Home / Armenia  / «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Տորոնտոյի դրամահավաքի հաջողությունը կապում է ատենապետի հետ. Արա Վարդանյանի հարցազրույցը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Տորոնտոյի դրամահավաքի հաջողությունը կապում է ատենապետի հետ. Արա Վարդանյանի հարցազրույցը

ara-vardanyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Հոկտեմբերի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղում կայացած դրամահավաք-ճաշկերույթին հավաքագրվեց ռեկորդային 1.2 մլն կանադական դոլար՝ սպասվածից մոտ երկու անգամ ավելի գումար: Սա վկայությունն էր այն բանի, որ կանադահայ համայնքը, ինչպես բազմիցս ապացուցել է, լրջագույն նշանակություն է տալիս Հայաստանի և Արցախի բարեկեցությանն ու իր նպաստը բերում այդ գործին:

 

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն արդեն 25 տարվա պատմություն ունի, այս առաքելության կրողն է: Հիմնադրամի գործունեության, Տորոնտոյի և ընդհանրապես կանադահայ համայնքի մասնակցության, նոյեմբերի 1-ից մեկնարկած SMS-դրամահավաքի և առաջիկա անելիքների շուրջ Noranor.ca կայքը հարցազրույց է անցկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Պարոն Վարդանյան, նախ 2016ին իրականացված ծրագրերի մասին խոսենք: Տարեսկզբին նախատեսված ծրագրերի ո՞ր մասն է իրականացվել, ի՞նչն է հնարավոր եղել կյանքի կոչել և ինչը՝ ոչ:
 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – 2016-ը բեղուն տարի էր «Հայաստան» հիմնադրամի համար: Նախ ապրիլյան դեպքերի առաջին իսկ օրերին մարդասիրական օգնություն ցուցաբերեցինք Արցախին՝ դեղորայք, բուժսարքավորումներ, շտապօգնության մեքենաներ և գումար՝ տուժած բնակավայրերի վերականգնման նպատակով: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն հայորդիներին, ովքեր այդ դժվար օրերին համախմբվեցին և օգնության ձեռք մեկնեցին Արցախին:

 

Ծրագրերի առումով ևս շատ հագեցած տարի էր. միայն Հայաստանում այս տարի շահագործման ենք հանձնել այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսիք են Երևանի Չայկովսկու անվան հիմնանորոգված երաժշտական դպրոցը, Նալբանդյան համայնքի /Արմավիրի մարզ/ հիմնանորոգված դպրոցը՝ նորակառույց մարզադահլիճով, Մելիք համայնքի /Արագածոտնի մարզ/ հիմնանորոգված դպրոցը, Խաչարձան համայնքի /Տավուշի մարզ/ նորակառույց մարզահամալիրը, վերակառուցված խմելու ջրի ցանցը, նորաստեղծ պուրակը և Գյումրիում 14 անապահով ընտանիքներին բնակարանների նվիրաբերումը: Արցախում՝ Կարմիր Շուկայի և Մուշկապատի նորակառույց համայնքային կենտրոնները /Մարտունու շրջան/, Իվանյան համայնքի /Ասկերանի շրջան/ նորակառույց մանկապարտեզը և նորակառույց 6 առանձնատների նվիրաբերումը բազմազավակ ընտանիքներին:

 

Այս ամենին զուգահեռ շարունակվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, առանձնատների, Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի կառուցումը, Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի վերակառուցումը, համայնքային կենտրոնների կառուցումը Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաև մի շարք սոցիալական աջակցության, գյուղերի զարգացման՝ մասնավորապես ջերմոցների կառուցման և մշակութային ծրագրեր: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն էլ մոտենում է ավարտին: 114 կմ-ից շուրջ 110-ն արդեն ասֆալտապատ է, մոտ 4կմ-ի վրա շարունակվում են հողային աշխատանքները:

 

ՆՈՐԱՆՈՐ – 25 տարիների գործունեությունը ի՞նչ է ցույց տվել՝ մասնակցության ցուցանիշների ինչպիսի՞ տարբերություններ կան, արդյո՞ք ավելացել է, թե՞ ընդհակառակը՝ նվազել:

 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Այսօր Հիմնադրամը կիրառում է աշխարհում հայտնի բոլոր դրամահավաք մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս ավելի շատ նվիրատուներ ներգրավել այս գործում: Ուրախ եմ հայտնել, որ այո, դա մեզ հաջողվում է:

 

ՆՈՐԱՆՈՐ – Տորոնտոյում կայացած դրամահավաքճաշկերույթին հանգանակված գումարը գնահատվում է ռեկորդային: Ինչո՞վ եք պայմանավորում նման հաջողությունն ու կանադահայերի ակտիվ մասնակցությունը դրամահավաքին:

 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Հիմնադրամի ստեղծման օրվանից Տորոնտոյի հայ համայնքը միշտ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենաշեն գործում, ինչի համար երախտապարտ ենք: Արդեն շուրջ 25 տարի է այս ամենը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով համակարգում է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, ով իր հայրենանվեր ու անտրտունջ աշխատանքով անում է ամեն հնարավորը՝ հայրենիքն ավելի զորեղ ու ամուր դարձնելու համար: Հաջողությունն առաջին հերթին կապում եմ նրա անձի, նվիրումի և աշխատանքի հետ, և, իհարկե, մեր հայրենակիցների վստահության և առատաձեռն նվիրատվությունների հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Հայտնի է, որ հանգանակված գումարի շնորհիվ հնարավոր կլինի 9 ծրագիր կյանքի կոչել: Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշվեց դրանց առաջնահերթությունը:

 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Պարոն Մկրտիչյանը հաճախ է լինում հայրենիքում և հավատացեք՝ նա բոլորից լավ է պատկերացնում, թե համայնքում ինչի կարիքը կա, ինչ հոգս ունի գյուղացին: Նա շատ գեղեցիկ ու համակարգված համաձայնեցնում է իր ծրագրերի ցանկը, իրականացնում դրանք և շարժվում առաջ:
 

ՆՈՐԱՆՈՐ – Նոյեմբերի 1-ից մեկնարկած SMS–դրամահավաք իրականացնելու գաղափարը ինչո՞ւմն է կայանում: Նախկինում անցկացված նման դրամահավաքների արդյունքները ի՞նչ են ցույց տվել` արդյո՞ք դրանք էական նշանակություն ունենում են, թե՞ սա զուտ հասարակությանը բարեգործության մղելու միտված քայլ է:
 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Պետք է նշեմ, որ Հիմնադրամն առաջինն է Հայաստանում կիրառել SMS նվիրատվության եղանակը, որն արդեն 6 տարի է հաջողությամբ կյանքի ենք կոչում: Ճիշտ եք նկատել, սա ավելի շատ մարդկանց համազգային գործին մասնակից դարձնելու, նրանց ժամանակը խնայելու տարբերակ է:

 

ՆՈՐԱՆՈՐ – Արցախին ուղղված օգնության հարցում ի՞նչ է փոխվել: Արդյո՞ք ծավալների փոփոխություն եղել է: Մինչ Ապրիլյան պատերազմը և դրանից հետո Արցախին ուղղված ծրագրերը վերանայվե՞լ են:

 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Այո, այս տարի, ապրիլյան դեպքերով պայմանավորված, Հիմնադրամի տարբեր տեղական մարմիններ մեծածավալ մարդասիրական և սոցիալական օգնություն ուղղեցին Արցախ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Առաջիկայում Քառօրյա պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված ի՞նչ քայլեր են արվելու:
 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Հիմնադրամի Հոգաբարձուների որոշմամբ այս տարվա գլխավոր դրամահավաքի առաջնային նպատակներից է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնումը, ինչը ԼՂՀ կառավարության հետ համատեղ կյանքի կկոչենք անմիջապես Հեռուստամարաթոն 2016-ից հետո: Համայն հայության նվիրատվությունների ակտիվությունն էապես կազդի ծրագրի ծավալների վրա և հանագանակությունները կուղղվեն տուժած բնակավայրերին՝ ըստ առաջնահերթության:

 

ՆՈՐԱՆՈՐ – Կարո՞ղ է գալ մի օր, որ Հայաստանն այլևս, գոնե այս ճանապարհով, բարեգործության անհրաժեշտությունը չզգա: Համահայկական հիմնադրամի համար ինչպիսի՞ հետագա գործունեություն եք կանխատեսում:

 

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Իհարկե, բոլորս ենք ցանկանում, որ մեր հայրենիքը տնտեսապես այնքան հզորանա, որ Հիմնադրամի կարիքն այլևս չունենանք, սակայն, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը և հայրենիքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերները, կարծում եմ՝ Հիմնադրամը դեռ շատ անելիքներ ունի:

 

 

Ձեր կարծիքը

Comments