Home / Armenia  / Քառօրյա պատերազմում ամենաշատը տուժած Թալիշում կսկսվեն վերանորոգման աշխատանքները. գյուղի 10 տղամարդ վերադարձել և ապրում է ավերված համայնքում

Քառօրյա պատերազմում ամենաշատը տուժած Թալիշում կսկսվեն վերանորոգման աշխատանքները. գյուղի 10 տղամարդ վերադարձել և ապրում է ավերված համայնքում

vilen-petrosyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Թալիշ, Արցախ (Նորանոր) — Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որն Ապրիլյան պատերազմի օրերին ամենաշատ մարդկային ու նյութական կորուստներն էր ունեցել, առաջիկայում կվերածվի շինհրապարակի: Գյուղում արդեն վերականգնվել են էներգամատակարարման ու ջրամատակարարման համակարգերը, իսկ տների ու մյուս հասարակական կառույցների վերանորոգման աշխատանքները կսկսվեն շուտով:

 

«Միգուցե աշխատանքները լավ կատարվեն, մի բան էլ ավելին կարելի է ակնկալել»,– հույս է հայտնում գյուղացիների հետ հարկադրաբար Թալիշը լքած գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ով չի տիրապետում գյուղի վերականգնման նպատակի համար հատկացված միջոցների ծավալին ու ֆինանսական աղբյուրներին, սակայն վստահ է, որ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն, քան մինչ Քառօրյա պատերազմն էր:

 

Թալիշում 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բնակվում էր 125 ընտանիք՝ 500 շնչով: Կային հաշվառված ևս 67 ժամանակավոր բնակիչներ՝ մանկավարժներ, շինարարներ, պաշտպանության ոլորտի աշխատակիցներ, ովքեր աշխատանքի բնույթով պայմանավորված ապրում էին գյուղում:

 

Պատերազմի ժամանակ հարկադրաբար գյուղը լքած թալիշեցիների կեսից ավելին մնացել և ապրում է Արցախում՝ տարբեր բնակավայրերում: Նրանց կեսը հաստատվել է ժամանակավոր կացարաններով ապահովված Ալաշան համայնքում:

 

ԹԱԼԻՇԵՑԻ 10 ՏՂԱՄԱՐԴ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՅՈՒՂ

Անկախ ստեղծված պայմաններից՝ թալիշեցիները ուզում են վերադառնալ գյուղ: Մոտ 10 օր առաջ Արցախի Հանրապետության ղեկավար Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մի քանիսը կվերադառնան և տեր կկանգնեն գյուղին:

 

10 տղամարդ տեղափոխվել է Թալիշ և ապրում է հատուկ իրենց համար նախատեսված բնակարանում, որն ապահովված է անհրաժեշտ պայմաններով: Noranor.ca կայքին տված հարցազրույցում այս և այլ հարցերի շուրջ մանրամասներ ներկայացրեց գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

 

«Տեղափոխված տղամարդկանց ընտանիքները գտնվում են Ալաշան տեղամասում: Թալիշում զբաղվում են իրենց տնամերձերի բարեկարգման աշխատանքներով, գյուղին են հետևում, իսկ շինարարական աշխատանքները սկսվելուն պես, որոշ մարդիկ կընդգրկվեն դրանցում»,– նշեց Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ ընթացքի մեջ են ուսումնասիրման, չափագրման աշխատանքները, հետևաբար հստակ տեղեկություններ չունի, թե որքան միջոցներ կծախսվեն, բայց աշխատանքները, ամենայն հավանականությամբ, Արցախի վերականգնման նպատակին հատկացված միջոցներով կկատարվեն:

 

ԿԾԱԽՍՎԵՆ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

Նշենք, որ օրեր առաջ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրել էր, որ կօգտագործվեն ինչպես կառավարության ունեցած միջոցները, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոյեմբերի 24-ին անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցներից, որոնք մեծամասամբ տրամադրվում են պատերազմի հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնմանը:

 

Աշխատանքները, ըստ համայնքի ղեկավարի, մեկ տարուց էլ շուտ կավարտվեն՝ պայմանավորված գյուղացիների տեղափոխման ընթացքով:

 

Նախատեսվում է, որ հաջորդ ուսումնական տարում դպրոցը գործի

 

«Կսկսեն դպրոցի, գյուղապետարանի , հանդիսությունների տան շենքերից, հետո միայն կանցնեն բնակարանաշինությանը: Նախատեսվում են ինչպես հին տների վերանորոգման աշխատանքներ, այնպես էլ՝ նորակառույցների շինարարություն: Նախատեսվում է, որ դպրոցը կգործի հաջորդ ուսումնական տարում, գյուղում եռուզեռ կլինի: Աշխատանքները շուտով կսկսվեն, պետք է, որ լավ լինի»,– ասաց համայնքի ղեկավարը:

 

Հույսով ու լավատեսությամբ լցված գյուղապետը ապավինում է գյուղացիներին՝ վստահ լինելով, որ նրանք կցանկանան վերադառնալ գյուղ: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ասում է՝ խոսելով դրական տրամադրվածության մասին.

 

«Բոլորի անունից չեմ կարող ասել` կվերադառնան արդյոք, թե`ոչ, բայց ընդհանուր տրամադրությունը դրական է, գյուղ վերադառնալու ցանկություն ունեցողներ կան»:

 

Մենք պատրաստ ենք վերադառնալ, միայն թե մեծածավալ գործողություններ չլինեն

 

Հենց գյուղ վերադառնալու ցանկություն ունեցողների թվով է պայմանավորված նաև հետագա աշխատանքների ընթացքը, հետևաբար առայժմ պարզ չէ՝ որքան նորակառույցներ կլինեն գյուղում: «Դա ցույց կտա գործի ընթացքը: Ոչ ոքի հայտնի չէ՝ քանիսը կվերադառնան: Պետք է ձգտենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ վերադառնալ ցանկացողները շատ լինեն: Իհարկե, տուն վերադառնալ ցանկացողներ շատ կան»,– նշում է սահմանամերձ բնակավայրի ղեկավարը, ով, ինչպես սահմանին ապրող բոլոր արցախցիները, սովոր է կրակոցներին և չի վախենում վերադառնալ, պատրաստ է նաև հոգեբանորեն, եզրափակում է. « Կրակոցներ միշտ էլ եղել են, բայց մենք պատրաստ ենք վերադառնալ, միայն թե մեծածավալ գործողություններ չլինեն»:

 

 

Ձեր կարծիքը

Comments