորեն չեն ուզում ընկալել»,– ասում է ԹԻ նախկին տնօրենը:

 

Կառավարությունը մեկ տարի առաջ ստեղծել էր նաև վարչապետին առընթեր հակակոռուպցիոն մարմին, որն արդեն երեք նիստ է գումարել: Վարուժան Հոկտանյանը որպես մասնագետ հրավիրվել է, ներկա գտնվել: Այդ մարմնում ընդգրկված չեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիր կուսակցություններից էլ միայն «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացուցիչ ունի, ՀԿ-ներն ու ընդդիմադիր կուսակցությունները մերժել են՝ հաշվի առնելով այն, որ այս մարմինը չի կարող արդյունավետ և լեգիտիմ գործունեություն ծավալել:

 

«Արդյունքները չափազանց համեստ են: Օրենքներ են ընդունել հակակոռուպցիոն բնույթի, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ օրենքը ընդունեցին, պետք է կիրառել, իսկ չկատարողներին` պատժել: Միայն կառավարությունից չի կախված, քանի որ հակակոռուպցիոն քաղաքականությունը շատ ավելի համակարգային բնույթ ունեցող երևույթ է: Եթե չունես անկախ դատական համակարգ, չունես ուժեղ խորհրդարան, պայքարը դառնում է անիմաստ»,– վստահ է կառույցի հանրային քաղաքականության փորձագետը:

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆ

Նա համոզված է, որ անկախ մարմնի ստեղծումը տեսականորեն կարող է արդյունավետ լինել:Սակայն, եթե սա վարչապետին առընթեր պետական մարմին է, ապա անկախության մասին խոսք լինել չի կարող: Ըստ էության այն ստեղծվել է, որպեսզի հակակոռուպցիոն ռազմավարությունն արդյունավետ լինի Հայաստանում: Սակայն անկախ մարմնի կարիք կա, ինչի փորձը Հայաստանում չկա:

 

«Հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանում անկախ մարմնի գոյություն, սա հարց է, որին ես չեմ կարող պատասխանել: Ինչո՞ւ, որովհետև չի եղել այդպիսի մարմին, նախադեպը չի եղել, որ ես ասեմ, այ տեսեք, աշխատեց, անկախ չեղավ: Կա մեկ այլ նախադեպ. այլ մարմինները, որոնք կոչվում են անկախ, իրականում անկախ չեն»,– ասում է Դալլասի Տեխասի համալսարանի մագիստրոսը:

 

Անկախ լինելուն խանգարում է գերկենտրոնացված կառավարման համակարգը, քանի որ չկա իշխանությունների ճյուղերի միջև տարանջատում, զարգացած քաղաքացիական հասարակություն, չկա ընտրությունների ինստիտուտ, որի միջոցով հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել, իսկ վերընտրվող իշխանությունները շահագրգռված չեն նման մարմնի գոյությամբ:

 

 

Ձեր կարծիքը

Comments