Home / Opinion  / Alik Hakobyan  / Ձմեռային էսքիզներ…

Ձմեռային էսքիզներ…

Alik Hakobyan

 

 

…Կանադական ձմռան մասին լեգենդներ են պատմում։ Ասում են՝ ձմեռը Կանադայում շատ ցուրտ է, անտանելի, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, մեքենաները թաղվում են ձյան հաստ շերտի տակ, ու ժամեր, երբեմն էլ օրեր են պահանջվում մինչև մարդիկ կարողանում են նորից գտնել իրենց կորած փոխադրամիջոցները…Երբ ես Հայաստանից պատրաստվում էի տեղափոխվել Մոնրեալ, իմ ընկերներից շատերը հենց ցուրտ ձմռան փաստարկն էին օգտագործում՝ իմ ընտրության ճիշտն ու սխալը չափելու համար: Անկեղծ ասած՝ ես էլ էի մտահոգ ու մտածում էի՝ գուցե իրոք ձմռան գալուն պես ընդունեմ ընկերներիս այն միտքը, թե ինքս ինձ որոշել եմ սեփական կամքով «Սիբիր աքսորել»…Ձմռան երկրորդ ամիսն է արդեն մոտենում ավարտին, ու ես առայժմ որևէ սարսափելի ու անտանելի բան կանադական ձմռան մեջ չեմ տեսել, ավելին՝ զարմացել եմ, երբ հունվարին անձրև է եկել, և ջերմաստիճանի սանդղակը զրոյից վեր է բարձրացել…Բայց անկեղծ լինելու համար ասեմ, որ կանադական եղանակի դրսևորումներից մեկն ինձ մի անգամ այնուամենայնիվ անակնկալի բերեց. այստեղ սառցե անձրև է տեղում: Ինձ համար չափազանց անսովոր էր, երբ մի օր առավոտյան արթնացա ու տեսա, որ ավտոմեքենաս ամբողջությամբ սառույցով է պատված, ու հատուկ գործիք է անհրաժեշտ այն սառցազերծելու համար: Լավ է, որ իմ վերևի բնակարանում բնակվում է իմ կուրսընկեր Գայանեի ընտանիքը։ Սա արդեն նրանց երկրորդ ձմեռն է Կանադայում, ու Գայանեի ամուսինը՝ Տիգրանը, արդեն հասցրել էր զինվել համապատասխան գործիքներով, որոնք էլ օգնեցին սառցազերծել իմ բյուրեղացած ավտոմեքենան…Նույն օրն իսկ գնացի խանութ համապատասխան «զենք ու զրահ» գնելու, և սառցե անձրևներն ինձ համար էլ դարձան սովորական երևույթ:

 

…Իմ տպավորությամբ՝ այս տարի Երևանում ավելի ցուրտ ու ձնառատ ձմեռ է, քան Մոնրեալում…Ձմեռը, իմ կարծիքով, շատ յուրօրինակ հմայքով եղանակ է. մանկուց եմ սիրել նայել, թե ինչպես են ձյան փաթիլները պար բռնում երկնակամարում ու նազանի շարժումներով իջնում դեպի երկիր…Սիրում եմ հատկապես, երբ ձյունը երեկոյան է գալիս, երբ քաղաքը ողողված է էլեկտրական լույսերի մեջ, իսկ այդ լույսերի տակ ձյունն աննկարագրելի ճերմակ է, փափուկ ու գերող…Իմ մանկության ձմեռները, ի դեպ, շատ ձնառատ էին, իմ ծննդավայր Չարենցավանում ձյունը միշտ շատ էր։ Հետո վերջին տարիներին մի տեսակ պակասեց…Այնպես որ ես արդեն կոփված էի, ու հասկացա, որ կանադական ձմեռն ավելի խստաշունչ չէ, քան իմ մանկության ձմեռը…Բայց երբ մանուկ ես, ձմռանը քեզ հետաքրքրում են խաղերդ ու դահուկներդ, երբ մեծանում ես՝ ճանապարհների մաքրությունն ու ավտոմեքենայիդ անվադողերի որակը…Ձյունը դեռ չեկած մաքրող մեքենաներն այստեղ արդեն փողոցում են, մաքրում են թե՛ մայրուղիները, թե՛ մեծ ու փոքր փողոցները, թե՛ մայթերն ու բակերը…Բայց ասեմ, որ բնավ էլ այնպես չէ, թե այստեղ ավելի լավ են մաքրում, քան Երևանում։ Մոնրեալում ևս հանդիպում են սառած փողոցներ, այստեղ ևս, երբ ձյունը նոր է գալիս, չեն կարողանում մաքրել այնպես, որ ասֆալտը տեսանելի լինի, բայց տարբերությունն այն է, որ դա որևէ մեկին չի նյարդայնացնում…Կարևորը երթևեկել հնարավոր է, ճանապարհները փակ չեն, ու մաքրման աշխատանքներն ընթանում են իրենց հունով։ Երևանում այդպես չէ…Երևանում, հենց ձյուն է գալիս, բոլորը մեկ մարդու նման դառնում են ձնամաքրման մասնագետներ ու սկսում գնահատել՝ լավ մաքրեցին, թե՝ ոչ…Սովորական ձյունն ու ձնամաքրման աշխատանքները Երևանում դառնում են լուսաբանման լուրջ թեմա, բոլորը սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվամիջոցները խոսում են ձնամաքրման մասին, պնդում, որ այն որակով չի իրականցվում։ Իսկ մաքրող կազմակերպությունն ու քաղաքային իշխանությունը հակակշռելու համար լուսաբանում են կատարվող աշխատանքները…Մի խոսքով մի ամբողջ ազգ սկսում է ապրել ձյուն մաքրել – չմաքրելու թեմայով…Մոնրեալում դրա մասին ոչ ոք չի խոսում. այստեղ մարդիկ շատ բնական են համարում, որ ձմռանը ձյուն է գալիս, որ տեղացած ձյունը պետք է մաքրել, ու զարմանալի ոչինչ չկա, որ համապատասխան մարմինները զբաղված են ձյունը մաքրելով, ու դա բնավ էլ իրադարձություն չէ, որպեսզի լուսաբանվի։ Այստեղ նաև բնական են համարում, որ որոշ փողոցներ էլ կարող են շատ մաքուր չլինել… մարդիկ ուղղակի ապրում են իրենց հերթական ձմեռը՝ առանց նյարդերի…

 

…Կանադական ձմեռը կամ այդքան էլ սարսափելի չէ, ինչպես ինձ համոզում էին, կամ էլ ուղղակի եղանակը բարեհաճ է իմ նկատմամբ…Տեսնենք, գարնան գալուն դեռ մեկ ամիս էլ կա…

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

Ձեր կարծիքը

Comments