Home / Exclusive  / Ջասթին Թրյուդոյին հուզած սիրիահայ Վանիկ Կարապետյանը Կանադայում շուտով կվերադառնա այն աշխատանքին, որը պատերազմի պատճառով կիսատ թողեց Հալեպում

Ջասթին Թրյուդոյին հուզած սիրիահայ Վանիկ Կարապետյանը Կանադայում շուտով կվերադառնա այն աշխատանքին, որը պատերազմի պատճառով կիսատ թողեց Հալեպում

3de5a53fce985eb2d5eb3a0476a3152ddeded8987b6ad64cbdpimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Վերջին 10 օրերի ընթացքում շատերի ուշադրությունը գրավեց Կանադայում սիրիահայ փախստականների հետ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի անցկացրած քննարկումը: Վարչապետը չէր կարողացել զսպել հուզմունքը, երբ սիրիահայ Վանիկ Կարապետյանը հիշել էր մեկ տարի առաջ իր ընտանիքի՝ Կանադա մտնելու պահը: Առաջին մարդը վարչապետ Թրյուդոն էր, ով դիմավորել էր իրեն, սեղմել ձեռքը` ասելով հետևյալ խոսքերը՝ «Բարի գալուստ տուն»:

 

Վարչապետի հետ ունեցած հանդիպումից օրեր անց Վանիկ Կարապետյանը Noranor.ca կայքին պատմել է Կանադայի առաջին դեմքից ու ընդհանրապես այս երկրից ստացած տպավորությունների մասին: Իր ընտանիքի ջերմ ընդունելությունը սկիզբ դրեց լավ հարաբերությունների, կայուն ապագայի հանդեպ հավատի ու պատասխանատվության զգացումի, որը սիրիահայ բժիշկը կրում է իր մեջ՝ շեշտելով. «Ատանկ է կյանքը. ան, որ մեկը քեզի մեկ գավաթ ջուր կու տա, ատոր տեղը պիտի տաս երկու գավաթ»:

 

ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

Բժիշկ Կարապետյանը ընտանիքը նախ Բեյրութ, ապա Կանադա տեղափոխելու որոշում կայացրեց պատերազմը սկսվելուց 4 տարի անց, երբ հասկացավ, որ վտանգի սպառնալիքն այլևս իր ընտանիքին է մոտենում: «Իմ դիմացս երեք հատ շենք իջավ, ատ որ տեսա, ըսի՝ հաջորդը մեր շենքի վրա պիտի գա»,–ներկայացնում է ստեղծված իրավիճակն ու նշում, որ չէր կարող երեք աղջիկների կյանքը վտանգել, թեև մտահոգ էր Հալեպի իր մեծ ընտանիքի մասին ևս, որին, անկախ իր մասնագիտացումից, պատերազմական չորս տարիների ընթացքում սատար էր կանգնել, և թողնել- հեռանալը ևս հեշտ չէր:

 

«Ատկե առաջ պարտավորություն զգացի, որ չէի կրնար ձգել: Կաշխատեինք շատ դժվար պայմաններու մեջ. ջուր չկար, էլեկտրականություն չկար, դեղի պակասություն ունեինք, ատ չորս տարին որեւէ շահ չունեինք, ձրի աշխատեցանք, ժողովուրդը մեզի կռնակ կեցավ, մենք ալ իրենց հետ մնացինք առանց շահի»,– պատմում է բժիշկը, ում 4 տարի պատերազմական երկրում է պահել պարտքի զգացումը:

 

Ի ԴԵՄՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ՝ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ՔԵԶԻ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՄԱՂԹԵ

Այսօր՝ Կանադա ժամանելուց մեկ տարի անց, նույն զգացումն ունի նաև այս երկրի հանդեպ, որտեղ գրկաբաց են ընդունել իրեն: Երբ վարչապետն է սեղմել իր ձեռքը, այն զգացողությունն է ունեցել, որ ամբողջ Կանադան է սատարում իրենց: 

 

prime-minister«Երբ որ երկրի մը ամենամեծ պաշտոնը ունեցող անձը քեզի կդիմավորե, ըսել է, թե ամբողջ երկրին դուռները քեզի համար բաց է ու քեզի բարի գալուստ կմաղթե ամբողջ երկրին անունով, եւ ատիկա քեզի կու տա զգացում, որ ամեն ձեւով պիտի օգնեն: Լավ զգացումներ տվավ, հետո պատասխանատվություն տվավ, որ միանանք հոստեղի հայերուն ու կերտենք հոստեղի երկիրը»,– զգացողությունները վերհիշում է սիրիահայը, ում համար վարչապետի հուզմունքը ևս անակնկալ է եղել, թեև շատ չի զարմացել՝ լսած լինելով Թրյուդոյի զգացմունքային բնավորության մասին:

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑԱՆ

Վանիկ Կարապետյանի ակնկալիքները արդարացան, երբ Կանադայում ստացավ անհրաժեշտ աջակցությունը, թեև դժվարություններ ևս եղան: Մեկ տարին բավական ժամանակ չէ վերահաստատվելու համար, բայց բավարար է անելիքները որոշելու և կյանքը վերադասավորելու համար: 16 տարի Հալեպում իրենց մասնագիտությամբ աշխատելուց ու հաջողությունների հասնելուց հետո ամուսինների համար հեշտ չէր ամեն ինչ նորից սկսել, բայց գնացին այդ քայլին: Առաջին քննությունները հաջողությամբ հանձնել են և պատրաստվում են մասնագիտությամբ աշխատել նաև Կանադայում: Երեխաների համար շատ ավելի հեշտ է, ուստի նրանց ապագան այս երկրում բժիշկ Կարապետյանը ապահով է համարում:

 

«Երբ որ մեկն ուսումի ետեւեն կերթա, կառավարությունը ամեն ձեւով կօգնե, իրենց ապագան փայլուն կըլլա, մեծերը գործեր կգտնան, բայց ամեն մեկը իր գործին համեմատ դժվարություններ կունենա: Պետք է կամք ունենա եւ հարատեւ ըլլա, որովհետեւ հոստեղ ոեւէ հայ եթե կհաջողի, ամբողջ գաղութին հաջողությունը կլլա»,– կարծում է սիրիահայ բժիշկը:

 

Հալեպահայերի համար ամենալուրջ խնդիրը կարոտն է

 

Ցավոք ոչ բոլորն են իր նման մտածում, համոզվել է նա: Սիրիահայերից շատերը դժվարությամբ են հարմարվում նոր պայմաններին, չեն կարողանում կտրվել հիշողություններից: Չնայած Հալեպը շարունակում է հարազատ մնալ նաև իրեն, բայց Վանիկ Կարապետյանն ավելի իրատես է, նույնը խորհուրդ է տալիս հայրենակիցներին, որոնց համար ամենալուրջ խնդիրը համարում է կարոտը: 

 

«Ով որ Հալեպ ապրած է, շատ կապված կլլա Հալեպին, եւ երբ որ հոս կնստի, կսե, ես Հալեպի մեջ ասանք կընեմ, անանք կընեմ, ես կկարծեմ ատ խնդիր է, պետք է մարդ հաջորդ քայլին նայե, հառաջ երթա, հայերը այդ բանը ունին, որ ուր որ երթան, կրնան համերաշխ ըլլալ, ընդունիլ եւ վերջիվերջո հաջողություն կունենան»,– վստահ է հալեպահայը:

 

ՈՐԵՎԷ ՍԻՐԻԱՀԱՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Նա մտադիր է իր գործունեությամբ օգտակար դառնալ համայնքին ու հայ գաղութին: Կարծում է, որ յուրաքանչյուր ոք կարող է դա անել, ասում է. «Իմ հաջողությունս ի՞նչ օգուտ կընե. Կրնամ այստեղ հիմնել մշակութային կյանքը, կրնամ օգուտ ըլլալ, որովհետեւ Հալեպի փորձառությունը ունիմ, Հալեպի մշակութային կյանքն անցած եմ, եւ հոստեղի մշակութային կյանքը, որ հոս ավելի ազատ է, կրնանք միասնաբար օգուտ ըլլալ հայության, Հայ դատին, դպրոցներուն լավ ըլլա, հոստեղ հայ բժիշկները քիչ են, հոստեղ ոեւէ հայ բժիշկ կշահի, ամեն տեղ օգուտ կու տամ»:

 

Սիրիահայը համոզված է, որ կայանալ ու օգտակար լինել հնարավոր է ամեն տեղ, հատկապես հայի համար, ով հարմարվող է, համերաշխ ապրելակերպի ձգտող: Թեև կան նաև որոշ մշակութային տարբերություններ, բայց դրանք շատ չեն և չեն խանգարում: Հալեպահայը ներկայացնում է տարբերությունները.

 

«Հալեպի մեջ մենք փոքրամասնություն էինք, հիմա հոս ալ փոքրամասնություն ենք, կանադացիի կյանքը կտարբերվի հոնտեղի արաբի կյանքեն, ես ադ տարբերությունը կտեսնեմ, բայց մեր հայերս նույնն ենք, նաեւ կտարբերվի նրանով, որ հայերեն լեզվի մեջ սիրիահայերը ավելի զորավոր են, քան հոս, երբ որ 3,000 հոգի սիրիահայերը եկան, նոր ոգի բերին»:

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապագայի հանդեպ լավատես սիրիահայը հույս է փայփայում, որ Սիրիայում մնացած իր հայրենակիցները ևս շուտով խաղաղություն կտոնեն, սա իր ամենամեծ ցանկությունն է. «Մինչեւ հիմա 6-7 հզր հայ կա Հալեպի մեջ, ես կաղոթեմ, որ անոնց որևէ մեկ փորձանք չպատահի, Սուրիա խաղաղություն ըլլա, ու օրին մեկը կրնանք մեր սուրիահայերու հետ ետ միանանք, նստինք եւ մեր գավաթը խմել եւ մեր խորովածը ուտել»:

 

Նրա այս աղոթքները նաև իր 80-ամյա հայրիկի համար են, ով այդպես էլ չհամաձայնեց թողնել Հալեպը, որն այսօր ազատագրված է, բայց Սիրիայում դեռ պատերազմը չի դադարել: Եվ քանի դեռ վտանգը պահպանվում է, բոլորն են աղոթում, որ պատերազմը չխլի գեթ մեկ մարդու կյանք:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments