Home / Opinion  / Alik Hakobyan  / Առասպելից՝ իրականություն…

Առասպելից՝ իրականություն…

Alik Hakobyan

 

…Հասուն տարիքում կյանքի հունն ամբողջությամբ փոխելու որոշումը չափազանց բարդ է: Յուրահատուկ են դժվարությունները, որոնք երբեմն կարող են նույնիսկ անհաղթահարելի թվալ…Անկեղծ լինենք՝ ամեն մարդ չէ, որ կարող է որոշել ու, օրինակ, 37 տարեկանում թողնել հարազատ երկիրը, ուր կրթվել է, կայացել, բարձրացել մասնագիտական աստիճանով ու հասել ամենաբարձր սանդղակին, ուր ունի որոշակի դիրք ու ազդեցություն, ու գալ նոր երկիր, որտեղ երբևէ նախկինում չի եղել ու ամեն ինչ պետք է սկսի նորից՝ կուսական մաքրությամբ էջից, բառի բուն իմաստով՝ 0-ից…Բայց կարևոր է, թե ինչպես ես մոտենում նոր իրավիճակիդ՝ այն ընկալում ես որպես անլուծելի խնդի՞ր, հաղթահարելի մարտահրավե՞ր, թե՞ նոր հնարավորություն։ Նոր երկրում հաստատվելն ինձ համար շատ յուրօրինակ ու հետաքրքիր փորձառություն է. ես այն միանշանակ համարում են նոր կյանք սկսելու նոր հնարավորություն, ինչն իր դժավարություններով հանդերձ ունի բազմաթիվ դրական կողմեր։ Արդյոք հրաշալի չէ՞, երբ քեզ տրվում է հնարավորություն` խմբագրելու քո ապրած կյանքը, գրելու նոր էջեր ու որոշելու, թե ինչ և անգամ ում ես ուզում տեղափոխել քո կյանքի նոր էջ ու ինչ և ում՝ ուզում թողնել արդեն գրված ու պատմություն դարձած էջերի վրա…Այս թեմայի վերաբերյալ փիլիսոփայական մտքերս կարող եմ անվերջ շարունակել, բայց խոսեմ ավելի առարկայական։ Վերջին տարիներին բազմաթիվ մարդիկ են Հայաստանից տեղափոխվել Կանադա՝ այդ թվում նաև Քվեբեկ։ Գիտեմ մարդկանց, որոնք պատրաստվում են գալ, ու գրածս գուցե օգտակար կլինի հենց նրանց համար։ Նախ, եթե որևէ մեկը ձեզ հավատացրել է, թե Կանադայում ծառերի վրա տերևի փոխարեն դոլար է աճում, ապա շտապեմ հիասթափեցնել՝ դա առասպել է…

 

…Ես, իհարկե, առայժմ դատողություններ կարող եմ անել միայն Քվեբեկի մասին, քանի որ Կանադայի մյուս նահանգներում դեռ չեմ եղել, իսկ այստեղ ամեն նահանգ զարգանում է իրեն յուրահատուկ տեմպով։ Եվ այսպես, չնայած Քվեբեկը հայտնի է որպես սոցիալական նահանգ (այստեղ իսկապես սոցիալական ծարգրերը շատ են), սակայն շուկան կապիտալիստական է և զարգանում է կապիտալիզմին բնորոշ կանոններով։ Աշխատաշուկայում մրցակցությունը կատաղի է։ Տարբեր գնահատականներով, մեկ աշխատատեղի համար գործատուն կարող է ստանալ նվազագույնը երկու հարյուր հայտ, և հավանականությունը, որ ընտրությունը կկայանա հենց քեզ վրա, բավական փոքր է։ Չափազանց դժվար է հատկապես բժիշկների հարցը. օրինակ՝ Հայաստանից տեղափոխված բժիշկը Քվեբեկում բժշկությամբ զբաղվելու համար պետք է ներդնի առնվազն հինգ տարի՝ պատրաստ լինելով անցնել իր մասնագիտական որակները փաստաթղթային հիմքերով ամրագրելու դժվարին ու երկար ճանապարհը։ Հեշտ չէ նաև մանկավարժների գործը. քվեբեկյան դպրոցում դասավանդելու համար մասնագիտական կրթությունը բավարար չէ, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։ Լրագրողներիս հարցը ևս հեշտ չէ. մեդիա ոլորտում բավական կրճատումներ են արվել…Բայց այս ամենին զուգահեռ սա հնարավորությունների նահանգ է…Իմ համոզմամբ՝ քվեբեկյան աշխատաշուկայում արագ իրացվելու ամենակարևոր գրավականը լեզվի իմացությունն է: Այստեղ առաջին պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, երկրորդը՝ անգլերենը։ Եթե տիրապետում եք երկու լեզվին էլ, ապա աշխատանքի հարցում ավելի հաջողակ կլինեք։ Սա կարող եմ փաստել սեփական փորձով…Ես առայժմ սովորում եմ, որպեսզի իմ մասնագիտական որակները համապատասխանեցնեմ քվեբեկյան հեռուստատեսության պահանջներին, բայց մինչ այդ՝ ընդամենը յոթ ամսում, հասցրել եմ փոխել երկու աշխատանք ու, ընդ որում, առանց լուրջ դժվարությունների։ Մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գալ ու դեռ ժամանակ ունեն, խորհուրդ կտամ կատարելագործել լեզվի իմացությունը։ Կա ևս մեկ սուբյեկտիվ հանգամանք, որն ավելի դժվար է դարձնում աշխատանք գտնելը. Քվեբեկում, ի տարբերություն Կանադայի մյուս նահանգների, գործատուները ոչ բացահայտ, բայց ներկայորեն տարբերություն են դնում տեղացիների ու եկվորների միջև ու հավասար մասնագիտական կարողությունների դեպքում նախապատվությունը տալիս են տեղացիներին։ Բայց սա ևս հաղթահարելի է, քանի որ քվեբեկյան բուհերը լայնորեն հասանելի են նորեկներին, ու մասնագիտական որակները զարգացնելն ու անգամ մասնագիտություն փոխելը լիովին հնարավոր է։ Ամենակարևորը, սակայն, ցանկացած պարագայում դրական տրամադրվելն է, հակառակ դեպքում ոչ թե դու կհաղաթահարես դժվարությունները, այլ դրանք կհաղթեն քեզ…Այնպես որ, մի կողմ թողնելով ակամա հարստանալու մասին առասպելները, ավելի լավ է նոր իրականությանը պատրաստվել մինչև այնտեղ ոտք դնելը…Իմ ինտեգրումը Քվեբեկում եղել է գրեթե անցնցում, և այդ հարցում ինձ նախևառաջ օգնել է մոտ 21 տարի առաջ կայացրածս որոշումը, երբ փաստաթղթերս ձեռքիս թակեցի Երևանի Վ. Բրյուսովի անվան այն ժամանակ դեռ օտար լեզուների ինստիտուտ կոչվող հաստատության դուռը…

 

…Բարի գալուստ նոր մարտահրավերներով լեցուն, բայց և լայն հնարավորություններով հարուստ աշխարհ…

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments