Home / Opinion  / Alik Hakobyan  / Արևմտյան ժպիտը…

Արևմտյան ժպիտը…

Alik Hakobyan

 

 

Արևմտյան ժպիտի մասին մենք հաճախ ենք խոսում: Որպես կանոն՝ խոսում ենք քննադատաբար, մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է առիթ, անառիթ ժպտալ: Չգիտեմ նկատե՞լ եք, թե միայն ես եմ նկատել, որ նույնիսկ բազմության մեջ, նույնիսկ հեռավորության վրա, եթե հայ եք տեսնում, միանգամից հասկանում եք, որ հայ է: Աշխարհի տարբեր օդանավակայաններում եմ եղել ու համոզվել, որ առանց ցուցատախտակին նայելու անգամ, նույնիսկ հեռվից կարելի է հասկանալ, թե որտեղ է Երևան մեկնող օդանավի հաշվառումը: Մենք դեմքի յուրահատուկ արտահայտություն ունենք, ու այդ արտահայտությունը բնավ պայմանավորված չէ ժպիտով, այլ ընդհակառակը՝ դրա բացակայությամբ:

 

Ես էլ ժամանակին հաճախ էի քննադատում արևմտյան քաղաքակրթության կրողներին իրենց «անիմաստ» ժպիտի համար: Թե ինչու էին ժպտում պատեհ-անպատեհ, ինձ համար անհասկանալի էր…բայց այդ ժպիտն ինձ հիմա իսկապես դուր է գալիս: Հաճելի է, երբ դու ժպտում ես, ու քեզ ի պատասխան ժպտում են, ժպիտների փոխանակումն անծանոթ մարդկանց միջև ստեղծում է ընդհանուր դրական մթնոլորտ, որն իրականում վարակիչ է դառնում: Գալիս է մի պահ, երբ ինքդ քեզ բռնացնում ես ակամա ժպտալիս, ժպտում ես դիմացիդ անծանոթին, ու ոչ թե որ ստիպված ես ժպտալ, քանի որ բոլորն են ժպտում, այլ որովհետև ժպտալը քեզ համար դառնում է առօրյայի մի մաս: Ժպտում ես, երբ հանդիպում ես հարևանիդ աստիճանավանդակի վրա, երբ հանդիպում ես գործընկերոջդ գրասենյակի միջանցքում, ժպտում ես, երբ չգիտես անգամ նրա անունը, ու նա քեզ ժպտում է փոխադարձաբար, ժպտում ես փողոցում դիմացից եկող անծանոթին, բանկում հերթի մեջ քեզանից առաջ կանգնած հաճախորդին ու այդպես շարունակ…Ինձ համար սկզբում հեշտ չէր անընդհատ ժպտալը ու դեռ այսօր էլ այդ առումով դժվարություններ ունեմ: Այժմ սովորում եմ հեռուստառադիհաղորդավարական դպրոցում: Քվեբեկում ու Հայաստանում հեռուստաժուռնալիստիկան նմանություններ ունի, բայց տարբերություններն էլ շատ են: Օրինակ՝ նյութերը կառուցվածքի առումով նման են, բայց դրանք խիստ տարբեր են մատուցման իմաստով: Այսօր իմ հիմնական մարտահրավերներից մեկը ժպիտով լուրեր մատուցելու արվեստն է: Հայկական հեռուստատեսությունում հեռուստահաղորդավարները լուրեր կարդալիս չեն ժպտում: Հավանաբար նկատած կլինեք՝ մենք լուրերը կարդում ենք դեմքի չափազանց լուրջ ու երբեմն, իմ կարծիքով, խիստ արտահայտությամբ…եթե գոնե ոչ խիստ, ապա լուրջ: Այստեղ ճիշտ հակառակն է՝ հաղորդավարները լուրերը կարդում են ժպտալով, լրագրողներն իրենց նյութերը պատմում են ժպտալով, այստեղ նույնիսկ տեքստի ձայնագրության ժամանակ փորձում են ժպիտ դնել ձայնի մեջ: Սա ժպտացող հասարակություն է, ու այսօր ես ավելի շատ ոչ թե սովորում եմ ֆրանսերեն լեզվով լուրեր կարդալու պահանջները, լուրերի մատուցման ֆրանսիական տեմպն ու ինտոնացիան, այլ ժպտալով լուրեր կարդալու արվեստը: Այդպիսին է քվեբեկյան հեռուստատեսության պահանջը: Բայց այստեղ ոչ միայն հաղորդավարներն են ժպտում, այլ ժպտալով անմիջական միջավայր են ստեղծում բոլորը: Ուսուցիչները Հայաստանում, բոլորս գիտենք, որ մշտապես ծայրահեղ լուրջ են, խնամված արտաքինով ու անժպիտ դեմքով, դպրոցի տնօրենները՝ չափազանց խիստ, ու մեծ մասը, որպես կանոն, միանման սանրվածքով: Այստեղ ուսուցիչն աշակերտի ընկերն է, տնօրենը՝ հաճախ նրա օգնականը: Շփումն այստեղ բոլոր մակարդակներում չափազանց անկաշկանդ է ու ջերմ: Տնօրեններն այստեղ չափից ավելի տնօրեն չեն խաղում, ղեկավարները երբևէ չեն ընդգծում իրենց բարձր դիրքը շարքային աշխատողի նկատմամբ, ու բոլորը ժպտում են միմյանց:

 

…Անկեղծ, չափազանց դժվար է սովորել ու հարմարվել անընդհատ ու անմիջական ժպիտին, երբ դու այդ մշակույթի կրողը չես: Ես, օրինակ, երբեք չէի պատկերացնի, որ ժպտալը կարող է այդչափ դժվար լինել: Առօրյա կյանքում ժպտալ սովորել եմ արդեն, բայց մասնագիտական կյանքում դասախոսներս դեռ ջանք են գործադրում, որպեսզի սովորեմ ժպիտով կամ առնվազն ժպտացող ձայնով կարդալ լուրերը: Դժվար է, իհարկե. մոտ 20 տարի կարդացել եմ լուրեր առանց ժպիտի՝ դեմքի լուրջ ու խիստ արտահայտությամբ, չնայած որ կյանքում բնավ խիստ չեմ ու ջերմ եմ շփումներիս մեջ: Պետք է սովորել ժպտալ, այլ տարբերակ չկա: Ժողովրդական ասացվածքն ասում է. «Որ գյուղ մտնես, այդ գյուղի գդակը դիր»: Ժպտացող հասարակության մեջ չես կարող չժպտալ…ու հավատացե՛ք, երբ սկսում ես ապրել ժպիտով, կյանքն էլ սկսում է քեզ ժպտալ…Այնպես որ՝ եկե՛ք ժպտանք միմյանց…

 

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments