Home / Opinion  / Alik Hakobyan  / Կանաչ լույսը…

Կանաչ լույսը…

Alik Hakobyan

 

…Ցանկացած նոր երկիր այցելելիս կարելի է դրա մասին որոշակի պատկերացում կազմել՝ հետևելով երթևեկությանը: Ես, համենայնդեպս, այդպես եմ վարվում: Կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ Երևանում վերջին տարիներին երթևեկությունն անհամեմատ կանոնակարգված է, ու վարորդներն անհամեմատ օրինապահ են դարձել։ Իհարկե, բոլորովին այլ հարց է՝ դարձել են, որովհետև ցանկանում էին դառնալ, թե ուղղակի ստիպված էին…Ես հակված եմ կարծելու, որ ստիպված էին…Երևանի ամեն մի սանտիմետրին տեղադրված անթարթ ու անքուն տեսախցիկներն ու դրանց ֆինանսական հետևանքները ստիպում են վարորդներին կարգապահ լինել…Բայց իմ կարծիքով՝ դրանից չի փոխվում երթևեկության մշակույթը, որն ամենակարևորն է…

 

Երբ տեղափոխվում ես նոր երկիր, կամա թե ակամա ամեն բան համեմատում ես քո երկրի, քո քաղաքի հետ…Ու առաջին իսկ օրերից, երբ ես տեղափոխվեցի Մոնրեալ, անընդհատ համեմատում էի այստեղի երթևեկությունը երևանյանի հետ։ Առհասարակ սիրում եմ հետևել, ուսումնասիրել, զուգահեռներ անցկացնել, եզրահանգումներ անել (լրագրողական սովորություն է, փոխել չի լինում)…Նախ սկսեմ նմանություններից ու բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Քվեբեկ, միանագամից ասեմ, որ կատարյալ ու կանոնակարգված երթևեկություն ունենալու հույսեր չփայփայե՛ք: Ինչպես Երևանում, այստեղ ևս կարելի է հանդիպել փողոցն ամենաանհարմար տեղում հատող հետիոտների՝ ոչ Երևանի չափ, բայց կան: Ինչպես Երևանում, այստեղ ևս կտեսնես վարորդների, որոնք ծխախոտի մնացուկ, թուղթ կամ նույնիսկ սուրճի բաժակ են նետում մեքենայի պատուհանից: Ինչպես Երևանում, այստեղ ևս կան վարորդներ, որոնք չսահմանված վայրերում գերազանցում են սահմանված արագությունը…Ի դեպ, ասեմ, որ իմ առաջին տուգանքը, որ վճարեցի Մոնրեալում, սահմանված արագությունը գերազանցելու համար էր. 20կմ/ժ-ով արագ էի ընթանում, երբ ոստիկանը կանգնեցրեց: Նա բարի գտնվեց, երբ իմացավ, որ դա իմ առաջին հանդիպումն էր քվեբեկցի ոստիկանի հետ։ Տուգանեց 80 կանադական դոլարով և 2-ի փոխարեն մեկ միավոր հանեց իմ վարորդական իրավունքի վկայականից (երկու տարվա համար առավելագույն միավորների թիվն այստեղ 15-ն է, այդքան միավոր կորցնելուց հետո պետք է հատուկ գործընթացներ անցնես դարձյալ վարելու իրավունք ստանալու համար, երկու տարի անց տուգանային միավորները զրոյանում են): Այս առումներով երթևեկությունը Հայաստանում և Քվեբեկում նման է, բայց մի քանի հիմնական տարբերություններ կան, որոնք առանձնահատուկ են ինձ համար:

 

Նախ այստեղ տեսախցիկներով հսկողություն առհասարակ գոյություն չունի, կան միայն արագաչափեր, այն էլ՝ սահմանափակ թվով ու միայն մայրուղիների վրա: Մարդիկ այստեղ վարում են առանց լարվելու, թե վայ հանկարծ հոծ գիծը մի փոքր հատեցին, հիմա պետք է սպասեն հերթական տուգանքին: Այստեղ դրա համար չեն տուգանում, բայց կարող են տուգանել սխալ տեղում կայանելու համար: Օրինակ՝ մեկ անգամ կայանելիս ես համապատասխան հեռավորությունը չէի պահպանել հրշեջ ցայտաղբյուրից, ու դա ինձ արժեցավ 50 կանադական դոլար: Քվեբեկում ճանապարհային ոստիկանություն չկա, այստեղ երթևեկությունը ևս հսկում են սովորական ոստիկանները, ու նրանք ոչ միայն հսկում են, այլև օգնում ու աջակցում: Նրանց ավելի շատ կարող ես տեսնել այն ժամանակ, երբ վթար է տեղի ունեցել կամ ճանապարհին որևէ արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Մոնրեալն իրեն թույլ չի տալիս հայկական ճոխությամբ վառելիք ու տեխնիկա վատնել…Երթևեկության մյուս առանձնահատկությունն այստեղ, որ ինձ համար առաջին օրերին տարօրինակ ու չափազանց անսովոր էր, կարմիր լույսի տակ աջ շրջադարձ կատարելու արգելքի բացակայությունն է։ Մոնրեալից դուրս ցանկացած այլ բնակավայրում, եթե լուսացույցը կարմիր է, դու կարող ես աջ շրջադարձ կատարել, եթե հատուկ արգելող նշան չկա…Շատ հարմար է, քանի որ աջ շրջադարձ կատարելու համար կարմիր լույսի տակ սպասելը շատ խաչմերուկներում ուղղակի անիմաստ է…Եվ, ի վերջո, ամենակարևոր առանձնահատկությունն այստեղ վարելու մշակույթն է: Ի դեպ, Կանադան աշխարհի ամենաբազմաէթնիկ երկրներից մեկն է, բայց այս երկրում հաստատված տարբեր ազգերի ներկայացուցիչներն ակամա դառնում են երթևեկության՝ այստեղ ընդունված ու գործող մշակույթի կրողը։ Քվեբեկում վարորդները չափազանց հարագալից ու զիջող են միմյանց նկատմամբ…Բավական է միացնես մեքենայիդ թարթիչը ու կապ չունի ճիշտ տեղում ես, թե ոչ, խախատել ես հավասարությունը, թե ոչ, քեզ զիջում են բոլորը, ու դու ևս դառնում ես այդպիսին։ Հենց այդ պատճառով է, որ նույնիսկ ժամեր ձգվող խցանումների մեջ այստեղ չես նյարդայնանում…Կանաչ լույս վառողները հենց վարորդներն են՝ դիմացինդ քեզ համար, դու՝ դիմացինիդ, ու այդպիսով նույնիսկ խցանման ժամանակ բոլորը հայտնվում են կանաչ լույսի տակ…Երթևեկությունն իսկապես մշակույթ է. այն տեսախցիկով ու տուգանքով չես ձևավորի, այն կախված է միայն ու միայն երթևեկության մասնակիցների, այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրի կամքից…

Ալիկ Հակոբյան

 

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

Ձեր կարծիքը

Comments