Home / Opinion  / Alik Hakobyan  / Դարի ձնաբուքը…

Դարի ձնաբուքը…

Alik Hakobyan

 

 

Կանադական գարունն ինձ թույլ տվեց լիովին ըմբռնել կանադական ձմռան «հմայքը»՝ իր ամբողջ խորությամբ ու իմաստով: Այն, որ ձնաբքերն այստեղ սաստիկ են լինում, լսել էի, բայց երբևէ չէի ընկալել, թե իրականում ինչ է թաքնված այդ սաստիկ ասվածի տակ: Դա հնարավոր էլ չէ պատկերացնել, մինչև ինքդ չհայտնվես դրա էպիկենտրոնում:

 

Նախորդ շաբաթ կանադական բոլոր լրատվամիջոցների թիվ մեկ թեման եղանակն էր, ավելի ճիշտ՝ եղանակային վատ պայմանների հետևանքները: Ձմեռն իրականում շատ մեղմ անցավ, ձյունն արդեն գրեթե ամբողջությամբ հալվել էր ու թվում էր, թե ուր որ է գարունն արդեն ջերմացնելու է։ Բայց արի ու տես, որ ձմեռը չէր պատրաստվում այդպես հեշտ ու հանգիստ հեռանալ՝ դեռ ևս մեկ անակնկալ ուներ…Անցած շաբաթվա ձնաբուքը շատ լրատվամիջոցներ որակեցին «դարի ձնաբուք», քանի որ այդպիսի խոշոր ձնաբքեր, այն էլ մարտ ամսին, այնքան էլ հաճախակի չեն հանդիպում: Քվեբեկի տարբեր հատվածներում ձնաբքի հետևանքով նույնիսկ մարդիկ մահացան…300 մարդ մի ամբողջ գիշեր «բանտարկված» մնաց Մոնրեալի մոտակայքում՝ ամենաբանուկ մայրուղիներից մեկի վրա՝ առանց համապատասխան կառույցների աջակցության։ Այսօր այդ մարդիկ կոլեկտիվ հայց են ներկայացրել ընդդեմ պատկան այրերի, չնայած, որ Քվեբեկի վարչապետն անձամբ իր ու իր կառավարության անունից ներողություն հայցեց այն մարդկանցից, որոնք դարձել էին անտարբերության զոհ…Բայց դատական կարգով փոխհատուցում պահանջելը նվազագույնն է, որ այդ մարդիկ իրականում կարող էին անել՝ հաշվի առնելով, թե ինչ սարսափելի ժամեր են անցկացրել այդ ձնաբքի ճիրաններում…

 

…Իմ նշանակետին հասնելու համար ես այդ օրը պետք է վարեի 40 կմ: Ձնաբուքը դեռ այնքան սաստիկ չէր, երբ դուրս եկա տանից, ու թվում էր, թե սովորական ձյուն է…Այն, ինչ տեղի ունեցավ հետո, իրականում դժվար է բառերով նկարագրել։ Հասկանալու համար` դա ապրել է պետք… Մինչև այդ օրը նման բան ինձ հանդիպել էր միայն սարսափ ժանրի ֆիլմերում, երբ տեսարանը նկարագրում է մի փողոց, որով ընթանում է մեքենան։ Չորս բոլորը խավար է կամ մշուշ, ու անհայտ է ուղին, մարդիկ վարում են, սակայն չգիտեն, թե ուր…Մոտավորապես 3 ժամ վարելուց հետո հասա Մոնրեալի հայտնի Շամպլենի կամրջին, որը հատում է Սեն Լորան գետն ու տանում Մոնրեալի հարավային ափ։ Նախատեսված հանդիպմանս ավարտին մնացել էր 15 րոպե, իսկ ես դեռ առնվազն 30 րոպե պետք է վարեի, որպեսզի հասնեի տեղ։ Ստիպված զանգահարեցի, զգուշացրեցի, որ այլևս չեմ հասնի և որոշեցի վերադառնալ տուն։Ձնաբուքն ավելի սաստկացավ…Մեքենայի հետևի հողմապակին ամբողջովին պատվեց ձյունով, կողային ապակիներն ու հայելիները սառցակալեցին, իսկ դիմացի հողմապակին հազիվ էր ապահովում տեսանելիությունը․ խոզանակները մի կերպ էին կարողանում այն մաքրել ձնից ու սառույցից…Բայց ձնաբուքը հետզհետե սաստկանում էր։ Ընթացքի ժամանակ մեքենայի դիմապակու խոզանակների վրա արդեն հաստ շերտով սառույց էր գոյանում, և դրանք այլևս ի զորու չէին մաքրել ապակին ու տեսանելիություն ապահովել…Անհրաժեշտ էր լինում կանգնել, մի կերպ դուրս սողալ մեքենայից, քանի որ քամին անտանելի էր, ու այլ խոզանակով մաքրել հողմապակին ու խոզանակների սառույցը։ Բայց դա երկար չէր տևում, քանի որ մի քանի կիլոմետրից պատմությունը կրկնվում էր…Ու այդպես, 5 ժամ անիմաստ վարելուց ու մի քանի անգամ լուրջ վթարային իրավիճակներից հրաշքով խույս տալուց հետո ինձ մի կերպ հաջողվեց հասնել տուն…Ես արդեն մոտ 12 տարի մեքենա եմ վարում, սակայն երբևէ այդպես չէի լարվել մեքենայի ղեկին…Հիմա արդեն հիանալի հասկանում եմ, թե ինչ է նշանակում կանադական ձնաբուք… Եթե դարձյալ մի օր լսեմ ձնաբքի մասին նախազգուշացում, վստահաբար կհետաձգեմ ցանկացած հանդիպում՝ անկախ կարևորությունից, ու կմնամ տանը, քանի որ այն մարդիկ, որոնք մահացան այդ ձնաբքի հետևանքով, ուղղակի որոշել էին կամ դուրս գալ տանից կամ տուն վերադառնալ…ցավոք, նրանք այնքան հաջողակ չեղան այդ օրը, որքան ես…

Ալիկ Հակոբյան

 

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

Ձեր կարծիքը

Comments