Home / Armenia  / Հայաստանի ընտրություններն ու Ջասթին Թրյուդոյի օրինակը. Արսինե Խանջյանը հորդորում է գնալ իշխանափոխության

Հայաստանի ընտրություններն ու Ջասթին Թրյուդոյի օրինակը. Արսինե Խանջյանը հորդորում է գնալ իշխանափոխության

Arsine Khanjian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Ապրիլի 2-ի Խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով Հայաստանում են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ հայտնի հայերը՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր ու մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը:

 

rsz_4955530fccc4240d1bc750951e89efa575f791261f8467ff4bpimgpsh_fullsize_distrՆրանք մինչ ընտրությունները հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել ապրիլի 2-ին սպասվելիք իրենց դիտորդական առաքելության ձևաչափը, խոսել իրենց սպասելիքների մասին ու հասարակությանը կոչ արել անպայման մասնակցել ընտրություններին, անգամ, եթե չեն տեսնում նախընտրելի թեկնածու կամ քաղաքական ուժ:


Noranor.ca
կայքը ևս հետևել է ասուլիսի ընթացքին և կարճ զրույց ունեցել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ:

 

Բազմիցս կարծիքներ են հնչել, թե Սփյուռքից Հայաստան ժամանող գործիչներն ու քաղաքացիները որևէ փոփոխություն չեն կարող բերել այս ընտրություններում, ընտրակեղծիքները կշարունակվեն, այս մասին արտահայտվում էին ոչ միայն քաղաքացիները, այլև այնպիսի հասարակական գործիչներ, ինչպիսիք, օրինակ, «Սասնա ծռեր»-ին սատարող դերասանուհի Թամար Հովհաննիսյանն է: Այս հարցի վերաբերյալ կանադահայ դերասանուհու դիրքորոշումը բոլորովին այլ է` նա ոչ միայն համաձայն չէ Մհեր Մկրտչյանի նախկին կնոջ կարծիքի հետ, այլև վստահ է, որ կկարողանան որևէ դրական փոփոխություն բերել:

 

Եթե ես այդ կարծիքն ունենայի, այսօր հոս չէի ըլլար

 

«Համաձայն չեմ, եթե ես ատ կարծիքն ունենայի, այսօր հոս չէի ըլլար, եւ եթե ես այդ կարծիքն ունենայի, բոլորդ այսօր հոս չէիք ըլլար, կրնան ոմանք ինծի հետ համաձայն չըլլալ, բայց շատ կան մարդիկ, որ կհավատան»,– մեր հարցին արձագանքեց Խանջյանը:

 

Ընտրություններին սփյուռքահայ դիտորդները ոչ թե մեկ տեղամասում կլինեն, այլ կշրջեն տարբեր վայրերով՝ կլինեն գյուղական ընտրատեղամասերում, կհետևեն ընթացքին, կբարձրաձայնեն նկատած ընտրախախտումների մասին:

ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ

Սերժ Թանկյանը առաջին հերթին արձագանքեց, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն սատարում, որևէ մեկի համար չեն աշխատում, այլ բացարձակ անաչառ հետևելու են ընտրությունների ընթացքին:

 

Սակայն, ինչպես հայտնի է, տեղեկություններ են տարածվել, թե նրանք ՕՐՕ դաշինքին աջակցելու նպատակով են Հայաստանում։ Այս մասին տեղեկությունները հերքում է Արսինե Խանջյանը:

 

Ոեւէ մեկը չի կրնար փաստացի ձեւով հաստատել, որ մեր մասնակցությունը որեւէ մեկ քաղաքական դրսեւորումի եղած է

 

«Ուրկե՞ այդ լուրը ստացված է, ո՞ր կուսակցությունն է, կամ այդ լուրը ո՞վ կսփռե կամ կհայթայթե, որովհետեւ ես վստահ չեմ, որ եթե որեւէ մեկ ձեւով լուրը կուգա, ոեւէ մեկը չի կրնար փաստացի ձեւով հստակացնել, որ մեր մասնակցությունը որեւէ մեկ քաղաքական դրսեւորումի եղած է: Ես որոշ կուսակցություններու լսեցի, որ օտար ուժերու հրավերի տակ Հայաստան կգտնվինք եւ մեր ժողովրդի կռնակը կկենանք: Նախ կուսակցություններուն չի պատկանիր որեւէ մեկ ձեւով որոշել՝ ով է հայը. մեր հայությունը զգացական, մտավորական, լեզվի կողմերե անդին պատկանելիության ինքնության հարց է, եւ այսօր Սփյուռքը եւ Հայաստանը մեկ են, կարեւոր չէ՝ ինչ ձեւավորումներով»,– ասաց դերասանուհին:

 

Noranor.ca-ը նրանից հետաքրքրվեց «Սասնա ծռեր» խմբավորման դիրքորոշման հետևանքների մասին: Այս խմբի նկատմամբ Արսինե Խանջյանի վերաբերմունքը հայտնի է, իսկ ի՞նչ է կարծում դերասանուհին նրանց այն հայտարարությունների մասին, որոնցով ուղղակիորեն չեն սատարում ՕՐՕ դաշինքին, բայց պաշտպանում են նրանց գործելաոճը որոշ հարցերում, անգամ մասնակցում են նրանց հանրահավաքին: Արդյո՞ք այս քայլերով «Սասնա ծռեր»-ին սատարող քաղաքացիները չեն պաշտպանի տվյալ քաղաքական ուժին և դա չի՞ ազդի ընտրությունների արդյունքների վրա:

 

Խանջյանը նախընտրեց մանրամասն չանդրադառնալ հարցին, այլ միայն արձագանքեց հետևյալ կերպ. «Չեմ կրնար այդ մեկը պատասխանել, որովհետեւ բավական տեղեկություն չունիմ այդ մասին»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՆ

Իսկ ո՞ւմ կնախընտրեին իրենք՝ սփյուռքահայ հայտնի գործիչները, եթե ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենային, արդյո՞ք կա այլընտրանք: Այս հարցին կանադահայ դերասանուհին պատասխանում է Կանադայի վարչապետի ընտրության օրինակով՝ ասելով.

 

«Բոլորս չկրցանք փոխեինք մինչեւ այն պահը, որ ժողովուրդը որոշեց տարբերակ մը, որ ձայնը պիտի տանք երիտասարդի մը, ով իսկապես ոչ փորձառություն ունի, որուն հայրը եղած է քաղաքական մեծ մարդ: Վերջը որոշեցինք, որ եթե իսկապես փոփոխություն կուզենք եւ այս երկու տարբերակները կան, պիտի որոշենք ինչ ձեւով այդ փոփոխությունը մեջտեղ պիտի բերենք, եւ վերջիվերջո Կանադան որոշեց, որ Ջասթին Թրյուդոն, բոլորդ գիտեք այդ սելֆիներու նախագահը, պիտի դառնա մեր երկրի վարիչը: Մեզի համար կարեւոր չէ ձեր 9 կուսակցություններն ու դաշինքները, մենք ոչ թե մինակ իրավունք, այլ հնարավորություն ալ չունինք տալու մեր գաղափարը: Բայց մեկ բան ըսեմ՝ իշխանությունը այս երկրին մեջ պետք է փոխվի. այո՛»:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments