Home / Armenia  / Սփյուռքի նախարարը չի կարող սփյուռքահայ լինել. Հրանուշ Հակոբյանի հարցազրույցը

Սփյուռքի նախարարը չի կարող սփյուռքահայ լինել. Հրանուշ Հակոբյանի հարցազրույցը

Hranush Hakobyan
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Noranor.ca կայքին՝ անդրադառնալով սփյուռքահայերի կողմից բարձրացված մտահոգություններին, որոնք հնչեցին ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին՝ մտավոր, գիտական ու ֆինանսական ներդրումները Հայաստանին ուղղելու կապակցությամբ: Նշենք, որ դրանք վերաբերում էին մի քանի հարցերի, որոնց մեր կայքն անդրադարձել է իր նախորդ հրապարակումներից մեկում:

 

Կարեն Կարապետյանի կոչը ոմանք որակեցին որպես հուսահատ ջանք՝ Սփյուռքից Հայաստան ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ: Սփյուռքի ներդրումները նվազել են, քանի որ սփյուռքահայերից շատերը համոզվել են, որ դրանք նպատակին չեն ծառայում, համատարած կաշառակերության միջավայրում փոշիացվում են, յուրացվում պետական ծառայողների կողմից, իսկ Կարեն Կարապետյանն իր կոչում փորձում էր Հայաստանի վրա սևեռել 7 մլն-ոց Սփյուռքի ուշադրությունը:

 

Բացի դրանից, Սփյուռքի նախարարությունը չի կարող Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճիշտ միջնորդ լինել, եթե չի գտնվում Սփյուռքում, նա պետք է լինի սփյուռքահայ, իսկ աշխարհագրական 6 վայրերում լինեն Սփյուռքի փոխնախարարներ, նման առաջարկությամբ էր հանդես եկել կանադահայ ինժեներ-շինարար, ինչպես նաև դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, ով բազմիցս աջակցել է հայրենիքին: Այս հարցերին է անդրադարձել Սփյուռքի գերատեսչության ղեկավարը:

 

ՉԻ ԿԱՐՈՂ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԼԻՆԵԼ

Հրանուշ Հակոբյանը միանշանակ բացառեց սփյուռքահայ նախարար նշանակելու հանգամանքը՝ հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը: Միայն ի պատասխան հարցին, թե սփյուռքահայ մտավորականները Սփյուռքի նախարարի պաշտոնում սփյուռքահայի նշանակման հարց են բարձրացնում, ասաց, թե դա միայն մեկ-երկուսի ցանկությունն է:

 

Սահմանադրությամբ արգելված է, որ այլ երկրի քաղաքացին կամ երկքաղաքացին լինի ՀՀ կառավարության անդամ կամ ԱԺ անդամ

 

«Չի կարող սփյուռքահայ լինել, որովհետև ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը թույլ չեն տալիս: Սահմանադրությամբ արգելված է, որ այլ երկրի քաղաքացին կամ երկքաղաքացին լինի ՀՀ կառավարության անդամ կամ ԱԺ անդամ: Դրանք ցանկություններ են»,– արձագանքեց Հրանուշ Հակոբյանը:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ

Իսկ իրականությունն այն է, որ Հրանուշ Հակոբյանը ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից՝ այս գերատեսչության հիմնադրման օրվանից, 4 անգամ վերանշանակվել է նույն պաշտոնում, այսինքն՝ որևէ  կառավարության օրոք նա պաշտոնանկ չի արվել, իսկ մինչ այդ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՀՈՒՍԱՀԱՏ» ԿՈՉԸ 

Նա վստահ չէ, որ Սփյուռքի նախարարությունն իր դերը լավ չի կատարում, ինչն էլ ներդրումների նվազման պատճառ է դառնում, համոզված է, որ սփյուռքահայերի կողմից ներդրումներ եղել են և շարունակում են լինել, իսկ վարչապետի կոչը հուսահատ որակելը տեղին չի համարում, հավաստիացնում է օրինակներով:

 

Մենք այսօր չենք ասում եկեք, բարեգործություն արեք, մենք ասում ենք՝ ներդրում արեք, օգուտ ստացեք, դա ձեր խնդիրն է

 

«Եթե հուսահատություն լիներ, Էռնեկյանը մոտ 500 մլն դոլար չէր բերի, Սամվել Կարապետյանը՝ 300 մլն դոլար, երեկ չէ առաջին օրը հայտարարեց, երբ արդեն 200 մլն և ավելի ներդրում արել է, նույնը չէր ասի մեր Սերգեյ Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը, Թուֆենկյանները, այնպես որ այն մարդիկ, որոնք չեն ուզում ինչ-որ բանով օգտակար լինել, սկսում են պատճառներ փնտրել, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են հայրենիքին օգտակար լինել, ձևը գտնում են օգտակար լինելու, այդ թվում նաև իրենց, որովհետև մենք այսօր չենք ասում եկեք, բարեգործություն արեք, մենք ասում ենք՝ ներդրում արեք, օգուտ ստացեք, դա ձեր խնդիրն է»,– հայտարարեց Սփյուռքի նախարարը:

 

Նա չի կարծում, որ յոթմիլիոնանոց Սփյուռքի կարծիքների հետ պետք է հաշվի նստել կամ դրանք ընդհանրացնել, ներդրումները գալիս են ու ծառայում նպատակին: Արդյո՞ք դրանք չեն յուրացվում կամ փոշիացվում, ինչպես վստահ են շատերը:

 

Եթե փոշիանում է, ինչպե՞ս կարող է, կարող է մի քանի դեպքեր լինեն բացասական, բիզնեսը բոլոր տեղերում չէ, որ 100 տոկոս արդյունք է տալիս

 

«Ես էլ ձեզ ասում եմ՝ խնդրեմ, վերցրեք բարձր տեխնոլոգիաների ոլորտը, 400-ից ավելի խոշոր կազմակերպություններ կան, ինչո՞ւ են գալիս հաստատվում, եթե փոշիանում է, ինչպե՞ս կարող է, կարող է մի քանի դեպքեր լինեն բացասական, բիզնեսը բոլոր տեղերում չէ, որ 100 տոկոս արդյունք է տալիս, միշտ էլ լինում են ձախողումներ, բայց Հայաստանում այնքան դրական օրինակներ կան, ավելի լավ է խոսենք դրական օրինակների մասին»,– կոչ է անում Սփյուռքի գերատեսչության ղեկավարը:

 

Ոչ միայն դրական օրինակներ կան, այլև դրական արձագանքներ են ստացվել վարչապետի կոչին, հավաստիացնում է Հրանուշ Հակոբյանը, իսկ կոչի մեջ առանձնացնում այն, որ դա միայն ներդրումներ անելուն, ֆինանսական միջոցներ ներգրավելուն և նյութական օժանդակություն ցուցաբերելուն չէր վերաբերում, այլ նաև գիտական, մարդկային ներուժի ներգրավմանն ու հայրենիքի զարգացման համար հնարավորությունների ու կապերի օգտագործմանը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments