Home / Canadahye  / «Ինչպես տարիներ անց մենք դիտում ենք «Մայրիկ»-ը, այնպես էլ, վստահ եմ, տարիներ անց դիտելու ենք «Խոստումը»». Արմեն Եգանյանի հարցազրույցը

«Ինչպես տարիներ անց մենք դիտում ենք «Մայրիկ»-ը, այնպես էլ, վստահ եմ, տարիներ անց դիտելու ենք «Խոստումը»». Արմեն Եգանյանի հարցազրույցը

armen-yeganian-8

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) — «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 21-ին, սակայն ոմանց բախտ էր վիճակվել այն դիտել ավելի վաղ ու բազմիցս վերլուծել ֆիլմի փոխանցած տպավորությունները: Նրանց թվում էր նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ում առաջին անգամ ֆիլմը դիտելու առիթ էր ընձեռվել 2016 թվականին Տորոնտոյում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ:

 

Իսկ մինչ ֆիլմի ցուցադրությունը դեսպանը, միանալով գովազդային արշավին, հանդես եկավ կոչով՝ հորդորելով անպայման դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը: Նա համոզված է, որ «Խոստումը» ստեղծողները կարողացել են փոխանցել հզոր ազդակը՝ Հայոց ցեղասպանության և, առհասարակ, մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման անհրաժեշտությունը:

 

Այս մասին նա հայտարարել է Noranor.ca-ին տված բացառիկ հարցազրույցում, որի ժամանակ դեսպան Եգանյանն անդրադարձել է ֆիլմի գաղափարական ու գեղարվեստական արժեքներին, խոսել կանադահայության ու հատկապես կանադացիների շրջանում ֆիլմի ընդունելության մասին և առանձնապես կարևորել դրա նշանակությունը Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցերում:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԻՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը միայն կօգնի խուսափել կրկնությունից: Միտքը դեսպանը պատմական օրինակով է մանրամասնում. «Հայոց ցեղասպանության չդատապարտումը հենց բերեց նրան, որ 1915թ. շուրջ երկու տասնամյակ անց Հիտլերը ցինիկաբար հանձն առավ Ողջակիզման իրագործումը»:

 

Լավագույն վրեժը վերապրումն է, իմ կողմից կավելացնեի նաև հզորացումը և, ինչու ոչ, բարգավաճումը

 

Պետք է կանխել ամեն գնով, իսկ լավագույն վրեժը վերապրումն է. ահա ֆիլմի եզրահանգումը, որին ի հավելումն՝ Արմեն Եգանյանը նշում է. «Իմ կողմից կավելացնեի նաև հզորացումը և, ինչու ոչ, բարգավաճումը, ինչին մենք գնում ենք 102 տարի անց էլ ու ինչին ձգտելու ենք նաև վաղը»:

 

«Խոստումը» Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող սակավ կինոնկարներից է, որը նախատեսված է ոչ միայն հայերի, այլև համաշխարհային հանրության դիտման համար: Սրանում է, ըստ դեսպանի, ֆիլմի առանձնահատկությունը, ինչը այն հասանելի է դարձնում շատերին, պատմական փաստերը վեր են հանվում դասական հոլիվուդյան բլոկբաստերի լավագույն ավանդույթներով: Միանշանակ այն համալրելու է պատմական արժեք ներկայացնող փաստերի շարքը:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՆԱՐՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակման առիթով կազմակերպված ցանկացած միջոցառման ժամանակ, այս անգամ էլ Թուրքիան քայլեր ձեռնարկեց ֆիլմի վարկանիշը նվազեցնելու, իր ժխտողական քաղաքականությունը վերահաստատելու ուղղությամբ: Սակայն շատ արագ բացահայտվեցին վերջինիս թույլ ու էժանագին հնարքները, իսկ ֆիլմն ունեցավ իր ազդեցությունը, իսկ ժամանակի ընթացքում համոզված է Արմեն Եգանյանը:

 

Ինչպես տարիներ անց մենք դիտում ենք «Մայրիկ»-ը, այնպես էլ, վստահ եմ, տարիներ անց դիտելու ենք «Խոստումը»

 

«Ինչպես տարիներ անց մենք դիտում ենք «Մայրիկ»-ը, այնպես էլ, վստահ եմ, տարիներ անց դիտելու ենք «Խոստումը»: Ինչ էլ որ փորձեն ձեռնարկել թուրքական կազմակերպությունները, դա իրենց դեմ է աշխատելու: Դրա լավագույն օրինակն այն է, որ ֆիլմերի հանրահայտ «IMDB» կայքում «Խոստում»-ի մասին առաջին անգամ տեղեկատվություն հայտնվելուց հետո, երբ ֆիլմը դեռ շատ սահմանափակ թվով մարդիկ էին հասցրել դիտել, միանգամից մի քանի տասնյակ հազար բացասական արձագանքներ գրանցվեցին: Սակայն կարճ ժամանակում համաշխարհային լրատվամիջոցները բացահայտեցին այդ էժանագին հնարքը` գրելով, որ թուրքերի կողմից արհեստական փորձեր են կատարվում ազդել ֆիլմի վարկանիշի վրա: Ուստի ժխտողականության դիմակը ևս մեկ անգամ պատռվեց»,– նշեց Կանադայում ՀՀ դեսպանը:

 

«Խոստումը» համախմբեց ամբողջ Հայաստանը, Սփյուռքը և ոչ միայն: Կանադայի օրինակը բավական է՝ գնահատելու, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել օտարազգիների շրջանում: Ֆիլմը դիտելու հորդորներն ու կոչերը, ոգևորությունը, որ համախմբել էր բոլորին, բավական էր ազդեցությունը գնահատելու համար: Կանադահայ հայրենակիցների ջանքերով այն շարունակում են դիտել բազմաթիվ կանադացիներ, որոնց արձագանքներից ՀՀ դեսպանը տպավորված է:

 

Դիտումից հետո խիստ ազդու էր տեսնել տասնյակ հուզառատ դեմքեր, ովքեր այդ շուրջ երկու ժամվա ընթացքում կրկին մտովի անդրադարձան իրենց նախորդ սերունդների վերապրած զրկանքներին ու ցավերին

 

«Երկրորդ անգամ ֆիլմը դիտեցի հենց օտտավահայ մեր հայրենակիցների հետ միասին օրեր առաջ` ապրիլի 23-ին: Դիտումից հետո խիստ ազդու էր տեսնել տասնյակ հուզառատ դեմքեր, ովքեր այդ շուրջ երկու ժամվա ընթացքում կրկին մտովի անդրադարձան իրենց նախորդ սերունդների վերապրած զրկանքներին ու ցավերին»,– ասաց Եգանյանը:

 

Պատահական չէր, որ համաշխարհային հայտնի դեմքեր միացան ֆիլմի գովազդային արշավին, դա արդեն իսկ երաշխիք է Ցեղասպանության թեման ավելի լայն շրջանակներում իրազեկելու համար, նրանց հորդորներին հետևելով՝ հազարավոր մարդիկ միացան դիտումներին, վստահ է դեսպանը:

 

«Ինքս էլ հանդես եկա կանադահայ մեր հայրենակիցներին և ողջ կանադացիներին ուղղված կոչով` դիտելու ֆիլմը և տարածելու այն: Եկեք միասին պահենք խոստումը»,– եզրափակեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Կանադայում:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments