Home / Canada  / Տորոնտոյում շաբաթօրյա դպրոցի հիմնադիր Ծովիկ Խերը Սփյուռքի նախարարության շնորհակալագիրն իր աշխատանքի գնահատականն է համարում

Տորոնտոյում շաբաթօրյա դպրոցի հիմնադիր Ծովիկ Խերը Սփյուռքի նախարարության շնորհակալագիրն իր աշխատանքի գնահատականն է համարում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) – 2016 թվականի հունիսին Տորոնտոյի հյուսիսային շրջաններից մեկում գտնվող Հայ կաթողիկե շաբաթօրյա վարժարանը նշեց իր հիմնադրման 35-ամյակը: Վարժարանի հիմնադիր Ծովիկ Աբգարյանն ուղիղ 40 տարի առաջ Լիբանանից եղբոր հետ տեղափոխվեց Կանադա, հաստատվեց Տորոնտո քաղաքում և սկսեց մանկավարժական գործունեություն ծավալել:

 

Տիկին Ծովիկը ծնունդով Հալեպից է, հետագայում, եղբոր որոշմամբ, տեղափոխվել են Լիբանան, իսկ 1976 թվականին, երբ այնտեղ պատերազմական իրավիճակ էր ստեղծվել, առաջիններից մեկն էին, որ լքեցին այդ երկիրը և եկան Կանադա: Այստեղ Ծովիկ Աբգարյանը ընտանիք կազմեց, ունեցավ 3 երեխա և անհրաժեշտ համարեց հիմնել շաբաթօրյա վարժարան, ուր և հաճախում էին իր զավակները:

 

Տորոնտոհայ համայնքը ներկայումս ունի մեկ ամենօրյա և առնվազն երկու շաբաթօրյա դպրոց:

 

«Մենք կապրեինք Տորոնտո քաղաքի հյուսիսային շրջանին մը մեջ. ես ուսուցչուհի էի կանադական վարժարանի մեջ. ինծի համար դժվար էր մինչեւ քաղաքի կենդրոն հասնելը, տեսա, որ շատ պզտիկներ կան այդ շրջանակին մեջ. դիմեցի Հայր Եղիա ծայրագույն վարդապետ Գիրեջյանին. այն ատեն ինքն ալ երիտասարդ կաթողիկե վարդապետ մըն էր, ես ալ կաթողիկե վարժարաններուն կազմակերպած դպրոցներուն մեջ էի. ըսավ` ինչու չէ, կառավարությունը կֆինանսավորե այս տեսակի գործ մը»,– Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Ծովիկ Աբգարյանը, ով շարունակել է միաժամանակ աշխատել կանադական ամենօրյա վարժարանում:

 

Դիմեց, և իր նախաձեռնությանը հավանություն տրվեց: Այլ դպրոցների հետ մրցակցություն չստեղծելու համար որոշեցին, որ պետք է այստեղ շաբաթօրյա հայերենի դասեր ուսուցանել, սակայն սա չէր նշանակում, որ երեխաները միայն հայերեն էին սովորում: Տիկին Ծովիկը նշում է. «Պատասխանատու էի բոլոր լեզուներուն համար, ոչ միայն հայերենի, այլեւ արաբերենի, պորտուգալերենի եւ այլնի համար: Հիմա, որ ուզեցի գործս ավելի թեթեւցնել, կարիքը չկար, ես միայն շաբաթօրյա հայերենի պատասխանատուն եղած եմ»:

 

Գործը թեթևացնելը չի նշանակում, որ Ծովիկ Խերը (ամուսնու ազգանունով) սահմանափակել է իր գործունեությունը կրթական բնագավառում` հատկապես հայերենի ուսուցման գործում: Նա հայ համայնքի համախմբման ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տարել, իսկ դա առավել ծանր ու պատասխանատվություն ենթադրող էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

 

ՊԱՐԳԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Անկախության 25-ամյակի կապակցությամբ իր այս գործունեության համար Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Ծովիկ Խերին շնորհեց Սփյուռքի նախարարության շնորհակալագիր, որն իր անտրտունջ ու ծանրաբեռնված աշխատանքի գնահատականն է համարում երկար տարիների ուսուցչուհին:

 

«100-ամյակի պաշտոնական միջոցառումներու ժամանակ ես պատասխանատու եղա բոլոր դպրոցներու տնօրեններուն լուր տալ, որ ապրիլ 24-ին հայ աշակերտները պիտի բացակային. շատ կարեւոր հիշատակի օր մըն է, եւ մենք այս 100-ամյակին առթիվ հրաման կու տանք փոքր աշակերտներուն, որ բացակային դպրոցներեն: Արտոնություն առնվեցավ նաեւ ուսուցիչներուն համար. 100 ծառեր տնկելու այդ ձեռնարկներուն ապահովեցի մարդկանց մասնակցությունը»,– ներկայացնում է կինը, ով ներդրում է ունեցել այդ գործում:

 

Ցեղասպանության 100-ամյակին հայ համայնքը միասնականություն է ցուցաբերել

 

Իսկ այս աշխատանքները կատարելու համար կինը մեծ ջանքեր գործադրել է: Քանի որ մինչ այդ համայնքը միասնականություն չէր ցուցաբերել, յուրաքանչյուր համայնք առանձին էր անցկացնում միջոցառումներ: 100-ամյակի նախաշեմին պետք էր համախմբել բոլորին, պատմում է 40 տարվա մանկավարժը, ով իր հիմնած շաբաթօրյա դպրոցում երեխաներին պահելու համար տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս: Եթե սկզբում վարժարանը ունեցել է ընդամենը 20 աշակերտ, ապա այսօր նրանց թիվը գերազանցում է 250-ը:

 

Ուրախ և հաճելի միջավայրի մեջ հայերեն կսորվին, եթե չընեինք ասանկ, այս փոքրիկները պիտի չուզեին գալ այս դպրոց

 

«Հայերեն երգեր կսորվին, հայ ընկերներու կծանոթանան, մշակույթին, ամեն տոն կտոնենք, որպես հայ, որ կընեին մեր նախահայրերը, Համբարձում կտոնենք, Հարության տոնը հավկիթներով, ուրախ եւ հաճելի միջավայրի մեջ հայերեն կսորվին, եթե չընեինք ասանկ, այս փոքրիկները պիտի չուզեին գալ այս դպրոց»,– նշում է ուսուցչուհին՝ ներկայացնելով, որ թեև դպրոցը համարվում է կաթողիկե, բայց այնտեղ հաճախում են նաև առաքելական, բողոքական, ավետարանչական եկեղեցիների հետևորդները՝ առանց խտրականության:

 

Կինը ցավով նշում է նաև, որ հայերենի հանդեպ հետաքրքրությունը նոր սերնդի մոտ այնպիսին չէ, ինչպիսին եղել է իրենց ժամանակ: Կան ընտանիքներ, որոնք չեն խրախուսում հայերենի ուսուցումը, հետևաբար թերանում են նաև երեխաները: Տիկին Ծովիկն ասում է. «Պզտիկները շատ խելացի են, երբ որ կտեսնեն, որ ծնողները արժեք չեն տար հայերենին, կըսեն չենք ուզեր երթալ, կամ կնախընտրեն տունը մնալ»:

 

Այդուհանդերձ, վարժարանի հիմնադիրը վստահ է, որ Տորոնտոյի հյուսիսային շրջանում հիմնադրած իր դպրոցը դեռ երկար տարիներ կշարունակի գործել՝ այնքան ժամանակ, քանի դեռ հայրենիքի արժեքը գիտակցում են հայ համայնքի ներկայացուցիչները: Իսկ ինքը պատրաստվում է ավարտական դասարանի երեխաների համար առաջիկայում կազմակերպել այցելություն Հայաստան:

 

ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ Է, ՔԱՆ ՈՐԵՒԷ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԱՆԻԼԸ

Հայրենիքը Ծովիկ Աբգարյանի համար մեծ արժեք ունի, իսկ կուսակցական կամ ընդհանրապես քաղաքական գործունեությունից նա հեռու է, և չի խրախուսում շատերի գործունեությունը, ովքեր կուսակցական գաղափարները գերադասում են ազգային շահերից:

 

«Ինծի համար հայ ըլլալը ավելի կարեւոր է, քան թե որեւէ մեկ կուսակցության պատկանիլը, երբեմն այնքան տարված կլլան մարդիկ, որ կուսակցական հարցերը իրենց համար հայութենեն ավելի առաջ կու գա»,–ներկայացնում է նախկին հալեպահայը և նշում, որ դպրոցը նաև մեծ թվով սիրիահայեր է ընդունել, որոնք իրենց գիտելիքներով չեն զիջում կանադահայ համայնքի երեխաներին:

 

 

Ձեր կարծիքը

Comments