Home / Armenia  / Շատ կեղծիքներ չեմ սպասում ապրիլի 2-ին. «Դեպոպ» կառավարման ինստիտուտի տնօրեն Սարգիս Շահինյան

Շատ կեղծիքներ չեմ սպասում ապրիլի 2-ին. «Դեպոպ» կառավարման ինստիտուտի տնօրեն Սարգիս Շահինյան

Sargis Shahinyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — 2016թ-ին տեղի ունեցած երկու իրադարձությունների՝ Ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռեր»-ի հուլիսյան գործողությունների արձագանքը Սփյուռքում ծնունդ տվեց մի նոր շարժման: Սեպտեմբերի 10-ին Տորոնտոյում «Հայկական վերածնունդ»-ի նախաձեռնած համաժողովի ժամանակ կանադահայ գործարար Վահան Կոլոլյանն առաջարկեց հիմնադրամ ստեղծել, որի նպատակը կլինի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մոնիթորինգ իրականացնելը և որն ուղղված կլինի արդար ու անկողմնակալ ընտրությունների անցկացմանը: Կոլոլյանն անձամբ հիմնադրամին 100,000 դոլար փոխանցելու պատրաստակամություն հայտնեց:

 

Շատ ավելի մեծ ֆինանսական ներդրումներով հիմնադրվեց ոչ թե հիմնադրամ, այլ «Դեպոպ» կառավարման ինստիտուտը, որի համահիմնադիրը ֆրանսահայ ճարտարագետ, Փարիզի Հայկական դիտարանի հիմնադիր, տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հանրահայտ ընկերությունների նախկին ղեկավար Ռոբերտ Այդաբիյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ «Շվեյցարիա – Հայաստան» խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար, շվեյցարահայ Սարգիս Շահինյանը:

 

«Դեպոպ» կառավարման ինստիտուտն արդեն իսկ սկսել է գործունեությունը՝ որպես մեկնարկ հեռարձակելով հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված հաղորդաշարեր ու սոցիալական գովազդներ: Օրինակներից մեկը Հայաստանի Հանրային ռադիոյով հեռարձակվող 9 հաղորդումների շարքն է: «Ստատուս քվո» հաղորդման շրջանակներում քննարկումներ են ծավալվում ընտրողների և ընտրվողների միջև:

 

Արդյո՞ք նման ուղղվածության հաղորդման հեռարձակումը Հանրային ռադիոյով կարող է վստահելի լինել Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելուն, արդար ընտրություններ անցկացնելուն ուղղված կանադահայ գործարար Վահան Կոլոլյանի կոչը որքանո՞վ է իրագործելի, և ինչպե՞ս կարող է փոխել Սփյուռքի կամ Հայաստանի դիտորդն ու քաղաքացին երկրի վիճակը. այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է «Դեպոպ» ինստիտուտի տնօրեն Սարգիս Շահինյանի հետ:

 

Երկու համանախագահների ներդրումներով հիմնադրվեց ինստիտուտը, իսկ հետագա գործունեության կազմակերպման համար աջակցություն են ցուցաբերել անհատներ ու կազմակերպություններ։ Սկսվել է նաև սոցիալական ցանցի միջոցով դրամահավաքը, որի միջոցով գոյացած գումարները կուղղվեն սոցիալական գովազդների հեռարձակմանը:

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՎ

Տեղեկատվության տարածումն ու հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն առաջին կարևոր քայլերից է, որի միջոցով «Դեպոպ»-ը գնում է ընտրական համակարգի առողջացման ճանապարհով արմատական փոփոխությունների: Դրանցից մեկն էլ «Ստատուս քվո» հաղորդաշարն է:

 

Թեկնածուին բռնացնել այն պահուն, երբ խնդիրը պոպուլիզմի պիտի երթա, կամ գովել, երբ իսկական գործունեության պիտի երթա

 

«Մենք այս հաղորդաշարերի միջոցով կանչում ենք պատասխանատվության երկու բևեռների՝ թե՛ ընտրողի, թե՛ ընտրվողի, ցանկությունը այն է, որ հարաբերություն ստեղծվի այդ երկու բևեռների հաշվետվության և քաղաքացիական պատասխանատվության միջև, գիտակցեն, թե ես ինչ եմ իբր ընտրող թեկնածուի կողմից և թեկնածուն ոնց պիտի փորձե ինձ համոզե, այսինքն՝ ինչ տեսակ արգումենտների հիման վրա պիտի փորձե քարոզչությունը տարածե, իսկ հոն արդեն բռնացնել այն պահուն, երբ խնդիրը պոպուլիզմի պիտի երթա, կամ գովել, երբ իսկական գործունեության պիտի երթա»,– ներկայացնում է Շահինյանը:

 

Անմիջական մասնակիցը քաղաքացին է՝ ուղիղ եթերում

 

40 րոպե տևողությամբ այս հաղորդաշարը, թերևս, շատ ավելի մեծ վստահության արժանանար, եթե հեռարձակվեր ոչ թե Հանրային ռադիոյով, այլ շատ ավելի չեզոք դիրք ունեցող լրատվամիջոցի եթերում: Սարգիս Շահինյանը համաձայն չէ, նշում է, որ ասելիքը հաջողվում է անկողմնակալ ներկայացնել, առավել ևս, եթե դրա անմիջական մասնակիցը քաղաքացին է՝ ուղիղ եթերում:

 

Ուղիղ եթերում հնչող զանգերի մեծամասնությունը, շրջաններից են, այսինքն՝ տեղերից, ուր այս տեսակ տեղեկությունները դժվարությամբ են հասնում

 

«Հանրային ռադիոն լայն տարածման հնրավարություն ունի Հայաստանի մեջ, նույնիսկ մինչև Արցախ, նաև արտասահման, այսինքն՝ Սփյուռքում։ Սա մի սարսափելի կարևոր վեկտոր է, որը տեղեկությունների տարածման հնարավորություն է տալիս: Մինչև հիմա դրանք չեն կարողացել գնալ հոն, ուր որ պետք էին։ Ուղիղ եթերում հնչող զանգերի մեծամասնությունը, շրջաններից են, այսինքն՝ տեղերից, ուր այս տեսակ տեղեկությունները դժվարությամբ են հասնում»,– վստահեցնում է շվեյցարահայը:

 

Վստահ է, որ այսպիսով ասելիքը հասնում է թիրախին: Հենց Հանրային ռադիոյի հեռարձակման այս լայնամասշտաբ հնարավորություններն են առավելություն տալիս նպատակին հասնելու համար, իսկ խնդիրը, որ քաղաքացին չի կարողանում մեկնաբանություններ թողնել այս լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում, երկրորդական է համարում, կարևորն այն է, որ քաղաքացին մասնակցում է ուղիղ եթերին:

 

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է օրենսդրությունը, հասարակությանը տեղյակ պահել իրավունքներին. սա լավագույն ճանապարհն է համարում: Տեխնոլոգիական նոր հնարավորությունները ոչինչ չեն տա, եթե քաղաքացին չի գիտակցում իր իրավունքները, չունի բարձր ինքնագիտակցության մակարդակ, իսկ դիտորդը պրոֆեսիոնալ չէ իր աշխատանքում՝ անկախ նրանից տեղացի, թե սփյուռքահայ կամ օտարերկրյա դիտորդ է, համոզված է Սարգիս Շահինյանը: Ե՛վ տեխնոլոգիական, և՛ օրենսդրական հնարավորությունները թույլ տալիս են սահմանափակել կամ չեզոքացնել ընտրակեղծիքները: 

 

Ես շատ կեղծիքներ չեմ սպասում ապրիլի 2-ին, ես դժվարությունները տեսնում եմ առաջ

 

«Անկեղծ ասած՝ ես շատ կեղծիքներ չեմ սպասում ապրիլի 2-ին, ես դժվարությունները տեսնում եմ առաջ, օրինակ՝ յուրաքանչյուր տան մեջ երթալ, դուռը ծեծել և մարդկանց վրա հոգեկան բռնություն, ազդեցություն գործածել, որպեսզի ենթարկվին այս կամ այն ուժի: Սրա վրա է, որ ուզում ենք աշխատիլ՝ բերելու համար ընտրողին այն գիտակցության, որ ինքը կարող է այս տեսակ բռնության ասել՝ ոչ, և սա բոլոր վատ քաղաքացիական վերաբերմունքի դեմ լավագույն ձևն է»,– վստահ է կառույցի ղեկավարը:

 

Տեխնոլոգիական ներդրումները թույլ կտան ընտրատեղամասում կանխել կեղծիքները, բայց մինչ ընտրությունները տարածում գտած կոռուպցիոն դրսևորումների վերացման հույսը միայն ինքնագիտակցության բարձրացման վրա է, որին ուղղված է «Դեպոպ»-ի աշխատանքը: Նույն կերպ անհրաժեշտ պարագաներում պետք է կիրառել օրենսդրությունը:

 

«Եթե պաշտոնյա եք ձեր ոլորտին մեջ, ձեր դիրեկտորը ստվերային ձևով կամ բացեիբաց ճնշման է ենթարկում՝ ասելով, որ եթե չքվեարկես այս կամ այն ուժին, հակառակ դեպքում տեղդ կկորցնես, դա քրեական իրողություն է, և այլ դեղատոմս չկա, քան իրավական դաշտը»,– օրինակ է բերում Շվեյցարիա – Հայաստան» խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղարը:

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Կատարելու է նաև «Քաղաքացի դիտորդ»-ի առաքելությունը, սակայն ոչ թե որպես «Դեպոպ» կառավարման ինստիտուտի ղեկավար, այլ որպես դիտորդ : Սա մի նախաձեռնություն է, որը ևս համախմբում է ձայների վերահսկման մեխանիզմին կողմնակից քաղաքացիներին: Սարգիս Շահինյանին հաջողվել է ոչ մեծաթիվ, բայց մի խումբ շվեյցարահայ անձանց ներգրավվել դիտորդական աշխատանքներում:

 

Իսկ Սփյուռքի ներգրավվածությունը դիտորդական առաքելության աշխատանքներում կարող է արդյունավետ լինել միայն պրոֆեսիոնալ անձանց մասնակցության պարագայում: Դա, ըստ մեր զրուցակցի, վերաբերում է նաև տեղացի դիտորդներին:

 

«Եթե այդ ամենը պիտի տեղի ունենա պրոպագանդման գետնի վրա, ինչ խոսք, նույնիսկ այստեղի դիտորդը, որը այդ տեսակ պրոպագանդայի ենթարկված լինի, կողմնակալ լինի, կուսակցական շքից ազդված լինի, ինքն էլ վնաս պիտի բերե այս առաքելությանը»,– ասում է Շահինյանը:

 

Նույն կերպ էլ պրոֆեսիոնալիզմից է կախված, թե որքանով արդյունավետ կլինի Սփյուռքի ներգրավվածությունը դիտորդական առաքելության աշխատանքներում, վստահ է Շահինյանը և հավելում է, թե այն կարող է հսկայական տարբերություն ապահովել, եթե այդ նպատակով Հայաստան եկողները գիտակից լինեն իրենց կատարած առաքելության հարցում:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments