Home / Interview  / Փորագրության վարպետը դարձել է Տորոնտոյի մունետիկը. Մատաթ Մամուրյանն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրին

Փորագրության վարպետը դարձել է Տորոնտոյի մունետիկը. Մատաթ Մամուրյանն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր)  Վարպետ Մատաթը վաղուց մի կողմ է դրել փայտն ու բրիչը և անցել թոշակի: Ավելի քան 23 տարի զբաղվել է փորագրությամբ ու իր վաստակով պահել ընտանիքը, որ Կանադայում է կազմել:

 

Մոտ 40 տարի առաջ նա թողել է Եգիպտոսը և տեղափոխվել Կանադա, որտեղ ամուսնացել, երկու արու զավակ է ունեցել և արհեստագործություն սովորել:

 

«Ձեռարվեստ կսիրեի, սկսա ուսումնասիրել տպագրական արվեստի, ձեռարվեստի գործերը, առիթ ընձեռվեց, որ մեկ ընկերություն մը մտա եւ հոն աշխատեցա, փորձառու շրջանեն ետք մոտ 25 տարի աշխատեցա: Մոտ էր իմ փափագիս, եւ ատոր համար էր, որ կատարելագործեցի»,– պատմում է 68-ամյա վարպետը:

 

Աշխատանքը թողնելով՝ Մատաթ Մամուրյանը, սակայն, չի հեռացել համայնքային ակտիվ գործունեությունից: Նախկինում եղել է հայկական եկեղեցու ծխական խորհրդի անդամ, Կանադահայ թեմի պատգամավոր, ինչպես նաև «Նոր սերունդ» եկեղեցական պարբերաթերթի թղթակից:

 

Նրա թղթակցական գործունեությունն առանձին ուշադրության է արժանի: Հենց իր այս նախասիրությունն էր, որ ուշադրության արժանացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի կողմից, և Մատաթ Մամուրյանին ևս ներգրավեցին աշխատանքներում: Այս և իր կատարած աշխատանքների մասին նա պատմել է Noranor.ca-ի հետ զրույցում:

 

ՀԱՄԵՍՏ ՆԵՐԴՐՈՒՄ

Իր աշխատանքը կատարեց ըստ պատշաճի՝ 2015 թվականի հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ցեղասպանության զոհերի հիշատակման ու ոգեկոչման բոլոր արարողությունները, որ տեղի էին ունենում Տորոնտոյում, նա արձանագրում և փոխանցում էր Մոնրեալում լույս տեսնող «Ապագա» պարբերաթերթի ընթերցողներին:

 

Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը գնահատեց նաև Մամուրյանի աշխատանքը, և ՀՀ անկախության 25-ամյակին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նրան ևս հանձնեց շնորհակալագիր: Երբ Մամուրյանին հարցնում ես իր ներդրման մասին, նա համեստորեն պնդում է, որ ոչ թե իր, այլ ընդհանուր հանձնաժողովի աշխատանքներն են գնահատել՝ այդ թվում և իրեն: Շնորհակալ է իրեն և ընկերներին գնահատելու համար:

 

Ամեն մեկը կաթիլ մը լցնելով՝ կրնա գետ սարքել, ամեն մեկ իր գիտցածը օգտագործելով կրցավ օգնել, որ գործերը սահուն ընթանան

 

«Ամեն մեկը կաթիլ մը լցնելով՝ կրնա գետ սարքել, ամեն մեկ իր գիտցածը օգտագործելով կրցավ օգնել, որ գործերը սահուն ընթանան, ես ալ իմ կրցածս չափով որոշ թղթակցություններ արեցի, այդ ամենը հայկական թերթերու գրություններ գրեցի, որ կարտացոլեր մեր աշխատանքը»,– ներկայացնում է կանադահայը՝ ընդգծելով, որ ջանացել է ավելի շատ ձեռնարկների մասին տեղեկատվություն փոխանցել, ոչ թե ուսումնասիրություններ:

 

Ցեղասպանության ոգեկոչման արարողություններից ու ըստ այդմ հրապարակված հոդվածներից ամենահետաքրքիրը, ըստ Մամուրյանի, եղել է քայլերթը, որին մասնակցել են մեծ թվով կանադահայեր, իսկ ելույթների մեջ հնչել են նաև կանադացի պաշտոնյաների խոսքեր, ինչն ավելի տպավորիչ ու ազդեցիկ է եղել:

 

«Թե՛ հայության, թե՛ Կանադայի աչքառու ձեռնարկը ադ քաղաքական մեր քայլարշավն էր Օնտարիո նահանգապետարանին առջեւեն, որոշ խոսակցություններ եղան պետական մարմիններու թե նահանգային եւ թե դաշնակցային անձնավորություններու, որուն քայլարշավը հաջորդեց եւ ավարտին մետրոպոլիտենի մեջ եղավ կրոնական էկումենիկ արարողությունը»,– դեռևս տպավորված պատմում է Ապագա շաբաթաթերթի թղթակիցը Տորոնտոյից:

 

ՏՈՐՈՆՏՈՅԻ ՄՈՒՆԵՏԻԿԸ

Ապրելով Տորոնտոյում՝ նա միշտ ձգտել է, որպեսզի այս քաղաքի հայ համայնքի գաղութային կյանքում տեղի ունեցող լավ ու վատ իրադարձությունները հասանելի դառնան հասարակությանը՝ և՛ նրանց, ովքեր Կանադայի այլ համայնքներում են բնակվում, և՛ այլ երկրների հայրենակիցներին: Այսինքն՝ դարձել է, այսպես կոչված, Տորոնտոյի մունետիկը: Սա էր պատճառը, որ առանց վարձատրություն ակնկալելու նա թղթակցում ու տեղի իրադարձությունների մասին տեղեկություններ էր հրապարակում մամուլում:

 

«Տարվետարի աշխատած եմ, որ Տորոնտոյի ձեռնարկները արտացոլվին: Անշուշտ այդ թերթը որ կերթա արտասահմանյան այլ երկիրներ, ինչպես մենք կկարդանք ուրիշներու ձեռնարկները, լավ կլլա, որ Տորոնտոյի լուրերն ալ անոնք իմանան, արտացոլվի մեր գործունեությունը»,– նշում է նախկին արհեստավորը, ով փորագրությունից ոչ պակաս ներդրում ունի նաև լրագրության ոլորտում:

 

Եթե ձուլացումը կա, անիկա մեր ձեռքե դուրս է

 

Ծառայություն մատուցած լինելով նաև եկեղեցում՝ նա կարևորում է հայապահպանության դերն օտար երկրում, որտեղ ձուլումը երբեմն անխուսափելի է:

 

«Մենք կջանանք պահել, բայց եթե ձուլացումը կա, անիկա մեր ձեռքե դուրս է, բայց մեր բոլոր աշխատանքները ուղղված են անոր, որ վարժարաններով պահվին այդ հայկականությունը, միջոցառումներով եւս կջանանք պահել»,– կարծիքն է կիսում իր զավակներին հայկական շնչով մեծացրած նախկին եգիպտահայը, ով դեռևս առիթ չի ունեցել այցելել Հայաստան, սակայն խոստանում է, որ առիթը լինելուն պես անպայման կայցելի:

 

 

Ձեր կարծիքը

Comments