Home / Opinion  / Alik Hakobyan  / Հայաստանը Հայաստանից դուրս…

Հայաստանը Հայաստանից դուրս…

Alik Hakobyan

 

…Ախր շա՜տ յուրահատուկ ազգ ենք…Ես իմ կյանքի ընթացքում բավական շատ ազգերի ներկայացուցիչների հետ եմ շփվել ու ամեն անգամ համոզվել, որ մենք իսկապես յուրահատուկ ենք՝ թե՛ դրական, թե՛ բացասկան իմաստով…Այսինքն՝ և՛ լավի մեջ ենք շատ լավը, և՛ վատի մեջ՝ շատ վատը: Թեև շատ հյուրասեր ենք, ու հայկական հյուրասիրության մասին Հայաստանում գոնե մեկ անգամ եղած ցանկացած օտարազգի կվկայի, բայց դե հյուրասեր լինելուն զուգահեռ էլ չենք մոռանում անպայման մեր հեղինակավոր ու քննադատական կարծիքը հայտնել մեր հյուրասիրության օբյեկտի նկատմամբ, որին դեռ շարունակում ենք հյուրասիրել…Սրա հագ ու կապին նայեք, սրանք ինչ են հասկանում որ…մենք որ կայինք, սրանք դեռ «պեչենու» ծառին էին…կարծում եմ՝ ինքներդ կարող եք շարունակել այս մտքերի շարանը…Ընդ որում, նման քննադատությամբ մոտենում ենք ոչ միայն օտարազգիներին, այլ հենց ինքներս մեզ. երևանցիները քննադատում են գյումրեցիներին, գյումրեցիները՝ մշտապես անեկդոտ հորինում երևանցիների մասին…ղարաբաղցիների ու հայաստանցիների «պայքարը» թվում է հավերժական։ Մենք հատուկ մակդիրներ ունենք թե՛ լոռեցիներին, թե՛ սիսիանցիներին ու թե՛ քյավառցիներին բնութագրելու համար…Չեմ խոսում էլ սփյուռքահայերի ու տեղացիների միջև ձգվող անվերջանալի անջրպետի մասին…Հայաստանում մենք հաճախ իրար չենք նկատում, իրարով չենք հետաքրքրվում, նկատելուց էլ անպայման փորձում ենք ճշտել՝ ով է, որտեղից, որքան թույլ տանք խախտել մեր «տարածքային ամբողջականության սահմանները»…Սահմաններ, որոնք արհեստականորեն գծում ենք մեր շուրջն ու պաշտպանվում, թե ումից, հաճախ ինքներս էլ չգիտենք…

 

…Բայց Հայաստանից դուրս ամեն բան այլ է՝ մենք փոխվում ենք, դառնում ուրիշ կամ, ավելի ճիշտ, ոչ թե փոխվում ենք, այլ բացահայտվում՝ նույնիսկ դիմակահանդեսին սկսում ենք մասնակցել առանց դիմակի…Այս մտքերն անընդհատ պտտվում էին գլխումս, երբ անցած շաբաթ Մոնրեալում մասնակցեցի, այսպես ասած, հայաստանցի հայերի առաջին մեծ հանդիպմանը…Մի հիանալի նախաձեռնություն, որ հեղինակել էին համեմատաբար ավելի վաղուց Քվեբեկում հաստատված հայեր…ինչպես Հայաստանն է մոնոէթնիկ երկիր, այնպես էլ այդ հանդիպումն էր մոնոէթնիկ. միայն վերջին մի քանի տարիներին ու ամիսներին Հայաստանից տեղափոխված հայերս էինք հավաքվել՝ ծանոթանալու, շփվելու, մտքեր փոխանակելու, միասին ճաշելու ու շուրջպար պարելու…Ու վերացել էին սահմանները՝ ոչ ոքի հետաքրքիր չէր, թե ով ինչ ծագում ունի, Հայաստանի որ մարզում ու որ քաղաքում է ծնվել ու մեծացել…բոլորս դարձել էինք մեկ՝ ուղղակի հայաստանցի, բոլորս չափազանց ջերմ էինք միմյանց հանդեպ՝ առանց քննադատական հայացքների ու հետին մտքերի…պարզ, ուրախ, անհոգ, մտերիմ, սիրով ու հարգանքով…Հայաստանից դուրս մենք փոխվում ենք: Վստահ եմ՝ ասածս կհաստատի Հայաստանից տեղափոխված ցանկացած հայ… Ցավոք, չեմ կարող պնդել, թե այստեղ բնավ սահմաններ չկան. կան, այստեղ էլ սահմանները սփյուռքահայերի ու հայաստանցի հայերի միջև են, բայց ոչ այնքան ընդգծված, որքան Հայաստանում…

 

…Մենք փոխվում ենք Հայաստանից հեռու, սկսում ենք այլ կերպ վերաբերվել միմյանց, Հայաստանին…ամեն մեկս դառնում ենք մի փոքրիկ Հայաստան…Այդ օրը, այդ հանդիպման ժամանակ, կարծում եմ բոլորն էլ ինձ պես մի պահ մոռացել էին, որ Հայաստանում չեն, որ սրահի դռներից դուրս Մոնրեալն է, ու որ հենց այնտեղ հայրենիքն ավարտվում է…Հակասական ենք շատ, բայց այդ նույն հակասականությունը բազմաթիվ դրական շերտեր ունի, ու հենց այդ դրական շերտերն են քողազերծվում Հայաստանից դուրս…«Որտեղ հայ, էնտեղ վայ»,– սա մեր լեզվամտածողության իմ ամենաչսիրած դրսևորումներից մեկն է…Ինչո՞ւ ենք ինքներս մեզ մոտենում այդչափ բացասական ինքնաքննադատությամբ, որ նույնիսկ ասացվածք ենք ստեղծել ու մի պատվավոր տեղ հատկացրել թևավոր խոսքերի գրապահոցում…Հայրենիքից հեռու ապրող այդքան հայի մեջ ես որևէ վայ չտեսա, այլ միայն հայ՝ ջերմ ու հյուրասեր, հոգատար ու աջակցող…Երեկոն արդեն ավարտվում էր, և ուզում էի մի առանձնահատկություն էլ արձանագրել, բայց, ցավոք, չստացվեց…մի քանի հայաստանցիներով չդիմացանք գայթակղությանն ու ամեն դեպքում մի քանի կարծիք փոխանակեցինք Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի մասին…Մի առիթով գրել էի, որ Քվեբեկում մարդիկ քաղաքականության մասին չեն խոսում, բայց դե մենք տարբեր ենք…Ընդ որում, շատ լավ է, որ տարբեր ենք. ես չեմ ասում ավելի լավն ենք, կամ ավելի վատը, ուղղակի տարբեր ենք…Եվ Հայաստանից հեռու իմ ապրած այս վերջին վեց ամիսներն ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ իսկապես տարբեր ենք…Այնքան լավն էր Մոնրեալի մեջ մեր ստեղծած այդ փոքրիկ Հայաստանը՝ անհոգ ու ջերմ…Այդ Հայաստանն անպայման պահել է պետք, որովհետև այլ տարբերակ չկա, մենք մեկմեկու համար կենսական պահանջ ենք, որը, ցավոք, զգում ենք միայն Հայաստանից դուրս…

 

Ալիկ Հակոբյան

 

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments