Home / Canadahye  / Լավալահայ թեկնածու Արամ Էլակոզը պայքարելու է ոչ հայաշատ համայնքում, բայց հաղթանակի հնարավորությունը բարձր է համարում

Լավալահայ թեկնածու Արամ Էլակոզը պայքարելու է ոչ հայաշատ համայնքում, բայց հաղթանակի հնարավորությունը բարձր է համարում

^12F4EEC060C8E5519586E04238BC284A27DAB973FF642EBB0A^pimgpsh_fullsize_distr

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Լավալ, Քվեբեկ (Նորանոր) — Կանադահայ Արամ Էլակոզն իր թեկնածությունը կառաջադրի Լավալի քաղաքապետարանի 21 շրջաններից մեկի խորհրդականի կամ, այլ կերպ ասած, ավագանու պաշտոն զբաղեցնելու համար: Թեկնածուն պայքարի կմասնակցի երկու փուլերով՝ առաջինը տեղի կունենա օգոստոսին, որը հաղթահարելուց հետո կմասնակցի նոյեմբերին կայանալիք ընտրություններին:

 

Իսկ այժմ Էլակոզը փորձում է ծանոթանալ ընտրազանգվածի հետ, ուսումնասիրել հիմնախնդիրները և դրանցից ամենակարևորները ներառել իր ծրագրում: Ովքե՞ր են կազմում հայազգի թեկնածուի ընտրազանգվածը, հայ համայնքն ինչպիսի՞ մաս է կազմում նրա առաջադրված շրջանում, այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է կանադահայ թեկնածուի հետ:

 

ՊՈԼՍԱՀԱՅ ԷԼԱԿՅՈԶՅԱՆՆԵՐԸ

Էլակյոզյաններն են եղել նախկին պոլսահայ Արամ Էլակոզի նախնիները, ովքեր Թուրքիայում ստիպողաբար հրաժարվել են ազգանվան «յան» վերջածանցից, բայց ոչ հայեցիությունից: Արամ Էլակոզն իր կրթությունը ստացել է Ֆրանսիայում, որից հետո 1997 թվականին տեղափոխվել է Կանադա։ Նախ հաստատվել է Մոնրեալում, այնուհետև տիկնոջ հետ տեղափոխվել է Լավալ: 2003-ից ապրում են քաղաքում, որտեղ մոտ 15,000 հայ է բնակվում:

 

ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՇԱՏ ՉԷ

Սակայն շրջանը, որտեղ իր թեկնածությունը պետք է առաջադրի Արամ Էլակոզը, հայաշատ չէ, հետևաբար հայազգի թեկնածուն շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի: Էլակոզն ավելի քան 15 տարի Հայ դատի հանձնախմբում աշխատելուց հետո մեծ ցանկություն ուներ շատ ավելի մեծ ներդրում ունենալ հայ համայնքի կյանքում: «Զանազան կառավարական քաղաքական նախարարներու հետ շփումը, գործունեությունը, հայերու համար բան մը ընելու փափագը ինծի մղեց, որ փորձեմ մեյ մըն քաղաքապետարանի շրջանակի մեջ պայքարել»,– ասում է Արամ Էլակոզը:

 

Էլակոզը իր նախնական կրթությամբ մոլեկուլյար կենսաբան է, սակայն դա չի խանգարել քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալ: Ի՞նչն է ստիպել կենսաբանի մասնագիտությունն ընտրած Էլակոզին ներգրավվել քաղաքական գործընթացներում: Վստահեցնում է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել որևէ պաշտոն զբաղեցնել, սակայն Հայ դատի հանձնախմբում աշխատելու տարիներին պայմանները նպաստավոր է համարել և որոշել այլ հարթակում գործել:

 

Երբ որ տեսա, որ Կանադայում շատ հեշտ է քաղաքական դեմքերու հետ շփվիլ, քան թե ըսենք Թուրքիա, ադիկա ինծի փափագը տվավ, որ կարելի է փորձել

 

«Երբ որ սկսա, բացարձակ գաղափար մը չունեի, բայց ժամանակի ընթացքին, երբ որ տեսա, որ Կանադայի մեջ շատ հեշտ է քաղաքական դեմքերու հետ շփվիլ, քան թե, ըսենք Թուրքիոյ մեջ, ատիկա ինծի փափագը տվավ, որ կարելի է փորձել, եւ եթե հայության համար ընելիք բան մը կա, ատ ճամփով փորձենք ընել: Լավալ բավական հայություն կա հիմա, եւ ոեւէ հայ ընտրվող մեկը չէ եղած. խորհեցա, որ ասիկա առիթ մը կրնա ըլլալ, սկիզբեն ըրած նյութս կապ չունի պօլիտիկի հետ, բայց կյանքի մեջ ըրած փոփոխությունները լավ են` կկարծեմ»,– ասում է թեկնածուն:

 

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

15 տարիների աշխատանքը Հայ դատի հանձնախմբում ապարդյուն չի անցել: Լինելով փոքրամասնություն կազմող ազգի ներկայացուցիչ՝ լայն կապեր է հաստատել այլ փոքրամասնությունների շրջանակների հետ, հատկապես Ցեղասպանություն ապրած ազգերի:

 

«Հայ դատի աշխատություններու միջոցին ես շատ փափագ ունեի, որ մյուս համայնքներու հետ միասին աշխատինք եւ ադանկ հարաբերություններ ավելի լավացնենք, եւ ատոր մեջ ես շատ աշխատեցա, ըլլա հրեաներու, հոլանդացիներու, այսինքն՝ ազգերու, որ Ցեղասպանություններ տեսած են, եւ այս աշխատություններու միջոցին պոլիթիք միջավայրին մեջ մտնալս ինծի շատ փափագ տվավ, որ ես ալ փորձեմ»,– նշում է թեկնածուն:

 

Թե որ շրջանն է ներկայացնելու Էլակոզը, թեկնածուն առայժմ չի հրապարակում, միայն վստահ է, որ ոչ միայն հայ, այլև այլազգի մյուս ընտրողների վստահությունը շահելու համար պետք է փորձի օգտագործել բոլոր հնարավորությունները:

 

«Մեր աջակցությունը պիտի փնտրենք, անշուշտ, նախ բնակվող հայերու շրջանակին մեջ, հետո իտալացիներու, լիբանանցիներու, բայց հայերով է, որ պիտի սկսինք: Մեզ համար ավելի հեշտ է, իբր փոքրամասնություն, փոքրամասնություններու հետ աշխատիլ, որովհետեւ կապեր ունինք եւ իրենց միջոցով պիտի մոտենանք, որպեսզի իրենք իբրեւ բանալի դառնան ինծի իրենց համայնքին մոտենալու եւ իրենց պետքերը ավելի հասկնալու համար»,– նշում է նախկին պոլսահայը:

 

Ինչպես այլ քաղաքներում, Լավալում ևս մեծ թվով սիրիահայեր են հաստատվել, որոնցից ևս թեկնածուն որոշակի քվեներ ստանալու ակնկալիքներ ունի, թեպետ հայտնի է, որ նրանցից ոչ բոլորն ունեն ընտրություններին մասնակցելու իրավունք:

 

«Սիրիահայերի պարագային մեծամասնությունը քաղաքացի չէ, ատոր համար քիչ մը ավելի դժվար է օգնել ինծի քվեով, բայց այո, կան սիրիահայեր, որ կրնան անդամ ըլլալ, եւ իրենց քվեներն ալ կփնտրեմ, զոր օրինակ սիրիահայերու հետ ժողովներ կըլլա ամեն շաբաթ Մոնրեալ եւ Լավալ կեդրոններուն մեջ եւ սկսած եմ մոտենալ իրենց, որ եթե կարելի է, իրենք ալ օգնեն»,– ասում է քաղաքապետարանի խորհրդականի թեկնածուն:

 

Նրա առաջնային անելիքներն ու ծրագրերը ևս մեծ մասամբ կապված են հայ համայնքի հետ, բայց նաև այլազգիներին ներկայացվելիք ծրագրեր ունի, որոնք պետք է շահագրգռեն նաև լիբանանցի, հոլանդացի կամ հրեա ընտրողներին: Թեև մինչև օգոստոս ծրագրերը դեռ վերանայման ու հստակեցման անհրաժեշտություն ունեն, բայց Արամ Էլակոզը ներկայացնում է դրա նախնական ուղղությունները:

 

«Կուզեմ, անշուշտ, մեր հայ համայնքի գործունեությունը զարգացնել քաղաքին մեջ, եթե կարեւոր նյութեր կան հայության համար, ավելի հեշտ պիտի դառնա, երբ որ ընտրված ըլլամ, բայց անկե զատ անշուշտ շրջանին մեջ ահագին ծերանոցներու, համայնքային կեդրոններու բարգավաճելու կարիքը կա, անկե զատ իմ շրջանիս մեջ տեխնոպարկի պես տեղեր են, ընկերություններ կան, անոնց մեջ իմ դերս կկարծեմ որ կարեւոր պիտի ըլլա, որ այս ընկերությունները հաստատվին, զորացնեն իրենց գործունեությունը»,– վստահ է Հայ դատի հանձնաժողովի անդամը:

 

Սրանք հիմնական ուղղություններն են, թեպետ մինչ ընտրություններ թեկնածուն պետք է փորձի ուսումնասիրել քաղաքացիների այլ կարիքները ևս և կարևորագույններն ընդգրկել իր ծրագրում:

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք և կազմակերպվածություն. ահա այն երկու կարևոր չափորոշիչները, որոնցով Արամ Էլակոզը մտադիր է առաջնորդվել, իսկ հաղթանակ տանելու հնարավորությունները քիչ չի գնահատում՝ անկախ նրանից, որ առաջին անգամ է ընտրական գործընթացների մասնակցում: Այն դիտարկմանը, որ օրեր առաջ Noranor.ca-ի հետ զրույցում արել էր Կանադայի շրջանային Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ նշելով, թե Կանադայում հայ թեկնածուները սովորաբար երկրորդ փորձից են հաղթանակ տանում, իսկ առաջին անգամն ավելի շատ փորձ ձեռք բերելու համար է, Արամ Էլակոզը համաձայն չէ։ Վստահ է, որ քաղաքային մակարդակում շատ ավելի դյուրին է: 

 

Ճիշտ առիթին , ճիշտ տեղը պետք է ըլլա այդ անձը, կկարծեմ որ շանսեր կան, որ Լավալի մեջ այս անգամ աշխատի

 

«Ատիկա ճիշտ չէ, որովհետեւ Մոնրեալ քաղաքին մեջ, որն ավելի մեծ քաղաք է, արդեն ունինք Հարութ Չիթիլյան, եւս անձինք եղել են: Կարելի է, անկարելի բան չկա, փորձելուն ձեւն է, այսինքն՝ ճիշտ առիթին , ճիշտ տեղը պետք է ըլլա այդ անձը, կկարծեմ որ շանսեր կան, որ Լավալի մեջ այս անգամ աշխատի»,– կարծիք է հայտնում լավալահայը:

 

Նշենք, որ Հարութ Չիթիլյանը Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ է։ Հաղթանակ տանելու դեպքում Էլակոզը ևս նույնատիպ պաշտոն կզբաղեցնի Լավալում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Տորոնտոյում կայացած քաղաքային խորհրդի կամ, այլ կերպ ասած, ավագանու անդամի ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաև Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ՝ տորոնտոհայ Հրաչ Այնեջյանը: Քվեարկության արդյունքում, սակայն, Այնեջյանը հայտնվել էր երրորդ հորիզոնականում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments