Home / Interview  / Սիրիահայ Սիմոնյանների ընտանիքը 3 անգամ փոխել է բնակավայրն ու հաստատվել Տորոնտոյում. ընտանիքի երիտասարդ աղջիկն այլևս չի ուզում տեղափոխվել

Սիրիահայ Սիմոնյանների ընտանիքը 3 անգամ փոխել է բնակավայրն ու հաստատվել Տորոնտոյում. ընտանիքի երիտասարդ աղջիկն այլևս չի ուզում տեղափոխվել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Հալեպահայ Դալար Սիմոնյանի «Կռունկ» երգի կատարումը դեռ երկար կմնա այն կանադահայերի հիշողություններում, ովքեր ներկա են գտնվել նոյեմբերի 20-ին Միսիսոգայի «Crystal Grand» սրահում կայացած ամենամյա Երախտագիտության համերգին:

 

Ինչպես արդեն հրապարակել էր Noranor.ca-ը՝ համերգը, որն ուներ երկու կարևոր նպատակ, կազմակերպվել էր Կանադայի Սբ. Վարդան Հայ առաքելական եկեղեցու կողմից: Երկու մասից բաղկացած միջոցառման առաջին հատվածը անցած մեկ տարվա ընթացքում Կանադայում ապաստանած սիրիահայերի երախտիքի խոսքն էր՝ ուղղված Կանադայի կառավարությանն ու ժողովրդին: Իսկ երկրորդ հատվածը նվիրված էր Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին: Ելույթ են ունեցել սիրիահայ հայտնի և երիտասարդ երաժիշտներ, ինչպես նաև Տորոնտոյի «Նաիրի» երգչախումբը՝ Սարգիս Համբոյանի ղեկավարությամբ: Համերգին անդրադարձել էր նաև կանադական CBC News լրատվական կայքը՝ նշելով, որ սիրիահայերը երգի միջոցով իրենց երախտիքն են հայտնում իրենց ընդունած Կանադայի կառավարությանը: 

 

Այս կարևոր միջոցառմանը Հալեպի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում 10 տարի դաշնամուր և 3 տարի վոկալ կրթություն ստացած Դալար Սիմոնյանը, ում ընտանիքը մոտ մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Կանադա, իր պարտքն է համարել ներկայանալ մի երգով, որը տարագիր հայ ժողովրդի կենսագրության մի մասնիկն է. «Ես մասնակցեցա «Կռունկ» և «Դու հեռացար» երգերով, դաշնամուրի ընկերակցությամբ Վրեժ Ղազարյանի: «Կռունկը» կը կարծեմ շատ իմաստալի երգ մըն է հայերուն համար, նախընտրեցի երգել այդ դասական երգը»,– Noranor.ca-ի հետ զրույցում պատմեց Դալարը, ով հասցրել է պատերազմական 5 տարիների ընթացքում լինել մի քանի երկրներում:

 

Մինչ Կանադայում հաստատվելը Սիմոնյանների ընտանիքը 4 տարի ապրել է Լիբանանում: Այնուհետև, կորցնելով Սիրիա վերադառնալու հույսը, տեղափոխվել և այժմ ապրում է Կանադայի Տորոնտո քաղաքում:

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՀԱՎԻՐՔԸ

Իր մանկության տարիները Հալեպում անցկացրած Դալարը վառ հիշողություններ ունի հարազատ քաղաքից, որտեղ մինչ պատերազմը խաղաղ ու երջանիկ կյանքով են ապրել: Ծնողներն աշխատանք են ունեցել, ինքն ու եղբայրը կրթություն են ստացել: Ամեն ինչ լավ է եղել, սակայն պատերազմի բերած արհավիրքներն ու վախերը խախտել են ընտանիքի հանգիստը: Դալարը տխրությամբ է հիշում այն չորս ամիսները, երբ իրենք գտնվել են պատերազմական իրավիճակում.

 

«Շատ վատ և դժվար օրեր ունեցանք, մոտ 4 ամիս Հալեպ մնացինք լվացարանը, որովհետև ամենեն ապահով տեղն էր: Շատ բաներ կորսնցուցինք, բայց հոգու ողջությունն էր ամենեն կարևորը»:

 

15 օրը եղավ 4 տարի

 

Ոգու ամրությունը պահած հայ ընտանիքը, զավակների կյանքը ամենից թանկ գնահատելով, չորս ամիս անց տեղափոխվում է Լիբանան, որտեղ Դալարի մոր՝ Թամարի հարազատներն էին ապրում: Ինչպես Դալարն է նշում՝ «երբ պատերազմը սկսավ ազդել մեր հոգեկանին վրա, որոշեցինք օդափոխության երթալ Լիբանան 15 օրով, բայց այդ 15 օրը եղավ 4 տարի»:

 

Այստեղ Դալարը համալսարան է ընդունվում և գրաֆիկական ձևավորման հմտություններ ձեռք բերում: Բայց Լիբանանում ևս երկար մնալ չէին կարող, ապրում էին մորաքրոջ տանը՝ մեկ տան մեջ մի քանի ընտանիքով: «Կապրեինք իմ մորաքրոջս տունը, շատ օգտակար դարձան ինք և ընտանիքը, մեկ տան մեջ մնացինք 4 տարի մենք, մորս ծնողքը, մորս եղբայրը և ընտանիքը»,– ներկայացնում է երաժիշտ-դիզայները:

 

Տեղափոխվում են Կանադա, որտեղ բնակության պայմանները համեմատաբար ավելի լավ են, սակայն Դալարի համար, ինչպես ինքն է ասում, «Լիբանան իմ երազ երկիրն էր և կմնա»:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Կանադայում ապրելու իրենց պայմաններից չի դժգոհում, թեև սոցիալական խնդիրներ այստեղ ևս ունեն: Ընտանիքին բնակարանի վարձի և այլ հարցերում օգնելու համար ստիպված է սիրելի մասնագիտությունները մի կողմ թողած՝ զբաղվել այլ աշխատանքով, բայց լավատես է և երազում է, որ մի օր լիարժեք կրթություն ստանալուց հետո իր մասնագիտությամբ կզբաղվի:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Դալարը լավատես է և ուրախությամբ ու երախտագիտությամբ է խոսում նրանց մասին, ովքեր տեղափոխման ընթացքում և հիմա էլ իր ընտանիքի կողքին են եղել: 

 

«Երբ հասանք Կանադա, մեր մոտիկ հարազատները, հայ կենտրոնը և Կանադայի կառավարությունը շատ լավ ձևով դիմավորեցին մեզի, իսկ հիմա Տորոնտոյում ենք, և բոլոր ընտանիքի անդամները կաշխատին: Կարող եմ ըսել՝ Կանադան շատ փոխեց իմ 86 տարեկան մեծ հորս կյանքը, մի քանի դժվար սրտի գործողություն անցնելէ ետք հիմա շատ լավ և առողջ է: Կանադան շատ օգնեց իրեն»,— ներկայացնում է սիրիահայ աղջիկը, ով իրեն նույնքան լիբանանահայ ու հիմա արդեն կանադահայ է համարում, իսկ այսքանով հանդերձ չի մոռանում հայրենիքի՝ Հայաստանի մասին, որտեղ ևս հասցրել է լինել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել:

 

Եթէ ամեն ինչը լավ և կյանքի ապրելակերպը դյուրին ըլլար, անշուշտ բոլոր սփյուռքահայերը պիտի ուզեին իրենց հայրենիքը ապրիլ

 

«Հայաստան առաջին անգամ ըլլալով պտույտի գացի և անշուշտ ուզեցի իմ հայրենիքս տեսնել: Լավ, ուրախ օրեր անցուցի Հայաստան, ամեն տեղ պտտեցա: Եթէ ամեն ինչը լավ և կյանքի ապրելակերպը դյուրին ըլլար, անշուշտ բոլոր սփյուռքահայերը պիտի ուզեին իրենց հայրենիքը ապրիլ»,– համոզված է հայուհին, ով սակայն իր ընտանիքի համար ապագա տեսնում է Կանադայում:

 

«Կկարծեմ դժվար պիտի ըլլա 3 անգամ լքել երկիր մը և նորնորուց կյանք մը սկսիլ: Մենք Կանադա ենք, կուսանինք և կուզենք շարունակել մեր կյանքը»,– ներկայացնում է երգչուհին, ով մի քանի տարվա ընթացքում տարբեր երկրներ այցելելուց հետո երազում է զարգացնել ու օգտագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները երաժշտության և նկարչության բնագավառներում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments