Home / Canadahye  / Կանադայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանն ամփոփել է գործունեության 6 ամիսները

Կանադայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանն ամփոփել է գործունեության 6 ամիսները

papken-tcharian-2

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Կանադայի Հայոց թեմի առաջնորդությունը մոտ 6 ամիս առաջ ստանձնեց Գերաշնորհ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը: Նա փոխարինեց Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանին, ով թեմի առաջնորդն էր 2014 թվականից: 

 

Բաբկեն արք. Չարյանն ավելի քան 12 տարի՝ սկսած 2004 թվականից, եղել է Սպահանի և Հարավային Իրանի Հայոց թեմի առաջնորդը։ Հնագույն հայկական այս գաղութից Կանադա տեղափոխվելը Սրբազան Առաջնորդի համար կարևոր, բայց ոչ դժվար փոփոխություն էր, հետևաբար այնպիսի տպավորություն է, որ «կարծես երկար տարիներե ի վեր այստեղ եմ եւ կծառայեմ իմ ժողովրդին»,– անկեղծանում է հոգևոր առաջնորդը:

 

Noranor.ca կայքը ներկայացնում է Կանադայի Հայոց թեմի առաջնորդի հետ բացառիկ հարցազրույցը, ով ամփոփել է 6 ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքները, ստացած տպավորությունները, խոսել թեմի առջև ծառացած գլխավոր մարտահրավերների ու իր մտահոգությունների, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին: Տարեմուտի կապակցությամբ Բաբկեն արք. Չարյանը չի մոռացել բարեմաղթանքներ հղել հայ ժողովրդին:

 

ԻՐԱՆԱՀԱՅ ԵՎ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐԸ

Իրանահայ գաղութը, որ մոտ 400 տարվա պատմություն, դարեր ի վեր պահպանված հնագույն ավանդույթներ ու հարուստ եկեղեցական մշակույթ ունի, շատ ավելի ամուր կապ ունի քրիստոնեական հավատքի հետ: Հետևաբար այնտեղ կատարած ծառայությունը հոսող ջրի նման հարթ է ընթացել: 

 

«400 տարիներու ընթացքին ավանդություններ պահպանված էին, եկեղեցիներ կային, միայն Ջուղայի մեջ 13 եկեղեցիներ կային, տոներու առիթով պատարագներ, արարողություններ կընեինք: Այստեղ հեռավորությունները շատ են, եկեղեցիեն հեռու են, եւ այս իր ազդեցությունն ունի, բայց աշխատանքի ուղղությունը նույնն է, եւ ես դժվարություն չտեսա ոչ Պարսկաստանի մեջ, ոչ ալ այստեղ՝ Կանադայի մեջ»,– ներկայացնում է Իրանի Հայոց թեմի երկար տարիների առաջնորդը, ով 6 ամիս առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի կողմից Կանադայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել: 

 

babken-tcharyanԱրքեպիսկոպոս Չարյանը վստահեցնում է, որ իրենց որդեգրած առաքելության ուղին նույնն է՝ անկախ համայնքների տարբերություններից, իսկ կանադահայ համայնքը շատ եկեղեցասեր է, հավատով լեցուն։ Նորընտիր հոգևոր առաջնորդից էլ համայնքը ակնկալիքներ ունի, որոնք, վստահեցնում է, կփորձի արդարացնել: 

 

 

«ԵԿԵՂԵՑԻՆ ՏԱՆ ՄԵՋ»

«Երբ նոր անձ տեղ մը կնշանակվի կամ կընտրվի, բնականորեն նոր հույսեր կկապեն, փորձ ունիմ, ստանձնած օրես մինչեւ այսօր ալ այն աշխատանքները, որ կկատարվէին, կշարունակեմ եւ նոր աշխատանքներ ծրագրեր ենք: Մեր այս օրերու աշխատանքներուն մեջ արդեն իսկ կրոնական թերթ մը հրատարակելու ծրագիր ունինք, որուն առաջին թերթը հրատարակվեցավ. «Հորիզոն» թերթի մեջ ամիսը մեկ անգամ պիտի տպվի՝ որպես հավելված՝ «Եկեղեցին տան մեջ» խորագրով»,– ներկայացնում է ծրագրերից մեկը, որը միտված է եկեղեցու խոսքը հայ ընտանիքներից ներս տանելուն:

 

Իսկ դրա կարիքն այսօր առավել ևս կանադահայ գաղութն ունի: Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը 6 ամիսների ընթացքում հասցրել է ամբողջովին պատկերացում կազմել կանադահայ գաղութի կյանքի մասին, գնահատել խնդիրները: Նա այցելել է բոլոր գաղութները, հանդիպել համայնքի անդամների հետ, այցելել ամենօրյա ու կիրակնօրյա բոլոր վարժարաններն ու դպրոցները, ծանոթացել եկեղեցիներին կից գործող կենտրոնների ու միությունների գործունեությանը: Ընդհանուր եզրակացությունը մեկն է՝ համայնքում աշխուժություն է տիրում:

 

ԿՐՈՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

charyanԹեմի համար այսօր ամենալուրջ խնդիրը հայկական դպրոցներում կրոնի դասավանդումն է, որը պետության կողմից արգելված է: Կրոնի դասաժամեր կան միայն Տորոնտոյում գտնվող ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանում, որը հայ համայնքի հովանավորության տակ է, իսկ պետության օժանդակությամբ գործող դպրոցներում նման դասաժամերը արտոնված չեն:

 

«Պետական մասշտաբով դպրոցներուն մեջ կրոնական դաստիարակությունը տկար մակարդակի վրա է: Կիրակնօրյա վարժարաններն իրենց մեծ նշանակությունն ունին, բայց անկե անդին նաեւ կրոնական գիտելիքներ են պետք։ Թե՛ երիտասարդներուն, թե՛ընտանիքներուն, թե՛մանուկներուն կրոնական գիտելիքներով զինելու եւ հարստացնելու գաղափարն է, որովհետեւ ամենակարեւորը մարդը կերտել, քրիստոնյան կերտել եւ հայը կերտել»,– վստահ է թեմի առաջնորդը:

 

Նման խնդիր, օրինակ, իրանահայ համայնքը չուներ, դպրոցներում կրոն և հայոց պատմություն է դասավանդվել, իսկ Կանադայում դա թեմի առաջնորդի համար մտահոգության առարկա է, որի ուղղությամբ պատրաստվում է աշխատանքներ տանել՝ փորձելով տվյալ առարկաների համար արտոնություններ ձեռք բերել:

 

13507228_823049431162869_8957974067328688247_nԱյլ է իրավիճակը եկեղեցականների առումով: Երիտասարդ հոգևորականները՝ վարդապետներ, քահանաներ, ծայրագույն վարդապետներ, ևս երկու օգնական արքեպիսկոպոսներ, լուրջ աշխատանք են տանում քրիստոնյա համայնքի հետ և որևէ դժվարություն այս հարցում թեմը չունի:

 

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Նորընտիր առաջնորդը մտահոգվում է ոչ միայն տեղական, այլև համազգային խնդիրներով: Ոգևորվում է յուրաքանչյուր նախաձեռնությամբ, որը նպաստավոր է հայրենիքի համար, ինչպես օրինակ Արցախում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի օժանդակությամբ կառուցվող Կիլիկիա գյուղի շինարարությունը, որտեղ այցելությունը նրա համար տպավորիչ է եղել:

 

Հոգևոր առաջնորդի ցանկությունն է, որ Արցախում և ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Տարեմուտի առիթով սա նաև նրա առաջին մաղթանքն է հայրենակիցներին:

 

Տա Աստված, որ աշխարհի վրա խաղաղությունը հաստատվի

 

«365 օրերով երկարող 2016 տարին իր ավարտին կհասնի, մեր առջեւ կբացվի նոր, անծանոթ դուռ մը՝ 2017-ը, որմե ներս պիտի մտնենք՝ նոր ակնկալիքներով: Տա Աստված, որ աշխարհի վրա խաղաղությունը հաստատվի, այն խաղաղությունը, որ Հիսուս Քրիստոսի ծնունդով Բեթլեհեմեն ճառագայթեցավ, համերաշխությունը եւ սերը տիրե աշխարհի վրա, եւ մեր հայրենիքի մեջ խաղաղություն եւ արդարություն լինի»,– ասում է արքեպիսկոպոս Չարյանը՝ մաղթելով, որ հայկական բոլոր գաղութներում համերաշխություն տիրի:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments