Home / Canadahye  / Տորոնտոյի թիվ 42 ընտրատարածքի կանադահայ թեկնածուն վստահ է, որ առաջիկա ընտրություններում ինքն է հաղթելու. Հրաչ Այնեջյանի հարցազրույցը

Տորոնտոյի թիվ 42 ընտրատարածքի կանադահայ թեկնածուն վստահ է, որ առաջիկա ընտրություններում ինքն է հաղթելու. Հրաչ Այնեջյանի հարցազրույցը

9dab3edca2c879bdfd6c081b1d4c4bfd0231bb07f6f14cfe69pimgpsh_fullsize_distr
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Փետրվարի 13-ին Տորոնտոյում կանցկացվեն քաղաքապետարանի խորհրդի կամ, այլ կերպ ասած, ավագանու անդամի ընտրություններ: Ինչպես հայտնի է՝ Տորոնտո քաղաքը բաժանված է 44 շրջանի: Ներկայում պայքար է ընթանալու, այսպես կոչված, Ward 42 –ի համար:

 

Քաղաքապետարանի ներկայիս քաղաքային խորհրդի գործունեության ժամկետը դեռ չի լրացել։ Խորհուրդն ընտրվել է 2014 թվականին՝ 4 տարի ժամկետով, բայց Ward 42 –ը թափուր է մնացել այն բանից հետո, երբ այն զբաղեցնող խորհրդական Ռոյմոնդ Չոն, հաղթելով ընտրություններում, դարձել է Օնտարիոյի նահանգային խորհրդարանի անդամ:

 

Ward 42-ում խորհրդականի թափուր պաշտոնի համար պայքարի մեջ է մտել 25 թեկնածու: Նրանցից մեկը հայազգի Հրաչ Այնեջյանն է, ով քաղաքականությամբ սկսել է հետաքրքրվել մոտ 13 տարեկանից և 26 տարի է, ինչ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից է: Ընդգրկված է եղել քաղաքապետարանի աշխատանքներում, եղել է խորհրդականի օգնական, աշխատել տարբեր խորհրդականների, պատգամավորների հետ:

 

50-ամյա Հրաչ Այնեջյանը, ով ծնունդով Լիբանանից է, Կանադա է տեղափոխվել 10 տարեկանում: 40 տարիների ընթացքում հիմնական կրթությունը ստացել է այս երկրում։ Աշխատելով համայնքային իշխանություններում՝ տեղյակ է դարձել գրեթե բոլոր անցուդարձերին ու խնդիրներին: Հետևաբար առաջիկա ընտրություններին մասնակցությունը անհրաժեշտ համարելով՝ փորձելու է հաջողության հասնել:

 

25 թեկնածուներից Այնեջյանի հաղթելու հավանականությունը բարձր է գնահատում ոչ միայն ինքը՝ թեկնածուն, այլև բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ: Այս մասին Noranor.ca-ին հայտնել է թեկնածուն: Հրաչ Այնեջյանը սիրով պատասխանել է մեզ հետաքրքրող այլ հարցերի ևս:

 

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է

Առիթը ներկայանալուն պես Այնեջյանը որոշել է, որ իր տարիների փորձը տեղին ու առավելագույն հնարավորություններով կիրառելու ժամանակն է: Անմիջապես առաջադրել է թեկնածությունը՝ կանգ չառնելով ընտրություններին նախապատրաստվելու նպատակով ինչպես աշխատանքից ավելի քան 3 ամսով կտրվելու, այնպես էլ մոտ 80 հզր կանադական դոլար ծախսելու խնդիրների առջև:

 

35c5e9823f4f12fde6e134f5b4aaf2bd38d5ad010ed65def6cpimgpsh_fullsize_distrՆերդնելով բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ սկսել է ակտիվորեն նախապատրաստվել, դրան գումարած նաև տարիների փորձն ու ձեռք բերած հարաբերությունները քաղաքական շրջանակների հետ նրան բերել են այն համոզման, որ հաղթանակի շանսերը բավական մեծ են:

 

«Ահագին մեծ ծախսեր են, որ մարդկանց պիտի պահենք, թռուցիկներ բաժանենք, հեռաձայներ եւ այլն, մեծ գործեր են, որ մարդուժի պետք ունիմ, որոնք հաջողությամբ դասավորեցի։ Հակառակորդներուս մեծամասնությունը կրնամ ըսել, որ գրասենյակ չեն սարքեր, որեւէ մեկ գործ չեն ըրեր, հավանաբար պիտի չհաղթեն»,– ներկայացնում է Այնեջյանը:

 

ՇՐՋԱՆՈՒՄ 35 ՀԱՅ ԿԱ, ԲԱՅՑ ՀԱԶԱՐՆԵՐԻ ՔՎԵՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Այսքանով հանդերձ կանադահայ թեկնածուն չի թերագնահատում մրցակիցների հնարավորությունները, հետևաբար աշխատում է շրջանի բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ, ընդհանուր բարեկեցություն ապահովելու համար ծրագրեր է մշակել: Իսկ միայն հայերի վրա հույս դնելը այս դեպքում սխալ կլինի, քանի որ շրջանում միայն 35 հայ կա:

 

Տարօրինակորեն ամենեն շատ Հնդկաստանեն, Պակիստանեն, Աֆրիկայեն եկող մարդոց վրա կհենվիմ, շրջանին մեծամասնությունն անոնք են

 

 

29bbf7ae47383de36474d1e49fd1c2b011504b38e64635d1e3pimgpsh_fullsize_distr

«Ես հազարներու քվեներու պետք ունիմ։ Անշուշտ հայերուն քվեն կուզեմ ստանալ, բայց միայն անոնց վրա չէ հույսս, տարօրինակորեն ամենեն շատը Հնդկաստանեն, Պակիստանեն, Աֆրիկայեն եկող մարդոց վրա կհենվիմ, շրջանին մեծամասնությունն անոնք են»,– նշում է թեկնածուն:

 

Շրջանում հիմնականում վերաբնակիչներ են, բուն կանադացիներ գրեթե չկան։ Բնակչության խավերին ու խնդիրներին Հրաչ Այնեջյանը լավ ծանոթ է, գործունեության երկար տարիների ընթացքում առիթ ունեցել է առնչվել նրանց հետ, հասկանալ խնդիրները: Օրինակ ծրագիր կարող է ներկայացնել, թե Տորոնտոյի աղբահանության ոլորտում ինչպես կարելի է ֆինանսական միջոցների խնայողություն իրականացնել:

 

ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Իսկ որպես կանադահայ քաղաքացի՝ իր ծրագրերի մի մասն էլ կապված են լինելու հայերի բարեկեցությունն ապահովելու, հայ ժողովրդին հուզող խնդիրներին ընթացք տալու հետ: Այս ուղղությամբ առաջին գործերից մեկը կլինի Տորոնտոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելը:

 

«Կուզենք արձան մը դնել քաղաքական հողի վրա, ոչ թե անձնական հողի վրա, որպեսզի օրինավոր ըլլա, պաշտոնապես ճանչնա քաղաքը, որ իր ժողովրդի մեկ մասը, որ հայ են, տարիներ առաջ ջարդի ենթարկված է: Երկրորդ գործը, որ պիտի ընեմ, անշուշտ տեղական հայ ժողովրդի տնտեսական պետքերն են, մեկը պետք է ըլլա, որ հոգա, դրամ հայթայթելու համար գործեր պիտի ընեմ»,– ներկայացնում է ծրագրերի մի մասը՝ չմոռանալով շեշտել նաև այլազգի ներկայացուցիչների համար նախատեսած անելիքները, որոնք նշված են իր նախընտրական ծրագրում:

 

5112327877fedbacc1966b88f736e5a5bb8b50bc47bb4156b6pimgpsh_fullsize_distrՀայ գաղութի ներկայացուցիչը, տարիներ ի վեր լինելով Հայ դատի հանձնախմբի գործուն անդամ, եղել է նաև ատենապետ: Աշխատել է Կանադայի երեք տարբեր կուսակցությունների հետ, ի նպաստ քաղաքի զարգացման ներդրում է ունեցել։ Հիշում է դրանցից մեկը.

 

«Այս ընտրաշրջանը, ուր կաշխատիմ, տարիներ առաջ բավական դժվար ժամանակներ անցուցեր է. զենքերու հարցեր ունեին մարդիկ, տարբեր բաներու համար իրար կզարնեին, այդ ժամանակաշրջանեն անցանք, լավացուցինք տեղը, այս ընտրաշրջանին մեջ ունինք մեծ հանրային գրադարաններ, ունինք մեծ հանրային կենտրոններ, նոր մեկ հատ մըն ալ կշինենք, ճամփաներ կլայնցնենք, բավական մեծ գործեր կընենք, որպեսզի այս ընտրաշրջանը մեծնա, էկոնոմին զարգանա եւ ժողովուրդն ալ հարստանա»:

 

Իսկ տարբեր երեսփոխանների ու նախարարների հետ աշխատելու ունակությունն ու կարողությունը միայն ի նպաստ իրեն է, համոզված է թեկնածուն:

 

Ես կրնամ անդամ ըլլալ մեկ կուսակցության եւ քաղաքապետարանի մեջ աշխատիմ, բայց չես կրնար այդ կուսակցության օգտին աշխատիլ, պետք է ամեն մարդու օգտին աշխատիս

 

«Մենք մեր քաղաքապետարանին մեջ առանց կուսակցության կաշխատինք, արգիլված է կուսակցություն հիմնելու, ես կրնամ անդամ ըլլալ մեկ կուսակցության եւ քաղաքապետարանին մեջ աշխատիմ, բայց չես կրնար այդ կուսակցության օգտին աշխատիլ, պետք է ամեն մարդու օգտին աշխատիս, դա լավ է փոխանակ վատ կետ ըլլալու, եւ մարդիկ ուրախ կըլլան, որ ամենուն հետ կրնաս աշխատիլ»,– նշում է քաղաքական գործիչը:

 

Իր հաղթանակը կարող է ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև հայ ժողովրդի համար օգտակար լինել, վստահ է թեկնածուն, ով հիշում է, թե երկրաշարժի ժամանակ իր ունեցած ծանոթությունները որքան օգտակար են եղել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցում:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments