Home / Armenia  / Եթե դրսի դաշնակցականները գան Հայաստան, միգուցե միանան «Ելք» դաշինքին, ոչ թե Դաշնակցությանը. Գևորգ Գորգիսյան

Եթե դրսի դաշնակցականները գան Հայաստան, միգուցե միանան «Ելք» դաշինքին, ոչ թե Դաշնակցությանը. Գևորգ Գորգիսյան

Գեւորգ Գորգիսյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Երիտասարդ ծրագրավորող Գևորգ Գորգիսյանին 2013 թվականից կարելի էր տեսնել քաղաքացիական շարժումների առաջնագծում, որտեղ իր գաղափարակիցների հետ պայքարում էր հանուն արդարության: Ի սկզբանե մտադիր չէր մուտք գործել քաղաքականություն, կայացել էր իր բնագավառում, աշխատում էր «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող, իսկ 2015-ից՝ «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

 

Գորգիսյանների ընտանիքի երիտասարդ սերնդի ներկայացուցիչը շատերի հետ դուրս եկավ իշխանությունների դեմ պայքարի, երբ որոշվեց կիրառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը: Այն կանխելու նպատակով միացավ «Դեմ եմ», իսկ ավելի ուշ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու նպատակով ստեղծված «Էլեկտրիկ Երևան» շարժումներին:

 

Samvel Gorgisyan

Սամվել Գորգիսյան, պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախապապը

Գևորգ Գորգիսյանը, ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի եղբոր՝ Սամվել Գորգիսյանի որդին է, իսկ նրա դաշնակցական գերդաստանում հայրենիքի ազատագրումն ու անկախ Հայաստան ունենալու ձգտումը սերնդեսերունդ էր փոխանցվել, արմատացել նաև հաջորդ սերունդների գիտակցության մեջ, թեև այդ հաջորդ սերունդն այլևս դաշնակցական չէր:

 

Noranor.ca կայքը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից «Ելք» դաշինքի անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Գևորգ Գորգիսյանի հետ՝ պարզելու, թե ինչու երիտասարդը նախընտրեց «Ելք» դաշինքը, այն դեպքում, երբ հայտնի էր իր նախնիների արմատական մոտեցումը ավանդական Դաշնակցության նկատմամբ, ինչ ազդեցություն է ունեցել դաշնակցական գաղափարախոսությունն իր վրա, ինչպես նաև «Ելք»-ի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ, թե այն ևս իշխանական թևի հովանու ներքո է գործում:

 

ՄԻԳՈՒՑԵ ՄԻԱՆԱՆ «ԵԼՔ»-ԻՆ

Հայաստանում գործող ՀՅԴ-ն ժամանակ առ ժամանակ իշխանությունների հետ կոալիցիոն համագործակցության մեջ է մտնում, այդպես է մտադիր գործել նաև առաջիկա խորհրդարանում, այնինչ Գևորգ Գորգիսյանը նախընտրում է իշխանությունների դեմ պայքարի ուղին, որն ավելի արդար է համարում ու չի կարծում, որ սրանով մեղանչում է իր դաշնակցական նախնիների դեմ: Բացատրում է այսպես.

 

Հայաստանում Դաշնակցությունը միշտ եղել է մի մասն այն կոռումպացված համակարգի, որը մեր երկիրը տանում է կործանման

 

«Դրսում գործող Դաշնակցությունը լրիվ այլ կառույց է, Հայաստանում Դաշնակցությունը` լրիվ այլ: Հայաստանում Դաշնակցությունը միշտ եղել է մի մասն այն կոռումպացված համակարգի, որը մեր երկիրը տանում է կործանման: Դրսի դաշնակցականները շատ դժվար են դա պատկերացնում և ընդունում, բայց դա իրողություն է, եթե նրանք գան Հայաստան, ծանոթանան այդ իրողությանը, միգուցե իրենք էլ միանան «Ելք» դաշինքին, և ոչ թե Դաշնակցությանը»,– ասում է Գևորգ Գորգիսյանը:

 

Իսկ իր երակներով հայրիկի ու պապիկի արյունն է հոսում. նրանք Հայաստանի անկախության համար էին պայքարում, իսկ ինքը փորձում է կերտել այդ անկախ Հայաստանը:

 

Օր օրի թուլացնելով տնտեսությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, արմատացնելով կոռուպցիան՝ թուլանում է մեր երկրի անկախությունը

 

Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյան, Գևորգ Գորգիսյանի հորեղբայրը

Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյան, Գևորգ Գորգիսյանի հորեղբայրը

«Երբ հորեղբայրս 88-ի մայիսի 28-ին Ազատության հրապարակում բարձրացրեց Եռագույնը, մարդիկ եղան, որ ասացին, թե մենք չենք ուզում անկախություն, եկել ենք պայքարելու Ղարաբաղի համար, Մովսեսը մի հետաքրքիր բան ասաց՝ ինչպե՞ս կարող եք լուծել Արցախի խնդիրը, եթե չունեք անկախ Հայաստան: Հենց այդ անկախ Հայաստանն ենք մենք այսօր փորձում կերտել, ու ես հիմա իմ առաքելությունը տեսնում եմ դրա մեջ: Օր օրի թուլացնելով տնտեսությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, արմատացնելով կոռուպցիան՝ թուլանում է մեր երկրի անկախությունը. 21-րդ դարում երկիրը թերզարգացած տնտեսությամբ չի կարող լինել անկախ»,– կարծում է Գորգիսյանը:

 

 

ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ

«Դեմ եմ» շարժման ժամանակ Գևորգը հայտարարում էր, թե պատրաստ են իրենց վրա վերցնել գործադիրի ու օրենսդիրի աշխատանքը: Մի խումբ գաղափարակից երիտասարդների հետ մասամբ վերցրեցին, երբ մասնակցեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի մշակմանը, իսկ հետագայում հասկացան, որ չի կարելի անընդհատ հետևանքների դեմ պայքարել:

 

«Մենք մտանք քաղաքականություն՝ փոխելու այդ քաղաքական արժեհամակարգը, քաղաքականության որակը առհասարակ, ցույց տալու համար, որ պարտադիր չէ լինել օլիգարխ, շահամոլ՝ անձը պաշտպանելու համար, կարող ես ուղղակի լինել լավ մարդ և մտնել քաղաքականություն՝ հասարակության շահերը պաշտպանելու համար»,– վստահ է երիտասարդ ծրագրավորողը:

 

Եթե քաղաքականությունում գործող անձինք ի վիճակի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները, դա իրենց վրա կարող են վերցնել ծրագրավորողները, իրավաբաններն ու լրագրողները, ինչպես այսօր տեղի է ունենում:

 

«Լավ օրից չէր, որ մարդիկ, իրենց գործը թողած, մտան քաղաքականություն: Դա գալիս էր նրանից, որ քաղաքականությունում գործող անձինք չկարողացան լինել հասարակության ձայնը ներկայացնողները»,– ասում է «Ելք» դաշինքի անդամը:

         

«Դեմ եմ» շարժման ժամանակ ձևավորվեց այն թիմը, որը հետագայում ստեղծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ելք» դաշինքը դարձավ ընդդիմադիր ուժերին միավորող քաղաքական ուժը:

 

Ժամանակը ցույց տվեց, որ միայն այդ երեք ուժերն էին, որ իրենց տեսնում էին ընդդիմադիր դաշտում և պատրաստ էին պայքարել Հանրապետական կուսակցության դեմ

 

«Ելք» դաշինքի նպատակը մեկն էր՝ գոյություն ունեցող բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբել մեկ դաշինքում և ստեղծել ընդդիմադիր բևեռ, որպեսզի կարողանանք լուրջ արդյունքներ գրանցել: Ժամանակը ցույց տվեց, որ միայն այդ երեք ուժերն էին, որ իրենց տեսնում էին ընդդիմադիր դաշտում և պատրաստ էին պայքարել Հանրապետական կուսակցության դեմ»,– ասում է երիտասարդ պատգամավորը:

 

ՀԵՐԻՔ Է ՄԵՆՔ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԸՆՁՈՒՂՏ ՉԵՆՔ

«Ելք»-ի ընդդիմադիր լինելը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, իսկ նման փորձեր եղան, երբ ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ելք»-ը գործում է Միքայել Մինասյանի հովանու ներքո: Այս ամենը Գորգիսյանը զուտ բամբասանք է համարում այն մարդկանց կողմից, որոնց ակնկալիքներն ի դերև ելան:

 

«Հերիք է մենք ապացուցենք, որ ընձուղտ չենք: Եթե իրենք պնդում են, թող բարի լինեն ապացուցեն դա. արդեն հոգնեցուցիչ է դա»,– պատասխանում է ապագա խորհրդարանականը:

 

Նման խոսակցությունները միշտ են եղել, սակայն որևէ ապացույց չի ներկայացվել, իսկ իրենք, վստահ է, ապացուցելու կարիք չունեն, միայն կփորձեն արդարացնել իրենց ընտրած 122,000 քաղաքացիների սպասելիքները:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments