Home / Canadahye  / Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում նախատեսված մեկ տասնյակ ծրագրեր ընթացքի մեջ են. Մհեր Կարագաշյանի հարցազրույցը

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում նախատեսված մեկ տասնյակ ծրագրեր ընթացքի մեջ են. Մհեր Կարագաշյանի հարցազրույցը

6a73183ce0d530dae3bb0022965d630e8ab24e74ab40348485pimgpsh_fullsize_distr
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբին հաջողվել է իրականացնել 100-ից ավելի ծրագրեր. դրանց մեծ մասն անմիջապես հանձնաժողովի կողմից է կատարվել, որոշ մասն էլ՝ վերջինիս օժանդակությամբ կամ հովանու ներքո:

 

Կարճաժամկետ ծրագրերն իրականություն դարձան հենց նույն տարում կամ 2016 թվականին, բայց կան նաև երկարաժամկետ՝ մոտ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են:

 

Կարևորագույնների իրականացման ընթացքի ու խնդիրների շուրջ Noranor.ca կայքը զրուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի ատենապետ Մհեր Կարագաշյանի հետ: Նա նաև ՀՅԴ կենտրոնական կոմիտեի նախկին անդամ է, ով ներկայում ևս անդամակցում է այդ կուսակցությանը: Մհեր Կարագաշյանը նաև մոտ 25 տարվա ուսուցչական փորձ ունի, հանդիսանում է Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատուն:

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԵՐԸ

  • Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ «100 վերապրող իր» թեմայով առցանց թանգարանի ստեղծում
  • Օտտավայում Հայոց ցեղասպանության ու վերածննդին նվիրված հուշակոթողի սառեցված գործընթացի վերսկսում
  • Արամ Աճեմյանի «Կանչ Հայաստանից. Կանադայի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» գրքի ֆրանսերեն տարբերակի տպագրություն
  • Եայիր Աուրոնի «Մուսա լեռան հերոսամարտի ազդեցությունը 2-րդ աշխարհամարտի ընթացքում՝ հրեական դիմադրության վրա» գրքի հրատարակություն՝ եբրայերեն ու անգլերեն լեզուներով
  • Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի ներառում Քվեբեկի պետական կրթական ծրագրի դասագրքերում
  • Նամականիշի հրատարակում
  • Մուսա Տաղի հերոսամարտին նվիրված ցուցահանդեսի և «State of Denial» թատերական ներկայացման շրջագայության կազմակերպում
  • Հայկական թեմայով հսկա որմնանկարի իրագործում՝ Մոնրեալի քաղաքակենտրոնի համալսարանների թաղամասում
  • Cinema Politica աշխարհասփյուռ ցանցի հետ համագործակցությամբ համալսարանականների շրջանում Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն
  • Մոնրեալի “March for Humanity” քայլարշավ 2017

 

Նշված ծրագրերից յուրաքանչյուրն ուշագրավ է և Հայոց ցեղասպանության փաստն աշխարհին ներկայացնելու գործում առաջընթաց քայլ:

 

«100 ՎԵՐԱՊՐՈՂ ԻՐ»

«100 վերապրող իր» ծրագրի շրջանակներում օգոստոսի 29-ին կայացել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Երկրից բերված այն 100 առարկաները, որոնք պահպանվել են գաղթականների սերունդների մոտ: Բայց ծրագիրն այսքանով չի ավարտվելու:

 

Եղեռնից փրկված հայերն իրենց հետ աշխարհի տարբեր երկրներ տարել են ամենաթանկարժեք ու կարևոր իրերը, որոնք այսօր հիշողություն են ու պատմություն:

 

«Օրինակ՝ նկարներ, որոնք վերապրողներն իրենց հետ բերած էին, կալվածագրեր, հագուստներ, բուբրիկներ, որ երեխաները բերած էին, դրանց հետ պատմություն պիտի պատմեն, թե ինչպես հայ մանուկ մը իր մանկության բուբրիկը գաղթի ճանապարհով հասցուցած է մինչեւ Կանադայի այս ափերը: Նմանօրինակ առարկաները, որոնք եթե աչքով տեսնես, իսկապես հուզիչ է, անշունչ իրը իրեն ամբողջ աշխարհն է»,– նշում է Կարագաշյանը:

 

Երկրից Կանադա հասած իրերի ճակատագիրը վտանգված է

 

Մոնրեալ հասած իրերի հավաքագրումը, որոնց թիվը գերազանցել է 400-ը, ցույց տվեց, որ պատմության մաս կազմող այդ իրերի ճակատագիրը վտանգված է, հետևաբար դրանք թանգարանում պահպանելու անհրաժեշտություն է զգացվում: Իրական թանգարանի ստեղծման համար մեծ միջոցներ են պահանջվում, բայց ոչինչ չի խանգարում առցանց թանգարանի ստեղծմանը, հետևաբար հանձնաժողովը մտադիր է մինչև 2017-ի ապրիլ այս ծրագիրն իրականություն դարձնել: 

 

«Եթե կայքէջը հաստատվի, վստահ եմ, որ աշխարհի չորս կողմեն արձագանք պիտի ըլլա, եւ մարդիկ պիտի ուզեն նաեւ իրենք իրենց վերապրողներու պատմությունները տեսնել։ Ժամանակի ընթացքին աճող ծրագիր է, հեռակա հույս կփայփայենք, որ օր մը ինչու չէ վերածվի նաեւ փոքր չափի գոնե ֆիզիկական թանգարանի: Այդ մեր հանձնաժողովը գոնե սերմերը կցանենք, կձգենք հաջորդ օղակին»,– հույս է հայտնում հանձնաժողովի ատենապետը, ով ներկայացնում է, թե մեծ մասի համար որքան թանկ են իրերը և իրական թանգարան հիմնելու դեպքում հեշտ չի լինի դրանք ստանալը, բայց տերերի մոտ մնալու դեպքում էլ այլ վտանգ է սպառնում: 

 

«Սերունդե սերունդ կրնա կորսվի այդ ամենը: Պատմություններ կան, որ եթե պատմեմ, կզարմանաք, թե ինչ կուրուստներ ունեցած ենք, այսինչ մեծ ազգային գործչի թոռան թոռը, որ արդեն օտարացած է, մեր կենտրոնը կմտնե՝ հսկայական արկղ թուղթ բերելով՝ ըսելով, որ գտա մեծ մորս նկուղի մեջեն, չթափեցի, ձեզի բերի: Եւ մեջտեղ կելլա, որ չափեն ավելի կարեւոր փաստաթուղթեր են…Ասոր պես քա՜նի բան կորսնցուցած ենք»,– ափսոսանք է հայտնում 100-ամյակի հանձնաժողովի ղեկավարը:

 

ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարագաշյանը շատ է կարևորում իսրայելցի գիտնական Եայիր Աուրոնի գրքի հրատարակությունը, որի ծախսերը հոգալու պատրաստակամություն են հայտնել: Միտքը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերին՝ «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին ցուցահանդեսի ժամանակ, պատմում է Կարագաշյանը՝ նշելով.

 

«Գրքի գաղափարը ծնավ ցուցահանդեսեն, երբ Աուրոնը ըսավ, որ մենագրություն ունի, որ կրնա հրատարակել: Մենք առաջարկեցինք, որ եթե պիտի ընդլայնե եւ հետազոտությունները շարունակե, պատրաստ ենք հրատարակության ծախսերը հոգալ։ Գիրքը եբրայերեն եւ անգլերեն պատրաստ է արդեն, ինքը ուսումնասիրած է, թե ինչ ազդեցություն ունեցած են Մուսա լեռան 40 օրերը հրեա դիմադրության վրա նացիզմի դեմ, Իսրայելի հիմնադիր սերունդի մտայնության վրա»:

 

Հայտնի է, որ Կանադայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, բացի Օտտավայից, կան Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողներ: Հանձնաժողովը մտադիր էր նաև Օտտավայում հուշակոթող տեղադրել, ինչի նպատակով դիմել էր Կանադայի կառավարությանը: Ծրագիրը հաստատվել էր, բայց կառավարության փոփոխության հետևանքով այն նույնիսկ չսկսվեց, իսկ հանձնաժողովը ստիպված էր դարձյալ դիմել նոր կառավարությանը։ Մտադիր չեն կանգ առնել, քանի դեռ ծրագիրը չեն իրագործել:

 

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ» ԴԱՇԻՆՔ

Անկախ 100-ամյակի շրջանակներում իրականացվող ծրագրերից՝ Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ հայ համայնքի ներկայացուցիչների գործողությունները շարունակվում են: Օրինակ Մոնրեալում սկիզբ է դրվել մի նախաձեռնության, որը կրում է «Ցեղասպանություն տեսած ժողովուրդների» դաշինք անվանումը: Նպատակն է՝ ցեղասպանություն տեսած համայնքների ներկայացուցիչների միավորումն ու որևէ հարցի շուրջ միասնական ուժերով կառավարության կամ այլ մարմինների առջև հանդես գալը:

 

«100-ամյակի ծանրության կենտրոնը Մոնրեալն էր, այդ իմաստով հետապնդումները քով քովի բերինք, այն երկիրները, որոնք ցեղասպանություն տեսած են, որոնք անշուշտ ճանչված են Կանադայի կողմե: Տեղ մը, ուր 5 համայնքի անունով նամակ գրես, ուրիշ արձագանք կստանա, մեկ համայնքի անունով, ուրիշ արձագանք, մենք ասոր օրինակը տեսեր ենք»,– նշում է հայ համայնքի ներկայացուցիչը:

 

Թեև նախաձեռնությունը առայժմ միայն Մոնրեալում է գործում, սակայն մտադիր են ընդլայնել ծավալները և նման դաշինքներ ստեղծել նաև այլ քաղաքներում:

 

2015 թվականին տեղի ունեցած քայլարշավը դեռ թարմ է շատերի հիշողություններում։ 2017-ի մայիսին ավելի մեծ մասշտաբով ևս մեկ քայլերթ կիրականանա, որի ժամանակ հայ համայնքին կմիանան Մոնրեալի քաղաքապետարանն ու Կոնկորդիա համալսարանի MIGS (Montreal Institute for Genocide Studies) ինստիտուտը: Այն նվիրված կլինի նաև Մոնրեալի հիմնադրման 375-ամյակին:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments