Home / Interview  / Կանադայի դաշնային կառավարության երկարամյա պաշտոնյան 15 տարի առաջ հաստատվել է Հայաստանում և այն լքելու որևէ պատճառ չի տեսնում. Անտուան Տերջանյան

Կանադայի դաշնային կառավարության երկարամյա պաշտոնյան 15 տարի առաջ հաստատվել է Հայաստանում և այն լքելու որևէ պատճառ չի տեսնում. Անտուան Տերջանյան

untitled-1-01-110

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Եղեգնաձոր (Նորանոր) — Կանադայի դաշնային կառավարության երկարամյա պաշտոնյան՝ Անտուան Ստեփան Տերջանյանը, ով միշտ երազել է Հայաստանին օգտակար լինելու մասին, 15 տարի առաջ հայրենիք տեղափոխվելու և երկրի զարգացման գործում իր ներդրումն ունենալու վերջնական որոշում կայացրեց:

 

2001 թվականն էր, երբ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման մասնագետ Տերջանյանը կարճ փնտրտուքներից հետո կապ հաստատեց Հայ կամավորների միության հետ, որն այն տարիներին նոր էր ստեղծվել: Նրանց ծրագրով մեկ տարի ժամանակով պետք է որպես կամավոր աշխատեր Հայաստանում:

 

Կազմակերպությունն հոգացել էր ամեն ինչ: Ծնունդով շոտլանդացի կնոջ հետ տեղափոխվեցին, ծրագրի շրջանակներում կատարեցին աշխատանքը և վերջնական որոշում կայացրին, որ այդուհետ հաստատվելու են Հայաստանում:

 

Ի տարբերություն Հայաստան տեղափոխված բազմաթիվ հայրենադարձների, Տերջանյանները որոշեցին հաստատվել ոչ թե Երևանում, այլ մայրաքաղաքից դուրս՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որտեղ էլ ծանոթներից մեկի օգնությամբ տուն ձեռք բերեցին: Երբ տեղափոխվեցին, Երևանն այնքան էլ զարգացած չէր, հիշում է պաշտոնյան, ով չի դժգոհում բնակավայրի ընտրությունից: Նա Noranor.ca-ի հետ զրույցում կիսվել է իր պատմությամբ: 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Անտուան Տերջանյանն արմատներով Էրզրումի շրջանի Տերջան գյուղից է: Ընտանիքի 7 զավակներից 5-ը զոհ են գնացել թուրք յաթաղանին, ողջ են մնացել ամենամեծ և փոքր որդիները: Ամենափոքրը Թորոս Տերջանյանն է եղել՝ Անտուանի հայրը:

 

Հայրենիքի հետ ամուր կապ պահպանելը կանադահայ ընտանիքում արմատացած է եղել: Տերջանյան ամուսինները ձգտել են նաև զավակներին տեղափոխել Հայաստան: Շոտլանդացի կինը, ով Հայաստանում ապրելու որևէ անհարմարություն չի զգացել, երբևէ չի ընդդիմացել:

 

Բայց Անտուանը ափսոսանքով է նշում, որ արդեն հասուն երեխաներն իրավամբ իրենց որոշումը կայացրել են և նախընտրել այլ երկրներում ապրել: Չի հաջողվել նաև որդու համար հայ հարսնացու ընտրել, բայց սա չի նշանակում, որ Տերջանյան ամուսինները չեն փորձում քաջալերել այլ հայ ընտանիքների, որպեսզի վերջիններս տեղափոխվեն Հայաստան:

 

Ամենակարևորն այն, որ ես իմ հայրենիքում եմ ապրում, և իմ ոտքերի տակ հայերնիքի հողն է

 

«Ամենակարևորն այն, որ ես իմ հայրենիքում եմ ապրում, և իմ ոտքերի տակ հայերնիքի հողն է: Երկրորդն այն է, որ ես այնտեղ ապրելու ժամանակ, իմ ծախսերը ավելին էին»,– նշում է Տերջանյանը, ով Հայաստանից հեռանալու որևէ պատճառ այլևս չունի: Ավելին, երբ տեղափոխվեց, մտածում էր՝ շատերը կտեղափոխվեն Հայաստան: 

 

«Ես մի հոգի կարողացել եմ համոզել, որ գա, և եկել է: Ես մտածում էի, որ մինչև հիմա ինձ պես 100 հոգի կլիներ Եղեգնաձորում, բայց միայն ես եմ: Չկարողացա, ձախողվեց»,– անկեղծանում է հայաստանցին, ում համար պատճառներն ավելի քան պարզ են:

 

ԴԻՏՈՐԴ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ինքնաբերաբար անցում է կատարում պատճառներին՝ խոսելով այն մասին, որ Հայաստանի մասին բացասական կարծիքներն են սփյուռքահայերի համար Հայաստան վերադառնալու արգելք հանդիսանում: Օրինակ է բերում ընտրական գործընթացների վերաբերյալ խոսակցությունները: Այնպես չէ, որ խախտումներ չկան, բայց դրանք ամենուր կան, համոզված է նախկին դիտորդը, ով մի քանի անգամ ներկա է գտնվել ընտրական գործընթացներին և վստահեցնում է.

 

«Ինձ ասում են՝ կռիվ են անում: Ես եղել եմ, կարող է հարգում են կամ վախենում, իմ առջև ոչ մի բան չի պատահել, ամեն ինչ շատ նորմալ է, ուրիշ տեղեր ալ գնացի, աշխատեցի դիտորդ այն թաղերը, որտեղ ամենեն շատ խարդախություն պետք է եղած լիներ: 16 ժամ քվեատուփերի վրա դրել էին կամերաները, մեկիկ-մեկիկ նայել եմ, և ոչ մի բան չպատահեց: Ասում են՝ ձեր գնալուց հետո արել են»:

 

Այս անվստահությունն է, որ հանգեցնում է բացասական տպավորությունների, համոզվել է նախկին կանադահայը:

 

Իսկ դրական կողմերից քչերն են խոսում: Այնինչ, Հայաստանում ապրելով, իրենք հանգստանում են, վստահեցնում է եղեգնաձորցին՝ նշելով. «Ես իմ հաճույքի համար կմնամ Հայաստան»: Հայրենիքում ապրելու համար բավարար միջոցներ ունեն. սկզբնական շրջանում կինը Եղեգնաձորի համալսարանում անգլերեն է դասավանդել, բայց դարձյալ ոչ կարիքները հոգալու նպատակով:

 

«Երբ տեսավ, որ Հայաստանում կան երիտասարդներ, որ այդ գործը կրնան անել, ինքը թողեց, ասում է՝ ինչի իրենց գործը անեմ, մենք եկամտի պետք չունենք, մենք գնում ենք միայն օգնելու համար: Մարդիկ կան, որ պիտի գնան, անեն, արտադրեն, արտահանեն, և՛ շահով, որ կարողանան ապրել, և՛ այնտեղ մնալ: Ես նրանց շատ եմ հարգում, որովհետև մեր արածը հեշտ է, ինչ որ իրենք են անում, շատ ավելի դժվար է, և ես իրենց առջև խոնարհվում եմ»,– այսպես խոսում է այն կանադահայերի մասին, ովքեր Հայաստանում սեփական գործն են սկսում, առաջխաղացում ապահովում և ավելին, կարողանում աշխատատեղեր ստեղծել, իսկ նրանց համար այդ ամենը նույնքան հեշտ չէ, որքան իր, նշում է նախկին պաշտոնյան, ով այսօր ևս աշխատում է, բայց տարվա ընթացքում մեկ-երկու ամիս:

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Բայց սա չի նշանակում, որ Տերջանյանները անգործ են մնում: 15 տարիների ընթացքում նրանք բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկել՝ օգնել մշակութային, կրթական հաստատությունների բարեկարգմանը, միջոցներ նվիրաբերել տարբեր ընտանիքների ու նախաձեռնությունների, իսկ որ ամենակարևորն է՝ փորձել են հեռահար ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն տնտեսության բարելավմանը:

 

Անտուան Տերջանյանի նախաձեռնությամբ իրականացվել են զբոսաշրջության, մեղրի և օծանելիքի արտադրության ծրագրեր, իսկ առաջիկայում պատրաստվում են մեկ այլ ծրագիր կյանքի կոչել, որը կապված է գյուղատնտեսության զարգացման հետ:

 

«Զբոսաշրջությունը մի ճյուղն է, որի վրա աշխատել ենք, հիմա արդեն լավացել է: Մեղրի արտահանության և օծանելիքի արտադրության ձեռնարկներ կդնենք, մշակութային ձեռնարկներ, որ երգ-երաժշտության զարգացմանը նպաստենք: Ուզում ենք մասնակցել տնկարանի ձեռնարկին՝ կարճահասակ մրգային սորտերը հարստացնենք, որ ավելի շուտ են պտուղ տալիս և հեշտ է պահելն ու քաղելը»,– ծրագրերն է ներկայացնում նախկին կանադահայը, ով համոզված է, որ Հայաստանը միայն Երևանը չէ, կոչ է անում ուրիշներին էլ ծանոթանալ ու ապրել մայրաքաղաքից դուրս:

 

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ

Իսկ հայրենիքին օգնել յուրաքանչյուր սփյուռքահայ փորձում է իր հնարավորությունների սահմաններում: Նա, համագործակցելով Ատգեն Արմենյան Հիմնադրամի հետ, վստահեցնում է, որ Սփյուռքից հայրենիքին տրամադրված բոլոր միջոցները նպատակին են ծառայում, և որևէ մեկը որևէ գումար չի գրպանում.

 

«Մենք ինչ անում ենք, անում ենք իբրև օգնություն, առանց որևէ մեկին գումարներ հանձնելու, ոնց որ խոսում են, թե ամեն մեկը գողանում է: Ո՞վ է գողանում, ոչ մեկ մեծահարուստի, կառավարական պաշտոնյայի գրպանները չեն լցվում, ուղիղ օգնում ենք, և մեզ հետ աշխատողների տվածները ուղղակի բաժանում ենք: Մեր ծախսերը մենք ենք հոգում»:

 

Հետևաբար կոչ է անում հայրենիքի կողքին լինել, որպեսզի նաև արտագաղթը պակասի, տնտեսական աճ, ներդրումներ ու եկամուտներ լինեն, իսկ ովքեր արտագաղթում են, նրա համոզմամբ, իրական պատկերացում չունեն արտերկրի պայմանների մասին:

 

Մտածում են շրջապատից դուրս խոտն ավելի կանաչ է, չեն հասկանում, որ այդտեղ մարդիկ կնոպկա սեղմելով փող չեն աշխատում

 

«Մարդիկ, որ գնացել են, շատերը մտածում են շրջապատից դուրս խոտն ավելի կանաչ է, չեն հասկանում, որ այնտեղ մարդիկ կնոպկա սեղմելով փող չեն աշխատում, գիշեր-ցերեկ աշխատում են, և նույն ապրելակերպը չունեն, որ մենք ունենք Հայաստանում: Ավելի փող կստանաս, բայց ծախսերը շատ ավելին են, և ապրելակերպը նույնը չէ»:

 

Իսկ երկրի տնտեսական իրավիճակը զարգացնելու համար Անտուան Տերջանյանը համոզված է, որ եկամտաբեր ներդրումներ են պետք.

 

«Մենք պարտքով ենք ապրում: Համաշխարհային բանկը պարտք է տալիս, և տոկոսով պետք է ետ մուծենք: Տարեցտարի երթալով մեր պարտքը ավելանում է, և մենք փորձում ենք դրանց դեմ աշխատել»:

 

Նա համոզված է, որ Հայաստանում պետք է փորձեն այնպիսի արտադրություններ հիմնել, որ արտահանում և ֆինանսական միջոցների հոսք լինի:

 

 

Ձեր կարծիքը

Comments