Home / Armenia  / Կանադան ինչո՞ւ բոլորին կտանի Հայաստանեն. հալեպահայ կինը բողոքում է, որ երկիրն իր դռներն է բացում հայերի առջև

Կանադան ինչո՞ւ բոլորին կտանի Հայաստանեն. հալեպահայ կինը բողոքում է, որ երկիրն իր դռներն է բացում հայերի առջև

Untitled-1

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — 30 տարի առաջ տիկին Լենան, երբ Հալեպում սեփական բիզնեսն էր սկսում՝ փորձելով բարեկեցություն ապահովել, մտքով չէր էլ անցկացնում, թե այն հրթիռակոծության կենթարկվի: Երկու հրթիռների հարվածների տակ մնացած նրա խանութը ավերվեց, քիչ բան հասցրեց փրկել: «Լիքը ապագա կառուցեր էինք, ի՞նչ եղավ. մեկ օրվա մեջ ամեն ինչ կորսնցուցինք, պարապ բան է»,– այդ օրվանից իր աշխարհայացքը փոխեց Լենա Շամլիյանը:

 

Ապագան այսօրն է. հիմա արդեն այս համոզմունքով է ապրում կինը Երևանում: Նրա ճակատագրին արժանացած սիրիահայերից շատերը նոր ապագա որոշեցին կերտել աշխարհի զարգացած, բարեկեցիկ կյանք խոստացող երկրներում: Տիկին Լենան առաջին հերթին մտածեց հայկական անձնագիր ձեռք բերելու մասին ու որոշեց այդ նպատակով երկու ամսով գնալ Հայաստան. 2012 թվականն էր:

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆԸ

^392B685695E573D7A7F860BE9345BBD27017C6BC8D5BEC2872^pimgpsh_fullsize_distrԵրկու ամսվա փոխարեն արդեն չորսուկես տարի է, ինչ Հայաստանում է: 2 տարի առաջ մի խումբ հալեպահայերի հետ լքված մի վայրում՝ մետրոյի անցումային հատվածներից մեկում, հիմնեցին «Հալեպի շուկա» կոչվող տոնավաճառը, որտեղ սիրիահայերից յուրաքանչյուրը մի բիզնես է ծավալում, իսկ ինքը վաճառում է տեղական արտադրանքն ու սեփական ձեռագործ ապրանքները:

 

 

Ժողովուրդը գուկան, կ’ըսեն՝ հալեպցի են, պետք է քաջալերենք

 

«Օրինակ ես Հալեպի արհեստովս կաշխատիմ, ավելի պզտիկ է հոստեղի խանութը, բայց շատ ուրախ ենք, հանգիստ ենք, ժողովուրդը կու գան, կ’ըսեն՝ հալեպցի են, պետք է քաջալերենք, կ’ըսեն ուրիշեն չվերցուցինք, եկանք ձեզմե վերցուցինք, որպեսզի քաջալերենք ձեզի»,– Noranor.ca-ին ուրախությամբ պատմում է կինը:

 

ՀԱՆԳԻՍՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Գոհ է, որ հայրենիքում է ապրում և մտադիր էլ չէ երբևէ լքել Հայաստանը: Մտածում է Սիրիա վերադառնալու մասին, բայց ոչ ապրելու նպատակով՝ կվաճառի այնտեղ մնացած ունեցվածքն ու կվերադառնա Հայաստան, որտեղ ամեն ինչ չէ, որ հեշտ է, բայց կյանքը հանգիստ է:

 

«Գոնե հոս հանգիստ եմ, վախ չունիմ, ազատ կ’երթամ-կու գամ, իմ լեզուս է, իմ կրոնքս է: Հանգիստ երկինքի տակ կ’ապրինք. բախտավոր ենք, որ մենք հայ ենք, ունինք կտոր մը երկինք, կտոր մը սահման, որ մեզի իր մեջ առավ, պահպանեց»,– ուրախ է սիրիահայ գործարարը:

 

ԿԱՆԱԴԱՆ ԻՆՉՈ՞Ւ ԲՈԼՈՐԻՆ ԿՏԱՆԻ

Չի հերքում՝ այլ երկրներն էլ պատրաստ էին ընդունելու իրեն, բայց ամեն ինչ այնքան հեշտ չէր լինի, ինչպես Հայաստանում, վստահ է նա: «Հիմա ես եկա այստեղ, ուղղակի տեղացիություն տվավ, քանի որ դուն հայ ես, բայց եթե ես Շվեդիա կամ Կանադա պիտի երթամ, չեմ գիտեր ինչ հարցեր պիտի լուծեմ: Մինչեւ հիմա մարդիկ կան, որ գացին Շվեդիա եւ ետ դարձան, չտվին տեղացիություն, նույնպես Կանադան, եթե քեզի զորավոր կռնակ կեցող չըլլա, չընդունիր, դժվար է. թերեւս ես գացի Կանադա, ի՞նչ պիտի աշխատիմ, չեմ կրնար»,– տարակուսանքն է հայտնում միայնակ կինը:

 

Ոչ միայն չի ցանկանում մեկնել որևէ այլ երկիր, այլև իր բողոքն է արտահայում բոլոր այն երկրների ղեկավարություններին, որոնք դռները բացում են հայերի առջև ու սատար կանգնում: Մեր լրատվամիջոցին է փոխանցում նաև իր այս դժգոհությունը Կանադայից՝ հարց ուղղելով:

 

«Կանադան ինչո՞ւ բոլորին կտանի Հայաստանեն` այդտեղ ապագա չկա’, ա-պա-գա չկա’ ասելով»,– ասում է հայրենադարձ սիրիահայն ու հավելում. «Իսկ Հայաստանի ապագան ես պիտի շինեմ, այստեղի իմ նմանները պիտի շինեն»:

 

Իր շրջապատում շատերին է ճանաչում, ովքեր հայրենիքի փոխարեն նախընտրեցին Կանադան, համոզված է, որ նրանք ավելի մեծ դժվարություններ ունեն այս երկրում: Անձամբ ևս հնարավորություն ուներ գնալ Կանադա, այնտեղ ապրող իր հարազատները ևս պատրաստ էին սատար կանգնել, բայց տիկին Լենան դեմ է այս քայլին:

 

Տեսե՞ր եք դուք, որ կանադացի մը Կանադայեն դուրս ձգտե ապրիլ

 

«Ես Կանադայի դեմ չեմ, իմ հարազատներս բոլորը հոն են: Ես կսիրեմ երթամ Կանադա, պտտիմ-գամ, բայց ինչո՞ւ երթամ, այնտեղ մնամ: Մենք իբր հայ, մեր տեղը հոս է. տեսե՞ր եք դուք, որ կանադացի մը Կանադայեն դուրս ձգտե ապրիլ, բայց հայաստանցին Հայաստանե դուրս կձգտե ապրիլ, նույնիսկ տեղացիները մեզի կըսեն՝ դուք ինչո՞ւ եկեր էք այստեղ, այստեղ ապրելու տե՞ղ է»,– սրտնեղում է Շամլիյանը:

 

Հալեպահայ կինը բոլորի նման դժգոհում է այն սոցիալական դժվարություններից, որ կան Հայաստանում, բայց նաև դրականն է տեսնում, գնահատում ու հավատում լավ ապագային՝ ասելով. «Շատ ալ աղվոր ապրելիք տեղ է, եթե դուն կրնաս շիտակ ապրիս: Այստեղ լավ նոր սերունդ կա, իր մեջ արդեն ես մեծ լույս կտեսնեմ, նոր սերունդը շատ լավն է Հայաստանի»,– արտահայտվում է «Հալեպի շուկայի» աշխատակիցը:

 

Ամենուր դժվար է, հիմա՝ արդեն նաև Սիրիայում, որտեղ կյանքը շատ է փոխվել, նախկին բարեկեցությունը չկա, իսկ Հայաստանում՝ որպես հայ, բոլոր իրավունքներից կարող է օգտվել:

 

«Կանադայի մեջ ամսակա՞ն պիտի տան ինծի,- հարցնում է,- այդտեղի պայմաններով իրենց ամսականը կու տան, այստեղ ալ մի օր կստանանք թոշակ, վնաս չունի, քիչ թող ըլլա, բայց հո’ս թող ըլլա, հարց չկա, հարկս այնտեղ տալուն հոս կու տամ, իմ զինվորին թող երթա, ուրիշին չերթա»:

 

Այս ասելով՝ հայրենասեր կինը կոչ է անում բոլոր հայերին թողնել օտար երկրներն ու գալ, վայելել Հայաստանի արևը՝ շեշտելով, որ անգամ եղանակն է այստեղ յուրահատուկ. «Ո՞վ ունի այսպես չորս եղանակով երկիր, ամենքը կ’ուզեն Հայաստան գալ, որպեսզի չորս եղանակի արեւը վայելեն: Բայց մենք մեր ունեցածը չենք գնահատեր, մենք մերը չենք վայելեր, միշտ օտարամոլ եղած ենք»:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments