Home / Armenia  / Որտե՞ղ է իմ տունը. Կանադահայ Րաֆֆի Նիզիբիլյանը երկար փնտրելուց հետո գտել է իր տունը Հայաստանում

Որտե՞ղ է իմ տունը. Կանադահայ Րաֆֆի Նիզիբիլյանը երկար փնտրելուց հետո գտել է իր տունը Հայաստանում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Այն պահից, ինչ ես հիշում եմ ինձ, միշտ հարցրել եմ ինքս ինձ` որտե՞ղ է իմ տունը.

Արդյո՞ք Անատոլիայում, որտեղ իմ նախնիներն են ապրել,

Արդյո՞ք Հորդանանում, որտեղ ես ծնվել եմ,

Արդյո՞ք Քուվեյթում, որտեղ ես իմ մանկության տարիներն եմ անցկացրել,

Արդյո՞ք Մոնրեալում, որտեղ մեծացել եմ, կրթություն ստացել և ընտանիք կազմել,

Եվ վերջապես, գուցե Երևանո՞ւմ, որտեղ ես հիմա ապրում եմ:

 

5 տարի առաջ այս տողերով է իր բլոգում կիսվել Րաֆֆի Նիզիբիլյանը, ում համար այս հարցի պատասխանը պարզ էր դարձել դեռ 1999 թվականին, երբ տիկնոջ հետ, որպես «Երկիր և մշակույթ» կազմակերպության կամավոր, առաջին անգամ այցելել էր Հայաստան: Լինելով Արցախի Քարին տակ գյուղում, շփվելով իրական հայրենիքի ու հայրենակիցների հետ՝ այն բացահայտեց ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես հայաստանցի: Վերադարձին կանադահայ ամուսինների համար պարզ էր, որ Հայաստան էլի են գալու:

 

Երկու տարի անց Հայաստան վերադարձավ արդեն կնոջ և փոքրիկ դստեր հետ. սա երիտասարդ ամուսինների համար հնարավորություն էր՝ հասկանալու, թե արդյո՞ք կարելի է ապրել Հայաստանում, ինչպե՞ս է հնարավոր մեծացնել երեխային, և ի՞նչ ապագա է սպասվում: Հենց այդ հարցերի շուրջ էլ Րաֆֆին կիսվել է Noranor.ca-ի հետ զրույցում: 

 

«Մենք, համենայնդեպս, իմացանք, որ այս տեղը մեզ համար հարմար է, և ժամանակի ընթացքում սկսանք Հայաստան տեղափոխվելու միջոցներ գտնել: Ինքն ավելի շատ հայրենասիրական որոշում էր, որ մեր հայրենիքն է, մենք պետք է վերադառնանք»,– պատմում է արդեն հայաստանցի հնաբնակը:

 

Րաֆֆի Նիզիբիլյանը ապրել և կրթություն է ստացել Կանադայի Մոնրեալ քաղաքում, որտեղ հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում ևս մեծ դերակատարություն է ունեցել: Լինելով ակտիվ քաղաքացի և հայրենասեր կանադահայ՝ նա լուրջ ներդրում է ունեցել հայ ազգային երգ ու պարի զարգացման գործում: 14 տարի պարել է հայկական պարախմբում, նրան վստահվել են նաև գլխավոր դերեր, ճամփորդել ու տարածել է հայկական մշակույթը, եղել է երգչախմբի անդամ: Բացի մշակութային այս գործունեությունից, նաև եղել է Համալսարանի հայ ուսանողական միության նախագահ, ներգրավված է եղել հայկական ակումբային, ուսանողական կյանքում, անդամակցել է երիտասարդական կազմակերպությունների, ղեկավարել Համազգային մշակութային երիտասարդական խմբակը:

 

Իր այս ակտիվ գործունեության ընթացքում մշտապես մտածել է Հայաստան վերադառնալու մասին: Ի վերջո, մի քանի փորձերից հետո, 2003 թվականին Րաֆֆին հաստատվել է Հայաստանում, երբ աշխատանքի առաջարկ է ստացել «Երկիր և մշակույթ» կազմակերպությունից: Այսպիսով, նա արդեն 13 տարի ՀՀ ակտիվ քաղաքացի է, ում համար ազգային արժեքները, որոնք բոլորովին այլ կերպ է ընկալել Հայաստանում, վեր են ամեն ինչից:

 

2005 թվականին նա աշխատանքի առաջարկություն է ստացել և աշխատել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ արդեն կարճ ժամանակ անց, չբավարարվելով դրանով, հիմնել է իր ընկերությունը՝ «Դիմ քոմունիքեյշնս»-ը  (Deem Communications), որն զբաղվում է մշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպմամբ և, ինչպես հիմնադիրն է նշում, այն իր տեսակի մեջ «հաղորդակցման ոլորտի մարքեթինգի առաջատարներից է»:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԿԱ

Սփյուռքից Հայաստանը բոլորովին այլ կերպ է նայվում, սակայն այն բոլորովին այլ տեսք ունի, երբ դիտում ես ներսից ու փորձում հասկանալ՝ այստեղ կա ապագա քո երեխաների համար: Այս հարցի պատասխանը Րաֆֆի Նիզիբիլյանի համար մեկն է ու միանշանակ. «ԿԱ, ով ուզում է, գտնում է էդ ապագան»:

 

Նա համոզված է ու վստահ, որ իր զավակները Հայաստանում ապագա կունենան: Հեշտ չի այն կառուցել, բայց ոչ մի երկրում հեշտ չի, վստահ է Նիզիբիլյանը, պետք է միայն աշխատել, այլ հարց է, թե գուցե այլ երկրում դու կարող ես մի փոքր ավելին ունենալ, բայց միայն ֆինանսապես, ոչ ավելին:

 

Այնտեղ, որ ես հասել եմ Հայաստանում, և որտեղ որ իմ երեխաները գտնվում են, ինձ համար դա արժեք է

 

«Եթե սա արած լինեի կամ սա արած չլինեի…իրականության մեջ, այո, հնարավոր է, որ Կանադայում այսքան տեմպով աշխատելիս ես ուրիշ տեղ հասած լինեի, բայց այնտեղ, որ ես հասել եմ Հայաստանում, և որտեղ որ իմ երեխաները գտնվում են, ինձ համար դա արժեք է՝ կյանքի արժեք է, որն անպայման չէ, որ գումարի և ֆինանսների հետ է կապված»,– իր համոզմունքներն է ներկայացնում մեր զրուցակիցը, ով երբևէ չի փորձել ավելին ունենալու առիթը վեր դասել հայրենիքում ապրելու հնարավորությունից:

 

Երբ նոր էր տեղափոխվում Հայաստան, մտածում էր, որ Սփյուռքում ապրողներից շատերն ունեն այս մտածելակերպը, բայց հիմա համոզմունքները փոխվել են: 13 տարի Հայաստանում ապրելով՝ հասկացել է, որ այլ սփյուռքահայերի համար հայրենիքը թանկ է, բայց միայն այդքանը: Ուզում են այն ծաղկուն ու բարգավաճ տեսնել, իսկ վատ դրության համար մի քիչ էլ իրենց են մեղավոր զգում, սակայն ապրել այնտեղ ու նպաստել բարեկեցությանը քչերն են համարձակվում. «Իրականում փաստն այդպես էր: Ասում են, որ Հայաստանը լավ է, մենք սիրում ենք իրեն, բայց մենք ունենք մեր հոգսերը, մեր առօրյան, իսկ մենք ուզեցինք Հայաստանը դարձնել մեր առօրյան»: Առօրյա դարձած Հայաստանը հիմա Նիզիբիլյան ընտանիքի համար ոչ միայն հայրենիք է, այլ նաև մի վայր, որի ապագայի կերտման գործում ցանկություն ունեն միայն հաջողել: Նախկին կանադահայը այսպես է ներկայացնում.

 

«Մենք ժառանգեցինք մի երկիր արծաթե ամանի վրա, իսկ թե ինչ կանենք այդ երկրի հետ, դա կլինի մեր սերնդի ճակատագիրը: Եթե մենք ուզում ենք հաջողացնենք, շատ լավ կհաջողացնենք, եթե մենք ուզում ենք, որ չհաջողվի, ու վերջը ասենք՝ տեսա՞ք ես գիտեի, որ չէր հաջողվելու, այդպես էլ կարող է լինի: Ճակատագիրը մենք ենք կրում, պետք է, որ մենք պատասխանատուները լինենք, որ ճիշտ ձևով կրենք»:

 

Ղարաբաղ, Ջավախք, Քեսաբ, Հայաստան…հայրենիքն իր բոլոր անկյուններով բացվեց Րաֆֆի Նիզիբիլյանի առջև, երբ սկսեց իր գործունեությունը ծավալել այստեղ: Նախ «Երկիր և մշակույթ» կազմակերպության շարքերում, ապա հետագա գործունեության ընթացքում կարողացավ ճանաչել Հայաստանն իր բոլոր կողմերով, իսկ իր հիմնած կազմակերպության միջոցով կարողանում է, ինչպես ինքն է ասում, հագեցնել այն մշակութային ծարավը, որ առաջանում է Կանադայում ծավալած մշակութային գործունեության ընթացքում: Հիմա նա չի երգում կամ պարում մշակութային խմբերում, բայց ապրում է նույն այդ մշակութային կյանքով իր կազմակերպության շնորհիվ:

 

«Ես ապրում եմ այդ մշակույթը, այսինքն՝ ես ոչ թե պետք է ակումբ գնամ, որ մշակույթս վայելեմ, այլ իմ առօրյան դարձավ մակութային: Ես բազմազան համերգներ, մշակութային ծրագրեր եմ իրականացնում՝ հենց սփյուռքահայերին հրավիրելով Հայաստան և նոր շուկա ստեղծելով: Նույն Սերժ Թանկյանին ես եմ առաջին անգամ ներկայացրել Հայաստանում: Հումորիստ Վահե Բերբերյանին առաջին անգամ ես եմ հրավիրել: Այդ մշակութայինը համատեղեցի բիզնեսի հետ ու ես վայելեցի ոչ միայն ինձ համար, նաև բաժանեցի իմ հաճույքը հայ հանդիսատեսի հետ»,– պատմում է գործարարը, ում համար հեշտ չի եղել կայանալ անծանոթ միջավայրում, որտեղ մրցակիցները շատ ավելի հնարավորություններ ունեին:

 

Անկախ դժվարություններից՝ Րաֆֆի Նիզիբիլյանը հայրենիքում բիզնես ծավալելու նախադրյալներ տեսավ, հող, որտեղ կարելի էր ծաղկեցնել բիզնեսն ու մշակույթը:

 

Բիզնեսը ռիսկ է. անում ես՝ իմանալով, որ կարող է նաև չհաջողես

 

«Բիզնեսը ռիսկ է. անում ես՝ իմանալով, որ կարող է նաև չհաջողես: Իհարկե, ունեցանք դժվարություն, ունեցանք մեծ կորուստ, երբ որ Սիրուշոյի համերգն էինք կազմակերպում, բայց մենք կայացանք, վերականգնվեցինք ու շարունակեցինք, այսինքն՝ լավ կլիներ, որ այդ պահը չլիներ, բայց դա էլ ռիսկերից մեկն էր»,– հիշում է ու ներկայացնում հաջորդ ռիսկը, որն աշխատակազմի ընտրության դժվարության հետ էր կապված: Հայաստանում նրա համար լուրջ խնդիր է եղել պրոֆեսիոնալ, ստեղծագործ, աշխատասեր մարդիկ գտնելը, հատկապես շեշտում է. «Խնդիր կա ամբիցիաների, որ ավարտել եմ այսինչ համալսարանը, ուրեմն դու պարտավոր ես ինձ ընդունել՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, և վարձատրել այն, ինչ որ, ըսենք, ինձ համապատասխան չի, բայց միևնույնն է՝ ես այդքան եմ ուզում»:

 

Այնուամենայնիվ, կարողանում է գտնել լավ աշխատակիցներ, որոնցով շրջապատված է մինչ օրս և նաեւ նրանց շնորհիվ, ասում է, ընկերությունը արդեն 10 տարի գործում է, կայացել է ու ապագա ունի: Կազմակերպել են մեծամասշտաբ միջոցառումներ լուրջ իրադարձությունների համար, աշխատել են հայկական ու միջազգային բազմաթիվ ընկերությունների, բանկերի հետ: 10 տարի շարունակ լինելով այս բնագավառում և հաջողություններ գրանցելով՝ մշակութասեր գործարար հայը եկել է հետևյալ եզրակացության.

 

«Երբ ես Սփյուռքում էի, ուրիշ ձևով էի պատկերացնում իմ հայ լինելը, ավելի արդարացնելով իմ ինքնությունը, իսկ այսօր առիթը չեմ զգում դրա: Ես կայացած եմ, փոխանցել եմ հայկական շունչը իմ երեխաներին, իհարկե, ուր էլ որ գնամ, փորձում եմ գտնել հայկական մի բան. իմ մեջ կա դեռ հայ լինելու հանդեպ հանգամանքը»:

 

Բայց եթե վերադառնա Կանադա, կփորձի ոչ թե նախկին մշակութային կյանքով ապրել, այլ աշխարհի համար նոր բաներ հայտնաբերել. «Աշխարհին կփորձեի ինչ-որ բան հայտնաբերել, ուրիշ ձևով եմ տեսնում Սփյուռքի դերակատարությունը և չէի ուզենա վերադառնալ»:

 

Իսկ Սփյուռք վերադառնալու մասին հարցին իր բլոգում այսպես էր պատասխանել.

 

«Հարցը, թե որտեղ է իմ տունը, միշտ արմատացած է եղել իմ մեջ, միայն վերջերս ես եկա այն գիտակցության, որ ՏՈՒՆԸ այն վայրն է, որը դու ընտրել ես: Այնպես որ ես ընտրել եմ Հայաստանը: Կարծում եմ՝ այն մի ապահով ու հարմարավետ վայր է իմ ընտանիքի ու երեխաների համար, մի վայր, որտեղ ես ձեռք եմ բերել ընկերներ ու ստեղծել հիանալի կարիերա: Իսկ արդյոք այն իմ տունը կլինի 15 տարի հետո, ես դեռ չեմ կարող պատասխանել այս հարցին»:

 

Րաֆֆի Նիզիբիլյանը միայն հավատում է, որ իր զավակներին ևս չի տանջի նույն հարցը, թե որտեղ է իրենց տունը: Նա հույս ունի, որ այդ փնտրտուքը կարճ կտևի, և նրանք իրենց տունը կհամարեն Հայաստանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments