Home / Opinion  / Alik Hakobyan  / Ուրիշի հարսը միշտ չէ, որ ավելի սիրուն է…

Ուրիշի հարսը միշտ չէ, որ ավելի սիրուն է…

Alik Hakobyan

 

…Ազգային նկարագրի լավագույն ցուցիչներից են լեզվամտածողության դրսևորումները: Տարածված արտահայտությունները, ասացվածքներն ու թևավոր խոսքերը պատահականություն չեն, դրանք բխում են տվյալ ազգի հոգեկերտվածքից ու փոխանցվում սերնդեսերունդ՝ ժառանգաբար։ Օրինակ՝ բազմաթիվ արտահայտություններ կան, որ միայն մեզ՝ հայերիս են հատուկ…«Որտեղ հաց, էնտեղ կաց», «Ներսից իր աչքն է հանում, դրսից` ուրիշի», «Ուրիշի հարսը միշտ սիրուն է», «Հեռվից ձմերուկը մեծ է երևում»…Եթե այս արտահայտություններից որևէ մեկը փորձես թարգմանել որևէ այլ լեզվով, ապա այն կդառնա ուղղակի անհասկանալի, քանի որ դրանք հասկանալու համար կա առնվազն մեկ նախապայման՝ լինել հայ…Թվարկածս արտահայտություններից վերջին երկուսը՝ «Ուրիշի հարսը միշտ սիրուն է»-ն ու «Հեռվից ձմերուկը մեծ է երևում»-ը չափազանց արդիական են, երբ մենք դատողություններ ենք անում այս կամ այն երկրում գոյություն ունեցող որևէ դրական երևույթի մասին, որը մեր երկրում չկա…Ես ևս շատ հաճախ, հենվելով ընդհանուր պատկերացումների վրա, դատողություններ էի անում, թե արևմուտքի զարգացած երկրներում ամեն բան հրաշալի է, որ մարդիկ այնտեղ չեն հանդիպում այնպիսի խնդիրների, ինչպիսիք կարող են լինել Հայաստանում: Բայց հավատացնում եմ՝ քանի դեռ չունեք սեփական փորձառություն, զգուշավոր եղեք ձեր դատողությունների մեջ…Ընդամենը մեկ օրինակով ուզում եմ փաստարկել այդպիսի դատողությունների սխալական լինելու մեծ հավանականությունը…Թե որքան շատ են Երևանում դժգոհություններն ասֆալտապատման որակի, ճանապարհների փոսերի ու անհարմարությունների մասին, բոլորս լավ գիտենք…Ես էլ ժամանակին շատ էի բողոքում, որ յուրաքանչյուր տարի ասֆալտ են անում, որ ասֆալտն ասֆալտի նման չէ, որ մեքենաները վնասվում են փոսերի մեջ…Բողոքում ենք ու անպայման մեր բողոքն արդարացնելու համար հավելում՝ բա եվրոպաներում ու ամերիկաներում էդպե՞ս է։ Հավատացեք, որ ավելի վատ է։ Երբևէ չէի կարող պատկերացնել, որ աշխարհի «Մեծ յոթնյակ»-ի անդամ Կանադայի ամենամեծ նահանգը հանդիսացող Քվեբեկում փողոցների վիճակն այդքան սարսափելի կլիներ…Ի դեպ, քիչ երկրներում չեմ եղել, բայց իմ կյանքում ամենավատ որակի ճանապարհները տեսել եմ հենց Քվեբեկում…Փոսեր ամեն քայլափոխի, ճաքճքած ասֆալտ, գոգավոր ճանապարհներ…Մի խոսքով, երթեկության համար շատ անհարմար…Կանադան հարուստ երկիր է, բայց արի ու տես, որ նույնիսկ հարուստ երկրներում կան այսպիսի խնդիրներ…Ի դեպ, հարցը միայն ասֆալտը չէ, ճանապարհային գծանշումները ևս շատ փողոցներում անմխիթար վիճակում են։ Հավատացնում եմ, որ Մոնրեալը կարող է հանգիստ օրինակ վերցնել Երևանից, թե ինչպիսին պետք է լինեն փողոցները…Տարբեր պատճառաբանություններ եմ լսել, թե ինչու են ճանապարհներն այդքան տխուր վիճակում։ Ասում են՝ ձմռանը շատ են քիմիական նյութեր օգտագործում ճանապարհները մաքրելու համար, դրա համար էլ դրանք քայքայվում են, բայց նաև ասում են, որ բյուջեից հատկացվող գումարների մեծ մասն ուղղակի նպատակին չի հասնում ու փոշիանում է…Ամեն դեպքում լրատվամիջոցներում իրենց ասֆալտի վատ որակի մասին այստեղ չեն խոսում…Կարծես բոլորին մեկ է, որ ճանապարհները վատ որակի են, կամ սովորել են, կամ էլ անտարբեր են…Ես կուզենայի ավելի լավ ճանապարհներով երթևեկել, բայց չգիտեմ ինչու, ի տարբերություն Երևանի, ուր ամեն մի փոքրիկ փոսն անգամ ինձ նյարդային էր դարձնում, էլ չեմ բարկանում։ Մի խոսքով, երբ ասում ենք, թե ուրիշի հարսն ավելի սիրուն է, պետք է անպայման էդ հարսին մոտիկից տեսնենք, շոշափենք, հետո նոր միայն դատողություններ անենք նրա սիրունության մասին…Միայն այդ դեպքում կարող ենք ուրիշի ու մեր հարսի գեղեցկությունը դնել նժարների վրա…Բարի երթ մեզ բոլորիս՝ անկախ այն բանից, թե որ երկրի ճանապարհներով ենք երթևեկում…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

Ձեր կարծիքը

Comments