Home / Armenia  / Ի՞նչ է քննարկում ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական զույգը կառավարության ձևավորումից առաջ. ՀՅԴ-ն հրաժարվում է մանրամասնել, ՀՀԿ-ն նորմալ է համարում

Ի՞նչ է քննարկում ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական զույգը կառավարության ձևավորումից առաջ. ՀՅԴ-ն հրաժարվում է մանրամասնել, ՀՀԿ-ն նորմալ է համարում

Margaryan-Harutyunyan

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Խորհրդարանական ընտրություններից հետո թեև Հանրապետական կուսակցությունն ուներ միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն, սակայն պատրաստակամություն հայտնեց կոալիցիա կազմել խորհրդարան անցած քաղաքական ուժերի հետ: Ընտրություններին մասնակցած և խորհրդարան անցած ավանդական կուսակցություններից միակը՝ ՀՅԴ-ն էլ, հավատարիմ մնալով իր մինչ ընտրությունները սկսած դիրքորոշմանը, որոշեց շարունակել իր կոալիցիոն համագործակցությունը իշխող քաղաքական ուժի հետ:

 

Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչո՞ւ են իշխանություններն այսքան շահագրգիռ կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում, արդյո՞ք պատճառը հետագայում իշխանության վրա դրվող պատասխանատվությունը կիսելու մտադրությունն է, ինչպե՞ս է ՀՅԴ-ն պատրաստվում իր վրա վերցնել պատասխանատվության մի մասը:

 

Մյուս կողմից բավական երկարաշունչ քննարկումներ են ընթանում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերների միջև այն դեպքում, երբ արդեն իսկ մինչև ընտրությունները նրանք հայտարարել էին անժամկետ համագործակցության մասին: Հետևաբար հարցական է մնում, թե ի՞նչի մասին են այսքան երկար բանակցում կողմերը:

 

ՀՅԴ-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

Noranor.ca-ը փորձեց այս հարցերի պարզաբանումներն ստանալ ինչպես ՀՅԴ, այնպես էլ ՀՀԿ ներկայացուցիչներից: Սակայն Դաշնակցությունը չի ցանկանում կամ ձգձգում է որևէ պարզաբանում տալ: Քաղաքական ուժի հիմնական գործող անձինք հրաժարվում են հարցազրույցներից, մասնավորապես ՀՅԴ անդամ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բավարարվեց կարճ պատասխանով.

 

«Բանակցությունների մեջ ենք, թող հստականա, այդ ժամանակ ավելի հստակ պատասխան կունենանք»,– ասաց նա: Իսկ թե ինչի շուրջ են բանակցությունները, չցանկացավ մանրամասնել՝ պատճառաբանելով, թե ինքը չի ցանկանում առանց ծրագրային մանրամասն դրույթների հարցազրույց տալ:

 

Կարեն Կարապետյանը չի ցանկանում որոշ դաշնակցական գործիչների նախարարի պաշտոնում վերանշանակել

 

Իսկ բանակցությունների ձգձգման պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նախարարական պորտֆելների բաշխումն է, օրինակ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում որոշ դաշնակցական գործիչների նախարարի պաշտոնում վերանշանակել:

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՇՈՒՆՉ ՉԵՆ

Այս հարցում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից միայն ՀՀԿ ցուցակով պատգամավոր վերընտրված, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը կարծիք արտահայտեց: Նա չի ընդունում, որ բանակցությունները երկարաշունչ են, ծրագրային հիմնական սկզբունքների առնչությամբ քաղաքական այս զույգն արդեն իսկ նախկինում համագործակցության հուշագիր է ստորագրել, թարմացնելու շատ բան չկա, ինչ վերաբերում է նախարարական պորտֆելների բաշխմանը, Հարությունյանը նշում է. «Մի անգամ արդեն դրա շուրջ պայմանավորվել են, մի հատ ավելի, մի հատ պակաս, ես չեմ կարծում՝ էական փոփոխություն է տալիս»:

 

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակցության կողմից կոալիցիոն կառավարում իրականացնելու ձգտումը, պատգամավորը պատասխանում է՝ հանրային ավելի մեծ վստահություն ձեռք բերելու, այլ ոչ թե, ինչպես շատերն են արտահայտվում, պատասխանատվությունը կիսելու ցանկությամբ:

 

Եթե դուք կանգնած եք արմատական բարեփոխումներ կատարելու առջև, դրա համար ավելի լայն հանրային աջակցության կարիք ունեք

 

«Եթե մեզ թվում է, թե ընդդիմությունը խորհրդարանում որևէ պատասխանատվություն չի կրում, համաձայնեք, որ դա շատ սխալ կլիներ: Եթե դուք կանգնած եք արմատական բարեփոխումներ կատարելու առջև, դրա համար ավելի լայն հանրային աջակցության կարիք ունեք: Տվյալ դեպքում կոալիցիայի ամբողջ իմաստը ոչ թե այն է, թե արդյոք կարող ենք միայնակ կառավարություն ձևավորել, թե ոչ, այլ կառավարությունը, որը գնալու է արմատական բարեփոխումների, միշտ կարիք է զգալու ավելի լայն հանրային աջակցության»,– համոզված է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

 

Սկզբունքային, առանցքային քննարկումներ չեն գնում, որովհետև դրանք ընթացել կամ գնացել են նախկին համաձայնագրի հուշագրի ստորագրման ժամանակ

 

ՀՅԴ-ի հետ, համոզված է, որ այդ հանրային վստահությունն ավելի մեծ կլինի, իսկ այժմ քննարկելու շատ հարցեր չկան: «Եթե հիշում եք, ընտրություններից անմիջապես հետո էդուարդ Շարմանազովը, հղում կատարելով այդ հուշագրին, ասաց, որ չի բացառվում կոալիցիայի ձևավորում, հետևաբար հիմա քննարկում են ինչ-որ դետալներ, ոչ թե քննարկումներ են գնում, այլ ընթացակարգային խնդիրներին են անդրադառնում: Այսինքն՝ սկզբունքային, առանցքային քննարկումներ չեն գնում, որովհետև դրանք ընթացել կամ գնացել են նախկին համաձայնագրի հուշագրի ստորագրման ժամանակ»,– նշում է պատգամավորը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments