Home / Opinion  / Alik Hakobyan  / Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Alik Hakobyan

 

Չափազանց ուշագրավ զուգատիպությամբ այս տարի ամբողջ քրիստոնյա աշխարհը միասին է նշում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Սա հաճախ տեղի չի ունենում, և առաքելականները, կաթոլիկները, բողոքականներն ու ուղղափառները որպես կանոն տարբեր օրեր են նշում Հարության տոնը: Իհարկե, բոլորն ունեն իրենց բացատրությունը, թե ինչու և ինչպես են հաշվում, թե ամեն տարի երբ պետք է «հարություն առնի» Փրկիչը, բայց միևնույնն է՝ ինձ համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես կարող է հարության օրն ամեն տարի ուրիշ լինել: Ի վերջո, Քրիստոսը խաչվել է տարվա կոնկրետ օր, թաղվել կոնկրետ օր և հարություն առել կոնկրետ օր: Բայց աստվածաբանական փաստարկների ու հակափաստարկների մասին չէ, որ այսօր ուզում եմ կիսել մտքերս:

 

Կրոնական պատկանելիության և քրիստոնեական ինքնության իմաստով Հայաստանն ու Քվեբեկը բավական նման են իրար: Հայաստանում ապրողների 98%-ն իրեն քրիստոնյա է համարում, Քվեբեկում իրեն քրիստոնյա է համարում բնակչության 93%-ը: Այսինքն` թե՛ Հայաստանը և թե՛ Քվեբեկը քրիստոնյա երկրներ են: Ինչպես Հայաստանում քրիստոնյաների ճնշող մեծամասնությունն իրեն համարում է ավանդական՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, այնպես էլ Քվեբեկում քրիստոնյաների մեծ մասն իրենց համարում են Կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Ուղղակի, ի տարբերություն Հայաստանի, Քվեբեկում մյուս եկեղեցիները՝ այդ թվում բողոքական և ավետարանական եկեղեցիները, աղանդ չեն համարվում…Այստեղ խղճի ու դավանանաքի ազատությունը գործում է ոչ միայն օրենքի մակարդակով, այլև հանրային գիտակցության: Քվեբեկում առհասարակ ընդունված չէ խոսել կրոնական ու քաղաքական հայացքների մասին, ավելին՝ քննարկել մարդկանց կրոնական ու քաղաքական համոզմունքները…այստեղ մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ…Ում ես հավատում, ինչպես ես հավատում կամ որ եկեղեցի ես հաճախում…սա բնավ որևէ մեկին հետաքրքիր չէ…Իհարկե, այլ հարց է, որ խղճի ու դավանանքի իրական ազատությունը Քվեբեկն առավել քրիստոնյա չի դարձնում, քան Հայաստանն է: Այստեղ շատերը ձևականորեն են կաթոլիկ, կաթոլիկ են ավելի շատ մշակույթով, քրիստոնեկան կենցաղվարմամբ, քան բուն բովանդակային հավատքով: Ժամանակին կաթոլիկ եկեղեցին լուրջ ազդեցություն է ունեցել Քվեբեկի կյանքում, այսօր Քվեբեկն ամբողջությամբ աշխարհիկ է, և կաթոլիկությունն ավելի շատ արտահայտվում է սովորության ուժով: Իմ կարծիքով՝ ճիշտ նույն պատկերն է Հայաստանում. իրեն քրիստոնյա համարող հայերից շատերը քրիստոնյա են ընդամենը սովորույթի ուժով, քրիստոնեկան մշակույթի կրող լինելու հանգամանքով…Հարցազրույցներիցս մեկի ժամանակ հայ ժամանակակից գրողներից մեկն ասաց, որ իրեն համարում է քրիստոնեական մշակույթ կրող աթեիստ: Շատ քրիստոնյաների գիտեմ, որոնք իրենց համարում են առաքելական եկեղեցու հետևորդ, բայց նույնիսկ չգիտեն, ինչ է պատարագի խորհուրդը, գեթ մեկ անգամ չեն ընթերցել գոնե Նոր կտակարանը…

 

Հարության տոնը նշելու իմաստով ևս շատ նման ենք իրար: Հայստանում շատ-շատերը մարդկության Փրկչի հարությունից, Աստծո փրկագործման զարմանահրաշ ծրագրից առավել կարևորում են չամիչով փլավն ու ներկած հավկիթը, այստեղ էլ ավելի շատ տեղ են տալիս ճագարի տեսքով շոկոլադներին, որոնք այս օրերին լցրել են քվեբեկյան խանութների ցուցափեղկերը: Ու թե քանիսն են իրականում իրենց սրտի մեջ վերապրում Հիսուս Քրիստոսի հարության իրական հրաշքը, հավանաբար միայն Աստծուն է հայտնի…Կարծում եմ՝ միշտ է այդպես եղել, ու այդպես կլինի միշտ…Ասածիս վառ ապացույցը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մտքերն են Զատիկի առիթով՝ գրված 1913 թվականին, որ մասամբ կմեջբերեմ ստորև.

 

«…Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

 

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

 

…Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

 

…Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ…ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի»:

 

Այս հանգստյան օրերը յուրահատուկ են՝ առաքելականները, կաթոլիկները, բողոքականները, ուղղափառները՝ աշխարհի բոլոր քրիստոնյաները միասին են նշում Հարության տոնը: Սա եզակի միաբանություն է:

 

Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս:

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments