Home / Opinion  / Alik Hakobyan  / Ինը ժամն արդյոք շատ է, թե՞ քիչ…

Ինը ժամն արդյոք շատ է, թե՞ քիչ…

Alik Hakobyan

 

Նյութական աշխարհում ամեն բան հարաբերական է՝ նույնիսկ ժամանակն ու տարածությունը: Ինը ժամը շատ է, թե՞ քիչ. այս հարցին հնարավոր չէ տալ միանշանակ ու ճիշտ պատասխան: Մեկի համար ինը ժամյա հետաքրքիր ու հագեցած աշխատանքային օրը կարող է մեկ ակնթարթ թվալ, զորացրմանը սպասող զինվորի համար ծառայության՝ ընտանիքից բաժանող վերջին ինը ժամերը կարող են մի ամբողջ հավիտենություն հիշեցնել, օդանավից վախեցող ուղևորի համար ինը ժամանոց թռիչքը կարող է տառապանքի ինը տարվա հավասարվել: Սակայն, հարաբերական ինը ժամերն ինձ համար նույնքան հստակ են: Ինչո՞ւ հստակ, որովհետև Երևանն ու Մոնրեալը, ուր արդեն բնակվում եմ վեց ամիս, իրարից բաժանված են ուղիղ ինը ժամով: Իմ կեսօրն այլևս Երևանի ժամանակով երեկոյան ինն է, իսկ երևանյան կեսօրն ինձ համար քվեբեկյան գիշերվա ժամը երեքը:

 

2017 թվականը տարբերվելու է իմ կյանքի մնացած բոլոր տարիներից: Նոր տարին առաջին անգամ իմ կյանքում ուղիղ ինը ժամ ուշ է գալու: Այս տարի ես իմ բոլոր հարազատներից ու ընկերներից ուղիղ ինը ժամ հետո եմ շնորհավորելու նոր՝ 2017 թվականն ու ճանապարհելու արդեն հին՝ 2016-ը։ Բայց սա միակ տարբերությունը չէ: Նոր տարին Հայաստանում ու Կանադայում տարբեր է: Հայաստանում Նոր տարին շատ կարևոր է, չնայած այդպես էլ չկարողացա այնտեղ ապրած իմ 37 տարիների ընթացքում հասկանալ՝ կարևոր է միայն ձևի, թե նաև բովանդակության առումով…բայց, որ կարևոր է՝ հաստատ: Կանադայում այլ կերպ է: Այստեղ չեմ էլ նկատել, որ մարդիկ շատ խոսեն Նոր տարվա մասին: Այստեղ Նոր տարվան նույնիսկ Նոր տարի չեն ասում, այլ ասում են Jour de l’An, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է Տարվա Օր. այսինքն՝ մարդիկ ուղղակի նշում են, արձանագրում, որ փոխվեց տարին ու սա տարվա առաջին օրն է և վերջ: Ուրախանում են անշուշտ, անշուշտ նշում են, բայց այնպես չէ, ինչպես Հայաստանում: Հայաստանում դեռ նոյեմբերի կեսերից բոլոր խոսակցությունները Նոր տարվա առևտրի մասին են. ի՞նչ հասցրեցիք գնել, դեռ ի՞նչ է մնացել, ընդեղենը դարձյալ այս տարի շատ թանկացավ, տեսնես ո՞ւմ ենք զարմացնում, որ այսքան մեզ տանջում ենք, բա էդ մի օրն է չանե՞նք, դե մեզ համար չենք անում, անում ենք երեխաների համար, որոշել եմ՝ էլ մյուս տարի չեմ անելու, բայց ո՞նց կարող ես չանել, հարևանդ սեղան գցի դու չգցե՞ս…ու այսպես շարունակ…Այսպես է Նոր տարվա մեր ընկալման գենետիկան…Ես բնավ անմեղ չեմ, ես էլ, երբ խոսում եմ հարազատներիս հետ այս օրերին, անպայման հարցնում եմ Նոր տարվա գնումների մասին, չնայած, որ ինքս ոչ մի հատուկ գնում այս տարի չեմ արել: Կանադայում Նոր տարվա գնումների մասին չեն խոսում, ու այնքան լավ է, որ չեն խոսում. Նոր տարին մի տեսակ ավելի շատ ուրախության, նոր սպասումների խորհուրդ ունի՝ հոգսազերծ, առանց պարտքերի ու տանջանքների…Բայց Նոր տարվան Երևանն ավելի գեղեցիկ է, իմ կարծիքով…ավելի զարդարված, ավելի լուսառատ, քան Մոնրեալը…Բայց նույնիսկ լույսերն են տարբեր: Երևանում քաղաքը լույսերով է զարդարում քաղաքային իշխանությունը, ու տոնը կամ առնվազն տոնի պատրանքն ապահովված է բոլորի համար՝ հավասարապես, իսկ Կանադայում լույսերով զարդարվում է գրեթե յուրաքանչյուրի տունը, բակը, պատուհանը, աստիճաններն ու աստիճանավանդակները։ Մարդիկ իրենք են զարդարում՝ սիրով, հրճվանքով, առանց տրտնջալու..մարդիկ ուրախ են…Երևանը շատ գեղեցիկ է իր լույսերի մեջ, բայց բոլորը չէ, որ ուրախ են այդ լույսերով, ցավոք…ասա ինչների՞ս է պետք, որ այդպես զարդարել եք…Գուցե լավ կլիներ, որ Երևանում էլ մի քիչ պակաս լինեին քաղաքի լույսերը, ու մարդիկ ավելի անկեղծ ուրախությամբ ու սեփական նախաձեռնությամբ լուսավորեին սեփական տները…գուցե…բայց միևնույն է մի բան հաստատ է. անկախ ամեն ինչից Ամանորին մի այլ տեսակի ջերմություն կա Երևանում, որը զգում ես անգամ դեռ տոնը չեկած, ապրում ես, կիսում, փոխանցում…Կանադայում չկա այդ հայկական ջերմությունը, այստեղ նույնիսկ ընկալելի չէ, երևի, այդ ջերմությունը…ընդ որում ջերմությունը միայն մարդկանցից չէ, այլև հենց քաղաքից, որովհետև Մոնրեալում նույնիսկ Երևանից եկած հայերս չենք կարողանում ամբողջացնել այդ ջերմությունն՝ առանց Երևանի…

 

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ. մի քանի ժամից սա Երևանում ամենաշատ հնչող նախադասությունն է լինելու…Կանադայում Սուրբ Ծնունդն արդեն տոնել են, բայց սա առանձին թեմա է, որի մասին կխոսեմ հաջորդ անգամ…իսկ այսօր շնորհավոր Նոր տարիդ, հարազա՛տ Երևան, ինը ժամ հետո էլ ես եմ նշելու…

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments