Home / Exclusive  / Առաջիկա նահանգային ընտրություններում հայազգի թեկնածուին լուրջ մրցակցություն է սպասվում. Պահպանողական կուսակցության անդամ Արիս Պապիկյանի հարցազրույցը

Առաջիկա նահանգային ընտրություններում հայազգի թեկնածուին լուրջ մրցակցություն է սպասվում. Պահպանողական կուսակցության անդամ Արիս Պապիկյանի հարցազրույցը

cd0ab8936c164bd126ff629da90720ff7aac0c067d2a4c8078pimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Հայ դատի հանձնախմբի նախկին երկարամյա անդամ և Կանադայի նախկին Քաղաքացիության դատավոր Արիս Պապիկյանը նահանգային ընտրություններում առաջադրվելու է որպես Պահպանողական կուսակցության նախընտրական թեկնածու` Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում:

 

Պապիկյանն իր ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում ներդրում է ունեցել կանադահայ գաղութի տարբեր բնագավառներում՝ քաղաքական, մշակութային, կրթական, ընկերային ծառայության, իրավական և այլն: 6 տարի առաջ նշանակվել է քաղաքացիական դատավոր ու վարել փոքրամասնությունների ինքնության պահպանմանն ուղղված և բազմաթիվ այլ գործեր: Նախկինում երկու անգամ մասնակցել է Տորոնտոյի քաղաքապետական խորհրդի ընտրություններին:

 

Noranor.ca կայքը զրուցել է Պահպանողական կուսակցության կանադահայ թեկնածուի հետ, ով պատմել է թեկնածությունն առաջադրելու դրդապատճառների, Պահպանողական կուսակցությանն անդամակցելու և հաջողության հասնելու դեպքում իր անելիքների մասին:

 

ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 Նահանգային ընտրությունների ժամանակ Արիս Պապիկյանին նշված ընտրատարածքում լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ նույն կուսակցությունից առաջադրվելու ցանկություն հայտնողները շատ են: Նրանց թվում է մի լիբանանցի արաբ կին, ում պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական գաղութը, ինչը իրական խոչընդոտ ու լուրջ մրցակցություն է հայ թեկնածուի համար:

 

Չեմ զարմանար, որ ադրբեջանցիները իմ առաջին հանգրվանին եւս սկսած են իմ հակառակորդիս օգնել

 

«Հիմա չեմ զարմանար, որ ադրբեջանցիները իմ առաջին հանգրվանին եւս սկսած են իմ հակառակորդիս օգնել: Ադրբեջանական եւ թրքական գաղութը քաջատեղյակ են Հայ դատի իմ աշխատանքներուս, եւ իրենք պիտի չուզեին, որ ես ընտրվիմ որեւէ պաշտոնի: Երբ վեց տարի առաջ դատավոր նշանակվեցա, անոնք հոդվածներ գրեցին իմ դեմս՝ ճնշում գործադրելու համար վարչապետին վրա, որպեսզի իմ թեկնածությունս ետ առնեն»,– նշում է թեկնածուն և ուրախությամբ շեշտում, որ բարեբախտաբար վարչապետը, ծանոթ լինելով իր գործունեությանը, չի ենթարկվել ճնշումներին:

 

Իսկ Պահպանողական կուսակցությունն իրեն հոգեհարազատ է համարում: Անձամբ ծանոթ լինելով կուսակցության առաջնորդ Պատրիկ Բրաունի հետ՝ նրան հրավիրել է Հայաստան. մտադիր են հաջորդ տարի իրականացնել այցելությունը: Նրան համարում է հայասեր անձնավորություն, բացի դրանից, վստահ է, որ այս կուսակցության օգնությամբ հնարավոր է Օնտարիոն դուրս բերել այն ծանր վիճակից, որում հիմա գտնվում է:

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԱՆԴԱՄԱԿՑԵՑ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Ինչպես կանխատեսումներն են ցույց տալիս՝ պահպանողական թեկնածուի հաղթանակն ավելի հավանական է, քանի որ Կանադայում կարծես օրինաչափություն է դարձել, որ լիբերալ թեկնածուին պետք է փոխարինի պահպանողականը և հակառակը: Արդյո՞ք այս հանգամանքը չի ազդել Արիս Պապիկյանի՝ այս կուսակցության շարքերում ընդգրկվելու որոշման վրա: Նա միանշանակ հերքում է՝ նշելով, որ եթե անգամ կանխատեսվեր Ազատական կուսակցության թեկնածուի հաղթանակը, ինքը դարձյալ կանդամակցեր Պահպանողական կուսակցությանը. վստահ է, որ այս կուսակցության օգնությամբ հնարավոր կլինի լուծել խնդիրները, որոնք Օնտարիոյում շատ են:

 

350 ՄԼՆ ԿԱՆԱԴԱԿԱՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔ

Բավական է հիշատակել այն, որ հիմա նահանգը 350 մլն կանադական դոլարի պարտք ունի, ներկայացնում է Արիս Պապիկյանը, ով իր թեկնածությունը առաջադրել է ոչ միայն որպես հայ, այլև որպես կանադացի, ով նպատակ ունի հաջողության հասնելու դեպքում միաժամանակ հանդես գալ ինչպես հայ ժողովրդի անունից, այնպես էլ փորձել լուծել Օնտարիո նահանգում ստեղծված խնդիրները՝ առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում:

 

«Օնտարիոյի նահանգը կնկատվեր Կանադայի տնտեսության դոնորը: Այլ նահանգներ, որ կարիքը կունենային, Օնտարիոն այդ նահանգներուն նյութական օգնություն կու տար, որպեսզի հավասարակշռեն իրենց բյուջեները: Այսօր, դժբախտաբար, Օնտարիոն օժանդակություն կստանա ուրիշ նահանգներե»,– նշում է ապագա թեկնածուն:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Առանձնացրել է մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց լուծմամբ որոշել է լրջորեն զբաղվել: Դրանցից մեկը, օրինակ, էլեկտրաէներգիայի գների թանկացումն է, որը կտրուկ ազդել է տնտեսության վրա: «Այս պատճառով շարք մը գործարարներ սկսան մտածել իրենց գործարանները փակել Օնտարիոյի մեջ եւ երթալ ԱՄՆ եւ Մեքսիկա»,– ասում է նախկին դատավորը, ով նկատում է, որ ներկա կառավարությունը միակողմանի քաղաքականություն է վարում. «14 տարի է՝ այս կուսակցությունը կիշխե Օնտարիոյի մեջ, եւ ահռելի վնաս հասցուցած են բնակիչներուն եւ գործատերերուն»:

 

Նույն խնդիրները տեսնում է առողջապահական ոլորտում, որտեղ, ըստ նրա, սրբագրումների կարիք կա. «Մարդիկ կան, որ պետք եղած խնամքը չեն ստանա այս պետութենեն, ասոնք հավելյալ պատճառներ են, որոնք ինծի համար՝ իբրեւ կանադացի, մտահոգիչ են, եւ պետք է, որ նոր ղեկավարություն մը գա, որ կրնա Օնտարիո նահանգի վիճակը փոխել»,– նշում է հայ համայնքի ներկայացուցիչը, ում համար նույնքան առաջնային պետք է լինեն հայ ժողովրդի շահերը ներկայացնելն ու պաշտպանելը:

 

Իսկ կրթական ոլորտում խնդիրները տարբեր են: Օրինակ՝ Տորոնտոյի կրթական խորհրդի ներկայացրած ծրագիրը, որը պարտադիր չէ երկրորդական դպրոցների համար: Ապագա թեկնածուի համոզմամբ՝ կարիք կա այն ներդնել բոլոր դպրոցներում: Իսկ ինչ վերաբերում է դպրոցներում ներդրված սեռական դաստիարակության ծրագրին, ապա դրա հակառակորդներից է և լուրջ անելիք է տեսնում նաև այս հարցում:

 

«Դժբախտաբար Օնտարիոյի աշակերտներուն ծնողներն իրենց ներդրումը չունեցան այդ ծրագրին մեջ, կառավարությունը սահմանափակ խումբի հետ, որ իրենց կարծիքը կբաժնեն, խորհրդակցեցավ, եւ այս հարցը մեծ հարց է, որովհետեւ ծնողները կգանգատին: Ատիկա վնասակար ծրագիր մըն է, որովհետեւ ուսուցիչներու կողմեն ծրագիրը կրնա սխալ ընկալվիլ: Պետք է ծնողները իրենց ներդրումն ունենան, խորհրդակցություններու մասնակցիլ եւ եթե կան կետեր, որ հարմար չեն գտներ, պետք է փոխել, կկարծեմ, որովհետեւ պետությունն իրավունք չունի թափանցելու ծնողքին պարտականության սահմաններեն ներս»,– համոզված է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը:

 

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Երկար տարիներ լինելով Հայ դատի հանձնախմբի անդամ՝ Արիս Պապիկյանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին գործուն մասնակցություն է ունեցել, բայց որպեսզի Օնտարիոյի խորհրդարանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Հայոց ցեղասպանության և Արցախյան հարցի վերաբերյալ, իրենից ավելին էր պահանջվում, ինչը հնարավոր էր առաջիկա ընտրություններին մասնակցելով: 

 

«Դժբախտաբար Օնտարիոյի խորհրդարանին մեջ թրքական եւ ադրբեջանական լոբբիները բավական մեծ ներդրում ունեցած են, եւ երեսփոխաններ կան, որոնք ադրբեջանական ծագում ունին, Իրանեն ժամանած են, ասիկա ուղղակի հակահայ քարոզչություն կտանին Օնտարիոյի խորհրդարանին մեջ, պատվիրակություններ, խորհրդարանի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ, քաղաքական այլ դեմքեր շրջապտույտներ կկազմակերպեն իրենց դեպի Ադրբեջան եւ Թուրքիա ամեն տարի: Ատով ալ չի բավարարվիր, այլ ինքը խորհրդարանին մեջ ձեռնարկներ կկազմակերպե՝ տանելով Ադրբեջանի եւ Թուրքիո հակահայ քարոզչության ինչպիսիք Հայոց ցեղասպանություն, Արցախի հարց եւ այլն»,– օրինակ է բերում հայ գաղութի կյանքում լուրջ մասնակցություն ունեցած անձը:

 

ԿՍՏԱՆԱ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ԵՎ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ առաջիկայում հաջողությունը պայմանավորված է ինչպես հայ գաղութի մասնակցության ցուցանիշներով, այնպես էլ Հայ դատի հանձնախմբի դիրքորոշմամբ: Ապագա թեկնածուի հավաստմամբ՝ Հայ դատի հանձնախումբը միանշանակ պաշտպանություն է ցուցաբերելու, իսկ ինչ վերաբերում է հայ համայնքին, որի ներկայացուցիչների թիվն ավելացել է սիրիահայերի ներգաղթի շնորհիվ, այն ևս լուրջ ազդեցություն կարող է ունենալ, քաղաքական գործիչը նկատում է.

 

«Սիրիահայերը 14 տարեկանեն վեր կրնան անդամ ըլլալ եւ քվերակել, բայց պայման է, որ պետք է իմ շրջանիս մեջ ապրած ըլլան: Մեր գաղութը, ըլլա հին թե նոր, բավական մեծ ներդրում պիտի ունենան իմ ընտրապայքարիս, բայց ես պիտի չսահմանափակվիմ միայն իմ գաղութով, որովհետեւ ես իմ տարիներու գործունեությամբ լավ հարաբերություններ ստեղծած եմ եւ բոլորին հետ ալ կհամագործակցիմ»:

 

Հույներ, արաբներ, չինացիներ… հաջողության հասնելու համար, իր խոսքերով ասած, ձեռքը պիտի երկարի բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնցից վստահաբար ձայներ ակնկալում է: 

 

«Տորոնտոյի հայ գաղութը, բոլոր կազմակերպությունները, եկեղեցիները, բոլորն ալ միացած են այս աշխատանքին, իրենց աջակցությունը կբերեն, եւ ատիկա երեւույթ մըն է, որ իմ թեկնածությունս պատճառ դարձավ, որ միասնաբար աշխատինք եւ փորձենք հաջողցնել այս թեկնածությունս»,– եզրափակում է Արիս Պապիկյանը։

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments