Home / Armenia  / 2016 թվականը հայ-կանադական հարաբերությունների զարգացման ակտիվ տարի էր. դեսպան Եգանյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը

2016 թվականը հայ-կանադական հարաբերությունների զարգացման ակտիվ տարի էր. դեսպան Եգանյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը

01373a2de01ebb5653c763c9d7a32d3ce08e41148a69e4f7d8pimgpsh_fullsize_distr
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) — 2016 թվականի ընթացքում կանադահայ կազմակերպությունների և Կանադայում բնակվող հայերի ջանքերով երկրի տարբեր քաղաքներում՝ Վանկուվերից մինչև Քվեբեկ Սիթի, անցկացվել է շուրջ 200 միջոցառում: Վերջին երկու տարիներին Կանադա սիրիահայերի տեղափոխման արդյունքում այստեղ ապրող հայերի թիվը հասել է 100,000-ի: Տվյալները ներկայացնում է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով տարվա ընթացքում հետևողական աշխատանք է կատարել:

 

2016-ի կարևոր իրադարձություններ, հաջորդ տարվա անելիքներ, Կանադայում հաստատված սիրիահայերի կեցության խնդիրներ, հայ-կանադական հարաբերությունների զարգացման ընթացք, հայ քաղաքական-հասարակական գործընթացներում կանադահայ մշակութային գործիչների դերակատարման խնդիրներ և, ի վերջո, տարեմուտյան բարեմաղթանքներ. դեսպան Արմեն Եգանյանի տարեվերջյան հարցազրույցը Noranor.ca կայքին այս և այլ թեմաների շուրջ է եղել:

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տարվա ընթացքում գլխավոր միջոցառումները եղել են Անկախության 25-ամյակի տոնակատարությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Դեսպան Եգանյանը կարևորում է նաև ապրիլի 30-ին Սենթ Քեթրինզ քաղաքում կայացած` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի և սեպտեմբերի 24-ին Մարքհեմ քաղաքում կայացած` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» պուրակի բացումը: Ոչ պակաս կարևոր էր նաև կանադական կառավարությունը ներկայացնող պատվիրակության մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի աշխատանքներին:

 

Նշվածներից բացի, դեսպանն առանձնացնում է տնտեսական, քաղաքական ու մշակութային մի շարք այլ միջոցառումներ ևս՝ վստահեցնելով, որ 2016 թվականը հայ-կանադական հարաբերությունների զարգացման ակտիվ տարի է եղել:

 

Օրինակ անցնող տարեսկզբին Օնտարիո նահանգի ոստիկանության ղեկավարության պատվիրակությունն  այցելեց Հայաստան, որով սկիզբ դրվեց երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցությանը: Այս ուղղությամբ ներկայումս էլ աշխատանքներ են տարվում:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Մարտ ամսին կայացավ կանադական ընկերությունների երկրորդ առևտրային առաքելությունը Հայաստան: Այցի շրջանակներում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան հանքարդյունաբերական համաժողովը»,– կարևորելով նշեց Արմեն Եգանյանը:

 

Տնտեսական զարգացման հեռանկար խոստացող առաքելությանը մասնակցել են 15 մասնագետներ՝ այդ թվում 6 ընկերությունների 9 ներկայացուցիչներ: Նույն ոլորտում համագործակցությունը շարունակվել է, երբ հոկտեմբերին, ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի հրավերով, Օտտավա էր այցելել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը` մասնակցելու Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի նիստին:

 

Միջազգային կազմակերպությունների իրականացրած ծրագրերի շրջանակներում ևս աշխատանք է տարվել, օրինակ է բերում դեսպանը՝ նշելով նոյեմբերի 24-ից 26-ը Մադագասկարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, և ավելացնում է. «Միաձայն որոշվեց 2018 թվականին կայանալիք հաջորդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ հարցում Հայաստանի առաջին աջակցողներից էր Կանադան, ով անվերապահորեն սատարեց Հայաստանի թեկնածությունը, ինչի համար մենք շնորհակալ ենք Կանադային»:

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳԱՂԹՆ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԴԵՍՊԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Այն պահից, ինչ նորաստեղծ կառավարությունը թույլատրեց 25,000 սիրիացի փախստականների մուտքը Կանադա, սկսվեց մի գործընթաց, որում կարևոր դեր ուներ նաև Կանադայում ՀՀ դեսպանությունը:

 

Սիրիահայերը դիմում են հյուպատոսական ծառայություններ ստանալու հարցով, և հնարավոր բոլոր դեպքերում աջակցություն է ցուցաբերվում, վստահեցնում է դեսպանը՝ նշելով, որ մեծամասամբ դիմում են ՀՀ մուտքի արտոնագրեր և ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցերով: 

 

Սիրիահայ բոլոր հայրենակիցները խիստ աշխատասեր են և նվիրված իրենց գործին ու ընտանիքին

 

«Կանադա տեղափոխված այն սիրիահայ ընտանիքները, ովքեր արդեն մեկ տարուց ավելի է՝ այստեղ են, հարմարված լինելով նոր երկրին ու միջավայրին` իրենք էլ են սկսում աջակցել նորեկների ինտեգրմանը: Մեր սիրիահայ բոլոր հայրենակիցները խիստ աշխատասեր են և նվիրված իրենց գործին ու ընտանիքին»,– համոզվել է դեսպանը, ով նոյեմբերից սկսած պարբերաբար տեղեկացնում է հանրությանը Կանադա և Հայաստան տեղափոխված սիրիահայերի կարգավիճակի ու կեցության հարցերի վերաբերյալ:

 

Թերևս ավելի հաճախ հենց դեսպանից է հասանելի դառնում անհրաժեշտ տեղեկությունը, հետևաբար հարցրեցինք՝ ինչո՞ւ է միայն ինքը զբաղվում նման տեղեկությունների փոխանցմամբ, ինչը դեսպանը մասամբ հերքեց՝ նշելով.

 

Ես հայաստանցի միակ պաշտոնյան չեմ, ով ներկայացնում է այդ տվյալները

 

«Ես հայաստանցի միակ պաշտոնյան չեմ, ով ներկայացնում է այդ տվյալները: Սիրիական ճգնաժամի հենց սկզբից ՀՀ սփյուռքի նախարարությունը, համագործակցելով Արտաքին գործերի նախարարության և մյուս գերատեսչությունների հետ, հսկայական աշխատանք է իրականացրել` Հայաստան տեղափոխվող սիրիահայերի օժանդակության համար: Իրականացված այդ աշխատանքը պարբերաբար հանրությանն է ներկայացվում թե՛ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, թե՛ նախարարության բարձրաստիճան աշխատակիցների, ինչպես նաև այլ գերատեսչությունների պատասխանատուների կողմից: Ես, որպես Կանադայում ՀՀ դեսպան, փորձում եմ այդ տվյալները ներկայացնել կանադահայ մեր հայրենակիցներին, որովհետև դա այսօր ողջ աշխարհի հայությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է»:

 

Իսկ բնակության պայմաններն ու տեղանքն ընտրելու իրավունքը պատկանում է Սիրիայից տեղափոխված քաղաքացիներին, նշում է դեսպանը և հավելում. «Ամեն ոք ինքն է իրավասու ընտրելու, թե որտեղ է ցանկանում հաստատվել և շարունակել իր կյանքը: Մենք, համենայնդեպս, մշտապես հորդորում ենք տեղափոխվել միմիայն Հայրենիք»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ–ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայրենիքում պայմանները, թերևս, ավելի լավը չեն, համոզվել է սիրիահայերի մեծ մասը, իսկ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումներին անմիջական առնչություն այս տարվա ընթացքում ունեցան նաև սփյուռքահայ հայրենակիցները: Մասնավորապես, «Սասնա ծռեր» խմբավորման հուլիսյան գործողություններից հետո կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Իսկ երբ խոսք է գնում Կանադայի մշակույթի բնագավառում հայ համայնքի ներդրումների մասին, դեսպան Եգանյանը չի մոռանում հիշատակել Արսինե Խանջյանի և Ատոմ Էգոյանի ներդրումը:

 

Ինչի՞ մասին է վկայում Կանադայում Հայաստանը ներկայացնող դիվանագետի նման դիրքորոշումը հարցին, դեսպան Եգանյանի արձագանքն այսպիսին էր.

 

«Նախևառաջ, ես հիշատակում եմ Յուսուֆ Քարշին, Իզաբել Բայրակդարյանին, Փիթեր Ունջյանին, հետո Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին և այլոց: Կանադահայ այս և մյուս բոլոր հայտնի մշակութային գործիչները իրենց հստակ տեղն ունեն համաշխարհային հայ մշակույթի մեջ, մենք դա չենք կարող ուրանալ: Ինչ վերաբերում է ոմանց քաղաքական-հասարակական դիրքորոշումներին, ապա դա իրենց իրավունքն է: Մենք կարող ենք համաձայնել կամ ոչ, դա էլ մեր իրավունքն է: Վերջին հաշվով, ինչ էլ ասեն, ես կարծում եմ, որ մենք ապրում ենք ազատ հասարակության մեջ, և դա մեր նոր Հայաստանի ձեռքբերումներից մեկն է: Ամենավտանգավոր մարդիկ անտարբեր քաղաքացիներն են»:

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ «1,000 ԴՈԼԱՐԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ Հայաստանի ոչ միայն հասարակական–քաղաքական, այլև տնտեսական խնդիրների հանդեպ սփյուռքահայ հայրենակիցները անտարբեր լինել չեն կարող: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հետևյալ կոչն էր հղել. «Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ 1,000 դոլար հաշվեհամար բացի բանկում»: Սրա վերաբերյալ ևս փորձեցինք հասկանալ դեսպանի մոտեցումը, ով շեշտեց, թե տիկին նախարարի մեկնաբանությունը բավական մանրամասն էր, իսկ իր կարծիքը հետևյալն է.

 

«Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների` ցանկացած ձևով կապը Հայաստանի հետ ողջունելի է և նպաստում է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը, ինչը հայապահպանության ամենակարևոր գործոններից մեկն է»:

 

Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ընդլայնելու կարևոր քայլ կլինի ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու հարցը, ինչը, դեսպանի վստահեցմամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է, քանի որ Կանադան «Մեծ յոթնյակ»-ի միակ երկիրն է, որ դեսպանություն չունի Հայաստանում: Այս հարցը մշտապես քննարկվում է, և դեսպանը հույս է հայտնում, որ լուծում կստանա:

 

2017-ին կլրանա հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, այս առիթով նախատեսված են լուրջ ծրագրեր։ Հաջորդ տարի նաև նշվելու է Կանադայի 150-ամյակը, ինչը, ըստ դեսպանի, լավ առիթ է մի շարք երկկողմ ձեռնարկներ իրականացնելու համար, թեև դրանք առայժմ մանրամասնել չի ցանկանում: 

 

ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐՆԵՐԻՆ ԴՆԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԱՀԸ

Ակնկալիքները մեծ են գալիք տարվանից, իսկ մաղթանքները Հայաստանի և ողջ աշխարհի հայերին՝ միայն բարի և լուսավոր:

 

«Կցանկանայի, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, կշեռքի առաջին նժարին դնելով միայն անձնական ծրագրերը, իսկ երկրորդին ի բարօրություն Հայրենիքի կատարված գործերը, փորձի հասկանալ, թե ինչով կարողացավ այս տարի օգտակար լինել մեր երկրին: Եթե կշեռքի երկրորդ նժարն ավելի ծանր է, ապա մենք միանշանակ հաջողել ենք` ուժեղ Հայաստան կառուցելու մեր միասնական նպատակում»,– եզրափակեց Կանադայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments