Home / Opinion  / Alik Hakobyan  / Գենետիկ հիշողությունը…

Գենետիկ հիշողությունը…

Alik Hakobyan

 

…Ու բնավ էլ կապ չունի՝ 100, 102, 122 թե 222 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այն հնարավոր չէ ջնջել որևէ հայի հիշողությունից…այն անգամ հնարավոր չէ ջնջել այն հայի հիշողությունից, որը դեռ նոր պետք է լույս աշխարհ գա:

 

Ցեղասպանության հիշողությունը մենք կրում ենք գենետիկորեն: Ոչ մի կապ չունի, որ ես օրինակ ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ մեծ ծնողների չորրորդ սերունդն եմ արդեն, ցեղասպանության ցավը միշտ թարմ է իմ հիշողության մեջ, ցեղասպանության արդարացի հատուցումն ինձ համար կենսական անհրաժեշտություն է…Համոզված եմ՝ այդպես է ցանկացած հայի համար՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ անկյունում է ապրում այդ հայը…Ապրիլի 24-ն ուղղակի այս ապրումների հավաքական ու ֆիզիկական դրսևորման օրն է…Աշխարհի ամենատարբեր անկյուններում այդ օրը հայերս նորից միախմբվում ենք՝ աշխարհին հիշեցնելու մեր արդարացի պահանջը և կրկին ու կրկին ընդգծելու մեր գոյության անհերքելի փաստը՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ուզում էին մեկ հայ թողնել՝ որպես թանգարանային նմուշ…Կանադայի հայաշատ քաղաքներում ևս ապրիլի 24-ին անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, բայց այդ օրը, իմ կարծիքով, աշխարհի որ անկյունում էլ լինես, հոգով, մտքով, էությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում ես…ինքդ քայլող ծիծեռնակաբերդ ես, որի ներսում անընդհատ վառվում է անմար կրակը՝ հանուն անջնջելի հիշողության…հանուն գենետիկ հիշողության…Ու իսկապես, կապ չունի, որ քեզանից մի քանի սերունդ առաջ են ծավալվել այդ սարսափելի իրադարձությունները…Ապրում ես այդ իրադարձությունների ցավն իր ամբողջ խորությամբ, վերապրում ես կախաղան հանված տղամարդու ողբերգությունը, բռնաբարված կնոջ ծայրահեղ անհուսությունը, սրախողխող արված մանկան սարսափը…կորսված հայրենիքի կարոտը…Այլ կերպ հնարավոր չէ. ցեղասպանության հիշողությունը մեր գեների մեջ է… Ու այսպես լինելու է միշտ, համոզված եմ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ աշխարհի բոլոր երկրները պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, երբ նույնիսկ Թուրքիան ներողություն խնդրի իր նախնիների գործած ոճիրի համար…Մեր գենից հնարավոր չի լինի երբևէ ջնջել ցեղասպանության դաժան հիշողությունը…Մենք մշտապես հիշելու ենք, որ եղել է մի ժամանակ, երբ ուղղակի որոշել են երկրի երեսից վերացնել մեր սեփական տեսակը…Եղել է մի ժամանակ, երբ մարդկանց մի խումբ ուղղակի որոշել է, որ քո տեսակն իրավունք չունի ապրելու…Սա հնարավոր չէ մոռանալ…միայն մի դեպքում, իհարկե, երբ մոռանաս կամ հրաժարվես քո սեփական ինքնությունից, հակառակ դեպքում սա հնարավոր չէ մոռանալ, քանի որ սա քո ինքնության մի մասն է…կարևոր մասը…Մեր ինքնության մի շատ ավելի կարևոր մասն է, իհարկե, նաև այն, որ ի հեճուկս մեզ վերացնելու բոլոր ձգտումներին՝ այսօր մենք կանք ու կանք ոչ միայն հայրենիքում, այլև աշխարհի ամենատարբեր անկյուններում մեր ստեղծած փոքրիկ Հայաստաններում…

 

…Ի դեպ, մեր լինելիության գաղափարն է հենց ցեղասպանության 102-ամյա տարելիցի օրերին ներկայացված նոր՝ «Խոստումը» (The Promise) ֆիլմի հիմքում: Ֆիլմի պրեմիերան Քվեբեկում ապրիլի 21-ին էր, ես ֆիլմը դիտեցի ապրիլի 25-ին, ու դեռ պրեմիերայից 4 օր անց էլ կինոթատրոնի դահլիճը լեփ լեցուն էր, իսկ ֆիլմը ցուցադրվում էր օրական չորս անգամ…Ես բազմաթիվ հեռուստաբանավեճեր եմ նվիրել ցեղասպանության մասին խոսուն ֆիլմ չունենալու թեմային, և իմ կարծիքով՝ այսօր ունենք հաջողված ֆիլմ: «Խոստումը» միջազգային կինոլեզվով է պատմում հայերիս ողբերգության ու թուրքերի նենգության մասին…Այս ֆիլմը, իմ համոզմամբ, հասկանալի ու ընկալելի է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև օտարազգիների համար…Նրանք պարզ հոլիվուդյան սիրո պատմության միջոցով տեսնում են մեր ազգային ողբերգությունը, մենք այդ պատմությամբ վերապրում ենք այն, ու հենց այդ ապրումները, որ գալիս են մեր գենետիկ հիշողությունից, մղում են մեզ առանց հոգնելու աղաղակել ճշմարտությունը…Լսի՛ր քաղաքակիրթ աշխարհ, իսկ դու գիտե՞ս ինչ է նշանակում, երբ ուզում են վերացնել քո տեսակը…Չէ՛, իհարկե չգիտես, քո մտքով անգամ անցնել չի կարող, որ մի օր ինչ-որ մեկը կարող է որոշել, որ քո տեսակն ուղղակի ապրելու իրավունք չունի…

 

…Ու անկեղծ կապ չունի, թե դու ցեղասպանությունը վերապրածների որերորդ սերունդն ես…Դու ընդվզելու ես, որ քո տեսակը, հենց քո տեսակն են ուզել ոչնչացնել…Եվ, իհարկե, ուզելու ես, որ բոլորը տեսնեն, որ նրանք անզոր էին, որ դու կաս, ապրում ես, արարում, տուն կառուցում ու զավակ մեծացնում…Դրա համար էլ աշխարհի որ անկյունում էլ լինես, հիշում ես ու պահանջում…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

 

 

Ձեր կարծիքը

Comments