Home / Interview  / Տորոնտոյի հայ համայնքի և կառավարության կապող օղակը. Կանադահայ Մաիդա Իգլիատեսի ստեղծած կառույցը

Տորոնտոյի հայ համայնքի և կառավարության կապող օղակը. Կանադահայ Մաիդա Իգլիատեսի ստեղծած կառույցը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Տիկին Մաիդայի աշխատավայրի հասցեն 13 տարի է՝ Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցին է: Կանադահայ այս կնոջ նախաձեռնությամբ ու մտահղացմամբ այստեղ սկսեց իրականացվել մի գործունեություն, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել Տորոնտոյի հայ համայնքին: Գերմանիայից Կանադա գաղթած հայուհին՝ Մաիդա Իգլիատեսը, սկզբում հայերեն գրեթե չէր խոսում, այսօր արդեն հայերենով Noranor.ca կայքին պատմել է իր հիմնած կազմակերպության ու գործունեության մասին, որի նախաձեռնության մտահղացումը ծագել է անսպասելի:

 

«Առտուն արթնցա, կարծես մեկը ինծի կըսե՝ դուն ասանկ պիտի ընես, պիտի օգնես, կարծես մեկը ինծի ուղղություն կու տա, շվարեցա ինքս ինձ, ինչպե՞ս ընեմ, լեզուն չեմ գիտեր, կարդալ ալ չեմ գիտեր: Տեր Զարեհին հարցուցի, ըսի, որ պետք է օֆիս ունենանք հոստեղ, գործ ճառելու օգնենք, տուն ճառելու օգնենք, պետք է ընտանիքի խնդիրներով օգնենք, նայեցավ ինծի եւ ըսավ, որ ինչպե՞ս պիտի ընես, ըսի չեմ գիտեր, բայց պետք է սկսիմ: Ուրիշ մեկը ըլլար, կրնար ըսել՝ Մաիդա ջան, չես գիտեր՝ աս գործը ինչպես պիտի ըլլա, դուն ասիկա ձգե, բայց չըսավ Տեր Զարեհը»,– պատմում է Մաիդա Իգլիատեսը:

 

Տեր Զարեհ քահանա Զարգարյանը կնոջը ոչ միայն չկանխեց, այլև ավելին, եկեղեցում նրան տարածք հատկացրեց` գործունեություն իրականացնելու համար: Մաիդա Իգլիատեսը սկսեց իրականացնել իր նախաձեռնությունը՝ առանց որևէ գումար ներդնելու: Ինչպես տարածքն ու գույքը, այնպես էլ համակարգչային տեխնիկան նվիրատվությունների միջոցով ձեռք բերեց, ապա հայ համայնքին տեղյակ պահեց իր նախաձեռնության մասին: Աշխատանքը սկսեց մի քանի գործընկերներով, որոնցից երկուսը մինչ այժմ էլ իր հետ են:

 

Տարիներ անց նրա գործունեությունն արժանացավ կառավարության ուշադրությանը, տրվեց կարգավիճակ. ստեղծվեց Հայ ընտանիքների աջակցության կենտրոնը (Armenian Family Support Services (AFSS): Այն սկսեց զբաղվել հայ ընտանիքների ամենատարբեր խնդիրներով՝ ընտանեկան բռնություններ, հոգեբանական խորհրդատվություններ` մասնագետների ներգրավմամբ, նորեկ հայ ընտանիքների բնակարանի, աշխատանքի ապահովման և այլ խնդիրներով, իսկ վերջին տարիներին նաև սիրիահայերի ընտանիքների տարաբնույթ հարցերով:

 

«Չեմ գիտեր ինչպես ամեն ինչ ջուրի պես քալեց, և Բագրատ սրբազանը այն ատեն հոս էր, Մաիդա, ըսավ, աս ըրածդ շատ լավ գործ է, ինծի գրե, Մոնրեալի մեջ ևս պիտի ընեմ: Օգնությունները ինծի համար շատ կարևոր են, կու գային ինծի կըսեին, իմ տղաս, գիտես, կխմե, ի՞նչ կրնամ ընել, խրատ կու տայի, բայց այսպիսի կազմակերպություն ընելը չէի գիտեր, բայց ամեն ինչ եղավ, մինչև այսօր երկու հոգի կա, որ առաջին օրեն իմ հետս են, որովհետև շատ սեր ունին, ազգիդ կօգնես»,– նշեց տիկին Մաիդան:

 

Եկեղեցին մտա, այս շարականները ականջիս մեջը մտան, կարծես գիտեի, բայց չէի իմացած

 

Կինը, ծնվելով ու մեկ տասնամյակ ապրելով Գերմանիայում, հայերեն չի սովորել, խոսել է միայն ընտանիքում, իսկ երբ տեղափոխվել են Կանադա, այստեղ շարունակել է ուսումը, սովորել Տորոնտոյի համալսարանում: Հետագայում իր երկու երեխաներին ուղարկել է հայկական դպրոց: Հայկական արմատներն ու հայրենիքի նկատմամբ սերը, ասում է, իր մեջ եղել ու ամրացել են ինքնաբերաբար, անգամ հայկական եկեղեցին, ուր մինչև կազմակերպության հիմնումն ամեն օր հաճախել է, առանձնակի դեր է ունեցել իր համար: «Եկեղեցի մտա, այս շարականները ականջիս մեջը մտան, կարծես գիտեի, բայց չէի իմացած: Հայաստանցիները եկան մեզի, նաև ականջս վարժվեցավ հայերենին, երկու տեսակ հայերեն լեզու կա, ինծի համար ամենն ալ նույնն է, սիրտներս նույնն է»,– խոստովանում է կինը:

 

AFSS ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնի աշխատանքները եղել են ամենատարբեր բնույթի, անգամ կատարել են մաքրման աշխատանքներ, հավաքագրել են երիտասարդների և նրանց օգնությամբ քաղաքում աղբահանություն կատարել: Տիկին Մաիդան երիտասարդների մասնակցությունը հատկապես շատ է կարևորում՝ նշելով. «Անոնց հետ գացինք, բոլոր կեղտերը վերցուցինք. երիտասարդներ եկան, բոլորը մաքրեցին, երեխաները կտեսնան ինչ աղվոր գործ կընեն, կառավարությունը երիտասարդներուն վկայականներ տվավ, և մեր հայ եկեղեցին կտեսնա ՝ ինչ աղվոր է, և կօգնե»:

 

Կապող օղակ կառավարության և բնակիչների միջև

 

Այս ամենը իրականացնում են առանց ֆինանսական լուրջ միջոցների ներգրավման, առանց ամսական սահմանված աշխատավարձերի: Վճարվում են քաղաքացիների կատարած հանգանակությունների շնորհիվ, ծրագրերը կյանքի են կոչվում՝ շնորհիվ համայնքի բնակիչների օգնությունների: Տիկին Մաիդան իրենց կառույցը համարում է կապող օղակ կառավարության և բնակիչների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

 

«Շատերը տունի խնդիրներ ունեին, ամուսնության խնդիրներ, ձևերը չեն գիտեր, չեն գիտեր՝ ուր պիտի երթան խնդիրներու դեպքին, բայց մենք կառավարութան ձևերը գիտենք, մեր հայ ազգը կառավարությունը չի գործածեր, երկու՝ ամոթը կա, այդ ամոթը միշտ իրենց կգոցե, ընտանիքին մեջ կպահե, եթե էրիկ-մարդիկ զարնեն կիները, զավակները կտեսնան, այս խնդիրը կա, ասոր համար կառավարությունը ծրագիրներ ունի, կերթան կգործածեն, ամեն տեղ, հայերս չենք գործածեր, այս երկուքը կապեցի»,– ներկայացնում է նա: Սկզբնական շրջանում զարմանում էին, երբ պարզում էին, որ հայ համայնքի նորաբնակ ներկայացուցիչները ծանոթ չէին այնպիսի պարզ հարցերի, ինչպիսին օրինակ ռեզյումե ներկայացնելն էր, նշում է.

 

«Հայաստանեն շատ ներգաղթյալներ եկան, գործ կփնտրեին, ռեզյումե կգրեին, 10 էջ ռեզյումե կու տային մեզի, բայց այստեղ երկու էջ պետք է ըլլա, կնստեինք, մեկ-մեկ իրենց կսորվեցնեինք, ինչպես ռեզյումե գրեն»:

 

AFSS-ն կինը ղեկավարել է 12 տարի, բայց վերջին տարիներին ատենապետությունը փոխանցել է գործընկերոջը՝ ստանձնելով սիրիահայերի բնակարանային ապահովման, աշխատանքի տեղավորման աշխատանքները: Ուրախությամբ է պատմում, որ կարողանում են շատերին ինչպես իրենց, այնպես էլ այլ մասնագիտություններով աշխատանքի տեղավորել:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՆՔՆԵՐԻՆ

Այն բանից ի վեր, ինչ կառավարությունը թույլ տվեց անսահմանափակ թվով սիրիահայեր հրավիրել Կանադա, AFSS դիմողների հոսքը մի քանի անգամ ավելացավ: Կանադահայ հարազատներն անգամ դիմում են տիկին Մաիդային՝ խորհուրդներ հարցնելով ընտանիքներին հետագա աջակցություն ցուցաբերելու համար: Ի տարբերություն այլ երկրներից եկողների, սիրիահայերի դեպքում աջակցում են անգամ հարցազրույցների կազմակերպման, օդանավակայանում դիմավորման և հետագա աշխատանքների հարցում:

 

Բնակարանի խնդիր, որպես կանոն, նրանք չեն ունենում, քանի որ հրավիրող հարազատները արդեն հոգում են այդ հարցը: Ամենալուրջ խնդիրը աշխատանք գտնելն է: Օգնում են որքան և ինչպես հնարավոր է:

 

Ոսկերիչ տղան Արաբական խանութում միս կկտրե

 

«Տղա մը եկեր էր, նեղված էր, ըսավ ես ոսկերիչ եմ, գործ չկա, բայց մարդ մը կար, մեծ սուպեր մարկետ ունի՝ Ադոնիս, արաբական բաներ կծախե, ըսավ, որ ով ունի սիրիահայեր, մենք իրենց գործ կու տանք, և ուղարկեցինք: Հիմա այս ոսկերիչ տղան հոնտեղ միս կկտրե»,– պատմում է AFSS հիմնադիրը:

 

Սիրիահայերի համար նաև հաճախակի հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում, որոնք ոչ պակաս կարևոր են: «Ամեն շաբաթ սիրիահայերուն կհավաքենք, տարբեր նյութեր կքննարկենք, գործ գտնալը և ինչ իրավունքներ ունին, իրենք կխոսին, կբացատրենք, տուն առնելու հարցեր: Տորոնտոյի գրադարանը եկավ, ամենուն քարտ տվին»,– ասում է կանադահայը՝ ուրախությամբ նշելով, որ այս ամենից բացի նաև ճաշկերույթներ են կազմակերպում, ուրախանում՝ փորձելով պատերազմից հոգեբանորեն տուժած փախստականներին նաև ուրախություն պատճառել: Երբեմն նաև հոգեբանների դիմելու անհրաժեշտություն է զգացվում: Ելքը գտել են՝ հրավիրում են Տորոնտոյի հիվանդանոցներից մեկում աշխատող ծանոթ հայ բժշկին, ով սիրով օգնում է:

 

Տիկին Մաիդան ընտանիքներին օգնություն ցուցաբերելու բազմաթիվ դեպքեր է հիշում: Դրանցից մեկն էլ վերաբերում է Հայաստանից տեղափոխված ընտանիքին, որը ոչինչ, անգամ բնակարան չի ունեցել: Օգնել են ոչ միայն բնակարանի, այլև գույքի ձեռքբերման հարցում:

 

Տանտերը ըսավ, հիմա քեզի հայկական սուրճ մը կենեմ, արցունքները եկան

 

«Ընտանիք մը եկած էր Հայաստանեն, ամուսինը դոկտոր է, կինն ալ երեխաներու դոկտոր է, ինչպես կրնամ օգնել, գոնե ըսինք բնակարան գտնենք և կահույք: Բնակարան գտանք, երեխաները վազեցին բնակարանին մեջ, բայց կըսեն բան մը չկա, ինչպես կրնանք մնալ հոս, ըսի հոգ մի ըներ, հիմա կահույքը կու գա: 10-15 հոգի ունեինք, որ մեզի կօգնեին կահույքով: Շատ աղվոր բան մըն էր, եկաւ կահույքը, տանտերը ըսավ, հիմա քեզի հայկական սուրճ մը կընեմ, արցունքները եկան, դժվար էր»,– պատմում է սկզբնական շրջանում կազմակերպության իրականացրած ծրագրերից մեկի մասին, որը շատ է տպավորվել:

 

Տղաս խենթ կըլլա Հայաստանի համար, գնաց – եկավ, կըսե մամա պետք է երթաս

 

Մաիդա Իգլիատեսը գրեթե բոլորին, ովքեր ուզում են աշխատանք գտնել, խորհուրդ է տալիս լավ սովորել անգլերենը, որպեսզի իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելն ավելի դյուրին լինի: Այսքանով հանդերձ, կինը նշում է, որ Հայաստանից յուրաքանչյուր ներգաղթյալի համար տխրում են, չեն ցանկանում, որ լքեն հայրենիքը, բայց ոչինչ անել չեն կարող: Իր 28 և 22 տարեկան երեխաներին հայրենասիրական ոգով է դաստիարակել: «Տղաս խենթ կըլլա Հայաստանի համար, գնաց – եկավ, կսե մամա պետք է երթաս, առիթ չեղավ, որ երթամ, բայց գիտեմ, որ օրը պիտի գա, գամ Հայաստան»,– ասում է հայրենասեր կինը, ով Տորոնտոյում նաև հայրենիքին աջակցելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

 

«Որոշեցինք, որ հայերուն համար ապուր պիտի պատրաստենք, ժողովուրդին ծախենք, թող տան, ինչ սիրտները կկամենա, այդ բոլոր դրամները հավաքենք, հինգ տարեցներ կան, իրենց ղրկենք Հայաստան: Կհավատաս, որ 1,500-2,000 դոլար կհավաքվեր, կղրկեինք: 4 տարի ըրինք, և գրեցինք հայերեն տառերով՝ «Այսօրվա ճաշը հայ ընտանիքներու օգնությունեն՝ Տորոնտոեն եկած է»:

 

8 տարի շարունակ նաև եկեղեցու օգնությամբ հայկական ճամբարներ են կազմակերպել, որոնց մասնակից երեխաներն ու երիտասարդները ստացել են հայեցի դաստիարակություն, սովորել հայկական երգ ու պար: Եթե սկզբում մասնակիցների թիվը եղել է 25 երեխա, 8 տարի անց նրանց թիվը հասել է 150-ի, վստահեցնում է տիկին Մաիդան:

 

Նա որոշել է, որ իր սոցիալական ու բարեգործական աշխատանքները նաև Հայաստանում է իրականացնելու, խոստանում է՝ հենց երեխաներին մի քիչ էլ մեծացրեց, գնալու է Հայաստան և իր օգնությունն է ցուցաբերելու հայ ընտանիքներին՝ հատկապես ընտանեկան բռնությունների ենթարկվող կանանց, որոնց մասին շատ է լսել և որոնց ճակատագրերի նկատմամբ չի կարող անտարբեր մնալ:

 

 

Ձեր կարծիքը

Comments