Home / Interview  / Կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը մտահոգ է հայ մշակույթի ճակատագրով. այն Սփյուռքում ներկայացնելու համար պետական մոտեցում չկա

Կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը մտահոգ է հայ մշակույթի ճակատագրով. այն Սփյուռքում ներկայացնելու համար պետական մոտեցում չկա

8128229057a9e292ff3ba1992ff99e72df8cbe10c621d4426apimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Օրեր առաջ Երևանում կայացավ կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը, որը, կարելի է ասել, հայ-կանադական մշակութային համագործակցության եզակի փորձերից էր: Գոնե պետական մակարդակով նման միջոցառումներ հազվադեպ են տեղի ունենում:

 

Նշված համերգը կազմակերպվել էր կանադաբնակ հայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի նախաձեռնությամբ: Կոմպոզիտորը մտահոգված է Հայաստանում և Սփյուռքում հայ մշակույթի տարածման խնդրով, չի տեսնում պետական մարմինների կողմից նախաձեռնողականություն և մտադիր է աշխատել նման համերգների շարունակականության ապահովման ուղղությամբ:

 

Հայ մշակույթի խնդիրների, Սփյուռքում հայ դասական երաժշտության զարգացման գործում կատարած ներդրման, Կանադայում հայկականությունը պահպանելու և այլ հարցերի վերաբերյալ Noranor.ca կայքը զրուցել է 59-ամյա արվեստագետի հետ:

 

Պետրոս Շուժունյանը ընտանիքի հետ Կանադա է տեղափոխվել 18 տարեկանում, երբ արդեն ծննդավայր Գյումրիում հասցրել էր երաժշտական կրթության հիմքերը դնել` ավարտելով երաժշտական դպրոցը և ուսումը շարունակելով ուսումնարանում։ Շուժունյանը նաև 4 տարի երգել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբում:

 

«Հայկական երաժշտության հանդեպ սերը այդ պատերից է եկել, որով ես սնվել եմ: Ինձ համար մեծ հայտնություն էր էդ գեղեցիկ միջավայրը, և մեր ազգային երաժշտության հիմքը, որը հիմնադրվում է կրոնական երաժշտության մեջ»,– բացահայտում է կոմպոզիտորը:

 

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԵԼՔ ԱՊՐԵՑ

Հոգևոր երաժշտության հանդեպ սերը Կանադա տեղափոխվելուց հետո ոչ միայն չմարեց, այլև նոր վերելք ապրեց: Շուժունյանը Քվեբեկի կոնսերվատորիայում շարունակեց երաժշտական կրթությունը, որից հետո սկսվեց նրա բուռն աշխատանքային գործունեությունը: Ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, կատարել է նաև ադմինիստրատիվ աշխատանք, իսկ այժմ համալսարանին կից ուսուցչական գործունեություն է ծավալում:

 

Շուժունյանը նաև Կանադայի կոմպոզիտորների միության անդամ է, արժանացել է տարբեր մրցանակների: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները ձայնագրվում են պետական ռադիոյի կողմից, իսկ դրանք քիչ չեն, քանի որ, ինչպես փաստում է հեղինակը, տարեկան 4 գործ է կարողանում գրել՝ 1982 թվականից սկսած:

 

Շուժունյանը հայ գրավոր փաստացի երաժշտությունը համարում է հոգևորը: 40 տարի ապրելով Կանադայում՝ ստեղծագործական միտքը կապված է պահել հայ երաժշտության հետ, ինչը երկկողմանի դրական արդյունքներ է տվել. «Առաջին՝ ես չեմ կարողացել կտրվել դրանից, երկրորդն էլ իմ տված երաժշտությունը իրենց համար նորություն է։ Քվեբեկում շատ ավելի հաճելի է բացահայտել նոր արվեստ»,– փաստում է հեղինակը:

 

ՔՎԵԲԵԿԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ

Շուժունյանը վստահ է, որ որտեղ էլ լիներ, պիտի շարունակեր երաժշտական կրթությունը, իսկ Քվեբեկի կոնսերվատորիայում հայ առաջին ուսանողն էր, ինչն առավել քան տպավորիչ էր. «Դա առանձին երևույթ էր, և երբ ավարտեցի, որպես ավարտական թեզ «Արարատ» անունով սիմֆոնիա գրեցի, և նվագախումբը հայերեն երգեց։ Առաջին անգամ հայերեն երգը հնչեց: Քվեբեկցիները շատ են սիրում հայերենը, ասում են, որ այն երաժշտական լեզու է, և անշուշտ հային ճանաչել տալու միջոց է»,– պատմում է Շուժունյանը, ով Կանադայում դարձել է հայ երաժշտության դեսպանը՝ իր հայեցի ապրող ընտանիքում ևս պահպանելով հայկական ամեն ինչ: 

 

«Ունենք մեր բույնը, ընտանիքը, պահում ենք մեր ադաթները և ուրախ ենք, որ կարող ենք լինել և՛ հայ, և՛ կանադացի: Հեշտ չի արտասահմանում, պետք է իսկապես լինել շատ կազմակերպված, պատասխանատու: Գիտեք, երբ ծանոթանում ես, երկրորդ հարցը լինում է՝ որ ազգից ես, և պետք է քո վերաբերմունքով հայի անունը բարձր պահես։ Կարծում եմ՝ դա հաջողել ենք մեր ընտանիքով»,– հպարտությամբ պատմում է կանադահայը:

 

ԱՆՁԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆԵՑ

Երկար տարիներ ստեղծագործելուց հետո կոմպոզիտորը հասկացավ, որ կարիք կա նաև մշակութային երկխոսության, որի առիթը երբևէ չէր ընձեռնվել, հետևաբար որոշեց անձամբ նախաձեռնել:

 

«Ես անմիջապես կապվեցի դեսպանատան հետ: Դեսպանը դիմեց մշակույթի նախարարություն, որն ուղարկեց հրավերը, և մենք այստեղ կանադական մշակույթի նախարարությանը դիմեցինք, որ երաժիշտները հասնեն Հայաստան: էս ձևով համագործակցեցինք»,– ներկայացնում է երգահանը՝ անչափ կարևորելով պետական մարմինների համագործակցությունը և ներկայացնելով այն բացթողումները, որոնց պատճառով հայկական մշակույթը մնում է ստվերում:

 

Մշակութային միությունները, որոնց հետ երկար է աշխատել, նրա վստահեցմամբ, չեն ցանկանում սահմանափակ դաշտից դուրս գալ, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ, իսկ պետական մակարդակով այդ մասին մտածող չի եղել:

 

Պետք է օտարները իմանան, որ մենք արժեք ստեղծող ժողովուրդ ենք

 

«Պետք է այդ փուլին անցնենք, թողնենք մի կողմ մանր ճղճիմ հաշվարկները, մի նպատակ ունենանք՝ մշակույթը դարձնենք քաղաքական գործիք, մեր քաղաքական գործերը միայն քաղաքական դաշտի մեջ տանելով չենք կարող տեղ հասցնել, եթե դրա կողքին մենք մշակույթը չքաղաքականացնենք։ Մշակույթը պետք է քաղաքականանա, պետք է օտարներն իմանան, որ մենք արժեք ստեղծող ժողովուրդ ենք: Եթե իմանան, իրենց ամբողջ հայացքը մեզ կդարձնեն: Առանց մշակույթի կդառնանք փոքր ժողովուրդների ցանկի մեջ մնացող ժողովուրդ»,– ներկայացնում է Կանադայի կոմպոզիտորների միության անդամը:

 

Երևանում օտարազգի երաժիշտների մասնակցությամբ կայացած համերգը ապացուցեց, որ Հայաստանը ներկայացնելու շատ բան ունի: «Մոլինարի» խմբի անդամ ֆրանսիացի երաժիշտները ծանոթացել ու ոգևորվել են հայ արժեքներով, հայ երիտասարդ երաժիշտների կատարած աշխատանքով, անձամբ Պետրոս Շուժունյանը ևս զարմանալու քիչ առիթներ չի ունեցել:

 

Այդ տղաների առաջ գլխարկ եմ հանում, որ կարողանում են էդ պայմանների մեջ աշխատել, ստեղծագործել, հավատալ… 

 

«Այդ տղաների առաջ գլխարկ եմ հանում, որ կարողանում են էդ պայմանների մեջ աշխատել, ստեղծագործել, հավատալ… 25 տարի առաջ, երբ եկա Երևան, համերգ գնացինք, հավատացեք՝ լացս գալիս էր, երբ տեսա նվագախմբի վիճակը։ Հիմա առաջընթաց կա՝ շնորհիվ երիտասարդ տղաների, որ ոչինչ չեն խնայում, և պետք է անել ամեն ինչ, որ մնան այդ հողի վրա»,– վստահ է 40 տարվա երաժիշտը:

 

Բացի Հայաստանում համերգներ կազմակերպելուց, պետք է նաև Սփյուռքում հայ մշակույթը ներկայացնել, իսկ դրա խնդիրը կա, որքան էլ որ Հայաստանում նշում են, որ հայ մշակույթը հայտնի է աշխարհին: Շուժունյանը դա ցավով է նկատում՝ հավելելով.

 

«Այսօր ես կարող եմ երկու կոմպոզիտորի անուն տալ, որ արտասահմանում խոսվում է, մեկը՝ Խաչատրյանը, մյուսը ամերիկահայ Ալան Հովհաննեսն է: Այնքան փոքր է մյուսների ազդեցությունը, որովհետև կազմակերպված աշխատանք չկա, ամեն մարդ իր փոքր դաշտի մեջ իր փոքր աշխատանքն է կատարում, պետականորեն կազմակերպված ծրագրեր մեկը թող ցույց տա… գոյություն չունի»:

 

ՆՈՐԱՎԱՆՔԸ՝ ՆԵՐՇՆՉԱՆՔ

Իսկ Հայաստանն իր համար շարունակում է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ, այդ մասին խոսում է նրա վերջին ստեղծագործություններից «Նորավանքը», որը 2013-ին Նորավանք վանական համալիր այցելելուց հետո մեծ ոգևորությամբ է գրել.

 

«Արևոտ, պայծառ օր էր, գեղեցիկ տաճարը՝ թաղված ոսկեգույն լեռների մեջ, մի հրաշք էր, հուզվել եմ ահավոր, և հենց այնտեղ էլ որոշել էի, որ եթե նոր գործ գրեմ, պիտի նվիրեմ այդ գեղեցկությանը: Վերադարձա և 4 կվարտետ գրեցի, որը դժվար գործ է»,– հուզմունքով հիշում է «Նորավանք»-ի հեղինակը, ով նոր էր ավարտել «Պատարագը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

«Պիտի գրեի «Պատարագը», որ որևէ մեկին չնմանվեի, ուրեմն կրկնակի, եռակի պատասխանատվություն կար, որ լիներ նոր բան, լիներ հայկական։ Այս «Պատարագ»-ն ավելի բյուզանդական երաժշտության էր մոտ, ինչո՞ւ, որովհետև մենք այդ դարաշրջանը ապրել ենք և աղոթել, եղել ենք առույգ և արթուն ժողովուրդ»,– ասում է բազմաթիվ մրցանակների արժանացած երաժիշտը, ով պատրաստ է ծառայել հայ երգարվեստին և հնարավորինս նպաստել դրա տարածմանը, միայն թե հորդորում է պետական մարմիններին ևս ուշադրություն դարձնել դրան:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments