Home / Opinion  / Alik Hakobyan  / Կոռուպցիան ամենուր է…

Կոռուպցիան ամենուր է…

Alik Hakobyan

 

 

Հայաստանում կաշառակերության ու կոռուպցիայի թեման շատ սուր է ընկալվում: Իմ կարծիքով` այնքան սուր, որ այդ թեմայի վերաբերյալ բանավեճին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե կոռուպցիան ու կաշառակերությունը ծնունդ են առել Հայաստանում ու գոյություն ունեն միայն մեր երկրում: Այն, որ Հայաստանում կա կոռուպցիա, անհերքելի է, բայց մեր երկիրը միակը չէ, որ տառապում է այդ չարիքից:

 

Նախորդ շաբաթ Հայաստանում ընտրություններ էին, հետևաբար ընտրակաշառքի թեման ամենաարդիականներից մեկն էր: Բայց կոռուպցիան միայն Հայաստանին չէ բնորոշ: Արևմտյան երկրների մասին մեր երազանքներում մշտապես ջնջում ենք կոռուպցիայի հատվածը, շատ հաճախ միամտաբար հավատալով, որ այդ զարգացած երկրներին այն բնորոշ չէ, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում: Քվեբեկում ևս կա կոռուպցիա ու կաշառակերություն, բայց ի տարբերություն Հայաստանի, դրանց դրսևորման ձևերը խիստ տարբեր են: Փորձենք մի քանի զուգահեռներ անցկացնել: Քվեբեկում ընտրակաշառք չեն բաժանում, և դա հասկանալի է. այստեղ 30 տոկոսի հասնող աղքատություն չկա, և հետևաբար մարդիկ չեն ակնկալում, որ ընտրության ժամանակ որևէ մեկն իրենց գումար կտա, որպեսզի իրենք իրացնեն ընտրելու իրենց իրավունքը: Այստեղ մարդիկ հավատում են, որ ընտրություններին մասնակցելով՝ իրենք մասնակցում են երկրի կառավարմանը, այստեղ հավատում են ժողովրդավարությանը: Այստեղ կոռուպցիան ավելի վերին ատյաններում է, այն ուղղակիորեն չի ազդում մարդկանց կենսամակարդակի վրա: Քվեբեկում ևս կան կոռումպացված չինովնիկներ, ինչպես Հայաստանում, բայց ի տարբերություն Հայաստանի, եթե չինովնիկի կոռումպացված լինելու փաստն ապացուցվում է, ապա այդ չինովնիկը, անկախ այն հանգամանքից, թե որքան բարձրաստիճան է, ինչպես մի սովորական հանցագործ, կանգնում է դատարանի առջև ու պատասխան տալիս իր գործած հանցանքի համար: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում կոռուպցիայի համար մեղադրվող չինովնիկին կարող են առավելագույնն ազատել զբաղեցրած պաշտոնից, բայց ամենահարմար առիթին դարձյալ օգտագործել այդ երբեմնի կոռումպացված չինովնիկի ծառայություններն ասենք նոր ընտրություններում հաղթանակ տանելու համար: Քվեբեկում արդեն մի քանի տարի գործում է Շարբոնոյի հանձնաժողովը: Այս հանձնաժողովն ուսումնասիրում է նախկին պաշտոնյաների պաշտոնավարման ժամանակ արձանագրված կոռուպցիայի ու բյուջետային միջոցների փոշիացման դեպքերը…Արդեն մի քանի չինովնիկ, այդ թվում նախկին քաղաքապետեր, հայտնվել են ճաղերի հետևում: Հայաստանում չեմ հիշում, որ որևէ նախկին բարձրաստիճան չինովնիկի դատապարտած լինեն ազատազրկման իր պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար, երևի բացառությամբ Վազգեն Խաչիկյանի:

 

Այսօր Քվեբեկում ամենաքննարկվող թեմաներից մեկը «Բոմբարդիե» ընկերության տնօրենների խորհրդի անդամների աշխատավարձերի աստղաբաշխական բարձացումներն են: Սա հարուցել էր աշխատակիցների ու քվեբեկցիների արդարացի զայրույթը, և կազմակերպված բողոքի ակցիներն ի վերջո ստիպեցին հետաձգել այդ որոշումը: «Բոմբարդիե»-ի դեպքը ևս կոռուպցիայի դրսևորում էր իրականում. Ինչո՞ւ…քանի որ ընկերությունն այսօր լուրջ տնտեսական խնդիրներ ունի. վերջերս Քվեբեկի կառավարությունը 1 միլիարդ դոլարի սուբսիդիա տրամադրեց ընկերության առողջացման նպատակով, և այս ամենի ֆոնին, երբ տնօրենների խորհրդի անդամները միլիոնավոր դոլարներով փորձում էին բարձրացնել իրենց աշխատավարձը, դա, իհարկե, հարուցում էր մարդկանց զայրույթը: Բոլոր լրատավամիջոցներն այստեղ ազատորեն քննարկում են կոռուպցիայի թեման՝ անվանական նշելով կոռումպացված չինովնիկներին, այդ թվում ոչ միայն մասնավոր լրատվամիջոցները, այլև հանրային հեռուստառադիոընկերությունը: Կոռումպացված չինովնիկներին այստեղ դատում են, իհարկե, եթե բացահայտում են: Ես միամիտ չեմ կարծելու, թե բոլորին են բացահայտում ու պատասխանատավության ենթարկում:

 

…Կոռուպցիա, ցավոք, կա ամենուր, նույնիսկ ամենազարգացած երկրներում…Ուղղակի այս երկրներում մարդիկ օրվա հացի համար հոգս անելու կարիք չունեն, դրա համար երբեմն նույնիսկ չեն էլ նկատում կամ չեն էլ ուզում նկատել կոռուպցիայի դեպքերը, իսկ Հայաստանում նկատում են բոլորը… Կաշառակերությունն ու կոռուպցիան շատ հին պատմություն ունեն: Նույնիսկ Աստվածաշնչում է հիշատակվում այդ երևույթի մասին: Հոբի գրքի 15-րդ գլխի, 34-րդ համրում գրված է. «…Քանզի մահն է ամբարշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները»: Կաշառակերությունն ու կոռուպցիան երևի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդկությունը…Ուղղակի ամեն մի երկրում այն կդրսևորվի յուրովի՝ կախված այդ երկրի տնտեսական հզորությունից ու մարդկանց կենսամակարդակից…Ցավոք, այս հարցում ես անձամբ որևէ լավատեսական կանխատեսում անել չեմ կարող, քանի որ համոզված եմ, որ ընտրակաշառք վերցնող քաղաքացին որևէ բարոյական իրավունք չունի քննադատելու կոռումպացված նախարարին…Սա, իհարկե, բոլորովին այլ քննարկման նյութ է…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments