Home / Armenia  / Վարչապետի փոփոխությունը Հայաստանում «Սասնա ծռեր»-ի գործողությունների արդյունքն է. Ալեք Ենիգոմշյանը համոզվել է

Վարչապետի փոփոխությունը Հայաստանում «Սասնա ծռեր»-ի գործողությունների արդյունքն է. Ալեք Ենիգոմշյանը համոզվել է

Alec Yenikomoshian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — «Սասնա ծռեր» խմբավորման զինված ապստամբությունից անցել է ավելի քան 3 ամիս: Այն իրավիճակը, որ տիրում էր Երևանում հուլիսյան օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում, այլևս հանդարտվել է: Դադարեցին նաև ցույցերն ու երթերը, որոնք կազմակերպվում էին ի պաշտպանություն զինված գործողությունների մասնակիցների:

 

Հոկտեմբերի վերջին Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա ծռեր» խմբավորման և «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները հրապարակեցին «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը՝ ներկայացնելով իրենց նպատակներն ու հետագա քայլերը: Ներկայացված նպատակները հետևյալներն էին՝ ժողովրդի իշխանության հաստատում, ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում, ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորում և պետության կենսունակության ապահովում: Կետերը ներկայացված են իրենց ենթակետերով:

 

Խմբավորման անդամներն ու համախոհները մտադիր են իրենց նպատակներն իրականացնել, թերևս, ավելի հանդարտ եղանակներով: Իսկ հուլիսյան դեպքերը դրական ու բացասական հետևանքներ ունեցան հասարակության վրա: Ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամների` Հայաստանում իրավիճակը փոխվեց, և այսօր, նրանց համոզմամբ, բոլորովին նոր իրադրություն է:

 

Արդյո՞ք ընտրված մեթոդը արդարացի էր, և ինչպե՞ս կվարվեին հենց իրենք` Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, եթե լինեին իշխանություն, իսկ ընդդիմությունը նման ճանապարհով ձգտեր հասնել իշխանափոխության, որտե՞ղ են թաքնված այս գործողությունների արմատները: Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca կայքը զրուցել է քաղաքական, հասարակական գործիչ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՍԱԼԱ-Ն, ՀԻՄԱ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»

Ենիգոմշյանը Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ է: 1980-ականներին ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ նույնպես հնչում ու տարածվում էին այն նույն մեղադրանքները, որոնք այսօր հաճախ հնչում են «Սասնա ծռեր»-ի հասցեին: Հաճախ է շրջանառվում երկրում նման իրավիճակ ստեղծելու, անհնազանդության ալիք բարձրացնելու համար արտաքին ուժերի մասնակցության ու ֆինանսավորման գործոնը : Ալեք Ենիգոմշյանը սրանք լոկ հերյուրանքներ է համարում՝ վստահեցնելով, որ նման ազնիվ վարքի տեր անձանց հանդեպ կասկած հայտնելն արդեն իսկ մեղք է:

 

Ոչ այդ տղաները, ոչ էլ մենք, պարտավորություն չունենք նման հիմար զառանցանքները հերքելու

 

«Տղաների կենսագրությունը մաքուր է: Արցախյան պատերազմին մասնակցած այս տղաների կատարած սխրանքների մասին լեգենդներ են հայտնի: Նրանց դեմքից անգամ միայն լույս ու ազնվություն է տարածվում: Նման մարդիկ առաջնորդվում են ազգային և մարդկային արժեհամակարգերով: Ոչ այդ տղաները, ոչ էլ մենք, պարտավորություն չունենք նման հիմար զառանցանքները հերքելու»,– համոզմունք է հայտնում Ենիգոմշյանը՝ ասելիքը տարածելով ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա:

 

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ» ՉԻ ԴԱՐՁԵԼ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»

Խումբը ստեղծվեց 2012 թվականին՝ կրելով «Նախախորհրդարան» անվանումը: 2015 թվականի հունվարին ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը, որի գումարման պահից «Նախախորհրդարանը» լուծարվեց: Իսկ հուլիսյան դեպքերի ժամանակ խումբը հանդես եկավ «Սասնա ծռեր» անվանումով: Այս ամենից հետո Սփյուռքում ստեղծվեց մեկ այլ խումբ, որը պաշտպանում էր նրանց քաղաքականությունը և կրում է «Հայկական վերածնունդ» անունը: Ինչո՞վ է պայմանավորված անվանումների այս շղթան, արդյո՞ք շփոթություն չի առաջացնում հանրության շրջանում: Ենիգոմշյանը սփյուռքյան կառույցի անվանումը չի կապում իրենց խմբի անվան հետ, իսկ խումբը հանդես է գալիս «Հիմնադիր խորհրդարան» անվանումով, և չպետք է ենթադրել, որ «Հիմնադիր խորհրդարանը» դարձավ «Սասնա ծռեր», նշում է մեր զրուցակիցը՝ բացատրելով այսպես.

 

«Սասնա ծռեր» խմբավորման որոշ թվով մասնակիցներ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ են եղել կամ աջակիցները, բայց «Սասնա ծռերի» գործողությունը «Հիմնադիր խորհրդարանի» որոշմամբ չի կատարվել: Խմբի անվանումը ծնվել է հանգամանքների բերումով : Իրենք իրենց տվել են «Սասնա ծռեր» անվանումը՝ էպոսի արժեհամակարգը՝ ազատության և արժանապատվության գաղափարներ որդեգրելով: Այդ պայքարի և դրա համար զոհաբերության միտքն է դրված»:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Խմբի անդամները գնացին զոհաբերության: Անկախ ամեն ինչից նրանք կատարեցին իրենց առջև դրված խնդիրը և իրավիճակը փոխեցին, վստահ է Ենիգոմշյանը: Նրա համոզմամբ` վերջին 2 ամսում Հայաստանում կատարվող փոփոխությունները դրա արդյունքն են: Հասարակության հոգեբանությունն է փոխվել, իսկ իշխանությունները ձեռնամուխ եղան կառավարության փոփոխության՝ սկսելով վարչապետից:

 

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով եկավ փոխարինելու Հովիկ Աբրահամյանին:  

 

«Այս վարչախումբն ու իրենց արտաքին հովանավորները, տվյալ դեպքում Մոսկվան, դիմեցին նոր քայլերի՝ նոր վարչապետ նշանակվեց, դա ևս «Սասնա ծռերի» գործողության արդյունք է, չեմ ասում դրական: «Սասնա ծռերից» հետո ստեղծված իրավիճակը տարբերվում է դրանից առաջ եղած իրավիճակից»,– համոզված է նա, իսկ ներկայիս, այսպես կոչված, լճացած վիճակը պայմանավորում է նրանով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները զբաղված էին Ճանապարհային քարտեզի մշակմամբ:

 

Նա վստահ է, որ իրենց քայլերն այսուհետ լինելու են դրան համապատասխան, իսկ այն, ինչ կատարվեց, այսինքն՝ ՊՊԾ շենքի գրավումն ու ոստիկաններին պատանդ պահելը, հիմա էլ նորմալ է համարում: Գտնում է, որ սպառված էին խաղաղ ճանապարհով ժողովրդավարություն հաստատելու միջոցները: 

 

Եթե խաղաղ ճանապարհները և ժողովրդավարական միջոցները փակվում են ավտորիտար վարչախմբի կողմից, ժողովրդին այլ ճանապարհ չի մնում, քան իր կամքը ընդվզման ճանապարհով իրացնելը

 

«Եթե խաղաղ ճանապարհները և ժողովրդավարական միջոցները փակվում են ավտորիտար վարչախմբի կողմից, ժողովրդին այլ ճանապարհ չի մնում, քան իր կամքը ընդվզման ճանապարհով իրացնելը: Եթե մենք և մեր նման մտածողները հասնենք իշխանության և դառնանք այնպիսին, ինչպիսին այժմյան իշխանությունն է, ապա ժողովուրդն իրավունք կունենա ապստամբելու մեր դեմ: Մեր նպատակը իշխանությանը տիրանալը չէ, այլ ժողովրդավարական, իրավական, սոցիալական ազգային պետություն ստեղծելն է»,– ասում է Հիմնադիր խորհրդարանի անդամը: 

 

Նա բացառում է իրենց շարժման անդամների կողմից որևէ ճնշում և բռնություն ժողովրդի վրա, եթե որևէ կերպ՝ լինի դա ընտրությունների, թե հեղափոխության ճանապարհով, իրենք գան իշխանության:

 

 

Ձեր կարծիքը

Comments